168: Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտա

Հոկտեմբեր 8, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • TRIPP-ն աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է՝ ավանտյուրա Հարավային Կովկասի համար, ավանտյուրա մի շարք արտաքին դերակատարների համար, ոչ միայն Իրանի, այլ նախ և առաջ՝ Հայաստանի համար։

Նախ նշեմ, որ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև էսկալացիան հատի որոշակի կարմիր գծեր, ապա, բնականաբար, բոլոր այն ենթակառուցվածքները, որոնցում ներկա կլինի ամերիկյան կապիտալը, դառնալու են լեգիտիմ թիրախներ Իրանի զինված ուժերի համար։ Սա իր հերթին՝ լուրջ ռիսկ է արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ այս հեռանկարը ևս պետք է հաշվի առնենք։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյանական հավաքը Փաշինյանի, Պուտինի, Ալիևի, Տոկաևի և այլոց մասնակցությամբ

Երկրորդ. Թեև Ռուսաստանը վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել է այն մասին, որ պատրաստ է ինչ-որ ձևաչափով մասնակցել TRIPP-ի շինարարական աշխատանքներին, ինչ-որ մասնակցություն, դերակատարում ունենալ, խորքային մակարդակում, այնուամենայնիվ, ակնհայտ է դառնում, որ TRIPP-ը փաստացի պարալիզացնում է այն տրանսպորտային-լոգիստիկ ճարտարապետությունը, որը տարիներ շարունակ փորձ էր արվում կառուցել։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է։ 

Մեծ հաշվով՝ տարածաշրջանում այսօր ընթանում է բավականին լուրջ տրանսպորտային մրցակցություն երկու հիմնական տնտեսական պլանավորումների ու տեսլականների միջև՝ «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»: Եվ այս առումով, եթե Հայաստանում կյանքի կոչվի TRIPP-ը, ապա դրանից ելնելով՝ մեր ամբողջ տրանսպորտային կոնֆիգուրացիան պետք է ադապտացվի «Արևելք-Արևմուտք» լոգիստիկային։ Դրանով իսկ ռուսական գործոնն այստեղ գնալով կարող է նվազել, և սրանով են, կարծում եմ, պայմանավորված նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ընթացող զարգացումները։

 Երրորդ. Ընդամենը շաբաթներ առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելի սեմինարներից մեկում հանդես գալով՝ հայտարարեց, որ բոլոր այն երկրները, որոնք նպատակ ունեն ինտեգրվելու Եվրոպական միությանը, պետք է վերանայեն իրենց հարաբերությունները MAGA-ի՝ թրամփյան «Make America Great Again» նախաձեռնության և դրա ինստիտուտների հետ։ 

Պարզ է, չէ՞, որ TRIPP-ը MAGA-ի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կարևոր դրսևորումներից մեկն է, որի ներքո Դոնալդ Թրամփը ձգտում է բավական լուրջ անցում կատարել ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ՝ լիբերալ հեգեմոնից անցնելով պրոտեկցիոնիստական շատ կոշտ խաղացողի դերի։ Եվ TRIPP-ը հենց դրա մասին է. սա մեծ հաշվով այն տնտեսական սուրն է, որը թրամփյան այդ կոշտ պրոտեկցիոնիզմի ներքո ուղղված է հենց Եվրոպական միության դեմ։ Մարթա Կոսի հայտարարությունը հենց դրա մասին է վկայում։

  • Ինչի՞ մասին է խոսքը։ Եվրոպական միությունը Խորհրդային Միության փլուզումից ի վեր բավականին ակտիվորեն իրականացնում էր մի նախագիծ, որը պետք է ապահովեր Եվրոպայի տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի և ավելի հեռուն՝ նաև Չինաստանի հետ։ Խոսքը «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է (TRACECA- Transport Corridor Europe-Caucasus-Asia), և հենց այս նախաձեռնության ներքո է, որ այսօր որոշակի զարգացում է ստանում «Միջին միջանցքը»՝ իր բոլոր տեխնիկական և տնտեսական խնդիրներով հանդերձ։

Եվ սրա ներքո է, որ Եվրոպական միությունը մի քանի տարի առաջ սահմանեց մի ծրագիր և այսօր դրա շրջանակներում նաև 2.5 միլիարդ եվրո գումար է խոստանում Հայաստանին։ Խոսքը «Գլոբալ դարպասներ» («Global Gateway») նախաձեռնության մասին է, որը մեծ հաշվով ուղղված է եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունն այնպես ձևավորելուն, որպեսզի Եվրոպան անխափան, նախ և առաջ՝ ցամաքային ելք ունենա դեպի Կենտրոնական Ասիայի ածխաջրածիններով հարուստ տարածաշրջաններ։ 

2022թ. փետրվարից ի վեր, երբ ռուս-ուկրաինական սրացումներն անցան բոլոր կարմիր գծերը և փաստացի սկսվեցին ռազմական գործողություններ, Եվրոպան գնալով սկսեց կրճատել Ռուսաստանից ներկվող բնական գազի պաշարները։ Սրան զուգահեռ, եթե անդրադառնանք Միացյալ Նահանգների և ԵՄ առևտրատնտեսական դինամիկային, կտեսնենք, որ կտրուկ աճել են ԱՄՆ-ից դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի ծավալները։ Եթե խոսենք հստակ թվերով, ապա մինչև 2022 թ., օրինակ, 2021 թվականի դրությամբ՝ ԱՄՆ բնական գազի կշիռը եվրոպական գազի սպառման մեջ կազմում էր մոտ 20%, իսկ 2025 -ին այն արդեն կազմում էր մոտավորապես 60% (խոսքը հեղուկացված բնական գազի մասին է)։ 

Որտեղի՞ց է գալիս հակասությունը։ Թրամփն իրականացնում է բավականին կոշտ, ինչպես ասացի, պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն Եվրոպական միության ուղղությամբ։ Սա չի արտահայտվում բացառապես այն մաքսատուրքերով ու սակագներով, որոնք սահմանում է այսօր Վաշինգտոնը, այլ նաև տարբեր դեմպինգային մեխանիզմներով՝ ամերիկյան ածխաջրածինները եվրոպական շուկայում վաճառելու ուղղությամբ։ Չմոռանանք, որ Թրամփն իր առաջին նախագահության տարիներին հայտարարեց ամերիկյան էներգետիկ դոմինանտության գլոբալ դարաշրջանի մասին, և որպես այդ քաղաքականության կարևորագույն թիրախ՝ սահմանված էր Եվրոպան։ 

