Հոկտեմբեր 6, 2026
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:
– Պրոֆեսոր, մեր վերջին զրույցից ամիսներ են անցել, և աշխարհաքաղաքական իրավիճակն էլ ավելի է սրվել: Կցանկանայի անդրադառնալ մի քանի առանցքային ճակատների: Առաջինը, խոսենք Ուկրաինայից` հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին օրերին Ռուսաստանը բավականին ցավոտ հարվածներ հասցրեց Ուկրաինային, և տեղեկություններ ստացվեցին, որ Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան ուղարկել է Մոսկվա բանակցությունների նպատակով: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում Ուկրաինային: Դուք արդյո՞ք շարունակում եք պնդել, որ Ռուսաստանը հաղթում է պատերազմում՝ հատկապես հաշվի առնելով տարբեր առաջարկներն ու նախագծային փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են սեղանին:
– Դե գիտեք, ես կարծում եմ՝ Ուկրաինայում մեզ խաղաղություն է անհրաժեշտ՝ հիմնված որոշակի հստակ սկզբունքների վրա: Ուկրաինան պետք է լինի չեզոք: Այն չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ դրան դեմ է Ռուսաստանը, և դա, անկեղծ ասած, սպառնալիք է նրա համար: Ուկրաինայի անվտանգությունը պետք է կառուցվի հենց այս չեզոքության վրա, բայց այդ անվտանգությունը պետք է ներառական լինի ողջ տարածաշրջանի համար՝ հավասարապես ընդգրկելով Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը: Ուստի ես կողմնակից եմ չեզոքությանը, ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, զինադադարին, ինչպես նաև բոլոր կողմերի այն հանձնառությանը, որ սահմանների որևէ փոփոխություն չպետք է արվի ուժի կիրառման միջոցով, այլ միայն դիվանագիտական ճանապարհով: Բացի այդ, շփման գիծը պետք է ապառազմականացվի, որպեսզի երկու կողմերն էլ հետ քաշեն իրենց զորքերը, և մարդիկ կարողանան առանց վախի, որոշակի անվտանգությամբ ու ապահովությամբ վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
– Կա՞ արդյոք հնարավորություն, որ պատերազմը շուտով ավարտվի:
– Դե, հնարավոր է, որ պատերազմը շուտով ավարտվի, բայց դինամիկան հակառակ ուղղությամբ է գնում, քանի որ Զելենսկու կառավարությունն ասում է, որ իր նպատակների հարցում զիջումներ չկան, և միևնույն ժամանակ՝ Ռուսաստանն ունի հրթիռային ուժի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուժի, գետնի վրա՝ հետևակային մարդկային ուժի գերակայություն: Ուստի, ես չեմ տեսնում, որ ռազմաճակատում իրավիճակն Ուկրաինայի օգտին է: Ուկրաինայի համար հաջող ռազմական ելք չեմ տեսնում: Կարծում եմ՝ եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինայի համար սա չափազանց ծանր ու ցավոտ ձմեռ է լինելու: Հենց սա է պատճառը, որ հորդորում եմ դադարեցնել պատերազմը՝ այն հանգուցալուծելով Ուկրաինայի չեզոքության վրա հիմնված քաղաքական կարգավորմամբ: Իմ խորին համոզմամբ՝ սա է առաջ շարժվելու խելամիտ ու բանական առաջընթացի ուղին, որը կապահովի բոլոր կողմերի անվտանգությունն ու կպաշտպանի մարդկային շահերը:
– Պրոֆեսոր, դիտարկելով Ռուսաստանի և Եվրոպայի միջև ներկա հարաբերությունների դինամիկան, տեսնո՞ւմ եք արդյոք լարվածության թուլացման և դիվանագիտության վերադարձի նշաններ, թե՞ գնում ենք դեպի ավելի մեծ առճակատում և պատերազմի հնարավոր ընդլայնում՝ Ուկրաինայի սահմաններից դուրս:
