Հոկտեմբեր 31, 2026
«Առաջին անգամը չէ, որ օրենքը երկակի ստանդարտով են կիրառում․ իրենց թիմը միշտ հանդես է գալիս և՛ բռնությամբ, և՛ բռնության կոչերով, և՛ սպառնալիքներով․ մարդկանց ֆեյսբուքյան ստատուսների համար քրեական պատասխանատվության են ենթարկում, կալանավորում են, մինչդեռ իրենց արարքների նկատմամբ աչք է փակվում։ Սա առաջին հերթին իրավապահների, Քննչական կոմիտեի նախագահի և Գլխավոր դատախազի, մեղմ ասած, բացթողումն է, իսկ եթե ճիշտ բառեր ընտրենք՝ հանցակցությունը պարտակելու եղանակով»,- սա իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատականն է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրանից հետո սեփական թիմակիցներին աջակցող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Իսկ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր, թե «եթե որևէ մեկը կարծում է՝ կարող է ձեռք բարձրացնել պատգամավորին հարվածելու կամ մեկ այլ բան անելու համար, ապա մենք կկոտրենք այդ ձեռքը», «պետք լինի՝ աթոռով կկոտրենք», և այլն։
168․am-ը Հովհաննես Խուդոյանից ճշգրտեց, թե այլ պարագայում ի՞նչ պետք է հաջորդեր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի բազկաթոռ նետելու դրվագին, կամ՝ Ծովինար Վարդանյանի կողմից շիշը փոխանցելու դրվագին։
Ի պատասխան՝ իրավապաշտպանը մանրամասնեց․ «Երբ սառը դատողությամբ կոնֆլիկտներ են սրում, կամ հրահրում, կամ օժանդակում՝ անձանց հարվածներ հասցնել, այստեղ միանշանակ քրեաիրավական գնահատական պետք է տրվի։ Կոնկրետ այդ գործողության մեջ ես էմոցիոնալ պոռթկում կամ հուզական վիճակ չեմ տեսել․ սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել»։
Անդրադառնալով համաշխարհային մամուլի արձագանքներին՝ Հովհաննես Խուդոյանը ցավով արձանագրեց՝ ամեն առիթով Հայաստանի Հանրապետությունը խայտառակում են, «բայց սա չարյաց փոքրագույն է․ շատ ավելի ծանր հանցանքներ են կատարել»։
ԱԺ–ում հոկտեմբերի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև։ Լեզվակռիվը վերածվել էր ծեծկռտուքի․ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն աթոռ էր նետել ընդդիմադիրների ուղղությամբ։ Ռուբեն Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր՝ ապահովել ԱԺ դահլիճում կարգը, սկզբում մի քանի րոպե լուռ հետևում էր ծեծկռտուքին, ապա միայն ընդմիջում հայտարարեց՝ հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
—