Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Սևակ Սարմենի Միքայելյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին։
Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար։ Նա ներկայացրել է իր դիտարկումներն ու տեսլականը ԿԲ հիմնական նպատակների վերաբերյալ, նշել վերջին տարիների ԿԲ ձեռքբերումները և անդրադարձել այն երեք հիմնական ուղղություններին, որոնց մասով, ընտրվելու պարագայում, տեսնում է իր ներդրումն ու օրակարգի առաջմղումը՝ որպես ԿԲ խորհրդի անդամ։
Սևակ Միքայելյանը կարևորել է երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացման, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության և ընդհանրապես մակրոտնտեսական կայունության ու տնտեսական աճի ապահովումը՝ նշելով, որ ԿԲ-ն վերջին տարիներին ձևավորել է ուժեղ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ են տվել առաջանցիկ արդյունքներ գրանցել։ Նա խոսել է դրամավարկային կայունության ապահովման համակարգի ներդրման մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը։
Թեկնածուն առանձնացրել է կապիտալի և ապահովագրական շուկաների զարգացման հարցը՝ արձանագրելով դրանց զգալի դրական դինամիկան։ Սևակ Միքայելյանն անդրադարձել է տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանն ու ֆինանսական անվտանգությանը՝ որպես առաջնահերթություն շեշտադրելով ֆինանսական խարդախությունների դեմ պայքարը և նշելով, որ այս երևույթի նկատմամբ պետք է ցուցաբերել համակարգային ու հայեցակարգային մոտեցում։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով կապիտալի շուկայի զարգացմանը, արհեստական բանականության հնարավոր ինտեգրացիաներին, ՀՀ գլխավոր մակրոտնտեսական ռիսկերին և ներդրողների շահերի պաշտպանությանը։
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Սևակ Միքայելյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jhanna Virabian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/20/%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a2-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4/