– Մենք, անկասկած, գնում ենք դեպի պատերազմի հավանական ընդլայնում, բայց դա կլինի պատերազմի կործանարար ընդլայնում: Եվրոպայում շատ է խոսվում պատերազմի մասին՝ պատերազմ Ռուսաստանի հետ, պատերազմ մինչև 2029 թվականը, պատերազմ 2027 թվականին… Սա այնպիսի խոսակցություն է, որով Եվրոպան զբաղվել է իր ողջ պատմության ընթացքում՝ վերջում հայտնվելով արյունահեղության մեջ: Եվրոպան պատերազմների շատ վատ պատմություն ունի:
Պատերազմի մասին հեշտությամբ են խոսում, հետո՝ հսկայական տառապանքներ կրում: Ես այնքան էլ տպավորված չեմ դարերի ընթացքում եվրոպական պետական կառավարման վարքագծով: Այն մեկը մյուսի հետևից դժբախտություններ է բերել: Այս եվրոպացիները պետք է խելքի գան: Նրանք չափազանց հեշտությամբ են խոսում պատերազմի մասին և չեն հասկանում, թե ինչ հետևանքներ է դա ունենալու:
– Պրոֆեսոր, քանի որ պետք է հակիրճ լինենք, թույլ տվեք անցնել Իրանին: Իրավիճակը շարունակում է մնալ խիստ բարդ: Իրանը շարունակում է ազդարարել դիվանագիտական լուծում գտնելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ Վաշինգտոնը պահպանում է՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ տնտեսական ճնշումը: Ըստ Ձեզ՝ ո՞ւր է գնում իրավիճակը, և ինչի՞ է իրականում փորձում այս փուլում հասնել Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ իր ռազմավարությամբ:
– Միացյալ Նահանգները փորձում է հասնել գերիշխանության: Իրանը Միացյալ Նահանգների վասալ պետությունն էր 1953-ից մինչև 1979 թվականը: Իրանական հեղափոխությունից հետո Իրանն այլևս վասալ պետություն չէր, բայց ամերիկյան իշխանական կառույցը կարճ հիշողություն չունի: ԱՄՆ-ը դժգոհում է այն փաստից, որ Իրանը դուրս եկավ ամերիկյան կայսերական վերահսկողությունից, և նա ցանկանում է Իրանին ետ բերել: Սա շատ հստակ է: Իրանն ունի ԱՄՆ-ի այդ պահանջին դիմադրելու կարողություն, բայց մեծ գնով իր և իր հարևանների համար: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները տառապում է իշխանության մոլուցքով:
Թրամփը ցանկանում է գերիշխանություն: Թրամփը ցանկանում է վերահսկողություն հաստատել Իրանի նկատմամբ: Նա այդպես է ասել: Նա ասել է, որ կմտածի Իրանը ոչնչացնելու մասին: Սրանք շատ տգեղ բաներ են:
Այս պատերազմը Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված ագրեսիայի պատերազմ է՝ Իրանին ամերիկյան կայսրություն վերադարձնելու համար: Ես ընդհանրապես չեմ սատարում այս պատերազմը: Կարծում եմ՝ սա հսկայական, չափազանց մեծ սխալ էր, որը շատ թանկ նստեց՝ ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի մարդկանց վրա:
– Պրոֆեսոր, ամիսներ առաջ դուք Հայաստանին խորհուրդ էիք տալիս հեռու մնալ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական խաղերից: Այնուամենայնիվ, Հայաստանն ավելի հստակորեն է շարժվում դեպի արևմտյան օրակարգ, Հայաստանը ցանկանում է դիմել ԵՄ անդամակցության համար, թեև Եվրասիական տնտեսական միությունից ստանում է շոշափելի տնտեսական օգուտներ: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ ընտրության առաջ է կանգնեցրել Հայաստանին՝ կա՛մ մնում եք Եվրասիական տնտեսական միությունում, կա՛մ շարժվում եք դեպի ԵՄ, անընդունելի է երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը: Հայաստանի նման փոքր երկրի համար ի՞նչ ռիսկեր է ստեղծում այս ընտրությունը: Ի՞նչ պետք է ակնկալի Հայաստանը, եթե ՀՀ իշխանությունները շարժվեն դեպի ԵՄ անդամակցություն:
