Verelq: Հովիկ Աբրահամյանի եղբայրն ընդունել է մեղքը և վերականգնել 26 մլն դրամի

Լուսանկարը՝ armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Արգամի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։


Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեռու-հեռավոր 2015-2016 թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Զավենի Հակոբյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։


«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այնուհետև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։


Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, իսկ 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է գինու և շինանյութերի արտադրության, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտներում գործող մի շարք ընկերությունների՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին» և «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։


2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garo Vardanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/08/verelq-%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%af-%d5%a1%d5%a2%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac/

Leave a Reply