X
    Categories: News

Սամարղանդից մինչև Երևան. ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարությունը և Հարավային Կովկաս

Հոկտեմբեր 24, 2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 17-20-ն այցելեց Ուզբեկստան՝ Սամարղանդում մասնակցելու C5+1 ձևաչափով նախարարական հանդիպմանը և գլխավորելու ամերիկյան բիզնես պատվիրակությունը։ Պատասխանելով Euronews-ի հարցերին Սամարղանդ քաղաքում՝ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրեց առևտրային համաձայնագրերի և կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության ծրագրերը։

Նրա խոսքով, ամերիկյան ընկերությունները պատրաստվում են հայտարարել Ուզբեկստանում նոր համաձայնագրերի կնքման մասին, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում և դիվերսիֆիկացնել կրիտիկական հանքանյութերի մատակարարումները։ Նա նշեց, որ այդ գործարքները կարող են սկիզբ դառնալ տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի ավելի մասշտաբային փոխգործակցության, որին, նրա գնահատմամբ, ամերիկացի քաղաքական գործիչները նախկինում ոչ բավարար ուշադրություն են դարձրել։

Պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե ինչ պետք է սպասեն Ուզբեկստանի բնակիչներն այս այցից և նրան ուղեկցող բիզնես պատվիրակությունից, Ռուբիոն ասաց. «Կարծում եմ՝ մենք կկարողանանք հայտարարել մի շարք կոնկրետ գործարքների մասին»։ Նա հավելեց, որ ամերիկյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ուզբեկստանում բիզնես վարելու նկատմամբ, և համապատասխան հայտարարությունները կարվեն ֆորումի շրջանակում կայացած հանդիպումների արդյունքներով։ «Սա վերջը չէ։ Սա միայն սկիզբն է»,- ընդգծեց նա։ Ռուբիոյի խոսքով՝ Սամարղանդում ներկայացված են շուրջ 300 ամերիկյան ընկերություններ, որոնք քննարկում են համաձայնագրեր, որոնց պոտենցիալ արժեքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։

Ռուբիոն կրիտիկական հանքանյութերի ոլորտն անվանեց Ուզբեկստանի հետ համագործակցության հնարավոր ուղղություն։ «Ամբողջ աշխարհի համար անխոհեմ կլիներ 100%-ով կախված լինել որևէ մեկ աղբյուրից որևէ հարցում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նկատի չունի որևէ կոնկրետ երկիր։ Նրա խոսքով՝ այն ոլորտներն ու տեխնոլոգիաները, որոնք ձևավորելու են XXI դարի դեմքը, առավելապես կախված են կրիտիկական հանքանյութերից։ Սրա հետ կապված՝ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը դառնում է միջազգային առաջնահերթություն, այլ նույնիսկ ոչ միայն ԱՄՆ-ի խնդիրը։

Կարդացեք նաև

  • «2 ատոմակայանի» միֆը. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնել Թուրքիայից և Ադրբեջանից հոսանք գնելու վտանգի առջև
  • Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
  • Հակառուսական հիստերիան մեզ կտանի անդունդը․ Երկիրը կփլվի, եթե ուրիշ տեղից հարմար գներով գազ չբերեն․ ՀԱՐՑՈՒՄ

Նա հավելեց, որ բնական ռեսուրսներով հարուստ երկրների համար հանքավայրերի պատասխանատու մշակումը և հումքի վերամշակման կարողությունների ստեղծումը կարող են համապատասխանել իրենց իսկ տնտեսական հետաքրքրություններին։ «Անկասկած, մենք ուսումնասիրելու ենք այս հարցը, և կարծում եմ՝ այստեղ կան լավ հեռանկարներ նման համագործակցության համար»,- ասաց Ռուբիոն։

Այս թեման քննարկվել էր նաև C5+1 ձևաչափով գագաթնաժողովում, որը կայացել էր Վաշինգտոնում 2025 թվականի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Ուզբեկստանը և հարևան պետությունները ձգտում են ներգրավել լրացուցիչ ներդրումներ և տեխնոլոգիաներ իրենց հանքային ռեսուրսների յուրացման համար, մինչդեռ ԱՄՆ-ը և Եվրոպան այլընտրանքներ են փնտրում։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի ՀՀ կատարած կարճ այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին հուշագիր կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։

Վերադառնալով Ռուբիոյի այցին՝ նշենք, որ Ռուբիոն աշխատանքային առաջին օրը ծրագիրը սկսել է Սամարղանդի պատմական ճարտարապետական հուշարձան հանդիսացող Ռեգիստան հրապարակում առավոտյան էքսկուրսիայով՝ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևայի ուղեկցությամբ։ Նա քաղաքն անվանել է առևտրային ուղիների բազմադարյան խաչմերուկ։

