168: Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը նույնիսկ կզարմանա

Հոկտեմբեր 19, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամյանի խոսքով՝ 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Կարապետյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրականության մասին էր, քանի որ Սամվել Կարապետյանն ազգային մեծ բարերար է, ով 30 տարի շարունակ իր նպաստն է բերել Հայաստանի զարգացմանը տարբեր ուղղություններով և բազմաթիվ ներդրումներ է արել։

«Հիշատակեցիք Ստեփանակերտը, այո, այնտեղ կար բազմապրոֆիլ մեծ հիվանդանոցային համալիր, որն այս իշխանությունը հանձնեց թշնամուն։ Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչները ծափահարել են Սամվել Կարապետյանին։ Ես կարող եմ հիշեցնել նաև Վանաձորի ծննդատան կառուցման ու բացման արարողությունը, երբ այն ժամանակվա ՔՊ-ական նախարարները փոխանցում էին նույն տեղեկատվությունը՝ բնականաբար, իրենց ներկայությամբ և նույն ծափերով ընդգծելով Ազգային մեծ բարերարի ներդրումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մարիաննա Ղահրամանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին Սամվել Կարապետյանին համարում հայրենիքում միլիոնավոր դոլարների ներդրում արած անձ, իսկ 2025 թվականին նրա դիրքորոշումը կտրուկ փոխվեց, որից հետո Սամվել Կարապետյանը կալանավորվեց։

Պատգամավորը հիշեցրեց, որ իրավիճակը փոխվեց այն իմաստով, որ հայտնվեցին մի քաղաքական, համազգային լրջագույն խնդրի առջև, երբ թիրախավորված էր հայի ինքնությունը։

Կարդացեք նաև

  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • Ձեզ թվում է՝ Նիկոլի հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռո՞ւզն են. Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են. Սուրեն Սուրենյանց
  • Սա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ նաև բավականին անբարո արձանագրում. Հակոբ Բադալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Եթե հետ գնանք ու հիշենք, այսպես ասած, 2018-2019 թվականների Նիկոլ Փաշինյանի շատ ու շատ այլ հայտարարություններ ու համեմատենք այսօրվա գետնի վրա առկա իրողությունների հետ, դրանք իսկապես տարբեր են։ Նույն այդ հրապարակում Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում էր Հայաստան, և վերջ, այսինքն՝ այստեղ քննարկելու բան չկա, թե նա ինչ է ասում և ինչ է լինում։

Ինչ վերաբերում է կոնկրետ Սամվել Կարապետյանի կալանավորմանը և շարունակական ապօրինի կալանքին (հիմա արդեն՝ տնային  պայմաններում), գաղտնիք չէ, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտին՝ պաշտպանելով մեր ազգային հենասյուն հանդիսացող դարավոր կառույցը, մեր ինքնությունն ու հավատքը։ Դրան հաջորդեցին այն իրադարձությունները, որոնք ձեզ քաջ ծանոթ են։

«Մեր ձևով» արտահայտության և դրա մեկնաբանության վերաբերյալ Սամվել Կարապետյանն ինքը առիթներ ունեցել է պարզաբանելու։ Թե ի՞նչ է տեսել Նիկոլ Փաշինյանը դրա տակ, դժվար է ասել. նա, հավանաբար, հասկացել է, որ գալիս է մի առաջնորդ, գալիս է մի անձ, մի ուժ, որը կարող է համախմբել հայ ժողովրդին, որին դժվար է պիտակներ կպցնել՝ թե այս է, թե այն է, թե թալանչի է։ Այդ ավանդական, իրենց հին սկավառակի պես շարունակ պտտեցվող թեզերը դժվար է անգամ մոտեցնել մեր ուժի առաջնորդին, որովհետև մենք խոսում ենք մի անձի մասին, որն իր բիզնես գործունեության շնորհիվ է հասել նրան, ինչին հասել է։ Եվ այստեղ երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող։ Երբևէ չի եղել իշխանություն։

Սամվել Կարապետյանը մշտապես իր գրպանից է արել ամեն ինչ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։ Նրա բարեգործությունների շրջանակը շատ լայն է․ կրկնեմ՝ 30 տարի շարունակ, սկսած դպրոցներին, մանկապարտեզներին և կրթական հաստատություններին տրված օժանդակությունից ու աջակցման ծրագրերից, մինչև առողջապահական և անվտանգային ոլորտներ, որոնց մասին, իհարկե, շատ չի խոսվում»,- նշեց մեր զրուցակիցը։

Պատգամավորին չեն զարմացնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե «Սամվել Կարապետյանն իր թալանած միջոցների հաշվի է բարեգործություն արել»՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, իր կարողությանը և ազդեցիկ դիրքին հասել է քրտնաջան աշխատանքի ու սեփական ջանքերի միջոցով։ Իսկ թալանը հնարավոր չէ որևէ կերպ անգամ մոտեցնել նրան։

Այս համատեքստում հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը համաշխարհային մասշտաբի հաջողակ բիզնեսմեն է, որը, տեսնելով, որ արդեն կարմիր գծեր են հատվում և թիրախում Հայ Առաքելական եկեղեցին է, կրոնն է, հավատքն ու ինքնությունն է, արել է քայլ, որը բերել է նրան, որ դարձան քաղաքական ուժ և հասել են ընդդիմադիր դաշտում օրակարգ թելադրողի այս հանգրվանին։ Եվ պատահական չէ, որ այսօր խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը հենց Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն է, չնայած զանգվածային, համակարգային վարչական ռեսուրսի ու քրեաիրավական գործիքակազմի կիրառմանը։ Նաև այն պայմաններում, երբ զանգվածային տեռորի մթնոլորտ էր տիրում նախընտրական ու բուն ընտրական շրջանում։ Բայց այս ամենը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին անգամ այդ գնով 50 գումարած 1 ապահովել իր համար, ինչն ուղղակի կարևոր փաստի արձանագրում է։

«Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանցի զինված հանցագործին և Սամվել Կարապետյանին նույն հարթության վրա դնելը զարմանալի չէ, որովհետև մենք գործ ունենք մի անձի հետ, որը ստանձնել է ադրբեջանցի զինված հանցագործի փաստաբանությունը, որը շտապել է հարցազրույց տալ, ուղղորդել նախաքննական մարմնին և արդեն իսկ սցենար է նետել դաշտ, ինչն ընդհանրապես իր ֆունկցիան չէ և իր գործառույթների մեջ չի մտնում։ Միանգամից ասելը՝ գիտեք, մոլորված էր, մառախուղ էր, մոլորվել է, տուն է եկել…

Թե այդ կինն էլ ի՞նչ է արել․ փոխանակ սպասի, որ ոստիկանությունը գա, պատկերացնո՞ւմ եք, սեփական մարմնով պաշտպանել է իր երեխաներին, որոնց վրա զենք է պահել թշնամու զինվորը։ Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ։

Նիկոլ Փաշինյանն, այո, ունի փորձ՝ արտահանելու ադրբեջանցի հանցագործներին։ Դուք հիշում եք 44-օրյա պատերազմին հաջորդած  դեպքերը, երբ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով պիտի գերիների վերադարձ լիներ, բայց ի՞նչ արեց Փաշինյանը։ Հանձնեց Ադրբեջանին Հայաստանում պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ զույգ հանցագործների, որոնք հանցագործություն էին կատարել Արցախի Հանրապետությունում, մինչդեռ մեր հայրենակիցները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, մինչև այսօր գտնվում են Բաքվի բանտերում, որոնց նա հորդորում էր սպասել 2 ամիս»,- շեշտեց Մ. Ղահրամանյանը։

Պատգամավորը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական հակառակորդներից զատ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իր արշավը սկսել է արտաքին պատվերով: Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունները, որոնք հաջորդեցին Շվեյցարիայում կայացած այն հայտնի համաժողովին, որտեղ Ամենայն Հայոց Հայրապետը խոսել էր Արցախում մշակութային ժառանգության պահպանման, գերիների վերադարձի խնդիրներից, և դրան հաջորդեց այս ամբողջ պրոցեսը՝ հակաեկեղեցական արշավը, որը Նիկոլ Փաշինյանի դեմքով էր։

«Իրենք իրավունք չունեն միջամտելու եկեղեցու ներքին գործերին. նույնիսկ, եթե այստեղ ինչ-ինչ խնդիրներ կան, դա ոչ Փաշինյանի, ոչ որևէ այլ պաշտոնյայի լուծելիքը չէ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ տարանջատված են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, և այն, ինչ անում է հիմա ՔՊ-ն, հակասահմանադրական է։ Այդ հանձնաժողովի մաս կազմող ՔՊ-ականները պիտի գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ներքաշել է հակասահմանադրական գործընթացի մեջ։

Գիտե՞ք, ես կարծում եմ՝ Հայ եկեղեցին այսպիսի դժվարություններ չէ, որ տեսել է դարերի ընթացքում, և ես վստահ եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգուն է մնալու։ Ես ուզում եմ շեշտել՝ այստեղ կաթողիկոսի անձի խնդիրը չէ, մենք գործ ունենք մեր ինքնության հենասյուն հանդիսացող կառույցի դեմ ուղղված արշավի հետ։ Հետևաբար, մեր հանրությունը պիտի գիտակցի, թե ինչ մարտահրավերների առաջ ենք մենք այսօր կանգնած, և կարծում եմ՝ հանրությունն իր վարքագծով արդեն ապացուցել է, որ չի սատարում այդ կեղծ, պարտադրված ու թելադրված օրակարգին»,- նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով հասարակության որոշ հատվածի քննադատությունների մասին՝ ուղղված ընդդիմությանը, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, ըստ որի՝ ընդդիմությունը, կոնկրետ գործողություններ անելու փոխարեն, միայն հայտարարություններ է անում, պատգամավորն ասաց, որ հասկանում  է հասարակության այն շերտին, որոնք արագ փոփոխություններ են ուզում։

«Հավատացեք՝ ես ինքս էլ արագ փոփոխություններ եմ ուզում, և ես՝ որպես անհատ պատգամավոր, և մեր ուժը՝ որպես քաղաքական միավոր, անում ենք հնարավորինը, որպեսզի այդ փոփոխությունները մոտեցնենք։ Բայց մենք պիտի հասկանանք, որ քաղաքական գործընթացներն այդքան հեշտ չեն․ այս հեռախոսը չէ, որ վերցնենք, դնենք այստեղ ու ասենք՝ հարցը լուծված է։ Դրանք պրոցեսներ են, որոնք ունեն տարբեր շերտեր, ժամանակ են պահանջում և պայմանավորված են տարբեր հանգամանքներով։

Բայց կարևորն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» օրակարգն այդ մասով չի փոխվել, և ինչպես մեր ուժի առաջնորդն է հայտարարել, մենք շարունակում ենք և շարունակելու ենք պայքարը բոլոր ձևաչափերով՝ և՛ խորհրդարանական աշխատանքով, և՛ արտախորհրդարանական, օրենքով չարգելված բոլոր միջոցներով։ Ես գիտեմ և ենթադրում եմ՝ ձեր հաջորդ հարցը կարող է լինել փողոցը, ինչպես ասել ենք նաև նախկինում…

Նախադրյալները միշտ կան, որովհետև մեր երկիրն, այսպես ասած, պերմանենտ զիջումների, պարտությունների ու կորուստների շղթայի մեջ է։ 8 տարվա ընթացքում մենք չենք կարող մտաբերել մի դրվագ, որտեղ այս իշխանությունը չհանձնի, չպարտվի, չստորացվի։ Այս շղթան պիտի կտրվի, և այդ նախադրյալները կարող են շատ տարբեր լինել։

Պրոցեսները կարող են գեներացվել նաև շատ տարբեր տրիգերների, նույնիսկ ամենաանսպասելի ինչ-որ մի դրվագի հետևանքով։ Այնպես որ՝ ես համամիտ չեմ, թե նախադրյալներ չկան։ Միայն այն փաստը, որ այդքան լայնամասշտաբ հետապնդումների ու ճնշումների հետևանքով այս իշխանությունը չկարողացավ 50+1 ձևավորել, ինչն իրեն այնքան անհրաժեշտ է շարունակելու այն արտաքին օրակարգը, որը նա սպասարկում է, արդեն խոսում է նրա մասին, որ հասարակությունը դեմ է այդ օրակարգին։ Սա ամենակարևոր արձանագրումն է, իմ կարծիքով…

Կրկնում եմ, պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կարող է զարմանալ, թե՝ այդ ինչպես ստացվեց»,- ընդգծեց պատգամավորը։

Խոսելով ընդդիմության միավորման մասին, որի մասին վերջերս խոսել էր Սամվել Կարապետյանը, Մարիաննա Ղահրամանյանը նկատեց՝ երբ գործընթացները հասունանան և գան այդ հանգուցալուծմանն ու սցենարին, դրանք կարող են բերել այն գլխավոր նպատակին, որին հասարակությունը սպասում է արդեն շուրջ 8 տարի։

«Այնպես որ, ամեն բան՝ իր ժամանակին, հարգելի գործընկեր։ Ինչ վերաբերում է տարբեր ուժերի հետ համագործակցության ձևաչափերին, այո, Սամվել Կարապետյանը խոսել է այդ մասին, նաև նշել է, թե որ ուժերն է նկատի ունենում։ Քաղաքական գործընթացները նաև որոշակի խորհրդապահություն են ենթադրում, գիտեք, նաև կուլիսային որոշակի աշխատանք, և այդ ամենը քաղաքական գործընթացի մաս է։

Նախ՝ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել․ իշխանությունն ամենաշատն է խոսում խաղաղության մասին, բայց մենք ունենք մի փաստ, որ Հայաստանի գլխին ամենաշատ ու ամենակործանարար պատերազմները բերած իշխանությունը Փաշինյանի իշխանությունն է։ Նա 3 պատերազմ է բերել մեր երկրի գլխին, ծանրագույն պարտություն ու անդառնալի կորուստներ։ Մի ամբողջ սերունդ է զրկվել իր ապագայից, շուրջ 5000 մեր հայրենակիցներն են զոհ գնացել, երկիրը հասցրել է մի վիճակի, երբ սակարկության է դնում Հայաստանի սուվերեն տարածքները։ Երբ ադրբեջանական զինուժն ամրացած է մեր սահմաններից ներս, իսկ դուրս բերվելու մասին ոչինչ չեն խոսում։

Երբ այդ հարցը տալիս են իրենց՝ ասելով՝ «ինչո՞ւ չեք շարունակում այն կետերից՝ Ջերմուկից, Սյունիքից», պատասխան չկա. լղոզում են, անցնում առաջ։

Այսինքն՝ ինչո՞ւ հիշեցի այս շղթան, որպեսզի մեզ լսողները հասկանան, որ երբ մենք ասում ենք՝ «բերելու ենք խաղաղություն առանց զիջումների», նկատի ունենք, որ այս բոլոր խնդիրները պիտի վերանան, այս իմիտացիան պիտի չլինի։ Մենք ոչ մի քայլ, ոչ մի գործողություն չենք տեսնում՝ ի արձագանք այս իշխանության հայտարարությունների՝ Բաքվից։

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն էլի հոխորտացել էր, մեղադրանքներ ուղղել Հայաստանի հասցեին։ Այսինքն՝ մյուս կողմից ունենք կեցվածք, որն ամենևին խաղաղության մասին չէ, և ստեղծվել է բուտաֆորիկ իրավիճակ։ Հետևաբար, երբ ասում ենք՝ «խաղաղություն առանց զիջումների», առաջին հերթին նկատի ունենք պարտված իշխանության հեռացումը, և դրանից հետո հաջորդաբար՝ և՛ դիվանագիտական հարթությունում, և՛ երկրի զարգացման իմաստով (տնտեսությունից մինչև անվտանգային համակարգեր), բոլոր գործընկերների հետ արժանապատիվ, իսկապես բարիդրացիական ու ռազմավարական հարաբերությունների կառուցում կամ վերաթարմացում»,- հավելեց նա։

Զրույցի ավարտին պատգամավորը խոսեց նաև Տիգրանաշենի մասին՝ ուշադրությունը մեկ հանգամանքի վրա դարձնելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է, այսպես կոչված, ենթադրյալ անկլավների մասին, որևէ փաստական, իրավական հիմք չի ներկայացնում, թե ինչի՞ հիման վրա են այդ տարածքներն իր կարծիքով համարվում անկլավներ։ Նա որևէ հիմք չի ներկայացնում, ու սա ամենագլխավոր արձանագրումն է։

«Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանները չեն կարող փոխվել առանց հանրաքվեի՝ որևէ իշխանության կամքով կամ քմահաճույքով։ Ինքը կարող է նաև Լոռին չհամարել Հայաստանի Հանրապետության տարածք, կարող է Երևանի թաղամասերից մեկը կամ Սևանը չհամարել։ Իր «համարելով» չէ։ Ինչո՞ւ սկսեցի իրավական ու փաստական հիմքերից, որովհետև այդ ամենը մեր հասարակությանը պիտի ներկայացվի, ինչը չի արվել։

Հետևաբար՝ իր հայտարարելով չէ։ Եթե հիշենք նրա նախորդ հայտարարությունները․ կարճ ժամանակ առաջ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է (դուք հիշում եք այդ Պրահայից ու Գրանադայից հետո), հետո հանկարծ պարզվեց՝ ո՛չ, 29 740,3 է… Հետո կարող է ավելի նվազեցնել։ Ինչո՞ւ պիտի վերջնական սահմանները որոշվեն «դոշին փակցված քարտեզով», ո՛չ թե օրենքով։ Մենք խոսում ենք պետության սուվերեն տարածքների և Հայաստանի մասին…»,- ընդգծեց Մարիաննա Ղահրամանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Christine Harutyunian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/19/168-%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a5%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3/

Leave a Reply