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ. Եվրոպան հրաժարվում է ռուսական գազից (ի դեպ, 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել գազի ներկրումը):

Դրա հետ մեկտեղ՝ ավելանում է ԱՄՆ-ից ներկրվող բնական գազի տեսակարար կշիռը, որը բավականին թանկ է և թույլ չի տալիս եվրոպացիներին հավուր պատշաճի ապահովել տնտեսական զարգացում ու կայունություն։ Սրա մասին, ի դեպ, դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր նաև Մակրոնը՝ նշելով, որ այն գնային քաղաքականությունը, որն իրականացնում է  Միացյալ Նահանգները գազի ոլորտում, չի տեղավորվում ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության և դաշինքի տրամաբանության մեջ։

Բախվելով այսպիսի լուրջ խնդիրների՝ Եվրոպական միությունը, իհարկե, ձգտում է դիվերսիֆիկացնել ներկրումը և որպես կարևորագույն ուղղություն՝ դիտարկում է Կենտրոնական Ասիան, նախ և առաջ՝ Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Հենց սրան է միտված, մեծ հաշվով, նաև «Միջին միջանցքը», որը պետք է ապահովի Հարավային գազային միջանցքի (որն անցնում է Վրաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով) էական ընդլայնումը, որպեսզի հավուր պատշաճի սնուցվի եվրոպական տնտեսությունը։ 

  • Փաստացի ի՞նչ է անում TRIPP-ը։ Այն ձևավորում է մի այնպիսի կոնֆիգուրացիա, որում ԵՄ-ի համար այդքան անհրաժեշտ «Եվրոպա-Կովկաս-Ասիա» կոմունիկացիոն հարթակում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ հանձին ԱՄՆ-ի։ Վերջիններս պարբերաբար հայտարարում են, թե TRIPP-ի միջոցով պետք է դիվերսիֆիկացնել այդ հաղորդակցությունը՝ ապահովելով Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպայի և Ասիայի միջև ընթացող երկխոսության տիրույթում։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, բերելու է մի այնպիսի իրավիճակի, երբ ասիական շուկաների հետ հարաբերվելիս Եվրոպական միության ինքնուրույնությունն ու սուբյեկտայնությունն էապես կարող են նվազել։ Վերջին հաշվով՝ TRIPP-ը միտված է ոչ միայն Իրանի կամ Ռուսաստանի դեմ, այլև էապես սահմանափակում է «Եվրոպա-Ասիա» հաղորդակցությունը։

Հաշվի առնելով «Միջին միջանցքի» թողունակության խնդիրները, որոնք պայմանավորված են Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազմամբ (մակարդակն ամսական 30-40 սանտիմետրով իջնում է), ինչպես նաև Ղազախստանից դեպի Ադրբեջան և այնուհետև եվրոպական շուկա գնացող մուլտիմոդալ ենթակառուցվածքային կապերի խրթինությամբ՝ մենք տեսնում ենք, որ այս միջանցքի շուրջ ավելի շատ տնտեսական միֆոլոգիա է զարգանում, քան իրականում այդ միջանցքը կարող է ապահովել։

Եվ հաշվի առնելով նաև Հարավային գազային միջանցքի (որը նույն Միջին միջանցքի լոգիստիկայի մեջ տեղավորված գազային հաղորդակցություն է) սահմանափակ թողունակությունը՝ Եվրոպային, իհարկե, անհրաժեշտ է էժան ասիական գազ՝ սեփական տնտեսությունն ու արդյունաբերությունը ռեանիմացնելու նպատակով։ 

  • Թրամփի ներկայությունն այս լոգիստիկայում փաստացի հող է պարարտացնում ոչ թե պարզապես հաղորդակցության մեջ ներկայություն ապահովելու, այլ Եվրոպա-Ասիա էներգատրանսպորտային հաղորդակցության նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու համար։ Դրանով իսկ որոշակի արտոնյալ պայմաններ են ապահովվում սեփական գազատրանսպորտային ընկերությունների համար, որոնք այս վերջին տարիների ընթացքում շատ ակտիվորեն աշխատում են եվրոպական ուղղությամբ։ 
  • Արդյոք TRIPP-ը հիմքում իսրայելակա՞ն պրոյեկտ է, թե՞ վաշինգտոնյան է։

Ես չէի տարանջատի ամերիկյանն ու իսրայելականը, որովհետև բոլորիս քաջ հայտնի է այն հսկայական ազդեցությունը, որն ունեն իսրայելական էթնիկ և ոչ էթնիկ լոբբիստական խմբերը Միացյալ Նահանգներում՝ թե՛ Կոնգրեսում, թե՛ Սպիտակ տանը։ Հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի միջև առկա երկարաժամկետ ռազմավարական փոխգործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները, որոնք չեն սահմանափակվում միջպետական կապերով, այլ ունեն նաև կորպորատիվ և էլիտար դրսևորումներ, չէի ցանկանա տարանջատել դրանք։

Երկրորդ՝ իհարկե, TRIPP-ի ձևավորումը, մեծ հաշվով, բխում է Իսրայելի շահերից։ Ինչո՞ւ, որովհետև եթե դիտարկենք իրանական չափման մեջ և համադրենք վերջին տարիներին Իսրայելի նախաձեռնած մի քանի տրանսպորտային նախագծեր, ստացվում է, որ TRIPP-ը, մեծ հաշվով, ուղղված է նաև Իրանի շուրջ աշխարհաքաղաքական օղակի շարունակական սեղմմանը։ 

Ո՞ր նախագծերի մասին է խոսքը։ Երբ պարզապես նայում ենք քարտեզին և պատկերացնում ենք TRIPP-ը, դրան զուգահեռ տեսնում ենք, օրինակ, Թել Ավիվի կողմից առաջ մղվող «Դավթի միջանցք» կամ «Բեն-Գուրիոնի միջանցք» նախագծերը։ Մենք տեսնում ենք, որ վերջնական ռազմավարական նպատակն Իրանի շուրջ նման տրանսպորտային օղակ ստեղծելն է՝ դրանով իսկ սահմանափակելով Իրանի հետագա գեոռազմավարական առաջխաղացումը տարածաշրջանում։ 

