Հոկտեմբեր 25, 2026
Սեպտեմբերի նախավերջին օրը Երևանում կայացել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն նվիրված էր Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման համատեղ համակարգող կոմիտեի 5-րդ նիստին: Ատոմակայանն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։
«Ռոսատոմի» արդիականացումից հետո դրա ծառայության ժամկետը երկարացվել է մինչև 2036 թվականը: Մասնագետների կարծիքով՝ տեխնիկապես ԱԷԿ-ը կարող էր աշխատել ընդհուպ մինչև 2046 թվականը:
Սակայն, «Ռոսատոմի» ղեկավարի գնահատմամբ, դա կպահանջի հարյուր-միլիոնավոր դոլարների ներդրումներ անվտանգության, ավտոմատացման համակարգերում, ռեակտորի կորպուսի կրկնակի թրծում և աշխատած վառելիքի պահեստարանների ընդլայնում, ինչը սպառնում է սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքի կրկնակի աճով։
Այլընտրանքային և ավելի ու ավելի հավանական սցենար է դառնում 2036 թվականից հետո հին բլոկի ռեսուրսի երկարաձգման ամբողջական մերժումը՝ հօգուտ նոր ատոմակայանի կառուցման։ «Ռոսատոմը» պաշտոնապես առաջարկել է Հայաստանին 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան կառուցել։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեքսեյ Լիխաչովը։
«Ռոսատոմ»-ն արդեն հայկական կողմին է փոխանցել ВВЭР-1000 (1000 ՄՎտ հզորությամբ) բլոկի կառուցման վերաբերյալ պաշտոնական առաջարկը: Ռուսաստանն առաջարկում է ոչ միայն նոր օբյեկտի կառուցում, այլև տեխնոլոգիական շարունակականություն: Հաշվի կառնվի հայկական ատոմագործների առկա ենթակառուցվածքն ու փորձը: Խոսքը ռեակտորների արդյունաբերորեն յուրացված ընտանիքի մասին է, որի տեխնոլոգիաները կիրառվում են Ռուսաստանում, Հնդկաստանում և Իրանում:
Լիխաչովի խոսքով՝ «դրանցում համադրվում են ինչպես շատ բարձր տնտեսական արդյունավետությունը (այն է՝ էլեկտրաէներգիայի ցածր արժեքը), այնպես էլ «3+» սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը: Մեր պատկերացմամբ՝ այս առաջարկը լավագույնն է այն ամենից, ինչ այժմ կա համաշխարհային շուկայում»:
Ռուսական կողմը պատրաստ է իրականացնել այս նախագիծն ինտեգրված միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով այլ երկրների (օրինակ՝ Ֆրանսիայի, Կորեայի և Չինաստանի) արտադրողների, եթե այդպիսին լինի Երևանի ցանկությունը։ Որպես նման համագործակցության օրինակ՝ Լիխաչովը նշել է նախագիծը Ղազախստանում։
Այնտեղ ներկայացված ռեակտորային տեխնոլոգիաների և պոտենցիալ վաճառողների այլ առաջարկների ինտեգրված գնահատման հիման վրա (այդ թվում՝ այնպիսի բաժինների, ինչպիսիք են ԱԷԿ-ի անվտանգությունը, տեխնոլոգիական և ֆինանսական ասպեկտները, միջազգային փորձը, անձնակազմի պատրաստումը, տեղայնացման մակարդակը և այլն) ատոմային արդյունաբերության զարգացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը «Ռոսատոմ» ընկերությանը սահմանել է որպես միջազգային կոնսորցիումի առաջատար (ֆրանսիական, կորեական և չինական արտադրողների ներգրավմամբ)՝ Ղազախստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ։
Եգիպտոսի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի միջազգային նախագծերում, Լիխաչովի խոսքով, օգտագործվում է այն լավագույնը, ինչ կա համաշխարհային պրակտիկայում՝ բնականաբար, ազգային պատվիրատուի հետ համաձայնեցմամբ։
Հիմնավորելով առնվազն 1 ԳՎտ հզորության ընտրությունը՝ Լիխաչովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ Հայաստանում էլեկտրաէներգիան մատչելի գներով «դեֆիցիտային» է։ Նախորդ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 7%-ով։ Փորձագետների կանխատեսումներով՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման տարեկան աճը (մոտ 4%), մինչև 2036 թվականը Հայաստանին անհրաժեշտ կլինի բազային գեներացիայի հենց այդպիսի հզորություն՝ դեֆիցիտը ծածկելու համար։
Բացի այդ, «Ռոսատոմը» պատրաստ է կիրառել 4 իր տեխնոլոգիաները Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում քիմիական թափոնների վերացման համար, որտեղ նախկինում կաուչուկ էր արտադրվում։ 2023 թվականին «Ռոսատոմի» կազմի մեջ մտնող ընկերությունը հայ գործընկերների խնդրանքով սեփական միջոցների հաշվին իրականացրել է տարածքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում։ Արդյունքում հայկական կողմին են ներկայացվել հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ։
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նոր ատոմակայանի կառուցման համար տեխնիկական տեսքի և գործընկերոջ ընտրության վերաբերյալ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ ընդունել է, որ Հայաստանին բավարար չի լինի մեկ մոդուլային կայանը, որի կառուցման շուրջ նա պայմանավորվածություն է ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դեռևս մեկ տարուց մի փոքր ավելի առաջ երկիրն ուներ էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկային ծավալներ, սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է հաստատված ներդրումային ծրագրերի մասշտաբների պատճառով, որոնք պահանջում են էներգասպառման զգալի աճ։
ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ արհեստական ինտելեկտի ոլորտում գործող ընկերություններն արդեն իսկ դիմում են Հայաստանի իշխանություններին՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալների վերաբերյալ հարցումներով։ Այս խոստովանությունը հնչում է փորձագետների բազմաթիվ նախազգուշացումների համապատկերին, ըստ որոնց՝ ԵՄ աջակցությամբ Երևանի թեքումը դեպի արևային գեներացիա և ԱՄՆ-ի հետ մոդուլային ԱԷԿ-ի շուտափույթ կառուցման մասին հայտարարությունները լուրջ ռիսկեր են ստեղծում էներգահամակարգի համար։
2025 թվականի արդյունքներով Մեծամորի ԱԷԿ-ն արտադրել է 2,9 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա (ընդհանուր գեներացիայի մոտ 30%-ը), այնինչ արևային կայանները՝ ընդամենը 1,3 մլրդ կՎտժ (14%)։ Մեծ հզորության ատոմային էներգաբլոկի փոխարինումը մինչև 150 ՄՎտ տեղակայված հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորով (ՓՄՌ կամ SMR) լուրջ ռիսկեր կստեղծի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների մեծացման համար, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիան բավարար չի լինի նույնիսկ ներքին սպառման համար։
Այս պայմաններում հայկական միջուկային նախագծի համար ֆրանսիական, ռուսական, հարավկորեական, չինական և ամերիկյան տեխնոլոգիաները, ընկերություններն ու կապիտալը մեկտեղող կոնսորցիումի միջոցով 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի բլոկի կառուցման վերաբերյալ «Ռոսատոմի» առաջարկը թվում է ամենաընդունելին Հայաստանի համար։
Սակայն կասկածներ են առաջանում, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու որոշումը կկայացվի տնտեսական նկատառումներից ելնելով։ Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանն ունի անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական ինքնուրույնություն նման բարդ բազմավեկտոր մոդելի համար։
Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական քայլերը հաճախ հակասում են տնտեսական նպատակահարմարությանը, բայց արվում են ըստ արևմտյան աշխարհաքաղաքական խաղացողների ցուցումների։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հետևողական քաղաքականություն են վարում՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու համար։
Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան փետրվարյան այցի ընթացքում ստորագրվել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին «Համաձայնագիր 123» փաստաթուղթը։
Համաձայնագիրը նախատեսում է մի շարք խիստ պահանջներ այն ստորագրող կողմի նկատմամբ։ Ըստ էության, դա ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները պարտադրելու գործիք է այն երկրներին, որոնք որոշել են տիրապետել «խաղաղ ատոմին»։ ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում անմրցունակ հիմունքներով նրանց վաճառել ռեակտորներ և հարակից սարքավորումներ, վառելիք և այլն։
Թուրքական Medya Günlüğü անկախ ինտերնետային պարբերականի կարծիքով՝ հիշատակված համաձայնագիրը ներառում է Հայաստանի ռազմավարական պարտավորությունը՝ ձեռք բերելու ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներ (ՓՄՌ կամ SMR), որոնք պետք է փոխարինեն Մեծամորի ԱԷԿ-ին։ Medya Günlüğü-ն փաստում է, որ «Համաձայնագիր 123»-ը Հայաստանին դատապարտում է արևմտյան տեխնոլոգիաների կիրառմանը հաջորդ 50 տարիների ընթացքում։
