Հոկտեմբեր 22, 2026
Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսել էր Տիգրանաշենի փոխանակման և Արծվաշենի տեղաշարժի մասին՝ նշելով. «Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, էնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը պետք է փակենք: Բայց կարա լինի, օրինակ, Արծվաշենի և Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշեն գյուղը տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվելով, բայց գյուղը չենք փակում»:
Ի՞նչ ասել է՝ Արծվաշենի տեղաշարժ, ի՞նչ խնդիր է Արծվաշենը լուծում Ադրբեջանի համար, ի՞նչ խնդիր՝ Հայաստանի համար, և անվտանգային ի՞նչ ռիսկեր ենք ունենում Տիգրանաշենի հանձնման դեպքում, ի վերջո, հերթը հասնելու է նաև նախիջևանյան թևում գտնվող մեր դիրքերին, որտեղ մենք, ամեն դեպքում, դեռ գերակա դիրք ունենք:
Եվ սա այն դեպքում, երբ հասկանալի չէ՝ մինչև հիմա մեր ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքներից քանի՞ տոկոսն է մեզ վերադառնալու, այն դեպքում, երբ դրանցով հանդերձ է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.743 քկմ:
Այս և անվտանգային այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը, թերևս, մոլորակի միակ երկրի ղեկավարն է, որն իր սեփական պետության տարածքի մասին խոսում է բացառիկ ճշգրիտ թվերով՝ մաթեմատիկական լեզվով ասած՝ «էպսիլոն ճշտությամբ»: Պետության ինքնիշխան տարածքը նման բացարձակ թվային շրջանակների մեջ դնելը, երբ դեռևս վերջնականապես ճշգրտված ու համաձայնեցված չեն սահմանները, մեղմ ասած, աբսուրդ է, և քաղաքագիտական ու դիվանագիտական պրակտիկայում չտեսնված երևույթ:
Ինչ վերաբերում է Արծվաշենի «տեղաշարժին» կամ փոխանակման վերաբերյալ հայտարարություններին, ապա դեռևս պարզ չէ, թե ինչ նկատի ունի իշխանությունը: Առկա է լուրջ մտավախություն, որ վերջում կարող է պարզվել՝ Արծվաշենն ու Տիգրանաշենն իսկապես «տեղաշարժվել են», սակայն երկու դեպքում էլ տեղաշարժվել են դեպի Ադրբեջան: Այսինքն՝ մի դեպքում հայկական անկլավը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մյուս դեպքում՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը՝ հանձնվում։ Զուգահեռ հանրությանը կսկսեն համոզել, որ «խաղաղությունը խնամելու» տրամաբանությունից ելնելով է այդ քայլը կատարվել։
Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի հարցում էլ լավատեսության համար առանձնապես հիմքեր չեմ տեսնում։ Կարծում եմ՝ եթե անգամ ադրբեջանական կողմը համաձայնի վերադարձնել այդ տարածքները, դա կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի կողմից չափազանց մեծ գին վճարելու դեպքում։ Իսկ թե որն է լինելու այդ գինը, այս պահին դեռ պարզ չէ։
Ռազմական տեսանկյունից խնդիրը շատ ավելի խորն է։ Սահմանային յուրաքանչյուր հատված ունի իր աշխարհագրական առանձնահատկությունները, դիտարկման հնարավորությունները, պաշտպանական նշանակությունն ու հակառակորդի գործողությունները վերահսկելու ներուժը։ Եթե տարածքային վերադասավորումների հետևանքով Հայաստանը կորցնում է գերակա դիրքեր կամ ստիպված է լինում նահանջել ավելի անբարենպաստ բնագծեր, ապա դա կարող է թուլացնել պաշտպանական համակարգը՝ անկախ նրանից, թե քաղաքական մակարդակում ինչ անուն կտրվի այդ գործընթացին։
– Անդրադարձաք Նախիջևանյան թևում դիրքային հնարավոր փոփոխություններին, Նախիջևանն Ալիևը դարձնում է ռազմավարական նշանակության տարածք՝ առավել քան եղել է, և այնտեղ նույնիսկ հանքեր է փնտրում, փորձում դրան մասնակից դարձնել ԱՄԷ-ին, որի հետ նաև ռազմական համագործակցություն ունի:
– Արցախին վերջնականապես տիրանալուց հետո Բաքուն ակնհայտորեն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Նախիջևանին, և կարծում եմ՝ դա ամենևին էլ պատահական չէ։ Այն ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ անմիջական սահմանը, Իրանի հարևանությունը և Հայաստանի հարավային հատվածի նկատմամբ ունեցած աշխարհագրական դիրքը։ Ալիևը փորձում է Նախիջևանը վերածել ավելի մեծ ռազմաքաղաքական նշանակություն ունեցող կենտրոնի՝ այն զարգացնելով ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ուղղություններով։ Սա պետք է դիտարկել տարածաշրջանային երկարաժամկետ գործընթացների համատեքստում։