  • Տեսե՛ք, թե ինչ ինտենսիվությամբ է սեղմվում նմանատիպ օղակը նաև Սաուդյան Արաբիայի շուրջ։ Մի կողմից՝ կա Հորմուզի նեղուցը և դրա շուրջ ծավալվող բավական վտանգավոր զարգացումները, մյուս կողմից՝ մենք հետևում ենք Բաբ էլ-Մանդեբի նեղուցում տեղի ունեցող աննախադեպ միլիտարիզացմանը և Եմենի հութիների շատ լուրջ ռազմական հաջողություններին։

Դրան զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են հարվածներ հասցվում Սաուդյան Արաբիայի նավթագազային ենթակառուցվածքներին ու «Արևելք-Արևմուտք» գազամուղին՝ ստեղծելով այնպիսի մի կոնֆիգուրացիա, որում անհրաժեշտ է Իսրայելի համար հակակշիռ ստեղծել Իրանին։ Ավանդաբար Մերձավոր Արևելքում Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն մրցակիցը դիրքավորվում էր հենց Սաուդյան Արաբիան։ Եվ պատահական չէ, որ Սաուդյան Արաբիան մինչև այս էսկալացիոն զարգացումներն ակտիվորեն քննարկում էր Էր Ռիադի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հեռանկարը։

Էր Ռիադի և Թել-Ավիվի միջև արդեն սկսվել էին դիվանագիտական բավականին լուրջ երկխոսություններ՝ ընդ որում, Չինաստանի ուղիղ միջնորդությամբ, որը շահագրգռված էր Մերձավոր Արևելքում սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Այս ստեղծված կոնֆիգուրացիայում Իրանի շուրջ տրանսպորտային օղակի ձևավորումը թույլ կտար ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում Սաուդյան Արաբիան՝ որպես Իսրայելի պոտենցիալ (եթե ոչ՝ դաշնակից, ապա) գործընկեր և կանխատեսելի խաղացող, կարող է հայտնվել շատ ավելի բարվոք վիճակում՝ և՛ էներգետիկ, և՛ գեոտնտեսական, և՛ առավել լայն ռազմավարական դիրքերի հստակեցման առումով։

  • Կարո՞ղ է սա բերել պատերազմական իրավիճակի։ Կրկնում եմ՝ եթե էսկալացիան շատ սրվի Մերձավոր Արևելքում, ապա Իրանի համար ցանկացած ենթակառուցվածք, հատկապես տրանսպորտային, որում առկա է լինելու ամերիկյան կապիտալ, դառնալու է լեգիտիմ թիրախ։ Դրա ապացույցը մենք տեսանք Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և այլուր։ Սրանով է նաև պայմանավորված այն, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ընդամենը մեկ ամիս առաջ դուրս եկան ՕՊԵԿ-ից (OPEC-Organization of the Petroleum Exporting Countries՝ Նավթ արտահանող երկրների միջպետական կազմակերպություն)։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք կրել են բավականին լուրջ կորուստներ այս հարվածների արդյունքում և պետք է շատ արագ տեմպերով վերականգնեն տնտեսությունը, իսկ ՕՊԵԿ-ը սահմանափակում է այդ հնարավորությունները՝ նավթի արդյունահանման քվոտաներ սահմանելով։ Աբու-Դաբին դրել է հետևյալ խնդիրը. «Իմ արդյունահանման այսօրվա իրական չափանիշները հասնում են 5-5.5 միլիոն բարելի, բայց ՕՊԵԿ-ի ներքո ես ստիպված եմ լավագույն դեպքում 3 միլիոն բարել արդյունահանել»։ Եվ որպեսզի ապահովվի ներդրումների վերադարձելիությունը և վերականգնվի նավթագազային համալիրն ու առհասարակ տնտեսությունը, նրանք ստիպված են դուրս գալ ՕՊԵԿ-ից։

ՕՊԵԿ-ի այս խարխլումը և այն կարգապահական ճգնաժամը, որը նկատում ենք կազմակերպությունում, ևս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող շատ լուրջ փոխակերպումների ածանցյալն է։ 

  • Անդրադառնալով ձեր հարցին, թե արդյո՞ք TRIPP-ը չի կարող հանգեցնել ռազմական գործողությունների։ Բացի նրանից, որ սա ինչ-որ պահի կարող է դառնալ Իրանի համար լեգիտիմ թիրախ, մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ TRIPP-ի առանցքային նպատակներից մեկը Նախիջևանում միլիտարիզացիայի իրականացումն է։ Իսկ ի՞նչ է Նախիջևանը։ Դա մի տարածք է, որն Իրանում օբյեկտիվորեն և արդարացիորեն ընկալում են՝ որպես պոտենցիալ հակաիրանական ռազմական պլացդարմ։

Սա կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում Հայաստանի սուվերեն տարածքով կարող է սնուցվել հակաիրանական ռազմական պլացդարմը։ Մենք պետք է շատ սթափ գնահատենք իրավիճակը։

Աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հաշվարկը (և, կարծում եմ, Երևանում ևս փորձում էին ինչ-որ կերպ ադապտացվել այս հաշվարկներին) կայանում է նրանում, որ Իրանն անկում կապրի, և դրանով իսկ կխարխլվեն նրա աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում։ Հետևաբար՝ մի շարք տրանսպորտային նախագծեր, ներառյալ՝ TRIPP-ը կամ դրան նախորդող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», կարող են անխափան կերպով կյանքի կոչվել՝ առանց Թեհրանի կողմից որևէ հակազդեցության։ Սա կապահովեր թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի առաջխաղացումը Հարավային Կովկասում։ 

Այնպես որ, Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային զարգացումներն այսօր միաժամանակ մի քանի ճակատով են ընթանում։ Հաշվի առնելով այն, որ Իրանը (և մենք դրանում բազմիցս համոզվել ենք վերջին տասնամյակներին) իր պլանավորումը չի իրականացնում բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, այն ավելի շատ գեոքաղաքական խաղացող է, քան գեոտնտեսական։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որում Իրանն էական հակակշիռ է ստեղծում տարածաշրջանում՝ ոչ միայն Իսրայելի, այլև՝ Սաուդյան Արաբիայի, հետևաբար նաև՝ նրանց համար աշխարհաքաղաքական մետրոպոլիա հանդիսացող Միացյալ Նահանգների համար։ 