– Հայաստանը պետք է շատ, շատ զգույշ լինի: Նայեք քարտեզին և դատողություն արեք: ԱՄՆ-ը չի փրկելու Հայաստանին, թեև հայերը կարող են այդպես կարծել: Եվրամիությունը չի փրկելու Հայաստանին, թեև հայերը կարող են նման հույսեր ունենալ: Զգո՛ւյշ եղեք: Դուք գտնվում եք Կովկասյան տարածաշրջանում: Դուք մոտ եք բազմաթիվ տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին: Դուք ունեք բարդ օրակարգեր ունեցող հարևաններ:
Հավատալ, որ ԵՄ-ն կփրկի Հայաստանին, կներեք, բայց դա, ցավոք սրտի, ավելի շատ ցանկություն է, քան իրականություն, և ռազմավարական առումով մտածել, թե ԱՄՆ-ը կփրկի Հայաստանին, ճիշտ այն է, ինչին հավատում էր Ուկրաինան՝ «Լավ, մենք կռվելու ենք, որովհետև Միացյալ Նահանգները պաշտպանում է մեզ»: Պարզապես զգույշ եղեք: Հայաստանը պետք է խաղաղ ապրի իր հարևանների հետ: Դա պետք է լինի ամենաբարձր առաջնահերթությունը:
Հայաստանը մեծ քաղաքակրթություն է, ոչ միայն պարզապես երկիր, որպես քաղաքակրթություն՝ Հայաստանը սկիզբ է առնում միգուցե 10,000 տարի առաջ: Եղե՛ք զգույշ, եղե՛ք խելամիտ և մի՛ հավատացեք, թե հրաշքները գալիս են աշխարհի մյուս ծայրից: Միացյալ Նահանգներն ամբողջովին տարված է այլ գործերով ու հարցերով: Այն գերծանրաբեռնված է: Անշուշտ, կան ամերիկահայեր, որոնցով մենք հիանում ենք, բայց նրանք մեր երկրի մի փոքրիկ մասն են կազմում, և ամերիկացիների մեծ մասը գաղափար անգամ չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը, և, ցավոք, չի էլ իմանալու։ Այնպես որ, զգույշ եղեք: Սա է իմ հիմնական խորհուրդը ձեզ:
– Պրոֆեսոր, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում դիմել ԵՄ անդամակցության համար՝ հաշվի առնելով, թե որքան դժվար և հեռավոր է թվում իրական անդամակցությունը, և ինչ տնտեսական ու քաղաքական ռիսկեր է սա առաջացնում Հայաստանի համար:
– Դե, կարծում եմ՝ Հայաստանը ԵՄ անդամակցությունը դիտարկում է որպես մեծ մրցանակ, մի բան, որը կփրկի Հայաստանին, միգուցե կփրկի Հայաստանին Ռուսաստանից կամ այլ փորձանքներից: Բայց սա այնպիսի պատրանք է, որը համակում է գրեթե ցանկացած երկրի քաղաքականությունը, թե կա ինչ-որ կախարդական փայտիկ՝ հարևանությունը կամ բոլոր բարդությունները փոխելու համար:
Հայաստանն ապրում է աշխարհի ամենաբարդ ռեգիոններից մեկում, որը հազարավոր տարիներ շարունակ եղել է ամենավիճարկվող վայրերից մեկը: Անկասկած, դուք ունեք հզոր հարևաններ, սակայն դրանից բնավ չի բխում, թե Միացյալ Նահանգները կամ Եվրոպան ինչ-որ կերպ փրկիչ են լինելու Ձեզ համար: Պարզապես զգույշ եղե՛ք:
Իհարկե, փորձեք լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ. ես դեմ չեմ դրան, բայց մի՛ մտածեք, թե դա ինչ-որ կերպ անվտանգություն է ապահովում Հայաստանի համար Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի դեմ, կամ, որ այն բավարարում է Հայաստանի կարիքները Կենտրոնական Ասիայի կամ Չինաստանի հետ միջազգային հարաբերություններում: Միջավայրն իր էությամբ բարդ է, և այն չի լուծվելու որևէ կախարդական փայտիկով:
Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ամենակարևոր հարաբերությունները ձեր սեփական հարևանների հետ են՝ ունենալ խաղաղություն, ընդհանուր տնտեսական ռազմավարություն և Միջին միջանցք, որում Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուրը կարող է արդյունավետորեն տեղի ունենալ, և որում Հայաստանը կարող է տնտեսական հարաբերություններում նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս և Հարավ: Հայաստանը պետք է առևտուր անի Ռուսաստանի հետ, պետք է առևտուր անի Իրանի հետ, պետք է առևտուր անի Չինաստանի հետ և պետք է առևտուր անի Եվրոպայի հետ: Հայաստանը չպետք է ընտրի միայն մեկին, որովհետև դա խելամիտ չի լինի:
– ՀՀ տարածքում ձևավորվելիք «Թրամփի ուղի»-ն ԱՄՆ ներկայություն կստեղծի Հայաստանում՝ Իրանի անմիջական հարևանությամբ, ինչի պատճառով էլ Թեհրանը երաշխիքներ է պահանջում Հայաստանի իշխանություններից։ Թույլ տվեք հարցը կոշտ ձևակերպել. արդյո՞ք Հայաստանի նման երկիրը կարող է իրատեսորեն թույլ չտալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր ներկայությունը Հայաստանում՝ ընդդեմ Իրանի։
– Իհարկե ոչ: Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է որպես ամերիկյան ուժի գործիք, այլ ոչ թե որպես ինքնանպատակ։ Դրա համար նույնիսկ կա մի տգեղ բառ կամ տերմին, որը կոչվում է «աշխարհաքաղաքական հենակետ» (geopolitical pivot): Սա մի բառ է, որը Բժեզինսկին օգտագործում էր 1990-ականներին՝ նկատի ունենալով մի վայր, որը Ամերիկային չի հետաքրքրում, բայց որն օգտագործում է։ Այն օգտագործում է Ռուսաստանին կամ Իրանին թուլացնելու համար։ Ուկրաինան էլ էր նրա ցանկում, իրականում Ադրբեջանը ևս նրա այդ ցանկում էր, որովհետև Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը միշտ դիտարկել է որպես Ռուսաստանին կամ Իրանին մարտահրավեր նետելու վայր։
Ամենայն հարգանքով, բայց ասեմ՝ ցանկացած ճանապարհ, որի վրա Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է դնել իր սեփական անունը, պետք է ընդունել որպես ԱՀԱԶԱՆԳ: Մենք երբեք չպետք է ունենանք մի նախագահ, ով իր անունն է դնում որևէ բանի վրա։ Սա ամբողջությամբ հակասում է քաղաքականության ողջամտությանը։ Եվ որ Հայաստանն ասի՝ մենք կունենանք «Թրամփի ուղի՞»… Աստված իմ, երբ Թրամփն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Իրանի դեմ, ինչպե՞ս կարելի է ակնկալել, թե Իրանը գոհ կլինի «Թրամփի ուղուց»:
Մի մարդ, ով հայտարարում է, թե մտածում է Իրանը երկրի երեսից ջնջելու մասին: Ինչո՞ւ պետք է Հայաստանը կամավոր ներքաշվի նման իրավիճակի մեջ: Դա պարզապես անհավանական միամտություն կլինի:
Եվ պարոն Թրամփի ամբողջ մտածելակերպը, երբ նա ուզում է իր սեփական անունը դնել այդ ճանապարհի վրա… ո՞ւմ տեղն է նա իրեն դրել, ո՞վ է նա իրեն երևակայում՝ թագավոր Դոնա՞լդ: Դա այնքան տարօրինակ է, այնքան արտառոց: Իմ տեսանկյունից՝ դա ուղղակի զզվելի է։ Որպես ամերիկացի քաղաքացի՝ ես չեմ ուզում, որ իմ սեփական նախագահը վարվի միապետի, կայսրի կամ շահի պես: Ես ուզում եմ, որ իմ նախագահը գործի որպես սահմանադրական գործիչ: Եվ եթե Հայաստանում տեսնում եք, որ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է իր սեփական անունը դնել ինչ-որ բանի վրա, ու հետո էլ 99 տարվա իրավունք վերցնել դրա նկատմամբ… Դուք կատակո՞ւմ եք: Հերիք է, խնդրում եմ, եկեք հասուն մարդկանց պես մտածենք, անկեղծորեն, հատկապես, եթե սիրում ենք Հայաստանը, ինչպես որ ես եմ սիրում:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ «Թրամփի ուղին» աշխարհաքաղաքակա՞ն նախագիծ է։ Այն տնտեսապես շահութաբեր և կենսունակ նախագիծ չի՞ լինի Հայաստանի համար, քանի որ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանից բազմաթիվ օգուտներ ենք ստանալու։
– Դե, առաջին բանը, որ նրանք պետք է հարցնեն, այն է, թե ինչո՞ւ է դրա վրա Թրամփի անունը, որովհետև հասուն մարդիկ իրենց այդպես չեն պահում։ Այնպես որ, սա առաջին հարցն է, որը ես կտայի։
– Այսինքն՝ Դուք շահութաբեր առևտրի որևէ հեռանկար չե՞ք տեսնում։
– Ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները դաժան ագրեսիայի պատերազմ է սանձազերծել ձեր հարևանի դեմ: Այն դեռևս գտնվում է այդ պատերազմի մեջ։ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է, որ ինքը դժվարին որոշում ունի. արդյոք նա պետք է Իրանը մեծ տերությո՞ւն դարձնի, թե՞ ոչնչացնի այդ երկիրը։ Ես կցանկանայի, որ Հայաստանի ժողովուրդն ինքն իրեն հարց տա՝ արդյո՞ք սա է ձեր դաշնակիցը։ Արդյո՞ք սա նա է, ում հետ դուք կապում եք ձեր ապագան: Սա այն հարցն է, որը ես կբարձրացնեի:
– Պրոֆեսոր, մի քանի ամիս առաջ ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) խաղեր է խաղում Հարավային Կովկասում և Հայաստանում։ Ի՞նչ նկատի ունեիք՝ դա ասելով, և ո՞րն է այդ վարչության նման գործունեության նպատակը։ Հիշեցնեմ, որ չորս տարի առաջ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ուիլյամ Բըրնսն այցելել էր Հայաստան։ Այցը լայնորեն քննարկվեց, և միգուցե հենց այդ այցն էր, որ ուժեղացրեց ԿՀՎ-ի գործունեությունը Հայաստանում։
– Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այն է, ինչը կոչվում է գերակայության, գերիշխանության կամ հեգեմոնիայի արտաքին քաղաքականություն: ԱՄՆ-ը այն գաղափարն ունի, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի և Չինաստանի դեմ, և, որ ինքը պետք է գերիշխի այդ երկու տերությունների նկատմամբ։ Եվ այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ը օգտագործում է հիբրիդային պատերազմի գործիքը, կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, օգտագործում է սպառնալիքներ, կաշառք և ռեժիմի փոփոխության գործողություններ: Այն միջամտում է այլ երկրների ընտրություններին, ռազմական բազաներ է տեղադրում աշխարհի 80 երկրներում և գնում պատերազմների, ինչպես Իրանի դեպքում՝ սկսված փետրվարի 28-ից:
Այսպիսով, սա հիբրիդային պատերազմ է՝ տնտեսական, ռազմական, բացահայտ, գաղտնի և ֆինանսական բաղադրիչներով։ Եվ, անշուշտ, ԿՀՎ-ն գործում է ձեր ողջ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Եվ դա ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր ուժն է, որովհետև ԱՄՆ-ի նման կայսրության համար շատ ձեռնտու և հարմար է ունենալ սեփական կառավարության ստվերային՝ գաղտնի հատված: Այն, ճիշտ է, իրականում այնքան էլ գաղտնի չէ. բոլորն էլ տեսնում են դրա գործունեությունը, բայց պաշտոնապես ամեն ինչ հերքվում է նրանց կողմից: Ոչ ոք չի վերահսկում այն, ոչ ոք բացահայտ չի ասում, թե կոնկրետ ինչով է զբաղված ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Այն հանրային դարձնելու կարիք էլ չկա, քանի որ այնտեղ ամեն ինչ խիստ գաղտնի է: Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը գաղտնազերծի տեղեկատվությունը, նրան մեծ գլխացավանքներ են սպասվում, մեծ խնդիրների մեջ է հայտնվում:
Ես որևէ ներքին տեղեկատվություն չունեմ։ Հավատացեք, ես պարզապես դրսից եմ հետևել սրան արդեն 50 տարի։ Բայց սա ամենուր տարածված երևույթ է: Եվ, բնականաբար, Հարավային Կովկասը վաղուց Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես ձեր հարևանների դեմ ուղղված ռազմավարական գործողությունների թատերաբեմ՝ ոչ թե Հայաստանի համար, այլ գլխավորապես Ռուսաստանի կամ Իրանի դեմ պայքարելու նպատակով:
– Պրոֆեսոր, քանի որ մենք 20 րոպե ունենք, եզրափակելով մեր զրույցը՝ կցանկանայի անդրադառնալ հայ հասարակությանը հուզող խորը մարդկային ողբերգությանը: Ե՛վ հայկական, և՛ երբեմն ադրբեջանական ղեկավարությունը խոսում է տարածաշրջանում ձևավորվող խաղաղության մասին։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող ենք անկեղծորեն խոսել խաղաղության մասին, երբ տասնյակ հայ գերիներ, Լեռնային Ղարաբաղի ռազմական և քաղաքական ղեկավարությունն անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտում, երբ Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում Սահմանադրությունը փոխելու համար, երբ պատմական նարատիվները, մեր ինքնությունն է խեղաթյուրվում նրանց կողմից, արշավ է հրահրվում հայկական եկեղեցու դեմ, երբ հակահայկական հռետորաբանությունն ու ատելության խոսքը շարունակվում են։ Իրական խաղաղությունն այս տե՞սքն ունի:
– Ոչ, խաղաղությունն այդպիսի տեսք չունի: Խաղաղությունն իրականում կարող է ծնվել միայն տարածաշրջանում համագործակցության միջոցով։ Ինչպես ասացի, և ինչպես գիտի Հայաստանում յուրաքանչյուր ոք, դուք 10,000 տարի շարունակ գտնվել եք հարուստ քաղաքակրթության կենտրոնում՝ լինելով աշխարհի ամենահին մշակույթներից մեկը։ Բայց դա գեղեցիկ տարածաշրջան է, և երկար ժամանակ խոշոր կայսրությունների կողմից այն պայքարի առարկա՝ կռվախնձոր է դարձել։
Կարծում եմ, որ գոյություն ունի ընդհանուր շահ. իրականում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահն է՝ անընդհատ չօգտագործվել դրսի կայսրությունների կողմից՝ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի, ոչ էլ այլ երկրների կողմից, այլ պետք է լինել անկախ, ինքնիշխան երկրներ: Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան։ Ես չեմ հավատում, թե դա պետք է արվի խաղեր խաղալով՝ ասելով՝ «Օ՜, հիմա մենք Եվրոպա ենք», «Օ՜, հիմա Միացյալ Նահանգներն է մեր դաշնակիցը», «Օ՜, հիմա մենք «Թրամփի ուղի» ունենք»։ Սա չի ապահովելու ձեր ապագան։
Այն, ինչը կարող է ապահովել ձեր ապագան, հարևանների հետ դիվանագիտությունն է։ Կարծում եմ, որ կա վեց երկիր, որոնք վճռորոշ են այդ դիվանագիտության մեջ. իհարկե, Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, և երեք խոշոր հարևանները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Նրանցից ոչ մեկը չի գնալու։ Նրանցից ոչ մեկին չի կարող մի կողմ հրել Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը: Մենք չենք ուզում, որ Հայաստանը դառնա պատերազմական գոտի՝ ունենալով «Թրամփի միջանցք» կոչվող մի բան, այն էլ՝ Աստված իմ, երբ Թրամփը պատերազմի մեջ է Իրանի հետ. խնդրում եմ, զգույշ եղեք:
Այնպես որ, նստեք, վարեք դիվանագիտություն, գիտնականների փոխանակում արեք, երիտասարդների փոխանակումներ, մշակութային միջոցառումներ, մարզական միջոցառումներ անցկացրեք։ Փորձեք գտնել խաղաղ կյանք հանուն ապագայի առաջ շարժվելու համար, բայց արեք դա հարևանների հետ միասին և հույս մի՛ դրեք 5000 կամ 10 000 մղոն հեռավորության վրա գտնվող ինչ-որ հրաշքի վրա։ Դա տեղի չի ունենա։
– Պրոֆեսոր, ըստ Ձեզ, ինչո՞ւ մեր գերիները դեռևս ազատ չեն արձակվում։
-Ես չգիտեմ, և ես ներգրավված չեմ դրանում: Բայց ձեր տարածաշրջանում մեծ լարվածություն կա: Իսկ նրանց ազատ արձակման հասնելու ձևն այդ լարվածությունը նվազեցնելն է: Դա դժվար աշխատանք է: Դա նշանակում է շատ երկխոսություն, ակտիվ դիվանագիտություն: Այն չի լուծվի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի լծակների միջոցով: Այն պետք է լուծվի հենց ձեր սեփական հարևանության շրջանակում:
– Այսինքն՝ կարծում եք, որ խնդիրները պետք է լուծվեն մեր տարածաշրջանում՝ տարածաշրջանային պետությունների կողմի՞ց:
– Ճիշտ այդպես: Սա է հիմնական բանալին։
– Պրոֆեսոր, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար:
—