Հոկտեմբեր 22, 2026
Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումն ամենևին շարքային դիվանագիտական շփում չէ ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ։ Այն տեղի է ունենում մի փուլում, երբ Վաշինգտոնը փորձում է վերակենդանացնել բանակցային գործընթացը, Մոսկվան՝ ամրապնդել իր ռազմական ու բանակցային դիրքերը, իսկ Կիևն ու եվրոպական մայրաքաղաքները՝ թույլ չտալ, որ իրենց անվտանգային շահերը ստորադասվեն ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին։
Այս վերջին շփումների գլխավոր հարցը հետևյալն է, թե ինչպիսի բանակցային շրջանակ է փորձում ձևավորել Վաշինգտոնը, և ինչ զիջումների կարող են գնալ կողմերը։ Մոսկվայում Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը տեղի է ունեցել Կոնստանտինովյան պալատում: Ավելի վաղ ամերիկյան բանագնացը հայտարարել էր, որ ցանկանում է քննարկել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Սակայն մինչ այս պահը հրապարակված տեղեկությունները հիմք չեն տալիս պնդելու պատերազմի կարգավորման շուրջ բեկումնային համաձայնության մասին։
Պետերբուրգյան հանդիպման նախապատմությունը ձևավորվել էր մեկ օր առաջ՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆը բանակցություններ էր անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Քննարկումներին ներգրավված էին նաև եվրոպական երկրների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ ԱՄՆ պաշտոնյայի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են համապարփակ խաղաղության շրջանակի առանցքային բաղադրիչները՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հետպատերազմյան տնտեսական վերականգնումը և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությունը։
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները մամուլում նշում են Ռուսաստանի հետ բանակցությունների ուղղությամբ «նշանակալի առաջընթացի» մասին։ Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Կիևի համար կարևոր են ոչ միայն հրադադարի հնարավոր պայմանները, այլև անվտանգության երաշխիքներն ու օկուպացված տարածքների հարցը։
Ուստի վերլուծելով տեղեկությունները, կարելի է նշել, որ Օսլոյի հանդիպումը նպատակ ուներ մշակելու այն մոտեցումները, որոնք կարող էին դառնալ Մոսկվայի հետ հետագա բանակցությունների հիմք։ Սակայն հրապարակված տեղեկությունները դեռ չեն հաստատում, որ կողմերն արդեն համաձայնեցրել են վերջնական ծրագիր։
Պետերբուրգում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Պուտինին կփոխանցի Օսլոյում տեղի ունեցած քննարկումների արդյունքները՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում որոշակի շարժ կա։ Նա նաև հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի վերսկսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները, որոնց ընթացքում մասնագիտական խմբերը կքննարկեն կարգավորման հաջորդ քայլերը։
Ռուսաստանի նախագահն իր հերթին՝ շնորհակալություն է հայտնել Թրամփին և Ուիթքոֆին՝ պատերազմի ավարտին ուղղված ջանքերի համար։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև ռուս-ամերիկյան տնտեսական կապերի վերականգնման հեռանկարներին և Իրանի շուրջ հակամարտությանը։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Մոսկվան և Վաշինգտոնը երկկողմ շփումների օրակարգը չեն սահմանափակում միայն ուկրաինական պատերազմով։ Այդուհանդերձ, շատ փորձագետների կարծիքով, տարբեր հարցերի միաժամանակյա քննարկումը դեռևս չի նշանակում, որ դրանց շուրջ գոյություն ունի փոխկապակցված գործարք կամ համաձայնեցված փաթեթ։
Հանդիպման քաղաքական նշանակությունը հասկանալու համար կարևոր է հաշվի առնել Վաշինգտոնի, Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջև պահպանվող էական հակասությունները։ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ կոչ անելով համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մինչդեռ Կիևը պնդում է, որ ցանկացած կարգավորում պետք է ապահովի երկրի անվտանգությունը և կանխի պատերազմի վերսկսումը։
Զելենսկին հակամարտության սառեցումը ներկայացրել է որպես անհրաժեշտ նվազագույն քայլ՝ ընդգծելով անվտանգության երաշխիքների կարևորությունը։ Մոսկվան իր հերթին՝ պատրաստակամություն է հայտնում ուսումնասիրել ամերիկյան առաջարկները, բայց միաժամանակ ակնկալում է, որ Ուկրաինան ընդունի իր պայմանները։ Այս համատեքստում Ուիթքոֆի առաքելությունը կարելի է դիտարկել որպես միջնորդական դիվանագիտության փորձ, որի նպատակը հակադիր դիրքորոշումները բանակցությունների նոր փուլ տեղափոխելն է։
Օսլոյում քննարկվել են Ուկրաինայի և եվրոպական գործընկերների առաջնահերթությունները, իսկ Պետերբուրգում ամերիկյան բանագնացը պետք է պարզեր, թե դրանցից որոնք են ընդունելի Մոսկվայի համար։ Ամերիկյան դիվանագիտության հիմնական փորձությունը ոչ միայն Պուտինի հետ երկխոսություն հաստատելն է, այլև այնպիսի պայմանավորվածությունների հասնելը, որոնք ընդունելի կլինեն Կիևի համար և կստանան եվրոպական գործընկերների առնվազն անհրաժեշտ աջակցությունը։ Հակառակ դեպքում նույնիսկ բարձր մակարդակի բանակցությունները կարող են մնալ շփումների մակարդակում՝ չհանգեցնելով հակամարտության կարգավորման։
