X
    Categories: News

Ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային ճգնաժամերի համատեքստում. մե

Հոկտեմբեր 27, 2026

Ռուսաստանի և Թուրքիայի «ռազմավարական գործընկերությունը»՝ որպես Մոսկվայի և Անկարայի երկկողմ հարաբերությունների բնութագիր, վաղուց դարձել է մի բանաձև, որի փոփոխականների քանակը տարեցտարի բազմապատկվում է:

Տարածաշրջանային անվտանգության, առևտրի և էներգետիկայի ապահովման ավանդական հարցերում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ նրբերանգներ են ի հայտ գալիս, որոնք ստուգում են այդ հարաբերությունների ամրությունը: Հատկապես նկատելի են տարակարծությունները տարածաշրջանային հարցերում. բացի արդեն ավանդական դարձած Մերձավոր Արևելքից և Հարավային Կովկասից, փորձաքար է դառնում Սև ծովում նավագնացության անվտանգության հարցը:

Թուրքիայի բազմավեկտոր դիվանագիտությունը նրան թույլ է տալիս ամրապնդել գործընկերային հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող երկրների հետ։ Երկկողմ օրակարգն առանձին ուղղությունների բաժանելը Մոսկվային և Անկարային հնարավորություն է տալիս ընդհանուր եզրեր գտնել այն հարցերի շուրջ, որտեղ նրանց դիրքորոշումները տարբերվում են։ Սակայն երկխոսության պատրաստակամությունը չի նշանակում համաձայնություն կողմերից յուրաքանչյուրի համար ցանկալի արդյունքի հետ։ 

Մերձավոր Արևելք. սիրիական հավասարակշռություն և իրանական ճգնաժամ 

Կարդացեք նաև

  • Իրանը չի ընկնի… Թրամփի ազգականները Ղազախստանում շահեր ունեն. Դարյա Սապրինսկայա
  • Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝ հանուն մեծ ծրագրերի
  • Հայաստանը Փաշինյանի օրոք․ Բոլթոնի պատգամներին հավատարիմ

Թեև Մերձավոր Արևելքը և տարածաշրջանում ուժերի դասավորությունը վաղուց երկկողմ երկխոսության առարկա են եղել, Իրանի շուրջ հակամարտությունը Մոսկվային և Անկարային խորհրդակցությունների նոր առիթ է ավելացրել: Ռուսաստանի համար Թեհրանի հարվածն անդրադարձել է կարևոր գործընկերոջ հետ հարաբերություններին. պատերազմի ելքը կարող է որոշել նրա հետագա դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև արտատարածաշրջանային խաղացողների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության բնույթը:

Թուրքիայի համար դա սեփական անվտանգության և տարածաշրջանում դիրքավորման հարց է. հակամարտությունը դուրս է գալիս մեկ մերձավորարևելյան պետության շրջանակներից, դրա հետևանքներն արտացոլվում են միգրացիոն հոսքերում, Սիրիայից մինչև Հարավային Կովկաս տարածաշրջանային կարգի կայունության մեջ, ազդում են համաշխարհային առևտրի և էներգետիկ անվտանգության վրա: Այս բոլոր հարցերն ուղղակիորեն շոշափում են Անկարայի շահերը:

Թեև Մերձավոր Արևելքի հարցով թուրք-ռուսական խորհրդակցություններն ընդհանուր առմամբ կրում են պարբերական բնույթ, Իրանի հարցը սկսել է ավելի հաճախ հայտնվել երկկողմ խորհրդակցություններում:

Ուշագրավ էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա և դրա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսը։ Կողմերը վերահաստատել են շահագրգռվածությունը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ փոխգործակցության շարունակման հարցում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթում առանձին հնչեց մտահոգություն Իրանի շուրջ հակամարտության հետևանքների վերաբերյալ:

Թուրք գործընկերն իր ելույթում իր հերթին առանձնացրեց ԱՄՆ-ի հետ շփումները, Պակիստանի միջնորդական ջանքերը, ինչպես նաև Քաթարի և Սաուդյան Արաբիայի կողմից դիվանագիտական աջակցությունը, ինչն ազդարարում է համընկնող շահերի մասին, սակայն չի վկայում կարգավորման ընդհանուր պլանի կամ մեխանիզմի մշակման մասին: Այսպիսով, Անկարան փորձում է օգտագործել իրեն հասանելի բոլոր բանակցային ուղիները, որպեսզի կանխի տարածաշրջանում հետագա էսկալացիան և իջեցնի դրա շեմը մինչև «վերահսկելի»:

Թե Ռուսաստանը, թե Թուրքիան շահագրգռված են տարածաշրջանում կայունության ապահովմամբ, սակայն այն տարբեր կերպ են ներկայացնում։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Իրանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ դիրքերը, իսկ Անկարայի համար՝ իրանական պետականությունը՝ սահմանափակելով հարևան երկրների վրա ազդելու Թեհրանի հնարավորությունները։ Տարբերությունները չեն խանգարում կարգավորման քննարկմանը, սակայն ազդում են ապագա տարածաշրջանային հավասարակշռության մասին կողմերի պատկերացումների վրա։ 

