Հոկտեմբեր 18, 2026
«Դասեր» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ավտորիտար երկրներում դատարանում ու դատավոր Մանվել Շահվերդյանի նիստերի դահլիճում չեն կայացվում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որոշումները, հատկապես որ, դատավոր Շահվերդյանը շատ զգայուն է Նիկոլ Փաշինյանի կողմից եկող ճնշումների նկատմամբ: Քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, եթե ուզում ենք՝ ֆունդամենտալ լուծվի քաղկալանավորների հարցը:
- Քննչական կոմիտեի կողմից խայտառակ տեսագրության հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործը փուչիկ է: Գագիկ Ծառուկյանը տուժողից տրանսֆորմացվել է մեղադրյալի: Իրանցի խարդախների ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ամուսնությունից է ծնվել այս ապօրինի գործը:
- Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի դատավարություններին, տեսնում ենք՝ որքան մարդ է գալիս նրանց աջակցելու: Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի դատավարությանն անգամ նրա ընտանիքի անդամները կգա՞ն, թե՞ չէ:
- Այս իշխանության բրենդներից մեկն իբր օրինականությունն է, արդար, առանց կեղծիքների ընտրությունները: Հիմա դա արդեն չի աշխատում, որովհետև «Բարգավաճ Հայաստանի» դեպքը, որից ուղղակիորեն գողացան ձայները՝ չթողնելով մուտք գործել Ազգային ժողով, այս ընտրությունների ինդիկատորն էր, և Փաշինյանի ճակատին առհավետ դաջվեց ընտրակեղծարարի խարանը:
- Մենք տեսնում ենք՝ Լուկաշենկոն ինչպես է ձեռք առնում Փաշինյանին: Չեմ բացառում, որ Փաշինյանը Ծառուկյանից՝ որպես նրա ընկերոջից, նաև Լուկաշենկոյից նվաստանալու մուռն է հանում:
- Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր կարող են ստատուս-քվո փոխել՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, և հանրային կարծիքի վրա ազդել, օրինակ՝ Արմեն Աշոտյանին, Արթուր Դանիելյանին:
- Ազգային կապիտալի դեմ ոտնձգությունների փուլում հանկարծ հայտնվում է մի մարդ՝ Կոնստանտին Սոկոլովը, որը, պարզվում է՝ վերջին տարիներին մեր տնտեսության կարևորագույն ոլորտներում արդեն իսկ շատ որոշիչ դեր ունի:
- Ես ու Անդրանիկ Մանուկյանը միասին գնացինք «Հայկական ժամանակի» խմբագրություն, երբ հերթական դեպքն էր եղել, ու այդ թերթի խմբագիր Նիկոլը զանգել, կանչել էր օգնության… Անդրանիկ Մանուկյանը դեռ հետն էլ մի քանի համակարգիչներ տարավ:
- Նախորդ տարվա մայիսին Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները սկսվեցին այն ժամանակ, երբ Փաշինյանը տեսավ, որ ստատուս-քվո փոխող է հայտնվել:
- Երկու բան կա, որ Գագիկ Ծառուկյանը, նրա շրջապատն ու մտերիմները երբեք չեն կարող ներել՝ ձերբակալության զազրելի կադրերը և նրա ընտանիք մտնելը՝ Քննչական կոմիտեի քստմնելի հաղորդագրությունը, որը տարածվեց նրա դստեր ամուսնու՝ Արգամ Աբրահամյանի ձերբակալության օրը, երբ գործի հետ առնչություն չունեցող Ծառուկյանի դուստր անունը հայտնվել էր նրանում գռեհիկ ձևակերպումներով: Նիկոլ Փաշինյանն այնքան կարմիր գծեր է հատել, որ այրել է իր արժանապատիվ հետդարձի բոլոր կամուրջները:
- Երբ փողոց է գեներացվում, ռեպրեսիվ մեքենայի ատամները հաշվվում են:
- Մի մանդատ կառավարելուց հետո խոսել նախկիններից, նշանակում է՝ բռնաբարել հասարակության ինտելեկտը, խրամատներ փորել երկրի ներսում. Դա՛ է անում Նիկոլ Փաշինյանը: Նախկինների դեմ սուր ճոճելով՝ նա բևեռացնում է հասարակությանը: Նա միտումնավոր թուլացնում է պետության իմունիտետը, երբ միևնույն ժամանակ հակահայկականության հաշվին Ալիևն իր երկրի ներսում միավորում է իր հասարակությունն ու ստեղծում ազգային ինքնություն:
- Փաշինյանը ոչ մի օր իրեն Հայաստանի վարչապետ չի զգացել. մինչև 44-օրյա պատերազմն օխլոսի առաջնորդն էր, պատերազմից հետո՝ Ալիևի վասալը: Նա էս երկրի ամենաէլիտար կալանավորն է, որովհետև երբ պետք է տեղից տեղ շարժվի, ամբողջ քաղաքը դառնում է մի մեծ կալանատեղի:
- Սրանք որևէ արդյունք չստեղծելով՝ Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են: Ձեզ թվում է՝ իր հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռուզն ե՞ն, որ որտեղ տեսնում, հարձակվում էր դրանց վրա… Բնականաբար, ո՛չ: Այդ կերպ նա իրեն դիրքավորում է՝ որպես սովորական մարդ: Բայց որտեղ թփերի տակ ոստիկան ես տեսնում, ուրեմն վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանն այդտեղով անցնելու է: Դրա պատճառներից մեկն իր վախն է, մյուսը՝ իշխանության ֆետիշացումը, երրորդը՝ բարդույթները: Ինքը հո լա՞վ գիտի, որ Ալիևի հրձիգն է մեր պետության դեմ, կոլաբորանտ ու հասարակության գերակշիռ մասի համար պետական մարդու ընկալում չունի: Հայկական հեքիաթներում նրա կերպարը կարող եք գտնել՝ Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի սիմբիոզն է: Երբեմն իրեն Խրուշչով է զգում, երբեմն կապկում է Պուտինին: Մեկ-մեկ էլ Կիմ Չեն Ընի հագուստն է խոսում… Դա խոսում է իր բովանդակային դատարկության մասին:
- Եթե Հայաստանում ինչ-որ բան կառուցած լիներ Նիկոլ Փաշինյանն իր՝ իշխանության գալուց ի վեր, պատմության ռևիզիայի փորձ չէր անի: Ոչինչ չի ստեղծել կամ կառուցել մեր երկրում. խոշոր ենթակառուցվածքներ չկան, պետականության իմիջի ու կարողությունների ուժեղացման տեսակետից ոչ մի կարևոր փաստաթուղթ Հայաստան չի բերել:
- Ինքն անցյալը ջնջում է, որ իր պատասխանատվության հետքերը վերանան, ինչպես հանցագործն է հանցանքից հետո մաքրում հետքերը:
- Որ կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վախենում է, այդ ուղղությամբ զիջումներ է անում: ԵԱՏՄ դրած դեդլայնի ժամկետը մոտենում է, և քանի որ վստահ չէ, որ մինչ այդ ինքը Պուտինի հետ կհանդիպի, քայլեր է ձեռնարկում, որովհետև ԵԱՏՄ-ից հրաժարվելը ոչ միայն կատաստրոֆիկ հետևանքներ կունենա երկրի համար, այլև հենց իր համար:
- Արարատ Միրզոյանը սովետական բառ օգտագործեց, երբ ասաց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական են: Պետությունների միջև հարաբերությունները ռոմանտիկ բառերով չեն բնութագրվում: Նիկոլ Փաշինյանն էլ վերջին 10 օրերին փոխել է Ռուսաստանի դեմ հռետորաբանությունը, փոխել է նաև վարքագիծն Ատոմակայանի, երկաթուղու վերաբերյալ, բայց դրանք որոշումներ չեն, այլ ընդամենը դրական մտադրություններ են: Ռուսաստանն առայժմ այդ ազդակներն ընդունում է, բայց առաջնորդվում է «Москва слезам не верит» սկզբունքով: Հակառակը, օրինակ՝ փակեցին ՔՊ-ական պատգամավոր Լուլուի մուտքը Ռուսաստան… Եվրամիության անդամակցության օրենքը և կառավարության 2026-2031թթ. ծրագիրը քանի կան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մնալու են տոքսիկ:
- Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ խաղաղությունը գերնպատակ չէ, այլ երկրի ստրատեգիական կուրսը փոխելը: Մի քանի ամիս հետո նա հայտնվելու է աշխարհաքաղաքական ճողվածքի՝ գրիժայի վիճակում, քանի որ մանևրի հնարավորությունն ավարտվում է: Եկել է ժամանակը, երբ նա այդ ճողվածքը ստանալու է՝ ինչ-որ կենտրոնների հարվածի արդյունքում:
- Եթե ռուսներն անառակ որդու վերադարձն ընդունեն, շատ կոշտ նախապայմաններ են դնելու: Երբ դու չհաշվարկված արկածախնդրության ես դիմում, ավելի ես մեծացնում քո կախվածությունը Ռուսաստանից: Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը գուբերնյա դարձնելու ամենակարճ ճանապարհն է: Ռուսների՝ մեզ պատժելու ձևը մեր խնդիրներով չզբաղվելն է, հետո, երբ Հայաստանն անհուսալի վիճակում է հայտնվում, գալիս են փշրանքները փրկելու:
- Ինձ թվում է՝ Ալիևն իրեն հասկացրել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու: Փաշինյանն էլ հաշվել է, որ 5 տարի ծառայություն կարող է մատուցել Ալիևին, 5-ամյա պլան է մշակել, նման է այն ապրանքներին, որոնց վրա գրված է՝ годен до 2031 года.