Հաշվի առնելով այս իրողությունները՝ Հայաստանի կողմից TRIPP-ի մեջ այդքան ինտենսիվ ներգրավումը և դրա ներկայացումը որպես տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ու առևտրային կապերի ապաշրջափակում կամ վերականգնում, կարծում եմ, առնվազն անհեռատես մոտեցում է։ 

Իրանը խառնեց այս խաղաքարտերը և ցույց տվեց, որ ինքն իրական խաղացող է ու սուբյեկտ, որը պատրաստ է մինչև վերջ ապահովել սեփական անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքերը։ Սա էլ հենց, կարծում եմ, այսօր ստիպում է Երևանին ինչ-որ առումով կրավորական կեցվածքով հանդես գալ իրանական ուղղությամբ՝ պարբերաբար խոսելով այն մասին, որ TRIPP-ն ուղղված չէ Իրանի դեմ, որ իրականում Իրանի հետ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր ռազմավարական մակարդակում, կան փոխադարձ այցեր, և այլն։ 

Ես գրեթե վստահ եմ, որ եթե Իրանի դիրքերը խարխլվեին, ապա Հայաստան-Իրան այն բավականին կայուն երկխոսությունը, որը մենք ունեինք նախկինում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, այսօր լիովին այլ պատկեր կունենար։ Որովհետև, եթե հիշում եք, էսկալացիայի առաջին օրերին պաշտոնական Երևանը բավականին ուշ արձագանքեց, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ։ Փաշինյանը չգնաց Իրանի դեսպանատուն՝ ցավակցելու…

Սրանք այն շատ կարևոր քաղաքական մեսիջներն ու ինդիկատորներն են, որոնք ցույց են տալիս, թե Երևանն այդ պահի դրությամբ առնվազն փորձում էր հետևել իրավիճակի զարգացմանը և դրանից ելնելով՝ նաև դիրքավորվել։

Արդյո՞ք TRIPP-ը հակասության մեջ չէ «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» լոգիստիկ ուղղությունների հետ։ Փաշինյանը, փաստորեն, Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղա՞կ։ Ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ TRIPP-ը, ինչ-որ իմաստով, աշխարհաքաղաքական, «տրոյական ձի» է դարձել տարածաշրջանում, որը կարող են օգտագործել որպես գործիք նաև Իրանի դեմ։

  • «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» ուղղությունների հետ TRIPP-ի հակասություններն ավելի քան ակնհայտ են։ Հաշվի առնելով այդ հակասությունները և հասկանալով, որ ստեղծված իրավիճակից շատ բարդ է դուրս գալ, փաստացի Փաշինյանը և պաշտոնական Երևանը մտել են փակուղի այս պլանավորումների մեջ։ Այսօր նրանք փորձում են առաջ տանել, այսպես կոչված՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը (որը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խորհրդատվության արդյունք է, որը ՀՀ կառավարությունից ահռելի փողեր է ստանում՝ հարյուր-հազարավոր դոլարներ՝ խորհրդատվության համար,- հեղ.)։ Այսօր նաև բրիտանական խորհրդատվական ընկերություններն են մտել Հայաստան և ապահովում են նմանատիպ ծրագրերի տեղեկատվական ու փիառ բաղադրիչը։ 

Այո՛, դա ընդամենը գեղեցիկ գաղափար է՝ լավ PR փաթեթավորմամբ, բայց իրականում, հաշվի առնելով այն տրանսպորտային մրցակցությունը, որը տեսնում ենք ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մեծ Եվրասիայում, այս երկու ուղղությունները՝ «Հյուսիս-Հարավն» ու «Արևելք-Արևմուտքը» (որի մաս է կազմում TRIPP-ը, որի մաս է կազմում «Միջին միջանցքը»), պարզապես անհամատեղելի են։ Որովհետև դրանց շահառուները չափազանց տարբեր են և գտնվում են աշխարհաքաղաքական բարիկադների տարբեր կողմերում։ 

Իհարկե, Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ այս պահի դրությամբ Հայաստանը, ինչպես և տարիներ առաջ, շարունակում է գտնվել կիսափակուղային վիճակում, «Հյուսիս-Հարավը»՝ և՛ տրանսպորտային, և՛ էներգետիկ առումով, ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ է, որովհետև սա այն հաղորդակցությունն է, որի միջոցով Հայաստանը կարող է էապես բարձրացնել սեփական տնտեսական և քաղաքական սուբյեկտայնությունը։ 

  • Այսօր այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, օրինակ՝ Իրանի հետ իրականացվում են մեծ ենթակառուցվածքային նախագծեր. Ագարակի (Բռունատի) թունելի շրջանակներում մեծ աշխատանքներ են նախաձեռնվել։ Նաև Եվրոպական զարգացման բանկից ենք ստացել անհրաժեշտ վարկային միջոցներ այդ աշխատանքներն իրականացնելու համար։ Ընդ որում, շատ հատկանշական է, որ աշխատանքներն առավելապես իրականացնում են իրանական ընկերությունները, այլ ոչ թե հայաստանյան. սա ևս շատ կարևոր ինդիկատոր է։ Բայց հաշվի առնելով այն, որ արևելքից և փաստացի արևմուտքից Հայաստանը գտնվում է փակուղային իրավիճակում, «Հյուսիս-Հարավը» կարող է դառնալ մեզ համար շատ կարևոր ուղղություն՝ միաժամանակ մի քանի առումներով վերածվելով իրապես տրանսպորտային հանգույցի։

Խոսքը մի քանի առանցքային դերակատարների մասին է, որոնք այս հաղորդակցության մեջ ունեն շատ լուրջ հետաքրքրվածություն՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան։ Սրանք առաջին շրջանակի մեջ մտնող շահառուներն են։ 

Բայց ի՞նչն է ամենահետաքրքիրը։ Տեսականորեն «Հյուսիս-Հարավում» որոշակի շահագրգռվածություն կարող է ունենալ նաև Եվրոպական միությունը, և դրա շուրջ արդեն որոշակի հայտարարություններ արվել են, վարկային միջոցներ տրամադրվել են։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, որի ֆինանսավորող կողմ են հանդես գալիս նաև եվրոպական ֆինանսական ինստիտուտները։ Եվ այս առումով Հայաստանը, իրապես ճիշտ դիվանագիտություն և քաղաքական դիրքավորում ապահովելու պարագայում, տեսականորեն կարող է հանդես գալ՝ որպես (եթե ոչ՝ տրանսպորտային, ապա՝ ինչ-որ իմաստով) քաղաքական հաբ, որում Եվրոպական միության և Իրանի շահերը կարող են խաչվել։ Կարող են այստեղ նաև որոշակի առումով համընկնել Ռուսաստանի և ԵՄ շահերը «Հյուսիս-Հարավի» ներքո։

