Հոկտեմբեր 15, 2026
Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձների շարք է սկսել՝ «ինչպիսին պետք է լինի խաղաղությունը» թեմայով: Դրանցում նա պատմում է խաղաղության իր տեսլականի մասին, որը 100 տոկոսով համընկնում է Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջների հետ (հրաժարում Արցախից, հազարամյա Արցախի ու «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հորինվածքի հավասարեցում, Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում Ադրբեջանին՝ որպես «անկլավներ»…):
Այդ տեսաուղերձներով նա իբրև թե խոսում է հայ ժողովրդի հետ, բայց իրականում դրանք ուղերձներ են՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի հետ վերջին հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն, իր իսկ խոսքով, տպավորություն է ստացել, թե խաղաղությունն այդ տեսքով հնարավոր է:
Փաշինյանն, այսպիսով, շնչակտուր խաղաղության համաձայնագիր է ցանկանում կնքել Ադրբեջանի հետ՝ ամբողջությամբ բավարարելով վերջինիս բոլոր պահանջները: Փոխարենը, սակայն, մինչ այս պահն Ադրբեջանից պաշտոնական որևէ հավաստիք չի հնչել, որ այն պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այդ երկրից բոլոր մակարդակներով հնչող միակ հայտարարությունն այն է, որ մինչև Հայաստանը չընդունի նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի, խաղաղության համաձայնագիր չի կարող ստորագրվել:
Փաշինյանը, սակայն, այս հարցում գոնե այս պահին ունի լուրջ դժվարություն՝ չունի որակյալ մեծամասնություն ԱԺ-ում, ինչն անհրաժեշտ է նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար: Դատելով այս հարցում նրա պասիվությունից, կարելի է ենթադրել, որ իշխանությունը դեռևս չի հաջողում անհրաժեշտ թվով ընդդիմադիրների՝ ահաբեկելով կամ կաշառելով իր կողմն անցկացնելու գործում: Իսկ առանց դրա Ադրբեջանի վերջին պահանջը չի կարող կատարել:
Դրա համար էլ նա տեսաուղերձներով հավատարմության հերթական չափաբաժիններ է հղում Ալիևին՝ ցույց տալով, որ կանգ չի առնելու ոչնչի առաջ: Այս պատմության մեջ, սակայն, բացի նվաստացումից, անարժանապատվության նոր՝ ավելի նողկալի դրսևորումներից, կա ավելի վտանգավոր մի իրողություն. Փաշինյանն Արցախի ու Հայաստանի ռազմավարական շահերի հաշվին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը պայմանավորում է ոչ թե ինստիտուցիոնալ, համակարգային որևէ գործոնով, այլ… Ալիևից ստացված տպավորությամբ:
Իսկ տպավորությունը, որքան էլ ստացողը հմայված է հմայողից, այդուհանդերձ խիստ սուբյեկտիվ կատեգորիա է: Բայց դա հենց այն է, ինչ կարող է պետք լինել Փաշինյանին՝ ապագայում նույն Ալիևի առաջ ստանձնած իր պարտավորությունների չկատարումը «սխալ տպավորության» վրա բարդելու առումով:
Նրա «խաղաղության կոնցեպտը» հիմնված է պարզունակ պատճառահետևանքային կապի վրա՝ եթե չկատարենք Ադրբեջանի պահանջները, պատերազմ կսկսվի, Ադրբեջանի պահանջները կարող է կատարել միայն ՔՊ-ն, եթե ՔՊ-ն չլինի իշխանության, պատերազմ կսկսվի… այս տրամաբանությամբ՝ ցանկացած պահի, երբ ինքը չկարողանա բավարարել Ադրբեջանի պահանջները, կարող է «պատերազմ սկսվել», ինչի համար Փաշինյանն արդեն իսկ այսօրվանից ունի արդարացում՝ սխալվել է Ալիևից ստացած տպավորության հարցում:
Չմոռանանք, որ խոսքը մարդու մասին է, ով պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով՝ երկրպագում է սխալվելու կարողությունը՝ դա համարելով ոչ թե երկրի համար սպառնալիք, այլ մեծագույն հնարավորություն: Պարզապես իր սխալներից հնարավորություն ստացող երկրի անունն Ադրբեջան է:
Հարություն Ավետիսյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/15/168-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b8%d5%a4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%80%d5%b1%d5%b6-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab%d5%b6/