Բաքվում շատ լավ հասկանում են, որ միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում խաղի կանոնները կարող են փոխվել։ Իրանի շուրջ զարգացումները, Թուրքիայի հավակնությունները, ռուսական ազդեցության հնարավոր փոփոխությունները և Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերը կարող են ստեղծել մի իրավիճակ, որտեղ այսօրվա ուժերի հարաբերակցությունն էապես տարբերվի վաղվա հարաբերակցությունից։ Հենց այդ պատճառով Ալիևը, հավանաբար, փորձում է նախապես պատրաստվել հնարավոր զարգացումներին՝ ամրապնդելով Ադրբեջանի դիրքերն այն ուղղություններում, որոնք ապագայում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։
– Իսկ ինչո՞ւ է Բաքվին ձեռնտու սահմանազատման գործընթացը շարունակել Տավուշից:
– Կարծում եմ, որ Բաքվի համար Տավուշի հատվածից սահմանազատման գործընթացը սկսելն ու շարունակելը պատահական ընտրություն չէ, այլ հստակ հաշվարկված քայլ:
Ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է՝ սահմանազատումը երկարաժամկետ գործընթաց է, և եթե նրանց նպատակն իրապես խաղաղությունը լիներ, ապա չէին ստիպի հայկական կողմին, որ հենց այդ հատվածից սկսեն սահմանազատումը:
Հայկական կողմն էլ, իր հերթին, խաղաղությունը խնամելու և լայնամասշտաբ էսկալացիայից խուսափելու տրամաբանությունից ելնելով, ստիպված համաձայնել է այս պայմաններին:
Անգամ, եթե կողմերը մեծ արագությամբ իրականացնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, դա առնվազն տարիներ է տևելու: Այս ընթացքը Բաքվին տալիս է ամենակարևոր ռեսուրսներից մեկը՝ ժամանակ: Ժամանակ շահելով՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքերը, դանդաղեցնել այն հարցերի քննարկումը, որոնք ձեռնտու չեն իրեն, և միևնույն ժամանակ պահպանել ռազմաքաղաքական ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ:
Մինչ Բաքուն շահում է ժամանակը, ՀՀ ղեկավարությունն այդ ընթացքում հասարակությանը համոզելու է, որ սահմանազատման արդյունքում օկուպացված տարածքներից Ադրբեջանը դուրս է գալու, սակայն որևէ մեկը չի ասելու և չի կարող հստակ նշել՝ երբ է դա տեղի ունենալու:
Բացի տարածքային և ռազմավարական առավելություններից, Ադրբեջանին այս պրոցեսն անհրաժեշտ է նաև, որ միջազգային հանրության մոտ դիրքավորվի որպես կառուցողական կողմ: Սահմանազատման երկկողմ ձևաչափին մասնակցելով՝ Բաքուն արտաքին աշխարհին ցույց է տալիս, իբր պատրաստակամ է խաղաղության։
– Ադրբեջան-Թուրքիա ներկա տարաձայնությունները կազդե՞ն ռազմական համագործակցության վրա, թե՞ ոչ: Որքանո՞վ է Ադրբեջանը փորձում անկախանալ Թուրքիայից, և որքանո՞վ կստացվի դա իրեն և ի՞նչ հարցերում:
– Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հարմար առիթներին միշտ շեշտել է, որ պատերազմը միայնակ է հաղթել՝ փորձելով ընդգծել սեփական բանակի ու պետականության ինքնուրույնությունն ու հզորությունը: Մինչդեռ թուրքական ղեկավարությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Ադրբեջանի հաղթանակը տեղի է ունեցել Թուրքիայի անմիջական ու վճռորոշ օգնությամբ: Այս հռետորաբանական հակասությունն իսկապես դարձել է տեղեկատվական ու քաղաքական որոշակի լարվածության պատճառ, քանի որ Բաքվին դուր չի գալիս «կրտսեր եղբոր» կամ Անկարայից լիովին կախյալ սուբյեկտի կարգավիճակում ներկայանալը:
Այնուամենայնիվ, այս հակասությունների արդյունքում ռազմավարական դաշնակցային պարտավորությունները խզելու կամ չեղարկելու ոչ մի հիմք այս պահին չկա: Ադրբեջանն ու Թուրքիան խորապես փոխկապակցված են աշխարհաքաղաքական և անվտանգային ընդհանուր շահերով։ Մենք պարբերաբար տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են անցկացվում ադրբեջանա-թուրքական համատեղ զորախաղերը, որքան ակտիվ է ռազմական փորձի փոխանակումն ու ադրբեջանական բանակի վերափոխումը թուրքական ՆԱՏՕ-ի մոդելի պրոցեսները։ Այս իրավիճակում որևէ հիմք չկա կարծելու, թե 2021 թվականին ստորագրված Շուշիի հռչակագիրը կկորցնի իր ուժը կամ հօդս կցնդի։