Իրանի դիրքերի թուլացումը զգալի է նաև Սիրիայում՝ երկու կողմերի համար ևս ռազմավարական նշանակություն ունեցող երկրում։ Թեև Թուրքիայի ազդեցությունն այս ուղղությամբ գերագնահատելը նույնքան վտանգավոր է, որքան այն թերագնահատելը, երկկողմ օրակարգի շփումների հաճախականության և լայնության հիման վրա կարելի է ենթադրել, որ սիրիական ներկայիս կառավարության մոտ առավել սերտ և ակտիվ շփումները պահպանվում են հենց Անկարայի հետ։ Իսկ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ռազմական օբյեկտներն ու ներկայությունը։

Այս կապակցությամբ Սիրիայի հարցով ռուս-թուրքական երկխոսությունը, որի մասին խոսք էր գնում նաև 2026 թվականի հունիսին կայացած հանդիպման շրջանակներում, դառնում է գործնական անհրաժեշտություն։ Սա երկկողմ հարաբերությունների բնութագրական առանձնահատկությունն է. բանակցությունների անհրաժեշտությունը մեծանում է մրցակցության աճի հետ մեկտեղ։ 

Հարավային Կովկաս. ընդհանուր լեզու և տարբեր երթուղիներ

Հարավային Կովկասում Մոսկվան և Անկարան նույնպես ընդհանուր եզրեր են գտնում։ Երկու կողմերն էլ աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, հաղորդակցությունների բացմանն ու զինված բախումների ռիսկի նվազեցմանը և 3+3 ձևաչափով տարածաշրջանային հարցերի քննարկմանը: Ընդ որում, Ռուսաստանը հստակ արտահայտում է արտաքին նախաձեռնած որևէ այլ տարածաշրջանային ձևաչափի անթույլատրելիությունը, քանի որ դա կարող է ավելի մեծ թվով «բաժանարար գծեր» ստեղծել։ Չնայած Հարավային Կովկասի հետագա կառուցվածքը քննարկելու համար բանակցային հարթակը պահպանվում է, տարածաշրջանի զարգացման և համագործակցության մեխանիզմների հարցը կլուծվի ոչ միայն դրա շրջանակներում, այլև այլ խաղացողների հետ երկխոսության մեջ, որոնց հետ և Երևանը, և Բաքուն ամրապնդում են հարաբերությունները:

«Նոր» լոգիստիկ նախագծերի ձևավորումը (մասնավորապես՝ «Թրամփի երթուղին», TRIPP) առայժմ ձեռնտու է Անկարային։ Ադրբեջանի կապը Նախիջևանի և այնուհետև Թուրքիայի հետ նրա համար լրացուցիչ ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։

Զանգեզուրի միջանցքը կարող է նպաստել Անկարայի դիրքերի ամրապնդմանը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, սակայն դրա տնտեսական օգուտները դեռ պետք է գնահատել։ Իսկ Մոսկվայի համար կարևոր է պահպանել տնտեսական ներկայությունը տարածաշրջանում և իր դերը հաղորդակցությունների քննարկման գործընթացում, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է միջազգային փոխադրումներին Ռուսաստանի մասնակցության հարցին։

TRIPP-ի իրականացման շրջանակներում «երրորդ կողմերի» հետ համագործակցելու՝ Երևանի հայտարարվող համաձայնությունը մրցակցության տեղ է ստեղծում, այդ թվում՝ արտատարածաշրջանային խաղացողների հետ։ Թե Ռուսաստանի, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի պոտենցիալ մասնակցությունը երթուղու կազմակերպմանը մարտահրավեր է իրենց դիրքերն ամրապնդելու համար։ 

Փոփոխությունները վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին։ Անկարան և Երևանը շարունակում են կարգավորման գործընթացը. 2026 թվականի ապրիլին ներկայացուցիչները քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնումը, իսկ մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ընդհանուր սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Հայկական կողմի վերջին հայտարարություններով՝ սահմանի բացման գործընթացը դանդաղել է, բայց կանգ չի առել։ Առայժմ դրանք միայն նախապատրաստական քայլեր են, բայց գործնական բովանդակություն են տալիս հայ-թուրքական մերձեցմանը։

Արտատարածաշրջանային խաղացողների ակտիվության աճի հետ փոխվում է տարածաշրջանային անվտանգության մասին խոսակցությունների բովանդակությունը։ 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ինքնիշխանությանը վտանգ չի տեսնում և չի ցանկանում դրա հետ կապել ռուսական ռազմաբազայի ներկայությունը։ Հայ-թուրքական կարգավորումը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցումը. այս բոլոր միտումներն ազդում են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքավորման վրա։ Այս դեպքում Անկարան կարծես թե չարյաց փոքրագույնն է, որի հետ Մոսկվան սովորել է պայմանավորվել և ընդհանուր եզրեր փնտրել։ 

Ուկրաինա և Սև ծով. նավագնացության անվտանգություն և երաշխիքային վեճ 

Ուկրաինական ուղղությունը ցույց է տալիս, թե որքան հեռու կարող են շեղվել Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները՝ պահպանելով երկխոսությունը։ Կիևին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով՝ Թուրքիան նույնպես ակտիվորեն բանակցությունների հարթակ է առաջարկում։ Նման երկակիությունը միանգամայն բացատրելի է՝ հաշվի առնելով, որ հակամարտության երկու կողմերի հետ Անկարան պահպանում է հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ Հաքան Ֆիդանը հայտարարել է Սև ծովի ջրատարածքում հաճախակի դարձած հարվածների մասին, որոնք սպառնում են երրորդ երկրների նավերին և շահերին, ինչպես նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ քննարկել է լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումները։

Անկարայի համար փոխադրումների անվտանգությունը դարձել է առանձին օրակարգային հարց, քանի որ դրանից են կախված առևտրային հոսքերը, բեռնափոխադրումների, բեռների ապահովագրության և առաքման արժեքը, թուրք նավատերերի վիճակը և, որպես հետևանք, Թուրքիայի տնտեսության զգալի մասը։ Անկարայի համար պարզ է նաև, որ նա չի կարող ինքնուրույն ապահովել նավագնացության անվտանգությունը. դրա համար պահանջվում են բազմակողմ պայմանավորվածություններ, այդ թվում՝ Մոսկվայի հետ։

Դիվանագիտական միջոցների որոնման շարունակության մասին է վկայում նաև Լավրովի սեպտեմբերի 26-ի հայտարարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի, ինչպես նաև Հնդկաստանի և Եգիպտոսի հետ քննարկել է Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման առաջարկները, այդ թվում՝ երկկողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունը։

Իր պրոակտիվ դիվանագիտությամբ Թուրքիան ձգտում է «տեղ գրավել» հետկոնֆլիկտային վերականգնման և միջազգային ռեժիմի ձևավորման գործում։ Մասնավորապես, Անկարան արդեն հայտնել է, որ պատրաստ է գլխավորել անվտանգության երաշխիքների «ծովային բաղադրիչները», ինչպես նաև նպաստել պարենային անվտանգության ապահովմանը՝ ինչպես Սևծովյան տարածաշրջանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան արդեն ապացուցել է իր բարեհուսությունը «հացահատիկային գործարքի» շրջանակներում, ռազմածովային պարեկությանը մասնակցելը դեռևս քիչ հավանական է թվում հենց ռուսական կողմի համար։ Մոսկվայի համար դրա ընդունելիությունը կախված կլինի մասնակիցների կազմից, մանդատից և իրականացման պայմաններից, ինչի մասին կողմերը նույնպես ստիպված կլինեն ջանասիրաբար պայմանավորվել։ Այնուամենայնիվ, երկխոսության բուն փորձը նույնպես կարևոր նշանակություն ունի, քանի որ ռուսական կողմին թույլ է տալիս գնահատել իրավիճակային համաձայնությունների ռիսկերն ու հեռանկարները ոչ միայն իր ազգային շահերի, այլև իր գործընկերների տեսանկյունից։

Եզրակացությունների փոխարեն 

Ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարները կախված կլինեն այն բանից, թե արդյո՞ք Անկարան և Մոսկվան կկարողանան հետագայում ևս հաջողությամբ գտնել ընդհանուր եզրեր տարածաշրջանային ճգնաժամերին մասնակցության հետզհետե շեղվող հետագծերում։ Այդ խաչմերուկները գտնելու փորձերը միշտ կառուցողական քայլ են, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի վրա դրված մեծ թվով ծանրաբեռնող պարտավորությունները, կառուցողական միջոցառումների գործնական իրականացումը կարող է շատ ձգձգվել։

Այժմ քննադատական ստուգման է ենթարկվում սևծովյան անվտանգությունը, քանի որ այն հարց է բարձրացնում Անկարայի համար, թե որ ուղղությամբ պետք է շարժվել և ում հետ համագործակցությունն է ավելի շատ օգուտներ բերում։ Եթե կողմերին հաջողվի քաղաքացիական նավերի համար գոնե սահմանափակ կանոններ մշակել, ինչպես նաև անվտանգության ապահովման մեխանիզմ ստեղծել, դա թույլ կտա Թուրքիայի հետ կապեր պահպանել նաև բազմաթիվ այլ ուղղություններով։ Ռուս-թուրքական փոխգործակցության կայունության մասին թույլ է տալիս դատել կողմերի՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և կատարելու ունակությունը, իսկ շփումների կանոնավորությունն աջակցում է այդ կարողությանը։

Մոսկվան և Անկարան տարբեր կերպ են տեսնում իրենց տարածաշրջանների ապագան, սակայն շահագրգռված են դա քննարկելու հնարավորության պահպանմամբ՝ լարվածության մակարդակը նվազեցնելու համար։ 

 ԱԼԻՆԱ ՎԵՐՆԻԳՈՐԱ

Կրտսեր գիտաշխատող, ՌԳԱ Ե․Մ․ Պրիմակովի անվան Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԷՄՈ) Ռազմավարական պլանավորման հետազոտությունների կենտրոն 

russiancouncil.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Ani Tigranian:
Related Post