Սա պետք է շատ լավ հասկանանք, որովհետև, այո՛, կա հռետորական մակարդակ, կա շատ խորքային անտագոնիզմ այս կողմերի միջև, բայց երբ կարդում ես փաստաթղթեր (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության դոկտրինը), այնտեղ որպես հակակշիռ՝ նրանք դիտարկում են նախ և առաջ անգլոսաքսոնական աշխարհը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա չեն բացառում նաև այն հեռանկարը, որում Մոսկվայի և ԵՄ-ի միջև կարող է սկսվել փոխգործակցություն։ 

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աճող հակասությունները, ինչպես նաև ԵՄ առանձին երկրների ներսում տեղի ունեցող քաղաքական փոխակերպումները (սկսած Գերմանիայից՝ մինչև Ֆրանսիա, որտեղ մեծ հավանականությամբ հաջորդ ընտրություններում, ինչպես ֆրանսիացի փորձագետներն են ասում, կհաղթի Մարի Լը Պենը, որն ընդունվել էր նաև Պուտինի կողմից Կրեմլում, և այլն), Եվրոպական միությունը ևս կարող է այստեղ վերանայել ռուսական վեկտորն իր արտաքին քաղաքականության մեջ։ 

Հիշեցնենք. «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի շրջանակներում իրականացվող Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրով նախատեսված է երկու թունել: Այսպես կոչված, Ագարակի (Բռունատի) կամ Մեղրին շրջանցող երկրորդ թունելի երկարությունը 530 մետր է:

Քաջարան-Ագարակ ամբողջ հատվածում (որը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ համաֆինանսավորմամբ) նախատեսված է կառուցել 32 կմ ճանապարհ, 17 կամուրջ և երկու թունել (360 մ և 530 մ երկարությամբ): 

Մենք՝ որպես պետություն, պետք է իրականացնենք երկարաժամկետ պլանավորում, որովհետև եթե կենտրոնանում ենք բացառապես այսօրվա իրողությունների վրա, իրավիճակը փակուղային է։ Սակայն մեգախաղացողների շահերն ինչ-որ մի պահի կարող են համընկնել (և դինամիկան ու աշխարհաքաղաքական ցիկլերը վերլուծելով՝ մեծ հավանականությամբ համընկնելու են)։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանը կարող է հանդես գալ՝ որպես «Հյուսիս-Հարավի» շատ կարևոր կապող օղակ, ինչը կարող է բխել թե՛ Եվրոպական միության, թե՛ մյուս բոլոր խաղացողների շահերից։ Սա առավել քան իրատեսական հեռանկար է, որը պետք է ունենանք մեր աչքի առաջ։

Նույնը վերաբերում է նաև Պարսից ծոցի ուղղությանը։ Եվրոպական միությունը, ենթարկվելով առաջիկայում որոշակի ներքին փոխակերպումների ու «ռեստարտի» ենթարկվելով, միևնույն է, պահպանվելու է որպես շատ կարևոր աշխարհաքաղաքական միավոր։ Եվրոպային, հատկապես Գերմանիային (հաշվի առնելով նաև պատմական փորձը՝ հիշենք «Բեռլին-Բաղդադ» երկաթուղու հայտնի նախագիծը), անհրաժեշտ է լինելու ելք ապահովել դեպի Պարսից ծոց։

Իսկ դեպի Պարսից ծոց ելք ապահովելու համար Եվրոպային անհրաժեշտ է լինելու հավուր պատշաճի հարաբերություններ պահպանել Թուրքիայի, Մեծ Կովկասի պետությունների, ինչպես նաև Իրանի հետ։ Այս առումով, կարծում եմ, Հայաստանի երկարաժամկետ պլանավորումը պետք է տեղավորվի հենց այս կոնցեպտի մեջ, այլ ոչ թե այն պատրանքային «Խաղաղության խաչմերուկ» կոչվածի։ 

Հնարավո՞ր է արդյոք հրաժարվել TRIPP-ից: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա կլինի ապտակ Թրամփին և սառը պատերազմ՝ ԱՄՆ-ի դեմ: 

  • Դժվար կլինի այսօր հետքայլ անել։ Ամբողջությամբ կիսում եմ մեր հարգարժան գործընկերոջ՝ պարոն Պողոսյանի խոսքերը: իրավիճակն այնքան է խորացել, որ նմանատիպ ռևերանսը կամ որոշումը կնշանակի իրապես հայ-ամերիկյան հարաբերությունների, եթե ոչ՝ խզում, ապա՝ դրանցում շատ լուրջ ճգնաժամային միտումների առաջացում։ Հաշվի առնելով Երևանի ճգնաժամային կառավարման «ունակությունները», որևէ լավ բան մեզ չի խոստանում։ Այնպես որ, այս պահի դրությամբ դեմարշ անելը կնշանակի նոր ռիսկերի առաջ կանգնեցնել Հայաստանը՝ առնվազն ամերիկյան ուղղությամբ։
  • Բայց եթե խոսում ենք իրական դիվանագիտական, աշխարհաքաղաքական պլանավորման և, ինչո՞ւ ոչ, աշխարհաքաղաքական արվեստի մասին, ապա Երևանին ստեղծված բարդ իրավիճակում ճիշտ կլիներ առնվազն ժամանակ ձգել կամ դադար վերցնել TRIPP-ի մասով։ Ինչո՞ւ։ Որովհետև առաջիկայում ԱՄՆ-ում սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Հարցումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետականները մեծ հավանականությամբ կարող են դժվարություններ ունենալ, կամ կգան դեմոկրատները, ինչը նշանակում է, որ նոր իշխանությունների հետ պետք է լինելու նորովի պայմանավորվել՝ հաշվի առնելով նրանց սեփական պատկերացումները տարածաշրջանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ։

  • ՀՀ գործող իշխանությունները շտապում են TRIPP-ի հարցում նաև իրենց համար ներքաղաքական որոշակի դիվիդենտներ ապահովելու համար։ Պարզ է, որ նրանք ունեն ռեպուտացիոն շատ լուրջ խնդիրներ, քանի որ դժվարությամբ կարողացան ապահովել մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Անհրաժեշտ է պահպանել լեգիտիմության մնացած բեկորները։ 

