«Բաղրամյանով վերև-ներքև». ժամանակի միջով անցնող քաղաքը

Հոկտեմբեր 26, 2026

Պատրա՞ստ եք շրջել Բաղրամյանով վերև-ներքև՝ հայտնվելով տարիների շրջապտույտի մեջ։ «Գիրք-խճանկար Երևանի, կյանքի ու ժամանակի մասին»․ այսպես է Արա Թադևոսյանը բնորոշել իր նոր՝ «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը։

Այս պատմության գլխավոր հերոսը Բաղրամյան պողոտան է, որտեղ ամբողջ կյանքում ապրել է հեղինակը։ Նա գրականության է վերածում այն, ինչ մարդիկ փորձում են մոռանալ, այն, ինչ գուցե մոռանան, և այն, ինչ արժանի է վավերագրության։

Գրքի շապիկի և առաջաթերթի ձևավորումը (ձևավորող՝ Արարատ Մինասյան) միահյուսված է պատումին։ Երկխոսում են պողոտան ու հեղինակը։ Քաղաքն անցնում է ժամանակի միջով, ժամանակը՝ քաղաքի։

Կարդացեք նաև

  • Ինձ ասում են՝ չե՞ս վախենում. չէ՛, չեմ վախենում, ա՛յ թալանչի, փողերն ո՞ւր են, ո՞ւր են էդ միլիարդները. համակարգային կոռուպցիան է՛ս ա. Մեսրոպ Մանուկյան
  • Դիվանագիտական մանևրներ Կովկասում. Ադրբեջանն ակտիվանում է, Հայաստանը՝ պասիվանում Թեհրանի ուղղությամբ
  • Հանդիպում՝ առանց էական առաջընթացի. Հայաստանի արևմտյան վեկտորն ու հայ-իրանական օրակարգի մարտահրավերը

Բաղրամյանը նաև աշխարհին նայող դիտակետ է։ Ինքնաճանաչումը սկսվում է սեփական փողոցից։ Հեղինակն իր անցած ուղին ներկայացնում է մանկությունից՝ ոչ հեռավոր 80-90-ականներից, հասնելով մեր օրեր։

«Կյանքի առաջին 40 տարին Բաղրամյան 1 հասցեում»․․․ Արդեն վաճառված բնակարանի մասին Արա Թադևոսյանը տարիներ անց ասելու էր․ «Մենք այդ տանը շատ երջանիկ ենք եղել»։
«Կլորի հայաթ», բակային խաղեր, բակի կենտրոնում գործող-չգործող շատրվան, «Գիտնականների տուն», «Լաբորատորիա»…

«Երբեմն բակ նայող սենյակիս պատուհանից տեսնում էի, որ մի մարդ «լաբորատորիայի» երկրորդ հարկի իր աշխատասենյակում մնում էր մինչև ուշ ժամ և ինչ-որ բան գրում։ Ի՞նչ էր գրում։ Գուցե գի՞րք»,- հիշում է հեղինակը։ Այսպես մանր պատկերներով գծագրվում է անցած տարիների Երևանը։
Դեռ զգալու ենք «Գրանատուսում» վաճառվող՝ մամայի թխած «Նապոլեոնի» հոտը, հիշելու հանապազօրյա հացը վաստակելու այն հնարավոր ու անհնար միջոցները, որ մեզ սովորեցրել էր «90-ականներ» ասվածը։
Կա կարծիք, որ այս և նման գրքերը միշտ հետաքրքրելու են երևանցիներին ու Երևանը ճանաչողներին։ Բայց չէ՞ որ մենք կարդում ենք համաշխարհային գրականություն, և մեզ հուզում են անծանոթ աշխարհների իրականությունն ու անծանոթ հերոսների պատմությունները։ Գուցե պատումն ընկալում ենք ոչ այնպես, ինչպես տեղի ընթերցողը, բայց մի կողմ չենք դնում՝ միայն մեզ ծանոթ իրականություն փնտրելով։ Իսկ թե ինչպես անել, որ ոչ միայն հայ ընթերցողը կարդա, ասենք, լատինաամերիկյան գրականություն, այլև լատինաամերիկացին թերթի հայկականը, այլ խնդիր է։ Սրանով պարզապես անդրադարձա մի հարցի, որը բարձրացվեց Արա Թադևոսյանի և Լուսինե Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ՝ նվիրված Երևանի մասին նրանց գրքերին։

Իսկ հիմա Բաղրամյանով վերև։
Ի՞նչ էին կարդում երեխաները, թա՞նկ էր գիրքն ինժեների աշխատավարձով ապրող ընտանիքի համար, ինչո՞ւ էր Արիկը շտապում բացել փոստարկղի դռնակը, ինչպե՞ս է ավարտվում մանկությունը․․․

Կարդում ենք․ «Շաբաթ օրերին վազում էի ներքև, որ փոքրիկ բանալիով բացեմ առաջին հարկի մեր փոստարկղը, վերցնեմ թերթն ու լինեմ այդ օրվա «Советский спорт»-ի առաջին ընթերցողը»։

Այդ առաջին ընթերցողի կենսագրական գիծն ու հաջողության պատմությունը գալիս են լրացնելու գրքի վավերագրականությունը։ Երկար ճանապարհ է անցել Արա Թադևոսյանի ղեկավարած «Մեդիամաքս» լրատվականը, իսկ մինչև այդ հեղինակն անցել է լրագրողի իր ուղին։

«Литературная Армения» ամսագրի բանաստեղծության բաժնի վարիչ Նադեժդա Կրեմնյովայի հետ նամակագրությունը փաստում է՝ ինչքան կարևոր կարող են լինել մի նամակը, քաջալերանքը, հատկապես առաջին քայլերն անելիս։ Միաժամանակ բացահայտվում է շատերիս ոչինչ չասող այդ անվան (Նադեժդա Կրեմնյովա) հարուստ կենսագրությունն ու ուղին՝ Կարսից Փարիզ, որ սերունդների ճակատագրի վկայությունն են։

Այս պատմության մեջ կան պատմություններ. տպավորություն է, որ գրքում գիրք ես կարդում։ Հեղինակը լրագրողական հետաքննությամբ էական բացահայտումներ է անում։ Դժվար է չտրվել գայթակղությանը և ամեն ինչ դրվագ առ դրվագ չպատմել։

Եվ, իհարկե, «Շարժում 88/25»․․․

«Շարժումը մի հսկա խառնարան էր, որի բովում ոմանք բարձրացան այնտեղ, որտեղ արժանի չէին լինելու, ոմանք էլ, ավաղ, զրկվեցին կյանքից»։ 88-ի շարժումն իր ողբերգական հետևանքներով հմտորեն ամփոփվում է մի քանի էջում։ Գույները խտացված չեն, մուգ են, բայց գրքում սկզբից մինչև վերջ պահպանվում են այն լույսն ու լավատեսական տրամադրությունը, որով հեղինակը նայում է կյանքին։ 88-ի ծանր հուշերից նա անմիջապես անցնում է «Ցոգոլի գողությունն ու սարսափը» գլխին՝ թուլացնելով լարվածությունը և ընթերցողին վերադարձնելով բակային անհոգության ջերմությունը։ Հետաքրքիր են անցումները. նա ոչ միայն Բաղրամյանով է վերև-ներքև գնում, այլև ժամանակի ու տարածության։
«2025-ի հոկտեմբերի 27-ին լրացավ պապայի մահվան 30-րդ տարելիցը․ առանց նրա ապրում եմ շատ ավելի երկար, քան նրա հետ»։

Լեզվի այս անմիջական, զուսպ ոճից երևում է, թե ինչպես է սեփական կյանքի ժամանակը, հույզը դառնում քաղաքի պատմության մի մասը։ Այդ կապն է զգացվում նաև ԱԺ այգու շուրջ հյուսվող պատմության մեջ, որտեղ դստեր՝ Եվայի հետ մանկասայլակով զբոսանքի թեթևությունը հակադրվում է փակ դարպասներին ու քաղաքական վայրիվերումներին։
Համադրվում և հակադրվում են անցած տարիներն ու ներկա իրականությունը։

Կարող եք վիճել, տեղ-տեղ չհամաձայնել։ Կարող եք նաև ստեղծել ձեր ճանաչած Երևանը։

Կարո՞ղ եք։
Գուցե ստեղծվեն երևանյան նոր շարքեր․․․

Գրքի աշխարհագրական ընթացքն ի վերջո տեղափոխվում է Բաղրամյան 59, որտեղ հեղինակն ապրում է 2015 թվականից։ 13-րդ հարկի բարձրությունից երևացող Արարատն ու Արագածը կարծես նոր դիտակետ են դառնում, թեև մամայի պնդումը, որ կենտրոնից շատ հեռու են գնում, երևանյան այն հարազատ ու անփոփոխ ընկալումն է, որն իրականում երբեք չի հեռանում հենց պողոտայի սահմաններից։ Բաղրամյանն այդպես էլ հետնանկար չի դառնում․․․

Օր օրի հին Երևանից հեռացող սերնդի համար քաղաքը կդառնա՞ ցնորք, միֆ, թե՞ Մինայի՝ աղջիկ ժամանակ գործած գորգի պես՝ ինչքան հնանա ու մաշվի, այնքան կշքեղանան գույները։

Հեղինակն իր հստակ համոզմունքն ունի մանկության, հիշողությունների ու Երևանի մասին. նա գիրքն ավարտում է այն պնդմամբ, որ «ամենալավը 1980-1990-ականների Երևանն էր, որտեղ մենք երջանիկ էինք»։

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Markos Nalchajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/27/%d5%a2%d5%a1%d5%b2%d6%80%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be-%d5%be%d5%a5%d6%80%d6%87-%d5%b6%d5%a5%d6%80%d6%84%d6%87-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b4%d5%ab/

Leave a Reply