Սոնա Մնացականյանի վրաերթի գործն ամբողջությամբ չի քննվել․ հիմնական պատասխանատո

Հոկտեմբեր 31, 2026

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Ֆեյսբուքում տեղեկացրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,- հավելել է նա։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Մարիամ Կանայանը, որ տարիներ շարունակ փորձում է այս գործով աջակցել արդարադատությանը, 168․am-ի հետ զրույցում ցավով է արձանագրում՝ բազմաթիվ հարցեր դեռևս չունեն իրենց պատասխանները․ «Կազմակերպիչների նկատմամբ առանձին վարույթն ինչո՞ւ է սառեցված, ռադիոկապի ձայնագրություններն ինչպե՞ս են կորել, ո՞վ է որոշել այդ արագությունը․․․ Այնքան են ձգձգել, որ ուղղակի կհասցնեն հավանաբար վաղեմության ժամկետը լրանա, և ոչ մի բան չի լինի անել։

Գործն ամբողջությամբ չի քննվել այնպես, ինչպես որ պետք էր․ միակ մեղավոր համարվել է վարորդը, և այդ հանցանքի համար 1,5 տարին շատ քիչ է։ Ու եթե նույնիսկ վարորդը միայն կրեր այդ 1,5 տարին, միևնույն է, արդար չէր լինի, քանի որ հիմնական պատասխանատուները մինչև օրս ազատության մեջ են»։

Կարդացեք նաև

  • «Գլուխ գովալով կամ լոպազանալով ման ես գալիս, հետևանքը ողբերգական է լինելու. Վերջում ասելու է՝ «извини, друг», ու թողնի գնա». Արամ Սարգսյան
  • Եվրասիական երկընտրանք․ ԵԱՏՄ-ից «զգուշացումը» և Երևանի ռազմավարական հակասությունները
  • «Քաղաքական պատվեր է»․ Հետընտրական շրջանում աշխատանքից ազատված Հայաստան Հակոբյանը փորձում է վերականգնել արդարությունը

Մարիամ Կանայանը պատասխանատուներից է համարում շարասյան պատասխանատուներին, որոնք որոշում են արագությունը։

«Վարորդն ինքը չի որոշում այդ արագությունը։ Շարասյան ղեկավար անձնակազմն է որոշում, հանձնարարում, թե ինչպիսի՞ արագությամբ գնան»,- հավելեց նա։

Խոսելով իշխանությունների ու անձամբ Փաշինյանի պատասխանատվության մասին՝ իրավապաշտպանը նկատեց, որ այլ պետության պարագայում, որտեղ ղեկավարի հետ նման իրավիճակ կարող էր պատահել, առաջին հերթին նախ ղեկավարն ինքը կդիմեր, որպեսզի կանգնեցնեին ընթացքը, ապա հետամուտ կլիներ, որ գործը պատշաճ ձևով քննվեր, և ոչ թե հակառակ միջամտությունը կլիներ, որ մեղավորին ամեն կերպ արդարացնեին։

«Ի դեպ, այդ վրաերթից անմիջապես հետո ինֆորմացիա էր լցվում ֆեյքերի կողմից, որոնք մեղադրում էին Սոնային՝ տարատեսակ ստեր տարածելով՝ այդ թվում, թե նա կարմիր լույսի տակով է անցել, թե վիճել է տեսուչի հետ։ Դրանք ստեր են․  ձայնագրությունները կան, ամբողջ այդ ընթացքը երևում է։ Հենց նույն դատական գործին կցված տեսաձայնագրություններում հստակ երևում է, ու այն այսօր ազատ YouTube-ում կա։

Ու բացի այդ, չի վերանայվել ամենակարևորը՝ այդ վարքագիծը՝ շարասյունը կատաղի քշելու։ Ժամը, երբ շարասյունը Սոնա Մնացականյանին վրաերթի է ենթարկել, ոչ աշխատանքային ժամ է եղել։ Եվ հիմա էլ տեսնում եք, օրինակ, շաբաթ-կիրակի օրերին վարչապետին ուղեկցող շարասյուները՝ կատաղի արագությամբ։ Ճիշտ է, փողոցները փակում են, բայց դրա անհրաժեշտությունը ո՞րն է, այդ տեսակ գերազանցող արագությունն  ինչի՞ համար է։ Եվ դա նշան է, որ վարքագիծը չի փոխվել, ու այդ վտանգավոր դեպքերը հնարավոր է շարունակվեն։ Այս հասարակության համար շատ կարևոր է այդ գիտակցումը, որ այս ամենն արվելուց հետո ի վերջո փոխվի վարքագիծը, որ էլ նման դեպքեր չկրկնվեն»,- մանրամասնեց նա։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը դեռ ապրիլին հանրայնացրել էր զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։

Զեկույցում մասնավորապես նշվում է․ «․․․․Գործի նախաքննությունը տևել է 6 ամիս, և 2022թ. հոկտեմբերի 14-ին մեղադրական եզրակացությամբ գործը միայն վարորդի մասով է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին՝ մակագրվելով դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Գործում առկա փաստերով ակնհայտ է, որ Արամ Նավասարդյանն ավտովթարից հետո կանգ չի առել, չի փորձել օգնություն ցույց տալ տուժողին, այնինչ պարտավոր էր։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ողջամիտ էր ակնկալել, որ առնվազն նախաքննության փուլում Նավասարդյանը կկալանավորվեր, սակայն նրա նկատմամբ չի ընտրվել այդ խափանման միջոցը։

Բացի այդ, գործով տվյալներ են ստացվել շարասյան կապի միջոցների ձայնագրությունների կորստի մասին, քննարկվել է նաև շարասյան այլ պատասխանատուների մեղավորության հարցը։

Խաչմերուկը կարգավորող ոստիկանի հանդեպ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, քանի որ, ըստ դատախազության՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարգավորողը կանոններին համապատասխան գործողություններ է կատարել, պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Նախորդ բաժնում նշված նույն վարույթով որոշում է կայացվել շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Որոշումները բողոքարկելու համար տուժող կողմը 2 անգամ միջնորդություն է ներկայացրել։ Առաջին բողոքարկումը բավարարել է վերաքննիչ քրեական դատարանը՝ 2023 թ., գտնելով, որ այդ որոշումն անօրինական է, բոլոր անհրաժեշտ վարութային գործողությունները չեն կատարվել, ուստի արձանագրել է տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում։ Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ շարասյան ղեկավար կազմի նկատմամբ։ Այդ նախաքննության ընթացքում վերստին որոշվել է շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, ինչը կրկին բողոքարկվել է։

2025 թ. առաջին ատյանի դատարանն է արդեն արձանագրել, որ խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները՝ պատշաճ քննություն չի իրականացվել։ Վերջին անգամ դատարանն արձանագրել է, որ ռադիոկապի ձայնագրող սարքով պետք է փորձաքննություն նշանակվի և հարցաքննվի շարասյան ողջ անձնակազմը, ինչը մինչ օրս չի իրականացվել։

Քննական վարույթի ընթացքում պարզվել է, որ անհետացել կամ ոչնչացվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութեր՝ շարասյան ռադիոկապի ձայնագրությունները․․․»:

Նշենք նաև՝ այս տարվա մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել 4 տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1 տարի 6 ամսվա ազատազրկումը։

Մահացած 28-ամյա հղի կնոջ ծնողները Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդի համար ավելի խիստ՝ 4 տարվա ազատազրկում են պահանջում: Երկու կողմերն էլ դատարանի վճիռը բողոքարկել էին Վճռաբեկում:

Ողբերգությունից 4 տարի անց ո՛չ վարորդը, ո՛չ էլ որևէ այլ անձ փաստացի պատիժ չի կրել, քանի դեռ կողմերը բողոքարկում էին դատարանի վճիռը, այն դեռ վերջնական ուժի մեջ չէր մտել:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/01/%d5%bd%d5%b8%d5%b6%d5%a1-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1%d5%a5%d6%80%d5%a9%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply