Հոկտեմբեր 24, 2026
«Հայաստանը կգնի՞ չեխական L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռներ. ով ինչ է գաղտնի պահում. ուշագրավ փաստերի հետքերով» վերտառությամբ մեր հոդվածում գրել ենք, որ Aero Vodochody չեխական առաջատար ընկերության պաշտոնական կայքում 2026թ. հունիսին տեղադրված հաղորդագրության մեջ նախ տեղեկացվել է.
«Ավարտին է մոտենում ևս չորս ինքնաթիռի արտադրությունը մեկ այլ պատվիրատուի համար, որը նոր ինքնաթիռները պատվիրել էր ավելի վաղ, սակայն չի ցանկանում պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ տալ»:
Արդեն սեպտեմբերին չեխական ընկերությունը փակագծեր էր բացել: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած այցի ընթացքում այցելել է «Aero Vodochody» ընկերություն:
«Հայաստանը L-39 Albatros ինքնաթիռների երկարամյա շահագործող է, և ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունեցանք ներկայացնելու ոչ միայն մեր ընկերության ներկայիս հնարավորությունները, այլև, առաջին հերթին, այս հաջողված ընտանիքի վերջին սերունդը՝ L-39 Skyfox-ը»,- ըստ ընկերության պաշտոնական տեղեկատվության՝ ասել է AERO-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Սոտոնան:
Այսօր, սակայն, ամեն ինչ առավել քան պարզ է: Այս օրերին Չեխիայում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այցի ընթացքում նա այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն, և Չեխիայից խոստացել, որ L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռները կհամալրեն ՀՀ զինված ուժերի ավիացիոն զինանոցը: Իհարկե, դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ ծավալի գնում է իրականացվում, ի՞նչ փաթեթ է ներառված պայմանագրում, ե՞րբ են ինքնաթիռները հասնելու Հայաստան, և ի՞նչ խնդիրներ է նախատեսվում լուծել դրանց միջոցով։
Ադրբեջանական մասնագիտացված poliqon.az վերլուծական կայքն անդրադարձել է Հայաստանի՝ L-39 Skyfox ինքնաթիռների գնման փաստին, տեխնիկական բնութագրին և առաջ ընկնելով՝ փորձել ենթադրել, թե ինչ խնդիր է լուծելու դրա ձեռքբերումը Հայաստանի դեպքում: Մասնավորապես, նշվում է, որ L-39 Skyfox-ը զինված է ամերիկյան արտադրության Williams FJ44-4M տուրբովենտիլյատորային շարժիչով:
Ըստ տեղեկությունների, ինքնաթիռի առավելագույն թռիչքային զանգվածը 5600 կգ է, օգտակար բեռնվածությունը՝ 1540 կգ, առավելագույն արագությունը՝ 0,8 Մախ։ Ինքնաթիռի երկարությունը 11,83 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 9,37 մետր։ L-39 Skyfox-ը կարող է օդում մնալ մինչև 3 ժամ 45 րոպե՝ առանց լրացուցիչ վառելիքի բաքերի, և մինչև 4 ժամ 50 րոպե՝ արտաքին վառելիքի բաքերով։ Ինքնաթիռի շահագործման առավելագույն ռեսուրսը 15 000 թռիչքային ժամ է։
Ադրբեջանական վերլուծության մեջ նշվում է, որ ժամանակակից թվային խցիկը հագեցած է երկու բազմաֆունկցիոնալ էկրանով, պրոյեկցիոն դիսփլեյով և HOTAS կառավարման համակարգով: Այս սարքավորումները հեշտացնում են օդաչուի կողմից թռիչքի տվյալների վերահսկումն ու ինքնաթիռի կառավարումը թռիչքի տարբեր ռեժիմներում։ Ինքնաթիռն ունի սպառազինության կախման հինգ հանգույց. այն կարող է զինվել չկառավարվող հրթիռներով, ռումբերով և 12,7 մմ տրամաչափի գնդացիրով։
Բացի այդ, կա նաև օպտիկաէլեկտրոնային և ինֆրակարմիր սարքերի ինտեգրման հնարավորություն։
