Հոկտեմբեր 19, 2026
Մինչ գյուղացիները բողոքում են, որ իրենց քրտինքը ջուրն են լցնում, չեն կարողանում աճեցրած բերքն իրացնել, գնող չկա՝ էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովի ամբիոնից ինքնագոհ հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ գյուղմթերքը մթերված է, արտահանված կամ իրացված է տեղական շուկայում։
«Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում իրացված է»,- վստահեցնում էր էկոնոմիկայի նախարարը։
Էկոնոմիկայի նախարարի այդ վստահությունը, սակայն, չեն կիսում այն գյուղացիները, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը։ Եթե նույնիսկ իրացնում են, երբեմն այնպիսի գներով, որ ծախսերը չեն փակում։
Արտահանման խնդիրների հետևանքով նվազել է գյուղմթերքի պահանջարկը, ինչն էլ ազդել է գների վրա։ Գյուղացին իր աճեցրած բերքն այս տարի անհամեմատ ավելի ցածր գներով է վաճառում, եթե իհարկե, կարողանում է վաճառել, քան անցած տարի էր վաճառում։ Մինչդեռ՝ այդ մեկ տարում ամեն ինչ հասցրել է թանկանալ ու դրա հետևանքով ավելացել են գյուղացու ծախսերը։ Ծախսերն ավելացել են, բայց գները նվազել են։
Շատ դեպքերում գյուղմթերքն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում, ինչի պատճառով գյուղացին կանգնում է ծախսեր փակելու խնդրի առաջ։ Հատկապես որ, այդ ծախսերի մեծ մասն արվել է վարկերով։
Այսօր գյուղացիները համատարած վարկերի տակ են, վարկերը վերցրել են այն հույսով, որ ապրանքը կիրացնեն ու կփակեն պարտքերը։ Բայց հիմա կանգնել են խնդիրների առաջ։
Իշխանություններն էլ, փոխարենը օգնեն մարդկանց այս վիճակից դուրս գալու, չնկատելու են տալիս։ Իրականությունից կտրված հայտարարություններ են անում, թե իբր գյուղմթերքի իրացման բոլոր խնդիրները լուծել են, հայկական ապրանքների արտահանման ռեկորդային բարձր աճեր են գրանցվում, ի հեճուկս ռուսական կողմի կիրառած սահմանափակումների՝ բազմաթիվ այլ երկրների հաշվին, դիվերսիֆիկացրել են արտահանումը, ԵՄ երկրներ է արտահանումը կտրուկ ավելացել։
Բայց այսպիսի հայտարարությունները կապ չունեն գյուղացու հետ։ Բախտները բերել է, որ միջազգային շուկաներում մետաղների գներն այս տարի ռեկորդային բարձր են, Հայաստանից ավելի շատ պղինձ ու մոլիբդեն է արտահանվում ու դրա շնորհիվ որոշ ուղղություններով արտահանման աճեր են գրանցվում։ Սակայն դրանք գյուղմթերքների արտահանումներ չեն։ Գյուղմթերքների արտահանման ծավալները մեծապես կրճատվել են ու դա են փաստում պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշները։
Պաշտոնական վիբակագրությունն արձանագրել է, որ այս տարի Հայաստանից անհամեմատ ավելի քիչ՝ ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման ապրանք է արտահանվել։
Տարեսկզբի առաջին 8 ամիսներին, բուսական ծագման արտադրանքի արտահանումը կրճատվել է ավելի քան 35 տոկոսով։ Նախորդ տարվա 208.2 մլն դոլարի փոխարեն, արտահանվել է 134.8 միլիոնի ապրանք։
Այս տարի 73.4 մլն դոլարով պակաս բուսական ծագման ապրանք է արտահանվել Հայաստանից։
Կենդանիների ու կենդանական ծագման արտադրանքի արտահանման նվազումն էլ գերազանցել է 20 տոկոսը։ Բայց այդ 20 տոկոսն ամբողջական պատկերը չէ, որ ցույց է տալիս։ Դրանում ներառված են ապրանքներ, որոնք սահմանափակումների տակ չեն։ Սահմանափակումները վերաբերում են ձկնամթերքին, որի արտահանումն այս տարի շեշտակի նվազել է։
Նվազել է ոչ միայն ռուսական սահմանափակումների տակ հայտնված, այլև սահմանափակումներից դուրս գտնվող ապրանքների արտահանումը։ Եվ դա միայն գյուղմթերքներին չի վերաբերում։ Կրճատվել է պատրաստի սննդամթերքի արտահանումը, որը ոչ միայն արտահանման խոշոր խմբերից մեկն է, այլև ուղղակիորեն կապված է տեղական արտադրանքի ու հատկապես վերամշակող արդյունաբերության հետ։
Նվազել է նաև մանածագործական իրերի, կոշկեղենի, կաշվե, փայտե, պլաստմասսե, թղթե իրերի ու բազմաթիվ այլ ապրանքների արտահանումը։
Տեղականներից հանքահումքային ապրանքների արտահանումն է միայն շեշտակի ավելացել։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել էր 717 միլիոնի այդպիսի ապրանք, այս տարի արդեն գերազանցել է 1 միլիարդը։ Ութ ամսում 1 մլրդ 275 մլն դոլարի հանքահումքային արտադրանք է արտահանվել Հայաստանից՝ 558 միլիոնով ավելի շատ, քան անցած տարի։ Աճը հասնում է շուրջ 78 տոկոսի։
Հայկական արտադրության մյուս գրեթե բոլոր ապրանքների արտահանումը նվազել է։ Ու այնպես է ստացվել, որ Հայաստանից այս տարի 324 մլն դոլարով քիչ արտահանում է արվել։ Փոխարենը՝ ներմուծումն է ավելացել 735 միլիոնով։ Ավելի քիչ արտահանել ենք, ավելի շատ ներմուծել։ Չնայած տնտեսական առումով մեզ հակառակն է ձեռնտու։
Բայց սա այն է, ինչին հասել են։ Դեռ հարց է, թե ինչպիսի՞ն կլիներ արտահանման պատկերը, եթե հանքահումքային ապրանքների արտահանումն էլ այսպիսի բարձր տեմպերով չավելանար։ Թեև անգամ այդ պայմաններում արձանագրվել է արտաքին առևտրի հաշվեկշռի էական վատացում։
Արտահանման նվազման ու ներմուծման ավելացման հետևանքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշռը գերազանցել է 4 մլրդ 27 մլն դոլարը։ Այդքանով ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանել։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ազգային արժույթի արժևորմամբ մի կողմից՝ ճնշել են տեղական արտադրանքի արտահանումը, մյուս կողմից՝ խթանել ներմուծումը։
Ունենք այն, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն այս տարի էապես խորացել է։ Անցած տարի 2.9 մլրդ դոլարի կարգի էր։ Այս տարի գրեթե 1.1 միլիարդով ավելացել է ու անցել 4 մլրդ դոլարից։ Որքան այս միտումը պահպանվի, այնքան լինելու է ի վնաս տեղական արտադրության։ Էժան ներմուծումը փոխարինում է տեղական արտադրանքին։ Տեղականի մրցունակությունը թուլանում է, ներմուծվողինը՝ ամրապնդվում։
Այսպիսին է իշխանությունների կողմից իրականացվող արտահանման խթանման քաղաքականությունը։ Արտաքին առևտրի այս իրավիճակը վկայում է, որ այդ քաղաքականությունը նույնպես տապալել են։ Արտահանումը խթանելու ու դրա հաշվին արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավելու փոխարեն, նախապատվությունը տվել են ներմուծմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Tatoyan Vazgen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/19/168-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bb%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82/