- Պուտին-Թրամփ մինի համաձայնությունը համաշխարհային տուրբուլենտության վերացմանն ուղղված քայլ է: Երբ այդ տուրբուլենտությունը վերանա, Փաշինյանի, Զելենսկու ու մյուս պոպուլիստ լիդերների ժամանակն ավարտվելու է, իրենց տերերի կողմից գցվելու են ու այլևս պետք չեն լինելու: Հիմա խոսում են, որ Զելենսկուն կհանձնի իր թիմը. Նույնն այստեղ է լինելու:
- Երեկ արդեն Ալեն Սիմոնյանը սուբորդինացիայի խախտման ցցուն օրինակ ցույց տվեց, երբ ասաց՝ Ալիևին բան է խնդրել. կապ չունի՝ ինչ է խնդրել: Հարցն այն է, որ ինքն իրեն այդքան վեր է դասել՝ էնքան տղա եմ, որ կարամ Ալիևի հետ տամ-առնեմ: Իսկ երբ երեկ նրան ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցի ընթացքում զանգեց ամենահակահայ գործիչը՝ Հաջիևը, այնպես էր ուրախացել, ինչպես չէր ուրախացել իր անձնական ընտանեկան ոչ մի առիթի ժամանակ: Իրականում էս ընտրություններից հետո այս իշխանությունը թուլացել է, չի ուժեղացել:
- Արմեն Գրիգորյանի ֆիասկոն կայացել է ընտրություններից 7 օր հետո: Ըստ երևույթին Դիլիջանում Արմեն Գրիգորյան-Հաջիևն այնպես չի անցել, Փաշինյանն ինչ-որ բանից դժգոհ է մնացել: Ամեն դեպքում այդ հանդիպումից հետո Ալիևի հռետորաբանությունը կոշտացավ: Իշխանությանը մոտ կանգնած մարդիկ ասում են, որ Արմեն Գրիգորյանը չափից ավելի ուսապարկ է ինքնուրույն քայլեր անելու համար:
- Ալեն Սիմոնյանի՝ ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո ԱԽՔ վարկանիշն ավելի իջավ: Հաջիևն է որոշում Նիկոլ Փաշինյանի պոլիտբյուրոյի կազմը: Նիկոլամերձ շրջանակներից ով ինչ-որ բան է ուզում ցույց տալ, Հաջիևի անունն է տալիս:
- Ալեն Սիմոնյանը, ըստ իրազեկ աղբյուրների, ինտենսիվ փորում է Տիգրան Ավինյանի տակը: Կոալիցիայի փլուզման ու նոր ընտրությունների մասին են խոսում: Երևանի քաղաքապետ դառնալն Ալեն Սիմոնյանի մանկության վարդագույն երազանքն է: Իհարկե, Տիգրան Ավինյանն էլ կոնտր քայլեր է անում: Քաղաքապետի ընտրություններում Ալենով հաստատ կպարտվեն, որովհետև Փաշինյանից հետո ավելի բարձր հակառեյտինգ ունեցող գործիչ, քան Ալեն Սիմոնյանն է, չկա:
- Նիկոլ Փաշինյանը տարածքների տեղաշարժի սխեմա է առաջարկում, ասում է՝ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել, մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվի… Իրեն զուգահեռ ասուլիս է տալիս Ալեն Սիմոնյանն ու ասում՝ Փաշինյանի ասածը նենց հասկացեք, որ մենք ուզում ենք Քյարքիից Տիգրանաշեն ստանանք: Նույն օրը Մհեր Գրիգորյանն ասում է՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարց չի քննարկվում: Այս բոլոր հայտարարություններն իրենց կողմից մեկ օրվա ընթացքում է եղել: Փաստորեն, բարձրագույն իշխանության 3 պաշտոնյաներ նույն օրում նույն հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր բաներ են ասում:
- Էն մարդը, ում անունով, ՔՊ-ականներ, առավոտից երեկո երդվում եք՝ Թրամփը, լուրջ պայմանավորվածությունների է գնում Ռուսաստանի հետ, դուք ինչո՞ւ եք ձեր հարաբերությունները փչացնում նրա հետ: Ինչի՞ ես սրում հարաբերություններդ, որ հետո հերոսաբար դրանք կարգավորես:
- Էն, ինչ որ Ռուսաստանը մեզ դիվանագիտորեն է հասկացնում, Լուկաշենկոն շատ ավելի պարզ, ժողովրդական լեզվով է բացատրում մեզ՝ չեք կարող փախչել մեզնից:
- Շատ մոտ է այն ժամանակը՝ թերևս 1-1.5 տարի, երբ համաշխարհային էլիտաները Փաշինյանին սպիսատ կանեն: Ինքը չի էլ հասցնի կողմնորոշվի: Շատ կարևոր է, որ մենք մեր ներքին դիմադրողականությունն այն մակարդակի վրա պահենք, որ Նիկոլ Փաշինյանին զուգահեռ՝ մեր պետությունն էլ սպիսատ չանեն:
- TRIPP-ի հարցում շտապողականությունը մաքուր արկածախնդրություն է. այն անցյալ տարվա օգոստոսի 8-ի պարամետրերով գործել չի կարող: Իրանը դրան դեմ է և բացեիբաց հայտարարում է, որ չի կարող լինել ամերիկյան ներկայություն իրենց սահմանին: Վերջին 1.5 ամսում բոլոր հարթակներում, որտեղ Փեզեշքիանն ու Փաշինյանը եղել են, իրենք հանդիպել են, մի հարյուր անգամ էլ խոսել են հեռախոսով: Նշանակում է՝ լուրջ խնդիր կա: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար էլ երկաթուղին է շատ ավելի կարևոր, քան 102-րդ ռազմաբազան, քանի որ երկաթուղու միջոցով Ռուսաստանը կարող է ազդել TRIPP-ի վրա: Հետևաբար՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի շահերը հաշվի է առնելու, կա՛մ TRIPP չի լինելու: Եթե նույնիսկ Խորհրդարանը 10 անգամ վավերացնի TRIPP նախագիծը, դա նույն ճակատագիրն է ունենալու, ինչ Եվրամիությանն անդամակցության օրենքը:
- Եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը տեղավորվում է նոր հայկական ինքնություն ստեղծելու ծիրում: Ինքն Ալիևի ճաշակով ինքնություն է ստեղծում: Մեր հասարակությանը խորհուրդ կտամ շատ արխային չլինել, չափազանց զգույշ լինել, որովհետև հարձակվողները «յան» ազգանուն ունեն: 6-8 ամիս է տևելու, հետո օրենք են բերելու, ինչ էլ դնեն անունը, դա Վեհափառին փոխելու օրենք է լինելու: Ով որ եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամ է դարձել՝ սկսած Արման Եղոյանից, վաղ թե ուշ քրեական պատասխանատվության են ենթարկվելու այդ հանցագործության համար: Մենք պետք է ասիմետրիկ օրակարգով կռիվ տանք Բաղրամյան պողոտայում կամ Հանրապետության հրապարակում, որովհետև եթե այդ կռիվը եղավ Մայր Աթոռի պատերի տակ, պարտվելու ենք: Եկեղեցին մեր քաղաքակրթության արմատն է: Մեր դիմադրության ճակատը չպետք է թողնենք: Եվ մենք դա կկարողանանք անել, վստահ եմ:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Christine Harutyunian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/18/168-%d5%b1%d5%a5%d5%a6-%d5%a9%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a8/