X
    Categories: News

ԵՄ-ին անդամակցության մասին հեքիաթներին չեն հավատում ո՛չ դրա մասին օրենք գրողն

Հոկտեմբեր 24, 2026

Ընդամենն ամիսներ առաջ, երբ Վերին Լարսում եղավ առաջին միջադեպը՝ հայկական ապրանքները տարբեր պատճառաբանություններով չընդունվեցին, այս վարչախմբի ոչ բարձր պրոֆեսիոնալներն ասացին՝ ի՞նչ է եղել որ, այդտեղ չի լինում, ուրիշ տեղ կտանենք։ Վերջին հինգ-վեց տարիներին ինչքան խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, այնքան մեր կախվածությունը մեծանում է, իսկ դա սպառնալիք է Հայաստանի համար։ Արհեստավարժության և գիտելիքի հանդեպ այս կառավարության վերաբերմունքն ուղղակի ակնհայտ է, այս տարիների ընթացքում տնտեսության կառավարման ոլորտը խայտառակ վիճակում է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Տնտեսությունը փորձադաշտ չէ։ Էկոնոմիկայի նախարարը հավասարակշիռ մարդու տպավորություն չի թողնում։ Չկա մի պետական այր, որը մտահոգված է որևէ խնդրով և լրջմիտ պատասխաններ է տալիս։ Այս մարդիկ զլանում են հաշվարկ կատարել։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն հաշվարկներ ու կանխատեսումներ չունեն, թե ինչ է մեզ սպասում, օրինակ, գազի թանկացման, Թուրքիայի հետ սահմանի բացման, Ադրբեջանի հետ մերձենալու, Ռուսաստանից հեռանալու դեպքում։ Ոչ միայն սցենարները չկան, այլև կառավարության ծրագրում ռիսկեր չկան, տնտեսական անվտանգության սպառնալիքները չկան, գնահատման փորձ անգամ չկա»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

«Պետք է մենակ չթողնենք ամենախոցելի խավերին, սա բարոյական խնդիր է։ Գազի գնի հետ կապված՝ Հայաստանի տնտեսությունը մրցունակության խնդիր ունի։ Օրինակ, ջերմոցային տնտեսությունն առանց գազի կարո՞ղ ենք պատկերացնել։ Թանկ գազն այդ ապրանքների ինքնարժեքի մեջ ի՞նչ դեր կխաղա։ Միայն այս տարվա չորս-հինգ ամսում, երբ գյուղացին չի կարողանում իր ապրանքն արտահանել ավանդական շուկաներ, վնասն անցնում է մեկ միլիարդ դոլարից։ Մյուս ճյուղերից, այլ ապրանքների և ծառայությունների գծով, ՌԴ-ն ևս հրաժարվում է։ Մասնագիտական գրագիտությունը պարտադիր պայման է պաշտոններ ստանձնելու համար»,- նշեց Մանասերյանը։

Կարդացեք նաև

  • Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթակը
  • Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյանի թվերը
  • Եվրասիական երկընտրանք․ ԵԱՏՄ-ից «զգուշացումը» և Երևանի ռազմավարական հակասությունները

Տնտեսագետի կարծիքով՝ ԵՄ-ին անդամակցության մասին հեքիաթներին չեն հավատում ո՛չ դրա մասին օրենք գրողները, ո՛չ էլ եվրոպացիները․

«Հայաստանի վարելահողերի 70 տոկոսից ավելին չի մշակվում, և սա այն դեպքում, երբ մեր տարածքի 42 տոկոսը պիտանի չէ գյուղատնտեսության համար։ Սա մեծ շռայլություն է մեր երկրի համար։ Մենք գյուղացուն մենակ ենք թողել, պետական այրերից գյուղացու դարդուցավը ճանաչող չկա։ Առանց փողկապի եկեք գյուղ, գիշերը մնացեք, տեսեք, թե, օրինակ, ոռոգման ջրի ինչ խնդիր ունեն։ Գյուղացին իր մշակած մթերքը թափում է։ Գյուղացին ամենախոցելին է Հայաստանում սոցիալական առումով»:

«Բարեկեցություն անվանումը դնում են մի երկրի նախարարության վրա, որում 40 տոկոսից ավելի աղքատություն կա։ Ո՞ւմ ենք մենք ծաղրում՝ ինքներս մե՞զ։ Մեր պետությունն ազնիվ չէ անգամ Եվրամիության հետ։ Նրանք, ովքեր կուրծք ծեծելով իրենց արևմտամետ են համարում, իրականում թրքամետ են։ Չկա որևէ մեկը, որը կհիմնավորի, թե այսօր եթե մի հրաշքով հայտնվենք Եվրամիությունում, դրանից ի՞նչ է փոխվելու, մեր նպատակը ո՞րն է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Karapet Navasardian:
Related Post