X
    Categories: News

Փաշինյանի՝ Հայաստանի «հանցանքի» ընդունումը՝ խաղաղության գործընթացի պայման․ ի՞

Հոկտեմբեր 27, 2026

Այս օրերին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի, փորձում են համոզել, թե Հայաստանը և Ադրբեջանը ՀՀ սահմանադրության հետ կապված բանակցություններ չեն վարում, և, որ Անկախության հռչակագրի դուրսմղումը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման, Բաքուն առաջ է քաշում միայն հրապարակային քաղաքական  խոսքում:

Եվ թեև ՀՀ իշխանությունները շարունակում են Ադրբեջանին համոզել, որ ՀՀ սահմանադրության մեջ տարածքային  պահանջներ չկան, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի, քանի որ,  միևնույնն է՝ փոխելու էին ՀՀ սահմանադրությունը, որոշել են «հաճելին օգտակարի հետ» սկզբունքով այդ գործընթացում հաշվի առնել նաև Բաքվի ցանկությունները: Այսինքն, Հայաստանը բարի կամք է դրսևորում և մտադիր է ՀՀ սահմանադրությունից բացառել Անկախության հռչակագիրը, որը Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ համարում է տարածքային պահանջներ չպարունակող, մյուս կողմից՝ կոնֆլիկտածին: Եվ հանուն դրա անգամ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների:

Իսկ Բաքուն էլ օգտվելով Հայաստանի՝ իր համար վտանգ ներկայացնող ՀՀ սահմանադրության մեջ առկա  իրավական հիմքը վերացնելու պատրաստակամությունից, որոշել է հրապարակային քաղաքական խոսքում այլ ձևակերպումներ ևս դարձնել խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ կամ խաղաղության պայմանագրի ստորագրման պայման:

Մասնավորապես, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ խաղաղության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, սակայն «յուրաքանչյուր ադրբեջանցի, հատկապես նա, ով վտարվել է իր հողից, 30 տարի ապրել է որպես փախստական կամ հարկադիր տեղահանված, ենթարկվել  էթնիկ զտման, հայկական կողմից ներողություն է ակնկալում»:

Կարդացեք նաև

  • Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան
  • Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․ Ինչի՞ց է վախենում Ալիևի վարչակազմը
  • Շանսեր կան. ընդդիմությունը սեղանին պետք է դնի բոլոր ռեսուրսները․ Վիգեն Հակոբյան

Այսինքն, Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն նշվածի համար և ոչ միայն:

«Դա պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղաշինության ավելի լայն գործընթացի մաս»,- ընդգծել է  Հաջիևը, ով նաև հասկացրել է, որ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա։

Նմանատիպ միտք վերջերս հնչեցրել էր նաև Ալիևը, երբ Հայաստանի հետ հաստատված խաղաղությունը համարել էր փխրուն: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի ժամանակ Հայաստանին դարձյալ համարել է թշնամի, «օկուպանտ», «էթնիկ զտում» իրականացրած և կրոնական-մշակութային հուշարձաններ «ոչնչացրած» պետություն, ընդ որում՝ իբր միայն 65 մզկիթ՝ Ղարաբաղում: Ավելին, վերջին օրերին Ալիևը փորձում է 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը դնել Փաշինյանի վրա:

Ի դեպ, այս տարի  «Գյանջայի դեպքերի» համար Հայաստանին Ալիևը փորձել էր մեղադրել տարածած տեսանյութի միջոցով:

Գյանջայում ծնված Հաջիևն էլ, ով մի առիթով ասել էր, թե իր նախնիները Սևանից են, այս տարի «Գյանջայի դեպքերի» օրերին սուր գրառումներ չէր արել՝ ի տարբերություն նախորդ տարիների: Բայց  վերջին հայտարարությունը, ըստ էության, լրացնում է այդ բացթողումը, որտեղ նշվում է,  որ կան իրադարձություններ, որոնք չեն կարող ջնջել պատմությունից, և որոնց համար հայկական կողմը պիտի ներողություն խնդրի:

Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանը ներողություն խնդրելու հիմքեր ունի՝  Բաքվի, Սումգայիթի ջարդերից մինչև Արցախի ամբողջական հայաթափում ընկած ժամանակաշրջանում կատարած գործողություններ: Այլ հարց է, որ Երևանը Բաքվի առաջ նման պահանջ չի դնում, ավելին, մտադիր է միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը:

Իսկ Հայաստանին ներողություն խնդրելու կոչ կամ պահանջ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ  հնչեցնում է: Այստեղ նորությունը, թերևս, այն է, որ այն անմիջապես կապվում է խաղաղության գործընթացի և դրա ապագայի հետ:

Ասվածն ապացուցող դրվագային  կարճ  խրոնոլոգիա՝ ըստ ժամանակագրության և բովանդակության:

Դրվագ առաջին2020, հոկտեմբերի 4- Ալիևը պաշտոնական Երևանին և Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել  ներողություն խնդրել Ադրբեջանի ժողովրդից և հրապարակայնորեն հայտարարել՝ «Ղարաբաղը Հայաստան չէ», և շեշտել, որ  միայն դրանից հետո կարելի է վերադառնալ բանակցությունների սեղանին:

Դրվագ երկրորդ

2024, հոկտեմբերի 17- Ալիևի օգնական Հաջիևը հայտարարել էր. 

«2020թ. հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ «Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն չէր, այլ ահաբեկչության կանխամտածված քաղաքականություն (չակերտները.- Մ.Պ.)»: Եվ Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները»: «Գյանջայի դեպքերին» առնչվող Բաքվի նույնաբովանդակ պահանջները Հայաստանին և 44-օրյայի ժամանակ եղած ՀՀ ռազմական ղեկավարությանը շարունակվում է մինչ այսօր: 

Դրվագ երրորդ

2024, դեկտեմբեր- Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ, և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Այս առաջարկով, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարն իջեցրել է Փաշինյանի կարգավիճակը, իսկ ավելի ուշ «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի հետ կապված խորամանկ և վտանգավոր առաջարկ արել Փաշինյանին:

Գրեթե նույն  ժամանակ  «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել էր, որ «շուրջ 300 բնակավայրերից վտարված ադրբեջանցիներին հասցվել է նյութական վնաս՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ անհատական տնտեսություններին, և 17,5 միլիարդ դոլարի չափով՝ հասարակական տնտեսություններին»:

Այսինքն, ներողության պահանջը ենթադրում է նաև փոխհատուցում: Դեռ չենք խոսում, որ օկուպացված Արցախի տարածքում, որն Ադրբեջանը համարում է իրենը, որն «օկուպացված» է եղել, հայկական կողմին վերագրվող անտառահատումների, բնական պաշարների օգտագործման համար Բաքուն նյութական փոխհատուցման առանձին հաշվարկներ ունի:

Դրվագ չորրորդ

2026, սեպտեմբեր- Ալիևի օգնական Հաջիևը Հայաստանի վրա բարդել էր ևս մեկ «ցեղասպանություն», որը համեմատել էր  հայկական կողմին վերագրվող «Խոջալուի ցեղասպանության» հետ: Խոսքը Քարվաճառի ազատագրման օպերացիայի մասին է:

 Դրվագ հինգերորդ

2026, հոկտեմբեր- Ալիևը պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար: Իսկ դրանից առաջ Բաքուն Փաշինյանից կոնկրետ գեներալների էր պահանջել՝ առաջին ղարաբաղյան պատերազմում անհետ կորած համարվող ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու, նրանց զանգվածային գերեզմանների վայրերի գտնվելու համատեքստում:

Այս շարքը կարելի է շարունակել: Իսկ ՀՀ իշխանությունը կշարունակի այս ամենին լուրջ չվերաբերվել կամ ընկալել անհետևանք հրապարակային խոսք: Իհարկե, 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու, ադրբեջանցիներից ներողություն խնդրելու Ալիևի պահանջը նաև ներքին սպառման համար է, սեփական հասարակության առջև արդարանալու, բայց բացառել դրա հետևանքը Հայաստանի համար, ևս չի կարելի, երբ Բաքուն նյութական փոխհատուցման կոնկրետ հաշվարկներից է խոսում, և դրանց հնարավոր իրականացմամբ ևս ներքին խնդիրներ է լուծելու Բաքվի բռնապետը: Բայց Հայաստանի առաջ ներողություն խնդրելու պայման դնելը, դա նույնն է, որ ճնշման տարբեր գործիքներ օգտագործելով, անմեղ մարդուց պահանջես գրել ինքնախոստովանական ցուցմունք, որ կատարել է այս կամ այն հանցագործությունը:

Հիմա Բաքուն Երևանից պահանջում է ընդունել, որ «ռազմական հանցագործ» է, իսկ ցանկացած մեղադրանք և դրա ընդունում ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, որի չափը որոշում է մեղադրական կողմը կամ դատարանը:

Նման դեպքերում հաշտության գնալու առաջարկի պրակտիկա կա, ինչը, սովորաբար, իր գինն է ունենում. բանակցությունների սեղանին դեռ չկարգավորված թեմաներ կան…

—

Dabaghian Diana:
Related Post