Նշվածը հաշվի առնելով, Բաքվում այն կարծիքին են, որ 4 միավոր L-39 Skyfox-ի ձեռքբերումը, Հայաստանի ռազմական ավիացիայի ընդհանուր հնարավորությունները կտրուկ չի փոխի:
Բայց, ըստ poliqon.az-ի, այդ ինքնաթիռների առկայությունը կարող է նպաստել օդաչուների պատրաստման համակարգի արդիականացմանը, ավելին, դրանց կիրառումը թեթև հարվածային և հետախուզական առաջադրանքներում կարող է Հայաստանի ռազմաօդային ուժերին լրացուցիչ գործառնական հնարավորություններ ապահովել։
Ի դեպ, Բաքվում ասում են, որ Չեխիան իրենց ևս առաջարկել է L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռները, բայց ադրբեջանական կողմի այդ առաջարկն ընդունել-չընդունելու մասին ոչինչ չի նշվում:
Իսկ Սուրեն Պապիկյանը Չեխիա այցի ընթացքում այցելել է նաև «Future Forces Exhibition & Forum» միջազգային ցուցահանդես, շրջել տաղավարներում և ծանոթացել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներկայացված նորագույն տեխնոլոգիաներին, սպառազինության ու ռազմական տեխնիկայի առաջատար նմուշներին։ Այնուհետև հանդիպել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունային:
Հանդիպմանւ կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:
Չեխական կողմն այլ մանրամասներ է հայտնել, որ Յարոմիր Զունան Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը շեշտել է, որ Չեխիա-Հայաստան համագործակցության զարգացման հատկապես մեծ ներուժ կա ռազմարդյունաբերական ոլորտում, հաշվի առնելով, որ Հայաստանն արդիականացնում է իր զինված ուժերը հակաօդային պաշտպանության և հրետանային կարողությունների առումով:
Չեխիայի ռազմարդյունաբերությունը կարող է առաջարկել տարբեր տեսակի արտադրանք ու ծառայություններ՝ ռազմական ավիացիայից մինչև հրետանային համակարգեր, հրաձգային զենք, ռադիոտեղորոշման տեխնոլոգիաներ, ռազմական տրանսպորտային միջոցներ և տեխնիկայի սպասարկում։
Այդուհանդերձ, անհրաժեշտ է տարբերել չեխական ռազմարդյունաբերության ընդհանուր արտադրական հնարավորությունները Հայաստանի հետ պայմանավորվածություններից: Այսինքն, պաշտոնական հայտարարությունը, թե համագործակցության ներուժ կա հակաօդային պաշտպանության կամ հրետանու ոլորտում, ինքնին չի նշանակում, որ Հայաստանին կոնկրետ առաջարկներ են արվել, կամ նշված ուղղություններով հայկական կողմն արդեն պատվերներ է ներկայացրել կամ կոնկրետ համակարգեր է ընտրել:
Հետևաբար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Չեխիա այցից հետո դեռ հարց է՝ L-39 Skyfox-ների պայմանագրից բացի, ի՞նչ այլ արտադրանք կամ ծառայություններ է պատրաստ առաջարկել Պրահան, և ո՞ր ուղղություններով է Երևանը շահագրգռված խորացնել համագործակցությունը։
Ի դեպ, Հայաստան-Չեխիա ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածություններ են եղել դեռ 2010 թվականից, այդ ժամանակ, մասնավորապես, Հայաստանի համար հետաքրքիր էր խորհրդային սպառազինության արդիականացման Չեխիայի կուտակած փորձը:
Իսկ վերը նշված հարցադրումների համատեքստում և առհասարակ ռազմական գնումների կարևոր է նաև գործարքների թափանցիկությունը։ Ինքնաթիռների քանակի, գնի, սպառազինության կազմի, ուսուցման և սպասարկման փաթեթների մասին տվյալները հնարավորություն կտան գնահատել ոչ միայն ձեռքբերման ֆինանսական կողմը, այլև դրա իրական ռազմական արժեքը։ Որովհետև դեռ 2019 թվականից «դառը փորձ» կա, երբ ռազմական գնումների ֆինանսավորման չափը շփոթում են գնված ապրանքի քանակի հետ: Ավելին, Սու-30-ների համար հատկացված գնի, փաթեթի հետ կապված շատ բան դեռ հրապարակային պարզ չէ մինչև այսօր, և ոչ միայն դրա:
Իսկ Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները քննարկելիս դժվար է անտեսել Չեխիայի և Ադրբեջանի հարաբերությունների մյուս ուղղությունը։ Բաքվում կազմակերպված ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին Չեխիան ներկայացել էր ազգային պաշտպանական արդյունաբերության առանձին տաղավարով: Եվ, բնականաբար, Ադրբեջանի հետ պաշտպանական նոր պայմանավորվածություններ չէին կարող չլինել, թեև այս երկու երկրները վաղուց են պաշտպանական ոլորտում համագործակցում:
Բավական է նշել այն, որ նախքան 44-օրյա պատերազմը և դրանից հետո չեխական արտադրանքները Սլովակիան վաճառել է Ադրբեջանին, ընդ որում, պատերազմից առաջ դրանք Բաքու են հասել Իսրայելի միջոցով: Խոսքը, մասնավորապես, չեխական արտադրության RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և DANA ինքնագնաց հրետանային կայանքի մասին է, որոնք Ադրբեջանը կիրառել է 44-օրյա պատերազմում:
Դեռ 2018 թվականին Հայաստանը տարբեր առիթներով չեխ պաշտոնյաներին տեղեկացրել էր, որ չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Սլովակիայից՝ Իսրայել, ապա` Ադրբեջան են հասել: Եվ այդ ժամանակ նույնիսկ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր ընդունել, որ դրանց վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:
Պատերազմից հետո տեղեկություններ եղան, որ Ադրբեջանի զինված ուժերը ստացել են Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։
DITA L-45 հաուբիցը մշակվել է դեռ Չեխոսլովակիայում արտադրված DANA ինքնագնաց հաուբիցի բազայի հիման վրա:
Այստեղ մի նրբություն կա. DITA L-45 հաուբիցը չեխական Excalibur Army ընկերությունն է արտադրում, սակայն, տարբեր տեղեկություններով, DITA հաուբիցների փողերն արտադրվում են Սլովակիայի պետական ZTS Špeciál ձեռնարկությունում։ Սա բնական է, քանի որ Excalibur Army-ը մտնում է Czechoslovak Group չեխ-սլովակյան արդյունաբերական խմբի մեջ, որի հետ Բաքուն սերտ համագործակցության մեջ է:
2026 թվականի ապրիլին մենք գրել ենք, որ Չեխիան Սլովակիայի օրինակով մտադիր է Բաքվին ոչ միայն սպառազինություն վաճառել, այլև համատեղ ձեռնարկություն բացել: Անմիջապես ադրբեջանական աղբյուրները գաղտնազերծել են, որ Ադրբեջանում նոր համատեղ ձեռնարկություն է (VEXA DS) բացելու դարձյալ պաշտպանական արդյունաբերության CSG խումբը:
Ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ռազմական տեխնիկայի սպասարկմամբ, վերանորոգմամբ և արդիականացմամբ և նախապատվությունը տալիս է այն նախագծերին, որոնք երկարաժամկետ օգուտներ են խոստանում:
Այսինքն, դեռ պիտի հասկանալ՝ Հայաստանին իրականում Չեխիան ի՞նչ է պատրաստ առաջարկել, և ի՞նչ է Հայաստանը պատրաստ գնել Չեխիայից, որ նաև գնահատենք, թե որքանով է Ադրբեջանի հետ պաշտպանական սերտ համագործակցությունն ազդում դրա վրա: Չմոռանանք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման մոտ 42 տոկոսը:
Իհարկե, վերջին փաստն ինքնին չի ապացուցում, որ պաշտպանական համաձայնագրերը կնքվում են էներգետիկ գործարքների դիմաց։ Բայց այն ցույց է տալիս, որ Չեխիայի և Ադրբեջանի միջև կան զգալի տնտեսական շահեր, որոնց ֆոնին զարգանում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Եվ Հայաստանը չի կարող հաշվի չառնել այս հանգամանքը:
—