Բաքուն փորձում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանային ինքնուրույն խաղացող է, այլ ոչ թե Անկարայի կամակատարը: Այս ձգտումը հատկապես տեսանելի է այն հարցերում, որտեղ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի, Իսրայելի, Չինաստանի և Արևմուտքի հետ՝ չսահմանափակվելով միայն թուրքական ազդեցության ոլորտով:
– Բաքուն այս օրերին Թուրքիային հերթական անգամ հիշեցնում է Իսրայելի հետ իր ռազմավարական հարաբերությունները և զգուշացնում՝ դրանք փոփոխության չեն ենթարկվելու: Վերջին օրերին տեղեկություններ եղան, որ Բաքուն Իսրայելի հետ նոր գործարքներ է փորձում կնքել, թեև դրանք պաշտոնական հաստատում չեն ստացել: Միաժամանակ, խորացվում է թյուրքական և արաբական երկրների հետ ռազմական համագործակցությունը:
– Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր երևույթ չէ. Բաքուն Իսրայելի հետ ռազմական համագործակցության երկարատև և բավականին արդյունավետ փորձ ունի: Տարիների ընթացքում այդ գործընկերությունը ներառել է՝ ինչպես ժամանակակից անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, այնպես էլ՝ բարձր ճշգրտության հրթիռային սպառազինության ձեռքբերում: Այսօր էլ, չնայած տարածաշրջանային բարդ իրողություններին, Ադրբեջանը շարունակում է նոր գործարքների շուրջ բանակցությունները ոչ միայն Թել Ավիվի, այլև թյուրքական ու արաբական երկրների հետ՝ փորձելով էլ ավելի դիվերսիֆիկացնել ու արդիականացնել իր զինանոցը:
– Ի դեպ, այսօր մեծ հեռահարությա՞ն, թե՞ միջին և փոքր հեռահարության սպառազինության անհրաժեշտությունը կա, ի՞նչ է հուշում ժամանակակից պատերազմը: Ադրբեջանը կարծես ուշադրություն է դարձնում միջին հեռահարության հրթիռներին՝ բարձր ճշգրտությամբ: Նույն իսրայելական EXTRA-MR-ը, որի գնման մասին տեղեկություններ են շրջանառվում՝ Ադրբեջանի անվան հիշատակմամբ, միջին հեռահարության և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է: Այն հնարավորություն է տալիս մինչև 80 կմ հեռավորության վրա բարձր ճշգրտությամբ խոցել կարևոր նշանակության թիրախները:
– Ինչ վերաբերում է հրթիռային սպառազինության հեռահարության ընտրությանը (մեծ, միջին, թե փոքր), ապա դա առաջին հերթին կախված է կոնկրետ երկրի առջև ծառացած ռազմավարական և աշխարհագրական մարտահրավերներից: Սպառազինության անհրաժեշտությունն ու տեսակը որոշվում են ոչ թե պարզապես հնարավորինս հեռահար զենք ունենալու ցանկությամբ, այլ հնարավոր հակառակորդի տարածքային խորությամբ, ռազմավարական թիրախների տեղակայմամբ և պաշտպանական հայեցակարգով:
Օրինակ, Իրանի պարագայում, հաշվի առնելով այդ երկրի ահռելի տարածքը, աշխարհաքաղաքական ընդգրկումը և հնարավոր հակառակորդների հեռավորությունը, մեծ հեռահարության հրթիռների ավելի մեծ պահանջարկ ու անհրաժեշտություն կա: Մինչդեռ, հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաբեմի փոքր մասշտաբներն ու աշխարհագրությունը, չեմ կարծում, որ Ադրբեջանին իրականում անհրաժեշտ կլինեն մեծ հեռահարության հրթիռներ. նման թատերաբեմում լիովին բավարար են միջին և փոքր հեռահարության, սակայն բարձր ճշգրտություն ունեցող համակարգերը:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագրում նույնպես նշված էր, որ Հայաստանը պետք է կարողանա ձեռք բերել կամ ունենալ մեծ հեռահարության հրթիռներ: Այդ ժամանակ առիթ եմ ունեցել անդրադառնալու կառավարության ծրագրի այդ կետին և նշելու, որ նման հեռահարության հրթիռների կարիք Հայաստանը պարզապես չունի:
Ի վերջո, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության ծրագրի այդ դրույթը նույնպես մնաց միայն թղթի վրա: Ինչպես շատ բաներ, որոնք գրվեցին այս տարիների ընթացքում կառավարության տարբեր ծրագրերում ու հայտարարություններում, այդ մեկն էլ տեղի չունեցավ և կյանքի չկոչվեց։
—