Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տ

Հոկտեմբեր 9, 2026

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է»:

Չնայած պարբերաբար հնչող այս լավատեսական ուղերձներին՝ հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում այսպիսի հայտարարություններն իրարարմերժ արձագանքներ են ունենում։

ԱՊՀ գագաթնաժողովում հնչած այս հայտարարությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցային բարդ գործընթացի ֆոնին, որտեղ կողմերը, չնայած գրանցված առաջընթացին, դեռևս ունեն չհամաձայնեցված առանցքային կետեր, իսկ կառավարության խաղաղության օրակարգի և դրա իրական արդյունավետության վերաբերյալ հանրային ու փորձագիտական սպասումների միջև առկա է խորը ջրբաժան։

«Որքան այդ անձնավորությունը սկսում է շատ խոսել խաղաղության ու հաստատված խաղաղության մասին, այնքան  նշանակում է, որ խնդիր գոյություն ունի, և իրականում խաղաղություն հաստատված չէ, այլապես իմաստ չէր ունենա ամենօրյա ռեժիմով խոսել այդ մասին»,- քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանի դիտարկումն է նմանատիպ հայտարարություններին։

Կարդացեք նաև

  • Հայ-իրանական դիվանագիտական մարաթոն. Ի՞նչ է նախապատրաստվում Թեհրանում, ի՞նչ որոշումներ են սպասվում Հայաստանի արտաքին քաղաքական խաչմերուկում
  • Նիկո՛լ, դե լսի՝ ինչն ես հանձնել
  • Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը

Նա 168․am-ի հետ զրույցում պարզաբանում է. «Եթե մենք լսում ենք Ադրբեջանից հնչող հայտարարությունները, այդ թվում՝ նաև նախագահի, նախագահի օգնականի, նաև իրենց մեջլիսից, ապա մենք տեսնում ենք, որ որևէ խաղաղություն հաստատված չէ․ այնտեղից ասում են՝ իրենք հաղթող կողմ են, իրենց պայմաններով պետք է խաղաղությունը հաստատվի, որ «Զանգեզուրի միջանցք» գոյություն ունի, այսինքն՝ Հայաստանը պետք է ընդունի, որ ինքնավարությունը սահմանափակված է Սյունիքի հետ հատվածում, Մեղրիի հատվածում, մեջլիսի նախագահի տեղակալն ասում է, թե Արևմտյան Ադրբեջանը պետք է կառուցվի, այսինքն՝ Հայաստանը պետք է լինի ադրբեջանական։

Սա նշանակում է՝ խաղաղություն չկա, և որքանով նման հայտարարությունները շատ են հնչում, այնքանով շատ է Փաշինյանը սկսում խոսել խաղաղության մասին։ Այսինքն՝ սա ինչ-որ վախի դրսևորում է․ հասկանում եմ, որ իր ամբողջ քաղաքականությունը տապալվել է և արտահայտվում է նման խոսույթով»։

Իսկ ինչի՞ դրսևորում է Հայաստանի սահմանը հատած, հայ կնոջ ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինված զինծառայողին «դասալիք» ներկայացնելու միտումը և սեփական քաղաքացիների՝ դեռևս չհաստատված «հանցագործությունների» միջև հավասարության նշան դնելը՝ հետաքրքրվեցինք Ստեփան Դանիելյանից։

Ի պատասխան՝ նա նշեց․ «Ադրբեջանական կողմը, բնականաբար, պահանջում է իր զինվորին վերադարձնել։ Զինվորը Հայաստանում հանցագործություն է կատարել, բայց քանի որ Ադրբեջանն ուժի դիրքերից է խոսում և միշտ սպառնում է, ապա, բնականաբար, նա ծուղակում է հայտնվել և պետք է ինչ-որ ձևակերպումներ անի, որպեսզի հանրությանը բացատրի, որ, օրինակ, կինն էլ մեղավոր, որ ոչ թե ոստիկանություն է զանգել, այլ փորձել է ինքնուրույն այդ հարցերը լուծել։

Մենք հասկանում ենք, որ սրանով հող է նախապատրաստում, որպեսզի զինվորին հանձնի․ զինվորին պատժել չի կարող, քանի որ  խաղաղությունը հաստատված չի, և Ադրբեջանն ուժի դիրքերից և սպառնալիքներով է խոսում առաջին հերթին՝ իր հետ։ Իսկ Հայաստանի արտաքին և ներքին կառավարումը կամ որոշումներն ընդունում է 1 անձնավորություն»։

Խոսելով հավասարության նշան դնելու փաշինյանական վերջին փորձի մասին, թե այդ ադրբեջանցի զինծառայողն այնքան «հանցագործ է», ինչքան, օրինակ, Ծառուկյանը, Քոչարյանը․․․ և այլք, Ստեփան Դանիելյանը դա միտում համարեց, ավելին՝ նկատեց, որ այս կերպ նաև աստիճանաբար բացում են «պանդորայի արկղը»։

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը պահանջներ է դրել Հայաստանի առաջ, որ այն մարդիկ, որոնք գլխավորել են, ղեկավարել են Արցախյան շարժումը, որոնք ինչ-որ ձևով մասնակցել են Արցախում պատերազմին, նրանք բոլորը հանցագործներ են։

Եվ դրա մասին նաև ասել է Ալիևը՝ վերջերս, իսկ եթե նրանք հանցագործներ են, ապա նրանք պետք է պատժվեն․ փաստացի վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ Ալիևի ներկայացուցիչը Հայաստանում, հենց այդ քաղաքականությունն է վարում, ուղղակի այն տարբերությամբ, որ ինքը Քոչարյանին ձերբակալել է ոչ թե՝ որպես պատերազմի հանցագործ, այլ ինչ-որ տնտեսական խնդիրներ  ձևակերպելով։

Դա ժամանակավոր բնույթ է կրում․ եթե այդ մարդը մնա իշխանության, ապա հաջորդ փուլում արդեն հոդվածը կփոխվի, և նա կպատժվի՝ որպես հանցագործ, և երբ նա այդ դիվերսանտին համեմատում է քաղաքական բանտարկյալների հետ, դա պատահական խոսույթ չի, լեզվի սայթաքում չի․ նա կամաց-կամաց բացում է պանդորայի արկղը։ Սա առաջին քայլերից է, երբ Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների և այլն, բայց հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների»,- մանրամասնեց քաղաքագետը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hunanian Jack. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/%d5%a5%d6%80%d5%a2-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%b8%d5%be-%d5%b1%d5%a5%d6%80/

Leave a Reply