Ի՞նչ է դրա համար հարկավոր Փաշինյանին։ Հարկավոր է ինչ-որ մեծ նախագիծ, որը հնարավոր կլինի հանրությանը ներկայացնել՝ որպես մեծ աշխարհաքաղաքական ձեռքբերում։ Հաշվի առնելով նաև հակառուսական տրամադրությունների արհեստականորեն շարունակվող սնուցումը մեր հասարակության մեջ՝ սա իրենց համար շատ լավ ազդակ է հասարակության այդ սեգմենտի համար, թե՝ ահա, ի հեճուկս Հայաստանում ռուսական կապիտալի ներկայության, Հարավկովկասյան երկաթուղու խնդիրների, 102-րդ ռազմաբազայի և այլն, մենք սկսել ենք մեր երկրի ու տնտեսության, այսպես կոչված, «ապառուսիֆիկացման» գործընթացը։ 

  • Ես բազմիցս համոզվել եմ, որ ՀՀ գործող իշխանություններն առավելապես իրենց բոլոր քայլերն ու որոշումները կայացնում են՝ ելնելով նախևառաջ ներքաղաքական, այլ ոչ թե ազգային-անվտանգային նպատակներից։ Ներքաղաքական կոնյունկտուրան այսօր պահանջում է ակտիվորեն կյանքի կոչել այս ամենը։ 
  • Փաշինյանը ԵԱՏՄ-ից, չեմ կարծում՝ դուրս գա: Որովհետև նա ևս շատ լավ է հասկանում հետևանքները։ Իրականում Թրամփը Հայաստանից հակառուսական կտրուկ քայլեր չի ակնկալում՝ առնվազն հրապարակավ նման բաներ չեն հայտարարվել։ Եվ մեծ հաշվով, հաշվի առնելով «Վաշինգտոն-Մոսկվա» երկխոսության դինամիկան, չեմ կարծում, թե իրենց անհրաժեշտ է ևս մեկ կոնֆլիկտային հանգույց ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ ԵՄ-ն ուղիղ չի հայտարարում, որ եթե Հայաստանն ուզում է անդամակցել ԵՄ-ին, պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որովհետև հասկանում են, որ այդ դեպքում Հայաստանի իշխանության համար երկրում լրջագույն ճգնաժամ կլինի: Բնականաբար, իրենք չեն ցանկանում այդ վնասների և ճգնաժամի համար պատասխանատվություն ստանձնել: Եվրոպական միությունում կան նաև բավականին լուրջ ռազմավարական մտածողություն ունեցող մարդիկ (չնայած շատ են նաև պոպուլիստները), որոնք շատ լավ հասկանում են, որ նման պահանջի սահմանումը կնշանակի Հայաստանի ներսում գործող իշխանությունների համար լրջագույն ճգնաժամ։

Ինչո՞ւ։ Որովհետև եթե Երևանը, գտնվելով այդ ճնշումների տակ, այնուամենայնիվ գնա այդ ճանապարհով և հայտարարի, որ դուրս է գալիս Եվրասիական տնտեսական միությունից, դա կնշանակի, որ երկրի ՀՆԱ-ն շատ կարճ ժամանակահատվածում միանգամից անկում կապրի մոտավորապես 40%-ով։ Իսկ սա իր հերթին՝ կհանգեցնի սոցիալական անկայունության, ինչն էլ իր հերթին՝ կբերի քաղաքական շատ լուրջ ճգնաժամի, և մենք գործ կունենանք ոչ թե հերթական պլանավորված «գունավոր հեղափոխության» հետ, ինչպես 2018 թվականին էր, այլ իրապես զանգվածային անհնազանդության մեծ ալիքի հետ, որը, իմ կարծիքով, այդ պարագայում կունենա բավականին օրգանական բնույթ և թելադրված չի լինի դրսից։ Որովհետև շատ խորքային սոցիալական ու տնտեսական խնդիրները մշտապես հանգեցնում են մեծ քաղաքական ճգնաժամի։ Փաշինյանը սա շատ լավ է հասկանում, ԵՄ-ում էլ են սա շատ լավ հասկանում, դրա համար էլ վերջնականապես չեն սահմանում և չեն փաթեթավորում ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը։ Իսկ Փաշինյանն էլ  հնարավորինս  փորձելու է մանևրել այս երկու ուղղությունների միջև։ ԵԱՏՄ-ից դուրս գալը Փաշինյանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն:

  • Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում մեր երկաթուղու կոնցեսիան Ռուսաստանից վերցնել ու տալ Ղազախստանին, որն ամենևին էլ աշխարհի առաջատարներից չէ երկաթուղային համակարգի որակով և մնացած բոլոր ցուցանիշներով։ Ես հատուկ նայել եմ «Ղազախստան Թեմիր Ժոլի»՝ իրենց այդ երկաթուղային ընկերության ցուցանիշները. լրջագույն խնդիրներ ունեն և լրջագույն պարտքեր են ձևավորել պետության առաջ՝ հաշվի առնելով իրենց ոչ արդյունավետ կառավարման համակարգը։ Ինչո՞ւ է ղազախական ընկերության մասին խոսում Փաշինյանը: Որովհետև Ղազախստանը հանդիսանում է Միջին միջանցքի առանցքային խաղացողներից մեկը։ «Ղազախստան Թեմիր Ժոլի» ընկերությունը պարզապես տնտեսական կամ երկաթուղային ընկերություն չէ, այլև ինվեստիցիոն հոլդինգ է։ Ու եթե նայեք նրա արտաքին ներդրումների կառուցվածքին, կտեսնեք, թե ինչ մեծ ներդրումներ է իրականացնում այդ ընկերությունը Բաքվի նավահանգստում կամ Թուրքիայի տրանսպորտային ու էներգետիկ համակարգում։ Սա 100%-անոց պետական ընկերություն է, որն ակտիվորեն ներդրումներ է իրականացնում ադրբեջանական և թուրքական տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքներում, նաև վերջերս հեռահաղորդակցության ոլորտ են մտել։ Հետևաբար, դրա վերջնական նպատակը կարող է լինել այն, որ Հայկական երկաթուղիներում կարող է հայտնվել թուրքական կապիտալ:

Հակառակ դեպքում կարող էր խոսվել, օրինակ, Ֆրանսիայի ներգրավման մասին, օրինակ, որը, ի դեպ, 2007 թվականին, երբ կոնցեսիայի մրցույթը հայտարարվել էր, մասնակցում էր դրան։ Կարող էր Հնդկաստանի մասին խոսք գնալ, որը մեծ երկաթուղային երկիր է և որը ևս 2007-2008 թվականներին մասնակցել է կոնցեսիոն մրցույթին։ Բայց Փաշինյանը խոսեց Ղազախստանի մասին. տողատակերն առավել քան ակնհայտ ցույց են տալիս նպատակը։

  • Հարավկովկասյան երկաթուղիները բավականին պրոբլեմատիկ ակտիվ է Մոսկվայի համար՝ վնասով աշխատող ակտիվ է և չի բերում եկամուտներ, բայց սա թույլ է տալիս Ռուսաստանին ինչ-որ դիրքեր պահպանել տարածաշրջանի նոր տրանսպորտային կոնֆիգուրացիայում:
  • Մեր երկիրը վերջին տարիներին կառավարվում է ручной режим-ով, ինչը նշանակում է, որ տնտեսության երկարատև պլանավորում Հայաստանում չկա: Առնվազն մեկ տարի առաջ Հայաստանն անգամ չէր պլանավորում Արհեստական բանականության գործարան կառուցել: Հիմա գործող իշխանությունը փորձում է հարմարվել իրավիճակին, և հաշվի առնելով, որ մոդուլային ռեակտորը համապատասխան քանակի էներգիա չի կարող ապահովել, առաջ է բերում մեծ ատոմային հզորության գաղափարը: Նախքան Լիխաչովի այցը Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի պակասորդ՝ անոնսելով, որ Հայաստանն էներգիա կարող է ներկրել Ադրբեջանից: Ալիևը դրանից օրեր անց հայտարարեց, որ հայկական ատոմակայանը պետք է փակի, և ասաց՝ TRIPP-ով կարող են է;լեկտրահաղորդման գիծ անցկացնել, որը կկպնի Հայաստանի էներգետիկ համակարգին: Այսինքն՝ մենք էներգիայի ավելցուկ ունեցող երկրից Փաշինյանի այդ քայլերի արդյունքում կարող ենք դառնալ էներգիա ներկրող երկիր: Բայց քանի որ Փաշինյանն այնուամենայնիվ ուզում է ԱԲ գործարան կառուցել, պետք է ունենա ատոմային հզորություններ: Դրա համար հայտարարեց, որ նոր ատոմակայանը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ: Հարցն ունի նաև քաղաքական կողմ: Ավանդաբար ՀԱԷԿ-ի հարցը միշտ քաղաքական նշանակություն է ունեցել:
  • Լիխաչովը հետաքրքիր հայտարարություն արեց կոնսորցիումի մեջ երրորդ երկիր ներգրավելու մասին: Դա կարող է լինել Չինաստանը կամ եվրոպական ուղղությունը: Սա սկզբունքային հայտարարություն էր «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի կողմից: Ռուսական այդ առաջարկը հանրային մակարդակում բավականին կոնստրուկտիվ էր:

Ի դեպ, այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը: «Քննարկել ենք Գյումրի-Կարս գծի գործարկելու հարցը, որպեսզի փոխհոսքեր ապահովենք, ըստ անհրաժեշտության՝ Թուրքիայի Հանրապետությանը վաճառենք էլեկտրաէներգիա կամ Թուրքիայից գնենք էլեկտրաէներգիա՝ նույն տրամաբանությամբ, ինչը հիմա անում ենք Վրաստանի հետ, Իրանի հետ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։ 

Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հայտարարել է, որ Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. «Հատուկ նշանակություն է տրվում տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը: Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այդ, ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին,- ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը՝ շարունակելով,- Ենթադրում եմ, որ կարելի կլիներ առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարատև շահերին»: 

  • Հայաստանում տնտեսությունն ու էներգետիկան ապրում են շատ տարբեր իրականություններում։ Եվ սա է պատճառը, որ ընդամենը 1 տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե մենք որոշում ունենք կառուցելու մոդուլային ռեակտոր, իսկ այսօր արդեն հայտարարում է մեծ հզորության ատոմակայանի մասին։

Սա նշանակում է, որ առնվազն մեկ տարի առաջ պաշտոնական Երևանը չէր պլանավորում մի այնպիսի հեռանկար, որում Հայաստանում կարող էր կառուցվել արհեստական բանականության գործարան։ Իսկ դա վկայում է սուբյեկտայնության պաշարի նվազման մասին, որովհետև եթե խոսքը նման խոշոր ենթակառուցվածքի մասին է (իսկ «Nvidia»-ի փոխտնօրենը, որը Երևանում էր, հայտարարեց, որ դա Եվրոպայում ամենախոշոր գործարանն է լինելու), սա նշանակում է, որ քո փոխարեն որոշումները՝ այդ թվում նաև գեոտնտեսական բնույթի, կայացվում են ինչ-որ այլ ուժային կենտրոններում։ 

Հիմա գործող իշխանությունները փորձում են հարմարվել այս ստեղծված իրականությանը։ Եվ հաշվի առնելով, որ մոդուլային ռեակտորը չի կարող ապահովել նման մեծ պահանջարկ ու էլեկտրաէներգիայի սպասարկում, բնականաբար, օրակարգ է բերվում մեծ ատոմային հզորության գաղափարը։ 

Ավելին ասեմ. նախքան Լիխաչովի այցը Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման դինամիկան Հայաստանում՝ առաջիկայում մենք կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի պակասորդ։ Այո՛, և սրանով նաև նա հիմնավորեց հնարավոր այն սցենարը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կարող են միանալ՝ փաստացի ակնարկելով, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա ստանալ Ադրբեջանից… նա հող է նախապատրաստում դրա համար։

 Ալիևն էլ դրանից օրեր անց հայտարարեց, որ «Մեծամորի» ատոմակայանը պետք է փակվի, իբրև թե այն ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար։ Տասնյակ տարիներ նույն երգն են երգում: Ալիևն այդպիսով հայտարարեց, որ, այո՛, իրենք պատրաստ են TRIPP-ով անցկացնել նաև էլեկտրահաղորդման գիծ, որը կարող է ինտեգրվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին։