«Համաձայնագիր 123»-ի ստորագրումից հետո ամերիկացի մասնագետներն իրավունք ունեն տեսչական ստուգումներ (այդ թվում՝ արտահերթ) իրականացնել գործընկեր երկրների ԱԷԿ-ներում. նրանք պետք է հասանելիություն ունենան միջուկային նյութերի պահպանման բոլոր վայրերին։ Այս կապակցությամբ Հայաստանը ստիպված կլինի իր տարածքում (ընդ որում՝ բարձր սեյսմիկ ակտիվության պայմաններում!!!) կազմակերպել ռեակտորի աշխատանքի արդյունքում առաջացած ամբողջ ճառագայթահարված միջուկային վառելիքի (ՃՄՎ) երկրաբանական թաղումը։
Երկրաբանական թաղումը պետք է տեղակայված լինի առնվազն 500 մետր խորության վրա. այս խորության ստորգետնյա տարածքը մի քանի հեկտար է, առանձին խցիկները պետք է մեկուսացված լինեն միմյանցից, ուստի ստորգետնյա միջանցքների գնահատված երկարությունը կկազմի 5-10 կիլոմետր։
Ընդ որում, նման թաղման վայրի շահագործման պահանջը 300 հազար տարի է։ Հենց այս ժամանակահատվածում է, որ, այսպես կոչված, աննշան ակտինիդները (minor actinides), որոնք ձևավորվում են ռեակտորի ակտիվ գոտում միջուկային վառելիքի գտնվելու ընթացքում, մնում են չափազանց բարձր ռադիոակտիվ։
Նման բան չի պահանջվի, եթե Հայաստանը երկարաժամկետ հիմունքներով շարունակի համագործակցությունը «Ռոսատոմի» հետ։ Օրինակ՝ Մեծամորի ՎՎԷՌ-440 (ВВЭР-440) ռեակտորը 60 տարվա ընթացքում կարտադրի մոտ 900 տոննա ճառագայթահարված վառելիք։ Սակայն ռուսական կորպորացիան առանձին պայմանագրով տրամադրում է վճարովի ծառայություն՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակում։
Հատուկ ապակե մատրիցներում պարփակված նույն աննշան ակտինիդները ենթակա են վերադարձման։ «Ռոսատոմն» ունի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս այդ նյութերն օգտագործել ուրան-պլուտոնիումային խառը վառելիքի (MOX) համար, որն օգտագործվում է միայն Ռուսաստանի Դաշնությունում գործող արագ նեյտրոններով ռեակտորներում։
«Ռոսատոմի» ղեկավար Ա. Լիխաչովը հայտարարել է, որ Հայաստանն իրավունք ունի ընտրել ամերիկյան տեխնոլոգիան, բայց դա կհանգեցնի ոչ միայն լրացուցիչ ծախսերի, որոնք կապված են ճառագայթահարված միջուկային վառելիքի գերեզմանների ստեղծման հետ, այլև կհանգեցնի կադրերի պատրաստման և շահագործող կոմպետենցիաների համակարգի վերաձևակերպմանը։
Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, որոնք մտնում են G7-ի մեջ, պայմանավորվել են միավորվել՝ նպատակ ունենալով Ռուսաստանին դուրս մղել ատոմային էներգետիկայի միջազգային շուկայից։ Հայտարարությունն այս մասին հրապարակվել է 2023 թվականի ապրիլի 16-ին բրիտանական կառավարության կայքում։
Կողմերը նախատեսում էին համատեղ ձևավորել միջուկային վառելիքի մատակարարման միասնական շղթաներ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը ծրագրում են Ռուսաստանին մեկուսացնել մատակարարման շղթաներից «որքան հնարավոր է արագ»։ Այնուամենայնիվ, փորձերը ձախողվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում ուրանի վերամշակման սահմանափակ հնարավորությունների պատճառով։
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսատոմի» ղեկավարները։ Սակայն կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցներ դեռ չեն սահմանվել։ Եվրամիությունը փորձել է դա անել, սակայն որոշումը չի համաձայնեցվել, այդ թվում՝ Հունգարիայի և Բուլղարիայի դիրքորոշման պատճառով։ Արդյունքում՝ Արևմուտքին չհաջողվեց ամբողջությամբ խզել համագործակցությունը «Ռոսատոմի» և նրա դուստր ընկերությունների հետ։
«Ընդհանուր կարծիքով՝ «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցների սահմանումն անիրատեսական է և անիրագործելի։ Դա շատ երկրների ատոմային արդյունաբերությունը կդներ փակուղու առջև»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Չեխական Idnes պարբերականի տվյալներով՝ ԵՄ հինգ պետություններում գտնվում են ռուսական կամ խորհրդային նախագծման 18 ռեակտորներ։ Որոշ այլ պետություններ դեռևս կախված են ռուսական միջուկային վառելիքի ներմուծումից։ Ռուսաստանն ունի ուրանի հարստացման չորս խոշոր ձեռնարկություն, որոնք մինչև ռազմական գործողությունների սկիզբն արտադրում էին աշխարհում հարստացված ուրանի մոտ 40%-ը։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հաղորդել է, որ Եվրոպայում կրկին կեղտոտ տեղեկատվական արշավ է սկսվել «Ռոսատոմ» կորպորացիայի դեմ, քանի որ եվրոպական արտադրողները չեն կարողանում ազնիվ մրցակցել ռուսական ընկերության հետ միջուկային էներգետիկ շուկայում։ Պարզվում է, որ այժմ Ուկրաինան ԵՄ-ից պահանջում է վերջնականապես վերանայել «Ռոսատոմի» հետ համագործակցությունը։ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը և դրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իրենց աշխատակազմի առջև ուղղակիորեն առաջնային խնդիր են դրել ստիպել Պետեր Մադյարի կառավարությանը հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից խաղաղ ատոմի ոլորտում և դրա մասնակցությամբ Հունգարիայում «Պակշ-2» ատոմակայանի կառուցումից։
