Պատերազմը ոչ միայն մարդկային կյանքեր է խլում և վնասում տնտեսական ենթակառուցվածքները, այլև լուրջ հետևանքներ է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին միջոցառումը հյուրընկալելու համար՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանումն անմիջականորեն կապված է ջրային ռեսուրսների, պարենային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հետ։
Նրա խոսքով՝ պատերազմները ոչնչացնում են անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, խաթարում էկոհամակարգերը և շրջակա միջավայրն աղտոտում վտանգավոր քիմիական նյութերով։
«Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո»,- նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը, էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը, հրդեհներն ու հողի և ջրի աղտոտումը լուրջ սպառնալիք են ստեղծել տարածաշրջանի էկոհամակարգերի համար։ Նա շեշտել է, որ բնապահպանական վնասը չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով։
Իրանի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի կառույցներին և միջազգային կազմակերպություններին մշակել բնապահպանական վնասի գնահատման, քայքայված էկոհամակարգերի վերականգնման և տուժած երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելու արդյունավետ մեխանիզմներ։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է իր գիտական և կրթական ներուժը կիսել այլ երկրների հետ՝ համոզմունք հայտնելով, որ բնապահպանական համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայուն զարգացմանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80/