Այսինքն՝ փաստացի Հայաստանը, որն ավանդաբար ավելցուկ ունեցող պետություն է, և ինքը պետք է գրավեր արտաքին շուկաներն ու ունենար նմանատիպ նպատակներ (առնվազն Իրանի հետ այդպես ենք անում՝ էներգիա-գազ, Վրաստանի հետ էինք այդպես անում), այսօր իրավիճակն արդեն փոխվում է մեր աչքերի առաջ։ 

Այս ռազմավարությանը՝ պրոտեկցիոնիստական արտաքին տնտեսական դիրքավորման սպասարկմանն ուղղված քաղաքականությանը, արդեն փոխարինելու է գալիս զուտ ներկրողի, նետտո-ներկրողի կարգավիճակը ստանձնելու քաղաքականությունը, որը շատ վտանգավոր է։ 

  • Իհարկե, Հայաստանին անհրաժեշտ է ավանդական հզորության ատոմակայան, առավել ևս, եթե ուզում ենք ունենալ արդյունաբերություն, այլ ոչ թե զուտ սպառող երկիր լինել: Երկրորդը՝ եթե Հայաստանը դիրքավորվում է որպես Հարավային Կովկասի դիջիտալ կամ թվային կենտրոն, ապա Հայաստանին անհրաժեշտ են, նախևառաջ, մեծ գեներացնող հզորություններ, և երկրորդը՝ կայուն գեներացնող հզորություններ։ Արևային կայանները, որոնք այսօր գործարկված են Հայաստանում, արդեն ունեն 1200 մեգավատտ դրվածքային հզորություն, բայց դրանք չեն ապահովում այն կայունությունը և էլեկտրաէներգիայի մատակարարման այն որակը, որն անհրաժեշտ է նման բարդ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ և գործարաններ սպասարկելու համար։

Բացի դրանից, կա հարցի քաղաքական կողմը։   

  • Հայաստանին անհրաժեշտ է մեծ հզորության ատոմակայան, որովհետև մեր շուրջ գրեթե բոլորը զարգացնում են այս ուղղությունը։ Թուրքիան կառուցում է ամենախոշոր միջուկային համալիրը՝ Ռուսաստանը 20.2 միլիարդ դոլարի ներդրում արեց «Ակկույու» ատոմակայանի նախագծի մեջ։ Ադրբեջանը սկսել է որոշակի տեխնիկատնտեսական պլանավորման աշխատանքներ։ Ալիևը, և դրանից հետո՝ նաև էներգետիկայի նախարար Շահբազովը հայտարարեցին, որ առաջիկայում կարող են դիտարկել միջուկային էներգետիկայի ներառումն Ադրբեջանի էներգետիկ բալանսում։ Այսինքն՝ այս հեռանկարն իրականում նոր չէ. դեռ 1980-ականներից նրանք փորձում էին ադրբեջանական ատոմակայանի նախագիծ իրականացնել։ Իրանը՝ որպես առաջատար միջուկային երկիր, Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները), Կենտրոնական Ասիան (Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղըզստան)՝ բոլորը կառուցում են ատոմակայաններ։ Եվ պատահական չէ, որ այսօր խոսվում է «միջուկային ռենեսանսի» մասին։ Այսինքն՝ սա լինելու է 21-րդ դարի առանցքային էներգիայի աղբյուրը, և սրանով է սահմանվելու այս կամ այն պետության՝ ոչ միայն էներգետիկ ու տնտեսական, այլև տեխնոլոգիական սուվերենության մակարդակը։

Բացի դրանից, կա պահանջարկ, և Հայաստանը կարող է էներգիա արտահանել Վրաստան, Իրան, այլ ուղղությամբ նույնպես: 

  • Ինչո՞ւ է Ալիևը շտապում։ Նա հեռահար խաղացող է և ունի հեռահար մտածողություն, և շատ լավ հասկանում է, որ այն քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, ինչ-որ պահի տրանսֆորմվելու է քաղաքական փոխակերպումների։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք (և Հայաստանի իշխանություններն էլ են շատ լավ հասկանում), որ գոյություն ունեն քաղաքական ցիկլեր, և այս մեծ քաղաքական ցիկլը, կարծում եմ, ինչ-որ պահի մոտենալու է իր ավարտին։ Ադրբեջանը և Ալիևը, ելնելով նաև ներադրբեջանական քաղաքական կոնյունկտուրայից, շտապում են ամրագրել այն արդյունքը, որի հիմքը դրվեց 2020 թվականին։ Եվ այսօր TRIPP-ի ձևավորումն Ալիևի համար նաև շատ կարևոր ցուցիչ է՝ իր ներքին լեգիտիմությունը ևս մեկ անգամ ապացուցելու թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Վախը հենց դրանով է պայմանավորված. նոյեմբերի 9-ի համաձայնագրի հնարավոր վերանայում, TRIPP-ի վերանայում և այլ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխություն Հայաստանի շուրջ կարող է լինել բացառապես Հայաստանի ներսում քաղաքական փոխակերպումների հետևանք։

Հայաստանում ԵՄ-ի, ԱՄՆ-ի ուղղություններով դեռևս չկան հստակ արդյունքներ, և հասարակությունը դա շատ լավ տեսնում է։ Դրա հետ մեկտեղ՝ կա ճգնաժամ ռուսական ուղղությամբ, կան դեռևս անորոշ հեռանկարներ ԵՄ-ի հետ (և վիզաների ազատականացումը դրա ամենավառ դրսևորումն է, ինչպես նաև ԵՄ-ի ներդրումների շարունակական կրճատումը Հայաստանում, սա ևս շատ կարևոր ինդիկատոր է)։ Միացյալ Նահանգներում էլ տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում՝ սպասվող ընտրություններից հետո։

Եվ այս իրավիճակում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կոնյունկտուրան այնպես է փոխվում, որ սա որոշակի անհանգստության առիթ է դառնում նաև Բաքվի համար։ Սրանով է պայմանավորված այն, որ Բաքուն շտապում է, իսկ այդ շտապողականությունը դրսևորվում է նախևառաջ ագրեսիայի տեսքով։ Որովհետև ագրեսիան ուղղված է վախ սերմանելուն, իսկ վախի սերմանումն իր հերթին կարող է արագացնել որոշակի գործընթացներ և որոշումների կայացում։

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/168-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply