Հոկտեմբեր 31, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարում պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն անդրադարձավ TRIPP-ի աղմկահարույց նախագծին:
«Այդ TRIPP-ն ի՞նչ է։ Դոնալդ Թրամփի անվան տակ ներկայացվող Զանգեզուրի միջանցքն է, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Եվ ինչ էլ ուզում են ասեն, ինչ էլ ուզում են խոսեն, սա ամերիկյան քավորությամբ իրականացվող ծրագիր է, որը պետք է Ադրբեջանի մի հատվածը կապի Նախիջևանի հետ։ Որտե՞ղ է այստեղ սուվերենության մասին խոսքը, ի՞նչ մաքսային ռեժիմի մասին է խոսքը։ Նման խնդիր գոյություն չունի։ Ամերիկյան շահն էլ այն է, որ իրենք հայտնվելու են Իրանի հյուսիսում, ինչի հետ կապված Իրանը մեծ վերապահումներ ունի։ Եվ սա հերթական քայլերից մեկն է, որի հետևանքով Սյունիքի տարածքը կանգնելու է աշխարհաքաղաքական մեծագույն խնդրի առաջ»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Վերջինս հարց ուղղեց՝ ինչո՞ւ են TRIPP նախագիծը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ։
«Այստեղ սիմվոլիկա կա, չէ՞։ Մեղրի՛։ Այսքան տարիներ շատերն ինչի՞ց են խոսել՝ Մեղրիից, Վազգեն Սարգսյանին են կապել Մեղրիի հետ, այլոց են կապել Մեղրիի հետ… Հիմա Մեղրին հանձնում են։ Սա Մեղրիի հանձնում չէ՞»,- ասաց նա:
Միհրան Հակոբյանը նաև տարակուսանք հայտնեց, որ շատերն ուրախանում են, որ Իրանը հայտարարում է՝ մենք մեր շահերը զենքով կպաշտպանենք։
«Իսկ եթե իրանցիները մի օր մտան այդտեղ, նրանց հանելո՞ւ եք։ Պարզ հարց եմ տալիս։ Շատերն ուրախությամբ ասում են՝ այո՛, Իրանը մեզ կպաշտպանի։ Բայց եթե Իրանը մտավ Սյունիք կամ Սյունիքի որոշ հատվածներ, հանելո՞ւ եք։ Ադրբեջանցիներին չեք կարողանում հանել ձեր 200-300 հեկտար տարածքից, դուք Իրանին ո՞նց եք հանելու այդ տարածքներից։ Ինչի՞ վրա եք ուրախանում… Հասկանո՞ւմ եք՝ երկիրը հրաժարվել է իր սուվերենությունից, իսկ մարդիկ ուրախանում են, որ այս կամ այն մեկը կպաշտպանի:
… Այս իշխանությունները պետք է պատասխանեն՝ հիմա, երբ ամերիկացիներին բերում են ու կանգնեցնում այստեղ, իսկ պարսիկներն էլ բառացի ասում են՝ խփելու ենք, դա լա՞վ է, թե՞ վատ։ Պարսից ծոցի երկրների տարածքներում նրանք հիմա իրար են խփում, չէ՞։ Ուզում եք, որ մեր երկրի տարածքում էլ իրար խփե՞ն։ Ուրա՞խ եք դրանից։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սրանով այս երկիրը, ժողովրդին տանում են ուղիղ անդունդ, որտեղ արդեն դրված է այս երկրի լինել-չլինելու հարցը։
Բերում են այստեղ ամերիկացիներին, այստեղով պետք է անցնեն ադրբեջանցիները… Դրան գումարած՝ պարսիկներն այն կողմից են զգուշացնում, Ռուսաստանն այս կողմից է զգուշացնում՝ խնդիրներ կլինեն։ Է՛, հետո՞։ Այս երկիրն ի՞նչ եք սարքել»,- ասաց պատմաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—