Հոկտեմբեր 22, 2026
Երևանում ընթացող COP17-ի առանցքային հարցերից մեկը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումն է։ 2022թ. ընդունված այս ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականն ապահովել ցամաքային և ներքին ջրային տարածքների, ինչպես նաև ծովային և առափնյա տարածքների առնվազն 30%-ի արդյունավետ պահպանությունը։ Երևանյան համաժողովում առաջին անգամ գնահատվում է, թե որքանով են երկրները մոտեցել այդ նպատակին։
Այս համատեքստում անհրաժեշտ է առանձնացնել մի խնդիր, որն անմիջականորեն առնչվում է հարցի էներգետիկական չափմանը։
Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից մեկը բնական կենսամիջավայրերի կրճատումն ու մասնատումն է։ Գյուղատնտեսության ընդլայնումը, անտառահատումները, քաղաքաշինությունը և ենթակառուցվածքների զարգացումը շարունակաբար մեծացնում են ճնշումը բնական էկոհամակարգերի վրա։ Էներգետիկան նույնպես հսկայական տարածքներ է պահանջում։ Հետևաբար՝ եթե COP17-ի շրջանակներում քննարկվում է բնական տարածքների պահպանումը, ապա անխուսափելիորեն պետք է քննարկվի նաև էներգետիկայի հողատարածքային արդյունավետությունը։
2022թ. Scientific Reports հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ ուսումնասիրված 159 ատոմակայաններում (ԱԷԿ) էլեկտրաէներգիայի արտադրության միջին տարածքային խտությունը կազմել է տարեկան 6,7 ՏՎտժ/քառ. կմ, իսկ 17 արևային ֆոտովոլտային կայաններում՝ 0,087 ՏՎտժ/քառ. կմ։ Այսինքն՝ հետազոտության շրջանակներում ատոմային էներգետիկայի տարածքային արդյունավետությունը միջին հաշվով շուրջ 77 անգամ բարձր է։ Թեև հարաբերակցությունը կարող է էապես տարբերվել՝ կախված կայանների տեղակայման և տեխնոլոգիական առանձնահատկություններից, այն բավական հստակ ցույց է տալիս ատոմային էներգետիկայի առավելությունը հողատարածքների օգտագործման տեսանկյունից։
Նույն հետազոտության համաձայն՝ Միջազգային էներգետիկ գործակալության զրոյական զուտ արտանետումների սցենարի իրականացումը կարող է մինչև 2050թ. հանգեցնել էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ցամաքային տարածքների շուրջ վեցապատիկ աճի՝ մինչև 4,3 մլն քառ. կմ։ Այդ աճի հիմնական մասնաբաժինը, ըստ հաշվարկների, կապված է կենսազանգվածի օգտագործման և ցամաքային հողմակայանների ընդլայնման հետ։
Հակասությունն ակնհայտ է: Կլիմայական քաղաքականությունը պահանջում է արագացնել էներգետիկ անցումը, մինչդեռ այդ անցման որոշ սցենարներ կարող են մեծացնել ճնշումը բնական միջավայրերի վրա։ Ի դեպ, հենց Կունմին-Մոնրեալի շրջանակի 8-րդ նպատակն է պահանջում նվազագույնի հասցնել կլիմայի փոփոխության դեմ իրականացվող միջոցառումների բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա։
Այս տեսանկյունից ատոմային էներգետիկան ունի որոշակի առավելություններ։ Նախ՝ համեմատաբար փոքր տարածքում ապահովում է էլեկտրաէներգիայի մեծածավալ և կայուն արտադրություն։ Բացի այդ, ի տարբերություն խոշոր ՀԷԿ-երի, ԱԷԿ-ները չեն պահանջում գետերի արգելափակում, ընդարձակ տարածքների ջրածածկում և ջրային կենդանիների միգրացիոն ուղիների խախտում։ Դեռևս 2014թ. «Conservation Biology» հանդեսում հրապարակված համեմատական հետազոտությունը ցույց էր տվել, որ ուսումնասիրված 7 էներգետիկ աղբյուրներից կենսաբազմազանության պահպանության և տնտեսական արդյունավետության համադրմամբ առավել բարենպաստ արդյունքներ են գրանցում ատոմային և հողմային էներգետիկան։
Այժմ գանք Հայաստան:
Մեծամորի ԱԷԿ-ը, զբաղեցնելով ընդամենը 74 հեկտար տարածք, 2025թ. արտադրել է շուրջ 2,9 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով հանրապետության ընդհանուր արտադրության մոտ 29%-ը։ Եթե նույն ծավալի էլեկտրաէներգիան արտադրվեր բացառապես խոշոր արևային կայաններում, ապա վերոնշյալ միջազգային հետազոտության միջին ցուցանիշներով կպահանջվեր շուրջ 3,3 հազար հեկտար տարածք։ Այսինքն՝ մոտ 45 անգամ ավելի մեծ մակերես, քան զբաղեցնում է Մեծամորի ԱԷԿ-ը։
Իհարկե, սա պայմանական համեմատություն է։ Հայաստանի արևային ճառագայթման բարձր մակարդակը, կայանների տեխնոլոգիական առանձնահատկությունները և արդեն կառուցապատված տարածքների օգտագործման հնարավորությունը կարող են որոշակիորեն փոխել այդ հարաբերակցությունը։ Սակայն Հայաստանի սահմանափակ տարածքի, լեռնային ռելիեֆի և խոցելի էկոհամակարգերի պայմաններում անտեսել էներգետիկայի հողատարածքային արդյունավետությունը պարզապես հնարավոր չէ։
Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագրի 14-րդ նպատակն ուղղակիորեն նախատեսում է կենսաբազմազանության պահպանության չափանիշների ներառումը տնտեսական և ոլորտային քաղաքականություններում։ Սա վերաբերում է նաև էներգետիկային։ Հայաստանի դեպքում այդ պահանջի գործնական կիրառություններից մեկը կարող է լինել էներգետիկ նախագծերի գնահատման մեթոդաբանության վերանայումը։ Նոր հզորությունների ընտրության ժամանակ, տնտեսական արդյունավետությունից, էներգետիկ անվտանգությունից և ածխածնային արտանետումներից բացի, անհրաժեշտ է համեմատել նաև դրանց տարածքային ազդեցությունը՝ հողօգտագործումը, էկոհամակարգերի մասնատումը և կենսամիջավայրերի հնարավոր կորուստը։
Սա կարևոր է հատկապես հիմա, երբ Հայաստանը կանգնած է նոր ատոմային հզորությունների ընտրության առաջ։ Կարծում եմ, COP17-ը լավ առիթ է ատոմային էներգետիկայի բնապահպանական դերի ավելի առարկայական քննարկման համար։ Ընդ որում՝ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք փորձում են համատեղել էներգետիկ անցման և կենսաբազմազանության պահպանության նպատակները։
ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ
ք.գ.դ., պրոֆեսոր
22.10.2026թ.
—