Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։ Այդ մասին ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել։
«ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։
Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։
Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում։
Առաջիկա տարում բազմոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կհատկացվի ավելի քան 6 միլիոն եվրո, իսկ Լիտվայի ՆԳ նախարարության կողմից իրականացվող 2 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի միջոցով տրամադրվում է տեխնիկական աջակցություն։
Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հիմնված է գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է բարեփոխումների հստակ նպատակներ չորս ուղղությամբ՝
Ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն
Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում
Հասարակական կարգի և անվտանգության հարցեր
Ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակվել է 2026 թվականի մայիսին և հասանելի է հետևյալ հղումով՝ shorturl.at/Nm9XD»,-նշված է հաղորդագրությունում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Tigranian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/05/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%b9%d5%a1%d6%83%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a1%d5%be/