Միաժամանակ Պետերբուրգյան հանդիպման օրակարգը ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմը ռուս-ամերիկյան հարաբերությունների միակ կարևոր հարցը չէ։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել քննարկելու երկկողմ տնտեսական կապերի վերականգնման հեռանկարները և ԱՄՆ-ի մասնակցությամբ Իրանի շուրջ ընթացող հակամարտությունը։ Բացի այդ, Պետերբուրգում նախատեսված էին Պուտինի հանդիպումները Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։ Այս հանգամանքները վկայում են, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել կապերը միաժամանակ մի քանի ուղղություններով՝ արևմտյան պատժամիջոցների, անվտանգային հակասությունների և միջազգային ուժային մրցակցության պայմաններում։
Այնուամենայնիվ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են պահպանել երկխոսության մի քանի ուղիներ՝ առանց ուկրաինական ճգնաժամի շուրջ առկա հիմնարար հակասությունները հաղթահարելու: Այս ամենին զուգահեռ՝ քննարկվում է նաև եռակողմ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան բարձրաստիճան գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարը:
Այս զարգացումների կարևոր դրսևորումներից մեկը ռուս-ամերիկյան տնտեսական և քաղաքական շփումների վերականգնման հնարավորությունն է։ Հանդիպման ընթացքում Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի արտահանման ռուսական սահմանափակումների վերացման համար՝ նշելով, որ այդ քայլը կարող է նպաստել ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցմանը։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմի՝ Ռուսաստանի նկատմամբ որոշ սահմանափակումները մեղմելու քայլերը մտահոգություններ են առաջացրել Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում։
Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան կարողանան ընդլայնել տնտեսական համագործակցությունը, դա կարող է փոխել ոչ միայն երկկողմ հարաբերությունների մթնոլորտը, այլև Ուկրաինայի շուրջ բանակցությունների քաղաքական միջավայրը։
Հայաստանի համար այս գործընթացի առանցքային հարցն այն է, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր վերակազմավորումն ինչպես կազդի Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության և արտաքին դերակատարների քաղաքականության վրա։ Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան Ուկրաինայի հարցում կարողանան անցնել առճակատումից դեպի համագործակցություն, դա կարող է փոխել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ նրանց մոտեցումները։ Սակայն այդպիսի փոփոխությունը պարտադիր չէ, որ բխի Հայաստանի շահերից։
Մասնավորապես, եթե ԱՄՆ-ի առաջնահերթությունը դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերահսկվող կարգավորումը, իսկ Մոսկվան փորձի վերականգնել իր դիրքերը նախկին խորհրդային տարածքում, Հարավային Կովկասում կարող է առաջանալ շահերի նոր բախում կամ մրցակցության նոր ձևաչափ։
Առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն, թե ինչ տեղ է Վաշինգտոնը վերապահելու Հարավային Կովկասին իր արտաքին քաղաքական օրակարգում, և ինչպես է դիրքավորվելու Ռուսաստանը:
Այս իմաստով Ուիթքոֆի այցի քաղաքական նշանակությունը Հայաստանի համար պետք է գնահատել ավելի լայն համատեքստում՝ արդյոք ուկրաինական ուղղությամբ հնարավոր տեղաշարժերը կուղեկցվեն Հարավային Կովկասում մրցակցության սրմա՞մբ, դերակատարների առաջնահերթությունների փոփոխությա՞մբ, թե՞ տարածաշրջանային հարցերի շուրջ նոր բանակցային հնարավորությունների ձևավորմամբ։
Եթե ռուս-ամերիկյան երկխոսությունը վերականգնվի առանց տարածաշրջանում առկա հակասությունների կարգավորման, դա կարող է մեծացնել անորոշությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակում է կախված մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքից, Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարից և հաղորդակցությունների շուրջ մրցակցությունից։
Իսկ եթե մեծ տերությունները փորձեն իրենց հարաբերությունների բարելավումն օգտագործել նաև տարածաշրջանային հարցերում փոխզիջումների հասնելու համար, Հայաստանի համար վճռորոշ կլինի՝ արդյոք այդ գործընթացներում որքանո՞վ կապահովվեն Երևանի շահերը և ի՞նչ նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա կձևավորվի Հայաստանի շուրջ, կամ արդյո՞ք ՌԴ-ի դիրքերը կամրապնդվեն:
Ուստի այս ֆոնին գլխավոր հարցը ոչ թե այն է, թե Ուիթքոֆը Պուտինի հետ ինչ գաղտնի պայմանավորվածություն կարող է ձեռք բերել, այլ այն, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների փոփոխությունն ինչ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար՝ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d6%85%d5%bd%d5%ac%d5%b8%d5%b5%d5%ab%d6%81%d5%9d-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%e2%80%a4-%d5%b8%d6%82%d5%ab%d5%a9%d6%84%d5%b8%d6%86%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%84%d5%a5/