Հոկտեմբեր 31, 2026
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն օրերս 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը: Փաստաթուղթը ներկայացրել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը», քննադատել էին համաձայնագիրը և դեմ քվեարկել: Միջպետական այս փաստաթղթով ամրագրվում է, որ Հայաստանն անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով: Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագիրը նաև ամրագրում է, որ ենթակառուցվածքներում Հայաստանի օրենքներն են գործելու:
Սյունիքով անցնող երկաթուղին ու ճանապարհը գործելու են ֆրոնտ օֆիս-բեք օֆիս տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ TRIPP-ով անցնելիս Ադրբեջանի քաղաքացիները գուցե ընդհանրապես հայ սահմանապահների չհանդիպեն, անցումն իրականացվի թվային գործիքների կիրառմամբ: Ընդդիմադիրների դժգոհությունը հիմնականում կապված է Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանով անցման պայմանների անորոշության, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների անցման պայմանների հետ:
Մտահոգությունները ոչ միայն Երևանում են։ Թեհրանը ևս TRIPP նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ ունի և Հայաստանից ակնկալում է հավաստիացումներ, որ հայ-իրանական սահմանին և դրան հարակից տարածքներում որևէ երրորդ երկրի ուժերի ներկայություն չի լինի։ Նախօրեին այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել են այդ վստահությունը, հաստատել են, որ նմանօրինակ որևէ նախադեպ չի լինի: Հենց այդ փոխադարձ վստահությունն էլ մենք այդ հարցում ընդունում ենք որպես այն բանի երաշխիք, որի երբեք այս նախագիծը չի շեղվի իր ճանապարհից ու որևէ վտանգ չի ստեղծի Իրանի համար»,- ասել է դեսպանը:
Խալիլ Շիրղոլամին ընդգծել է Իրանի դիրքորոշումը՝ Թեհրանի համար կարևոր է, որ պահպանվեն և հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. «Ինչպես նաև որևէ երրորդ կողմ չպետք է կարողանա որևէ հարց կամ մարտահրավեր ստեղծել երկու երկրների խոր և ռազմավարական հարաբերություններում»: Իրանի դեսպանը կարևորել է երաշխիքների տրամադրումը, որ «օտար ուժերի ռազմական ներուժը տվյալ պրոյեկտի շրջանակում ներկա չի գտնվի»: Ավելին, դեսպանն ասել է, որ ցանկանում են որևէ կայուն, ստաբիլ քննարկումների որևէ ֆորմատ ունենալ, որը կօգնի և՛ քննարկել այս պրոյեկտի շրջանակներում առաջացող ցանկացած հարց ու նաև որևէ խնդիր առաջանալու դեպքում կկարողանան շատ արագ, ցանկացած մարտահրավեր լուծել»:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարն ասել էր, թե Իրանի իշխանությունները հստակ պատասխաններ են ստացել հայկական կողմից՝ իրենց սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ: «Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով: Մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի՛ լինելու։
Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իրենք էլ ասում են՝ դե, եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ»,- ասել էր արտգործնախարարը:
Այս համատեքստում ուշագրավ է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովում հնչեցրած հայտարարությունը։
Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական նախագծերի մասին՝ Բայրամովը, որպես դրանցից մեկը, առանձնացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը՝ այն ներկայացնելով որպես թյուրքական պետությունների միջև կապերի ընդլայնման և տնտեսական հնարավորությունների մեծացման կարևոր բաղադրիչ։
Հատկանշական է, որ ադրբեջանցի պաշտոնյան նույն ելույթի շրջանակում անդրադարձել է նաև Ղարաբաղում և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրում» իրականացվող վերականգնողական աշխատանքներին՝ այդ ձևակերպումը ներառելով Ադրբեջանի տարածքային և տնտեսական զարգացման մասին խոսույթում։
Բաքվի այս հռետորաբանությունը կարևոր է դիտարկել TRIPP նախագծի շուրջ Իրանի արտահայտած մտահոգությունների համատեքստում։ Խնդիրն այն չէ միայն, թե ինչ անվանումով է Ադրբեջանը ներկայացնում Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը, այլև այն քաղաքական շրջանակը, որի մեջ տեղավորում է այդ նախագիծը։
«Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շարունակական օգտագործումը, հատկապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո գործող հաղորդակցության նախագծի պայմաններում, վկայում է, որ Բաքվի քաղաքական խոսույթում այդ երթուղին շարունակում է ներկայացվել որպես ավելի լայն տարածաշրջանային կապուղու մաս, որի շուրջ ադրբեջանական կողմն ունի սեփական պատկերացումները։ Իսկ «Արևելյան Զանգեզուր» եզրույթի օգտագործումը լրացուցիչ մտահոգություն է՝ հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի Սյունիքի հետ աշխարհագրորեն և պատմականորեն առնչվող անվանման մասին է։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ TRIPP-ի շուրջ մտահոգությունները չեն սահմանափակվում միայն արտաքին ուժերի հնարավոր ռազմական ներկայության հարցով։ Կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական ընկալումների խնդիր. մինչ Հայաստանը նախագիծը ներկայացնում է իր ինքնիշխանության և օրենսդրության ներքո իրականացվող հաղորդակցային նախաձեռնություն, Ադրբեջանը շարունակում է այն տեղավորել «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգի շրջանակում։
Հենց այս հակադրությունն է, որ Իրանի համար կարող է լրացուցիչ մտահոգության առարկա լինել՝ հաշվի առնելով Թեհրանի բազմիցս արտահայտած դիրքորոշումը Հայաստանի սահմանների անփոփոխելիության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ։
Իրանի դիրքորոշումից նաև ակնհայտ է դառնում, որ Թեհրանին միայն Երևանի հավաստիացումները բավարար չեն, և նա ցանկանում է TRIPP նախագծի իրականացման գործընթացում ունենալ որոշակի ինստիտուցիոնալ վերահսկողության և հարցերի օպերատիվ քննարկման մեխանիզմ։ Դեսպանի հայտարարությունը, որ իրանական կողմը ցանկանում է ձևավորել կայուն քննարկումների առանձին ձևաչափ, պատահական շեշտադրում չէ։ Այն վկայում է, որ Իրանը մտադիր է ոչ միայն հետևել նախագծի իրականացմանը, այլև նախապես ապահովագրել իրեն հնարավոր ռիսկերից՝ հատկապես հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի հարավում՝ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանի անմիջական հարևանությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծի մասին է։
Թեհրանի համար խնդիրը, ըստ էության, չի սահմանափակվում միայն ամերիկյան զինված ուժերի հնարավոր ներկայության բացառմամբ։ Իրանը մտահոգված է նաև այն հարցով, թե ինչպիսի դերակատարում է ունենալու ԱՄՆ-ը նախագծի կառավարման, անվտանգության, ենթակառուցվածքների շահագործման և վերահսկողության համակարգում։
Հետևաբար, նույնիսկ, եթե հայկական կողմի հավաստիացումների համաձայն՝ ամերիկյան ռազմական ներկայություն չի նախատեսվում, մնում է ազդեցության այլ գործիքների հարցը։ Վաշինգտոնի ներգրավվածությունն ինքնին կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, իսկ Թեհրանի համար հատկապես զգայուն է այն հեռանկարը, որ իր հյուսիսային սահմանին ձևավորվի ամերիկյան ներկայության կամ ազդեցության նոր հարթակ։
Այս համատեքստում Իրանի առաջարկած քննարկումների ձևաչափը կարելի է դիտարկել որպես փորձ՝ TRIPP-ի իրականացման նկատմամբ որոշակի քաղաքական վերահսկողության և մշտական հաղորդակցության մեխանիզմ ձևավորելու։ Թեհրանը, ըստ էության, ցանկանում է, որ նախագծի շուրջ իր մտահոգությունները քննարկվեն ոչ թե իրավիճակային կարգով՝ խնդիրների առաջացումից հետո, այլ ինստիտուցիոնալ մակարդակում՝ նախապես համաձայնեցված ընթացակարգերով։ Սա կարող է ենթադրել պարբերական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում և առաջացող հարցերի արագ կարգավորման հստակ մեխանիզմ։ Այդպիսով Իրանը փորձում է իր շահերի պաշտպանությունը կապել ոչ միայն Հայաստանի քաղաքական խոստումների, այլև գործնական երաշխիքների հետ։
Երևանի համար սա կարևոր դիվանագիտական խնդիր է։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ամերիկյան ներգրավվածությամբ իրականացնել ենթակառուցվածքային ծրագիր, մյուս կողմից՝ չեն կարող անտեսել Իրանի մտահոգությունները, հատկապես այն պայմաններում, երբ Թեհրանը բազմիցս ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ-իրանական սահմանի անփոփոխելիության կարևորությունը։
Հետևաբար, TRIPP-ի շուրջ առաջիկա քննարկումների առանցքային հարցերից մեկը կարող է դառնալ ոչ միայն այն, թե ինչ երաշխիքներ է Հայաստանը տալիս Իրանին, այլև այն, թե ինչ գործնական մեխանիզմով են այդ երաշխիքները կյանքի կոչվելու։
—