Նրա պաշտոնական ծրագրում ներառված էին նաև բանակցություններ Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի հետ և փաստաթղթերի ստորագրման արարողություն, որոնց հաջորդեց հանդիպումը Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Մուխտար Տլեուբերդիի հետ, ինչպես նաև C5+1 ձևաչափով նախարարական հանդիպումը՝ Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ռուբիոն հանդիպել էր նաև նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ, քննարկելով ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու հարցը։

Մարկո Ռուբիոյի այցը Սամարղանդ և Euronews-ին տված հարցազրույցը բացահայտում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնարար տրանսֆորմացիան։ 2025 թվականի նոյեմբերին Սպիտակ տանը կայացած C5+1 գագաթնաժողովից (որտեղ արձանագրվեց 25 միլիարդ դոլարի փաթեթ) մինչև Սամարղանդում 300 ամերիկյան ընկերությունների ներգրավումը՝ Վաշինգտոնն անցում է կատարում զուտ դիվանագիտական հայտարարություններից դեպի «պրագմատիկ աշխարհատնտեսություն»։ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիան այլևս չի դիտարկում որպես երկրորդական տարածաշրջան, այլ որպես բարձր տեխնոլոգիական մրցակցության հիմնական ասպարեզ, որտեղ ամերիկյան կապիտալն ու տեխնոլոգիաները դառնում են ազդեցության գլխավոր գործիք։

Ռուբիոյի հայտարարությունը՝ «100%-ով մեկ աղբյուրից կախված լինելու անխոհեմության» մասին, թիրախավորում է աշխարհում կրիտիկական հանքանյութերի նկատմամբ Պեկինի ունեցած մենաշնորհային դիրքերը։ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների յուրացումն անմիջականորեն պահանջում է դրանք դեպի համաշխարհային շուկաներ հասցնելու երթուղիներ, ինչն էլ Սամարղանդի օրակարգը կապում է Հարավային Կովկասի հետ։

«Միջին Միջանցքի» (Middle Corridor) կենտրոնական օղակն է դառնում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը, որն առաջ քաշվեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների շրջանակում: Ստեղծվելով Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա տրանսպորտային առանցքը՝ Վաշինգտոնն ապահովում է ռազմավարական միջանցք, որը թույլ է տալիս շրջանցել պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Իրանը։

Ավանդաբար Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը եղել են Մոսկվայի բացառիկ ազդեցության տիրույթ: Սակայն ուկրաինական երկարատև պատերազմի, տնտեսական պատժամիջոցների և ռազմաքաղաքական ռեսուրսների կենտրոնացման հետևանքով Ռուսաստանը դրսևորում է ակնհայտ ռազմավարական պասիվություն։ Մոսկվան այլևս հանդես չի գալիս՝ որպես անվտանգության անվերապահ երաշխավոր։ Բնականաբար, Մոսկվայի պասիվությունից օգտվում են թե աշխարհաքաղաքական կենտրոնները, թե ռեգիոնալ տերությունները։

Մինչ Միացյալ Նահանգները նոր է ձևավորում իր լայնամասշտաբ տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում, Անկարան և Բաքուն տասնամյակներ շարունակ հետևողականորեն խորացրել են ռազմավարական համագործակցությունը թյուրքախոս երկրների հետ։ Ադրբեջանը, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը Կասպից ծովում, ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի էներգակիրների և ապրանքների գլխավոր տարանցիկ հանգույցը դեպի Թուրքիա և Եվրոպա։ Անկարայի և Բաքվի այս վաղեմի քաղաքականությունն այսօր դառնում է ամերիկյան տեսլականի բաղադրիչը։

Այս բարդ աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանը փորձում է խորացնել արևմտյան վեկտորը և Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսությունը՝ միաժամանակ նոր թափ հաղորդելով Կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես Ղազախստանի հետ հարաբերություններին։ Ղազախստանը փորձում է էական ներկայություն ստանալ հայաստանյան առանցքային ենթակառուցվածքներում՝ մինչև անգամ որոշ պրոյեկտներում փոխարինելով Ռուսաստանին։

Ամփոփելով Մարկո Ռուբիոյի այցը Սամարղանդ և C5+1 ձևաչափի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պետք է նշել, որ այս ամենը հերթական անգամ փաստում է, որ ամերիկյան այս տեսլականի համաձայն՝ Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միավորվում են մեկ միասնական աշխարհատնտեսական տիրույթում։ Ռուսաստանի ազդեցության նահանջի, Չինաստանի տնտեսական էքսպանսիայի և Թուրքիա-Ադրբեջան առանցքի ակտիվության պայմաններում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ու հետագա հեռանկարները ձևավորում է ուժերի նոր հավասարակշռություն։ Հայաստանի համար սա բացում է ինչպես մի շարք հնարավորություններ, այնպես էլ բազմաթիվ ռիսկեր, որոնց ՀՀ-ն սկսել է բախվել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

—

Eduard Nalbandian:
Related Post