X
    Categories: News

«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավո

Հոկտեմբեր 31, 2026

Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում քառօրյա նիստը սովորականի նման մեկնարկել ու շարունակվել էր ծեծկռտուքով, երբ ամբիոնում ելույթ էր ունենում իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը, տեղի ունեցավ լեզվակռիվ՝ ընդդիմադիրների հետ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի։

Նախագահության ամբիոնից ներքև էին իջել ԱԺ փոխնախագահներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, ի տարբերություն Հայկ Կոնջորյանի, ով մտել էր միմյանց ծեծող պատգամավորների խմբի մեջ ու սկսել հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, Վահագն Ալեքսանյանը վերցրել էր աթոռն ու նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնում հետևում էր ծեծին, հետո հայտարարեց՝ ընդմիջում չի հայտարարի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում, որոշ ժամանակ սպասելուց հետո արդեն ներս էր հրավիրել անվտանգությանը։

Երբ պատգամավորները միմյանց ծեծել ավարտել էին, Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույց տվեց, խոսեց միջադեպի մասին։

«Բոլորը պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում, հիմա եթե ես ընդմիջում հայտարարեի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու, թե ով ում հարվածեց, ինչից սկսեց։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն իր հարվածով տվեց իր դատավճիռը քաղաքական իմաստով, դրանից հետո  հայտարարել եմ ընդմիջում և հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Կարդացեք նաև

  • Սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել. Պետք է տրվի քրեաիրավական գնահատական․ Հովհաննես Խուդոյան
  • Կգնա Մոսկվա՝ կհանձնվի… իսկ եթե ոչ, ա՛յ ապոկալիպսիսն այդ ժամանակ կլինի. Դավիթ Անանյան
  • Ահաբեկումը թափ է առնում. երբ թույլատրում ես լինել ագրեսիվ, անել ինչ ցանկանում են՝ ջարդել, փշրել, հավաստիացնում ես՝ իրենք դրա համար չեն պատժվելու. Նալչաջյան

Այ ձեր ցավը տանեմ, չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք ամբիոնի մոտ խոսող պատգամավորին, չհարվածեիք պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ»,- նշել էր Ռուբեն Ռուբինյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նույն օրը Կառավարությունում ունեցած ճեպազրույցի ժամանակ ծեծկռտուքի մասին ասել էր. «Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ»։

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի բնորոշմամբ՝ ԱԺ-ում տեղի ունեցող միջադեպերն ընդհանուր պատկերացում են տալիս խորհրդարանի «լրջության» աստիճանի մասին։ Առհասարակ նման իրավիճակներ տարբեր երկրների խորհրդարաններում լինում են, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող արդարացում ունենալ։

«Նախորդ գումարման խորհրդարանում էլ է տեղի ունեցել նման բան, դրանք ավարտվել են ձեռնամարտով, բայց միմյանց վրա աթոռ չեն շպրտել։ Սակայն օրերս տեղի ունեցած այդ բռնության աստիճանը ցույց է տալիս, որ իշխանությունն այնքան է լպիրշացել, որ իրեն կարող է թույլ տալ ու աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա, որովհետև վստահ է, որ անպատիժ է մնալու։ Սա խոսում է  իշխանության ամբարտավան կեցվածքի մասին։ 8 տարի շարունակ տարբեր աղետներ են բերել, սահմանադրական ու օրենսդրական տարբեր խախտումներ են արել ու մարսել են, հիմա արդեն հասկանում են, որ նույնիսկ խորհրդարանի պատերի ներսում, եթե բռնության դիմեն՝ անպատիժ են մնալու։ Չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը խորհրդարանում այլ բռնի արարքներ ևս տեղի ունենան, քան աթոռ նետելն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Կոստանյանը։

Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ ԱԺ-ում հիմա գործում է Էթիկայի մշտական հանձնաժողով, որը պետք է սկսի գործել և գործընթացներ սկսի սադրողների, բռնությունն արդարացնողների դեմ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահությանը և այն հանգամանքին, թե որքանով են ատում ընդդիմությանը, ամեն դեպքում պետք է զսպող դերակատարություն իրականացնեին, բայց հակառակն արեցին՝ ավելի տաքացրեցին ու խրախուսեցին, նաև հաթաթա տալով, թե՝ «ձեզ խելոք պահեք, որ ավելի վատ բաներ չլինեն»։

«Այս դեպքում մենք տեսանք, որ անվտանգությունը չէր մտնում նիստերի դահլիճ, ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ հրահանգ կար դռները չբացելու, որպեսզի իշխանական պատգամավորները հաշվեհարդար տեսնեին ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ»,- հավելեց Աննա Կոստանյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից բռնությունը խրախուսելու մասին, Աննա Կոստանյանը նկատեց՝ սա խոսում է երկակի ստանդարտների մասին։

«Շատ հետաքրքիր զուգադիպությամբ ԱԺ-ում ընդունվել է Ընտանեկան բռնության մասին օրենքը, որը նաև կենցաղային բռնությանն էր վերաբերում։ Հիմա այս օրենքն ընդունելուց հետո արդյո՞ք օրենսդիրները պատրաստ են ամբողջ ուժով օրենքը կիրարկեն՝ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչնե՞ր են, թե՞ ոչ, և պատասխանատվության ենթարկեն սադրողներին, դա արդարացնողներին։

Վստահ եմ՝ այդ ամենը որևէ հետևանք չի ունենալու, քանի որ մենք խոսում ենք այս իշխանության մասին, որը բոլոր օրենքները խախտել է։ Իշխանությունն այս ձևով ոչ միայն խրախուսում է բռնությունը, այլև հասարակության շրջանում նորմավորում, և չի բացառվում, որ խորհրդարանի պատերից դուրս նման իրավիճակներ հաճախ լինեն։ Սա շատ վատ նախադեպ ու օրինակ է»,- ընդգծեց Աննա Կոստանյանը։

—

Chatinian Lara:
Related Post