Հոկտեմբեր 25, 2026
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին համոզում էր, թե Հայաստանում 2 ատոմակայան է կառուցել։ Ասում էր՝ վերջին 7 տարում, առանց աղմուկ-աղաղակի, 2 ատոմակայան ենք ստեղծել։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք 2 հատ ատոմակայան։
Կային մարդիկ, ովքեր հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանն իսկապես Հայաստանում 2 ատոմակայան է կառուցել։ Այնինչ խոսքն ընդամենն արևային կայանների մասին էր։ Այն կայանների, որոնք պատուհաս են դարձել ամբողջ էներգետիկ համակարգի գլխին ու հիմա գլուխ են ջարդում դրա տակից դուրս գալու համար։ Առանց կշռադատելու՝ համատարած արևային կայաններ կառուցելու թույլտվություն են տվել, ինչի հետևանքով համակարգը բերել-կանգնեցրել են լրջագույն ռիսկերի առաջ։ Ամեն պահի կարող ենք բախվել անվտանգային խնդիրների հետ։
Արևային կայանների փոփոխական և անկանխատեսելի արտադրության աճի պատճառով, օրվա տարբեր ժամերին ստիպված են լինում նվազեցնել կամ ավելացնել ոչ միայն ՋԷԿ-երի, այլև երբեմն հենց ատոմակայանի հզորությունը։ ՋԷԿ-երը, առավել ևս՝ ատոմակայանը, նախագծված են բազային ռեժիմով՝ հաստատուն և առավելագույն հզորությամբ աշխատելու համար։ Ուստի՝ նման միջամտությունները լուրջ ռիսկ են համակարգի անվտանգության համար ու հատկապես ատոմակայանի պարագայում՝ անդառնալի հետևանքներ կարող են ունենալ։
Այդ ռիսկը նվազեցնելու համար, հիմա էլ ուրիշ արկածախնդրության են գնում. որոշել են արևային կայանների սեփականատերերին պարտադրել կուտակիչներ տեղադրել։ Իսկ կուտակիչները թանկ հաճույք են, հատկապես Հայաստանի նման երկրների համար։ Դրանք էապես թանկացնում են արևային կայանների արտադրած հոսանքը։ Նվազում է ընդհանրապես նման կայանների նպատակահարմարությունը։
Դեռ չենք ասում, որ կուտակիչները վաղը կարող են լուրջ էկոլոգիական խնդիրներ ստեղծել։ Բայց այս փուլում այդ մասին աշխատում են քիչ խոսել։ Թեև դրանից խնդրի կարևորությունը բոլորովին էլ չի նվազում։ Ու վաղն էլ կուտակիչների ձեռքն ենք կրակն ընկնելու, ինչպես այսօր արևային կայանների հախուռն կառուցման ձեռքն ենք կրակն ընկել։
Ժամանակին արևային կայանների համար էին սուբսիդավորում տրամադրում, ինչը բերեց-հասցրեց նման անկառավարելի իրավիճակի, հիմա էլ որոշել են կուտակիչների կառուցման վարկերը սուբսիդավորել։ Կառավարությունը պատրաստվում է վարկերի տոկոսները վերցնել իր վրա, բայց միևնույն է՝ դրանից հետո էլ կուտակիչների կառուցումը թանկ հաճույք է լինելու, էապես բարձրացնելու է արևային կայանների արտադրած հոսանքի ինքնարժեքն ու դրանք շատերի համար կորցնելու են իրենց իմաստը։
Այս ամենը, առանց հաշիվ-հաշվարկի, արևային կայանների կառուցման հետևանք է։ Այդ կայանները, ուզում է՝ 2-ը չէ, 4 ատոմակայանի հզորություն ունենան, չեն կարող փոխարինել բազային հզորություններին։ Զարմանալի չէ, որ «7 տարում 2 ատոմակայան ստեղծած» Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պահանջարկը բավարարելու համար, պատրաստվում է էլեկտրաէներգիա ներմուծել հայ ժողովրդի դարավոր թշնամիներից, որոնք հարմար պահի են սպասում՝ փակելու Հայաստանի «օդերը»։
Փոխարենը մտածելու բազային հզորություններն ավելացնելու մասին, արդեն տևական ժամանակ է, հիմքեր են ստեղծում Հայաստանը ևս մեկ էներգառեսուրսով թշնամի երկրներից կախվածության մեջ դնելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասում է՝ առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ պահանջարկի պատկերը կարող է էապես փոխվել։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում էլեկտրաէներգիայի ավելցուկ ուներ, ապա այժմ իրավիճակը կարող է փոխվել՝ արհեստական բանականության ոլորտի համար նախատեսված գործարանների և դրանց էներգասպառման աճի պատճառով։ Ըստ նրա, նոր արտադրական հզորությունների պահանջարկը կարող է այնքան մեծանալ, որ Հայաստանի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը սպառվի։ Այդ պայմաններում, ասում է՝ հարևան երկրներից էլեկտրաէներգիա ձեռք բերելու անհրաժեշտությունը չի բացառվում։ Խոսքն Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է։
Այնինչ՝ եթե ժամանակին մտածեին ոչ թե կեղծ ատոմակայաններ ստեղծելու, այլ բազային հզորություններն ավելացնելու մասին, երբեք էլ Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա գնելու կարիք չէր առաջանա, անկախ նրանից, թե քանի արհեստական բանականության գործարան կկառուցվեր։ Բայց քանի որ հայտարարված 2 ատոմակայանի ստեղծումը Նիկոլ Փաշինյանի հերթական ֆանտազիայի ու երևակայության արդյունքն է, հիմա մտածում են էլեկտրաէներգիայի բացը լրացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հաշվին։
Դրա համար էներգետիկ ենթակառուցվածքների միացման գնահատում են իրականացրել։ Ի զարմանս իրենց՝ պարզել են, որ համեմատաբար սահմանափակ ֆինանսական ներդրումների շնորհիվ հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները պատրաստել շահագործման։ Մոռացել են, որ այդ ենթակառուցվածքների առնվազն մի մասը մինչև վերջերս անխափան գործում էր։ Ժամանակին, քանի դեռ ունեինք հայկական Արցախն ու այն չէին հասցրել հանձնել, Հայաստանն էլեկտրաէներգիա էր ստանում Արցախից։ Արցախը հանձնելուց հետո, հիմա հավանաբար պատրաստվում են այդ նույն էլեկտրաէներգիան գնել Արցախը բռնազավթած Ադրբեջանից։
Էլեկտրաէներգիայի փոխանակումից են խոսում. Մեկը հարցնող լինի, Ադրբեջանի ինչի՞ն է պետք Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծել, երբ այն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի ու արտահանում է այլ երկրներ։ Էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիրն ինչո՞ւ պիտի էլեկտրաէներգիա ներկրի, առավել ևս՝ Հայաստանից։
Այս ամենի իրական նպատակն Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիա ներմուծելն է, գուցե նաև Հայաստանի տարածքով ադրբեջանական էլեկտրաէներգիան Թուրքիա հասցնելը։ Պարզապես այս մասին խուսափում են ուղիղ ասել, ուզում են քողարկել նրանով, որ Հայաստանն էլ կարող է էլեկտրաէներգիա արտահանել Ադրբեջան ու Թուրքիա։ Մի կողմից՝ սպասվող էլեկտրաէներգիայի դեֆիցիտից են խոսում, մյուս կողմից՝ Ադրբեջան ու Թուրքիա էլեկտրաէներգիա են իբր պատրաստվում արտահանել։ Եվ ո՞վ պիտի սրան հավատա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—