Ժամանակին Լիտվայի Իգնալինի ԱԷԿ-ը նույն կերպ փակվեց։ Չնայած կայանի արդիականացմանը՝ Վիլնյուսին վերջնագիր էր ներկայացվել. կամ Լիտվան փակում է Իգնալինի ԱԷԿ-ը, կամ հետաձգվում է Եվրամիությանը նրա անդամակցության հարցի քննարկումը։ Լիտվայի կառավարությունը կատարեց իր ընտրությունը հօգուտ ԵՄ-ին երկրի անդամակցության։
Հունգարական իշխանությունները ստիպված կլինեն բարդ ընտրություն կատարել՝ ենթարկվել Բրյուսելի կողմից հրահրվող տեղեկատվական աղմուկին և զրկե՞լ երկրին էլեկտրագեներացիայի հուսալի աղբյուրից, որը կարող է տասնամյակներ շարունակ ապահովել ազգային էներգաանվտանգությունը, թե՞ սկզբունքայնություն դրսևորել և պաշտպանել իրենց քաղաքացիների շահերը։
Դժվար թե ԵՄ ղեկավարությունը բաց թողնի նաև ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցությանը խանգարելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ այս լրատվական արշավին միանան նաև Հայաստանի հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանք առաջին տարին չէ, որ պահանջում են փակել Մեծամորի ԱԷԿ-ը՝ վկայակոչելով բնապահպանական ռիսկերն ու միջուկային անվտանգության հարցերը և անտեսելով ՄԱԳԱՏԷ-ի միջազգային տեսուչների եզրակացությունները։ Հարևաններն առաջարկում են կանգնեցնել ռեակտորը՝ փոխարենը ձևավորելով ինչ-որ ընդհանուր էներգետիկ համակարգ՝ օգտագործելով Ադրբեջանից էլեկտրաէներգիայի հոսքը, որին դրա համար անհրաժեշտ կլինի սեփական ԱԷԿ-ը։
Ընդ որում, Թուրքիան արդեն ռուսական «Ռոսատոմի» հետ համատեղ կառուցում է մոտ 20 մլրդ դոլար արժողությամբ «Աքքույու» ԱԷԿ-ը։ Նախագիծը նախատեսում է 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ВВЭР-1200 չորս էներգաբլոկ, որոնք նախագծային հզորության հասնելուց հետո պետք է ապահովեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 10%-ը։
Հետաքրքիր պատկեր է ստացվում. Անկարան ռուսական ատոմային տեխնոլոգիաներն օգտագործում է սեփական էներգետիկան զարգացնելու համար, Բաքուն նույնպես դիտարկում է այդ հնարավորությունը՝ միաժամանակ հանդես գալով Հայաստանում ատոմային գեներացիայի պահպանման դեմ։
Հայաստանի կառավարության դիրքորոշումն ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերի վերաբերյալ վերջին շրջանում բազմիցս փոխվել է։ Փետրվարի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջուկային ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին «Համաձայնագիր 123»-ը, ինչը ենթադրում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի կիրառում, որոնք ԱՄՆ-ում դեռևս մշակված են միայն նախագծերի մակարդակով։
Փետրվարի 11-ին խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարացնում է մինչև 2036 թվականը և ենթադրում է ևս մեկ երկարացում 10 տարով՝ մինչև 2046 թվականը։ Մայիսին վարչապետն արդեն հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները և մտադիր է ընտրել նախագիծը՝ ելնելով տնտեսական արդյունավետությունից և տեխնոլոգիական բնութագրերից։
Հավանաբար, ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի վերջնական ռազմավարությունը դեռևս ձևավորված չէ, կամ Փաշինյանը փորձում է փոխկապակցել նոր ատոմակայանի կառուցման և երրորդ կողմին Հարավկովկասյան երկաթուղու կառավարման կոնցեսիայի փոխանցման հարցերը։ Իզուր չէ, որ ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովից հետո բանակցությունների համար Երևան էր ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը։
Կկարողանա՞ արդյոք Հայաստանում գործող իշխանությունը, որն ընտրել է տնտեսական հարցերում քաղաքական մանևրելու ուղին, ինքնիշխան որոշում կայացնել՝ ի շահ երկրի ատոմային էներգետիկայի զարգացման, ցույց կտա մոտ ժամանակները։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
interaffairs.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—