Հոկտեմբեր 6, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մենք իրականում չգիտենք, թե Հայաստանի խորքում հայտնված ադրբեջանցի զինծառայողն ի՞նչ պատճառով է հայտնվել այնտեղ՝ դասալի՞ք է, թե՞ դիվերսանտ է, բայց մի բան ակնհայտ է՝ նա մոլորված անձ է թե ոչ, փաստ է՝ նա հանցագործ է: Նա գիտակցված մտել է մեր տարածքի խորքը և մեկից ավելի հանցագործություն է կատարել: Ինչպե՞ս է ստացվել, որ 1 զինծառայող անցել է մեր սահմանը, մեր պատկան մարմինները տեղյակ են եղել, 15 կմ անցել է, ու մեր պատկան մարմինները չեն կարողացել բռնել նրան: Շատ կարևոր է նաև տեղը, ուր նա հայտնաբերվել է: Ծիծեռնաքարի լեռնանցքն այն ուղղությունն է, որտեղից ամենահեշտն է հարձակվել մեզ վրա:
- 5 տարի առաջ՝ կարծեմ՝ նոյեմբերի 16-ին, այստեղ շատ լուրջ մարտական գործողություն է տեղի ունեցել: Այս հատվածից գրունտային ճանապարհ է գնում: Ադրբեջանցի այդ զինծառայողն անցել է այն հատվածից, որը պետք է ամենապաշտպանվածը լիներ, որովհետև այն ամենավտանգավորն է. այստեղ Հայաստանն ամենանեղն է, և այստեղից էլ է ճանապարհ գալիս մտնում Հայաստան (սա Բիչենեկն է, որից ճանապարհը գալիս մտնում է Սիսիան,- Ա. Չ.): Այսինքն՝ եթե Ադրբեջանը երբևիցե ցանկություն ունենա Հայաստանը կտրել, սա ամենահավանական հարձակման ուղղությունն է:
Այդ զինծառայողը չի հայտնվել, օրինակ, Վարդենիսում կամ Տավուշում, այլ անցել է ամենահավանական հարձակման ուղղությամբ ճանապարհի ուղիղ կեսը: Հարց է առաջանում՝ էդ ո՞նց է ստացվում, որ ամենավտանգավոր ուղղությամբ մի զինծառայող կարողանում է անցնել, դուք իրեն չեք էլ տեսնում, չեք էլ կարողանում հայտնաբերել, երբ որ այդ ուղղությունը պետք է ատամներով պաշտպանված լիներ՝ փշալարերով, ականադաշտերով, դիտարկման սարքավորումներով և այլն: Բայց չէ, մարդն անցել է, եկել հասել է ուղիղ կենտրոն:
Այդ հատվածը պաշտպանում է ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը, այլ Պաշտպանության նախարարությունը: Այսինքն՝ խնդիրը պետք է փնտրել ոչ թե ԱԱԾ-ում, այլ Պաշտպանության նախարարությունում, բայց ավելի մեծ իմաստով՝ այս վարչակարգի բացարձակ ամենաթողության մեջ:
Մեր սահմանագիծը շատ երկար է. մենք Ադրբեջանի հետ, ներառյալ՝ Նախիջևանը, մոտավորապես 800 կմ-անոց պետական սահման ունենք։ Պատկերացրեք՝ եթե կիլոմետրը մեկ դիրք ունենանք, դա նշանակում է առնվազն 800 դիրք: Եթե ամեն դիրքը պահում է մի ջոկ (8-10 մարդ), մեզ մոտավորապես 25 000 զինվոր է պետք միայն դիրքապաշտ գործունեության համար, որպեսզի այս երկարության սահմանը՝ բարդ ռելիեֆով, լեռնային պայմաններով ու վատ տեսանելիությամբ, պատշաճ պաշտպանվի:
Ընտրություններից առաջ այս վարչախումբը հայտարարեց, որ զինվորական ծառայությունը կրճատում են կես տարով: Դրա արդյունքում 2027 թվականին ունենալու ենք 6000-ով պակաս ժամկետային զինծառայող, որովհետև ամեն զորակոչ տալիս է մոտ 5.5-ից 6000 զինծառայող (ելնելով դեմոգրաֆիայից և ընտրությունների ժամանակ քվեարկած մոտ 18 000 ժամկետային զինծառայողների փակ ցուցակներից): Հիմա, եթե մենք այդ որոշման արդյունքում 6000 զինծառայողին կորցնում ենք, մեր դիրքերն է՛լ ավելի անպաշտպան են դառնում:
Եթե հիմա էլ մեր դիրքերն անբավարար են պաշտպանված, մի ադրբեջանցի երիտասարդ ու անփորձ զինծառայող կարողանում է ամեն ինչով անցնել, բա պատկերացրեք՝ այս ամեն ինչից 6000 մարդ էլ հանեք, ի՞նչ է դրանից հետո տեղի ունենալու։ Ստացվելու է՝ մարդիկ, որոնք մինչև այդ ուրախանում էին, թե մեր երեխեքը կես տարով պակաս կծառայեն, հիմա ստիպված ձեռքները զենք են վերցնելու, որ ամեն մեկն իր տունը պաշտպանի, որովհետև եթե դու չես կարողանում թշնամուն քո սահմանի վրա կանգնացնել, գալու է, տունդ է մտնելու, ոնց որ արդեն եղավ:
- Այն մարդկանց, ովքեր մեղադրում են այդ կնոջը, ուզում եմ ասել՝ իսկ եթե սա ծխածածկույթ է, իսկ տակը բոլորովին ա՞յլ բան կա: Իրավապահ քննչական մարմիններ, փրկեք ձեր դեմքը:
- Ադրբեջանի համախառն պաշտպանական և անվտանգային բյուջեն մոտ 5 միլիարդ դոլար է կազմում արդեն քանի տարի, մերը՝ 1.5 միլիարդ է այս տարի: Ծանր հարձակողական զենքեր են գնում, հատկապես՝ կործանիչ ինքնաթիռներ: Ադրբեջանը ռազմարդյունաբերական կարողություններ ունեցող երկրների հետ համատեղ արդյունաբերություն է ստեղծում, վերջինը Չեխիայի հետ էր: Մեր տարածքում ադրբեջանցիներն ամրանում են, ճանապարհներ են կառուցում: Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի: Եվ երբ Հայաստանում կա իշխանություն, որը մարդկանց գիտակցությունը մթագնում է կեղծ ֆեստիվալներով, խաղաղության կեղծ պատրանքներով, պարզ է՝ ինչ է լինելու այն ժամանակ, երբ Ադրբեջանի համար մեզ վրա հարձակվելու հարմար ժամանակ լինի:
- Երկարաժամկետ կտրվածքում Ադրբեջանը Վրաստանի վրա էլ աչք ունի դրած, բայց իրենց ամենաբնական թիրախը մենք ենք: Եվ իշխանությունը պետք է դադարեցնի մեզ խաբեությամբ կերակրել. Պատրաստվել է պետք: Հայաստան մտած զինվորն ընդամենն առաջին ծիծեռնակն է, որը ցույց է տալիս, որ լուրջ հարձակման ժամանակ մենք կհայտնվենք շատ վատ վիճակում: Ո՞վ պետք է դեմն առնի:
- Իրականությունն այն է, որ այս իշխանությունը տապալել է պաշտպանության խնդիրը: Եթե մենք այսքան սպանություններ ու ինքնասպանություններ ենք տեսնում բանակում, դա ինչի՞ մասին է խոսում: Էդ մարդիկ հո խելագարներ չէի՞ն, որ գնացին բանակ ու որոշեցին ինքնասպանություն կամ սպանություն գործել: Այս հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել:
- Սրանք եկեղեցու դեմ աբսուրդային մոլի հետապնդում են սկսել: Եթե կաթողիկոսի դեմ էր, ինչո՞ւ գնդերեցների ինստիտուտը վերացրեցին: Գնդերեցները դրական ազդեցություն ունեին բանակում: Իսկ կարո՞ղ է բանակում հանցագործությունների աճը կապ ունի գնդերեցներին բանակից հանելու հետ: Մարդիկ սա չեն հասկանում, որ գնդերեցներին հեռացնելով՝ զինվորն իր հոգեբանական խնդիրների ու մթնոլորտի հետ մենակ է մնում: Արժանապատվության, հաղթանակի ու պատվի խորհրդանիշ բանակը դադարել է այդպիսին լինեն, քաղցկեղածին բջիջները սկսել են տարածվել, ու բանակը սկսել է ինքն իրեն ներսից ուտել:
- Փաշինյանը խարդավանքների բացարձակ չեմպիոն է, բայց ռազմավարական մտածողություն չունի: Երբ ԱԺ բերեցին Եվրամիությանն անդամակցելու՝ մի նախադասություն պարունակող օրենքը, մենք ասում էինք, որ սա բացարձակ անիմաստ օրենք է, իմիտացիա, որը խնդիրների է բերելու, և այդ խնդիրները 1 տարի ուշացումով եկան, երբ ՌԴ իշխանությունը ՀՀ-ին մեղադրեց 2 աթոռի վրա նստելու մեջ ու ընտրության առաջ դրեց:
- Մենք ԵԱՏՄ-ի ներսում ենք արդեն, այն դեպքում, երբ ԵՄ մտնելը կարող է տասնամյակներ տևել: Արդյո՞ք կորուստները համարժեք են լինելու ձեռքբերումներին: Բացի դրանից, Հայաստանին ամենամոտ ԵՄ անդամ պետությունը՝ Բուլղարիան, Հայաստանից գտնվում է 2000 կմ հեռավորության վրա, և սահման չունենք նրա հետ: Մենք Բուլղարիա կարող ենք գնալ կա՛մ Թուրքիայով, կա՛մ Վրաստանով, երկուսն էլ ԵՄ անդամ չեն, մենք ո՞նց ենք անդամակցելու ԵՄ-ին, եթե ԵՄ-ում մեզ չեն սպասում:
- Թուրքիան ոչ միայն 30 տարի չի դարձել ԵՄ անդամ, այլև 30 տարի ևս չի դառնալու: ԵՄ-ում մտավախություն ունեն, որ ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան ունենալու է ԵՄ-ի ամենաշատ բնակչություն ունեցող մեծ երկիրը և ազդեցություն կունենա ԵՄ ներսում: Վրաստանն ընդհանրապես այս պահին դադարեցրել է անդամակցության գործընթացը:
- Մեր սպառման շուկաներն ավանդաբար ԵԱՏՄ-ում են: Գիտեք, որ շաբաթներ առաջ ԵՄ-ն մեր որոշ ապրանքների վրա մաքսատուրքերը նվազեցրեց կամ առհասարակ վերացրեց: Շատ լավ է: Պետք է օգտվել դրանից, բայց եկեք՝ մի քանի ամիս սպասենք, տեսնենք՝ ԵՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը որքանո՞վ է ավելանում:
- Իրականությունն այն է, որ դու, օրինակ, կոնյակ ԵԱՏՄ-ում կարող ես վաճառել, իսկ ԵՄ-ում՝ ոչ, որովհետև այդ ապրանքանիշը չես կարող այնտեղ օգտագործել: Եվրոպա ձուկ էլ չես կարող արտահանել, որովհետև իրենք իրենց ձուկն ունեն՝ ծովերով շրջապատված:
- ԵԱՏՄ-ից դուրս գալը գին ունի: Միայն սննդի արտահանման խնդիր չենք ունենա, բա որ գազը թանկանա: Այդ բեռն ընկնելու է բոլորիս վրա, բայց առաջին հերթին կսնանկանան ջերմոցային տնտեսությունները: Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը կփակվի. այդ մարդիկ որտե՞ղ են աշխատելու՝ Եվրոպայո՞ւմ: Եվրոպան մեզ համար մաքսատուրքերն է իջեցրել, և դա լավ է, բայց մեր քաղաքացիների համար Եվրոպայում աշխատելու դռները չի բացել: Ռուսական կապիտալի խողովակը որ փակվի, մեր բանկերում կապիտալը կցամաքի, վարկավորման տոկոսադրույքը թանկանա, բիզնեսը կխեղդվի, ի՞նչ են անելու: Դուրս գալուց առաջ իշխանությունը պետք է ասի՝ բա տնտեսությունն ի՞նչ է լինելու:
- Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե մենք գազ սկսենք գնել միջազգային գներով, ամեն հայկական ընտանիքի վրա դա տարեկան առնվազն 1000 դոլարի հավելյալ բեռ է: Բացի դրանից, շղթայական էֆեկտ է լինելու ամբողջ տնտեսության համար:
- Սննդի շուկայում գները կարող են կտրուկ բարձրանալ, որովհետև հեղուկ վառելիքի գինն է ահավոր թանկացել: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, քանի որ քաղաքական գործիչ չէ, հստակ է տեսնում՝ ինչ կարող է կատարվել. Տնտեսությունը միանգամից կարող է փլվել: Կարծում եմ՝ գազի թանկացման դեպքում ապոկալիպտիկ սցենարի մասին Մարտին Գալստյանի ասածը տեղ է հասել: Փաշինյանը կվախենա դուրս գալ ԵԱՏՄ-ից. դա կարող է իր իշխանության վերջին օրը լինել:
- Փաշինյանը մտել է մի երկընտրանքի մեջ, որը չունի հանգուցալուծում: ԵԽԽՎ զեկույցն առաջին ազդակն էր: Ինքը եվրոպացիներին ասել է՝ աչք փակեք այն ամենի վրա, ինչ ես այստեղ անում եմ, որ ես կարողանամ իշխանություն պահել, Ռուսաստանի դեմ գործողությունները շարունակել: Բայց հիմա պարզվում է՝ չի կարող ո՛չ ատոմակայանը փակել, ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալ, որովհետև մեր տնտեսությունը կքանդվի, իսկ Եվրոպան էլ այն վիճակում չի, որ կողքից մի քանի երկրի, մասնավորապես՝ Հայաստանին սուբսիդավորի: Փաշինյանը ելք չունի. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին, բայց վերջին դեպքում՝ ապոկալիպտիկ սցենարով:
- Մոդուլային ատոմակայանների մասին խոսակցություններն ի սկզբանե փուչիկ էին, որովհետև դրանք աշխարհում մատների վրա կարելի է հաշվել: Մոդուլային կայանը ներկայիս 1000-1200 մեգավատտանոց ատոմակայաններից 4 անգամ պակաս հզորություն ունի, բայց այն կառուցելու ծախսը համարժեք է սովորական ատոմակայան կառուցելու հետ: Ակնհայտ է, որ 2036թ., երբ լրանա Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետը, մեզ նոր սովորական ատոմակայան է պետք, հատկապես որ, Փաշինյանը հիմա հայտարարում է, որ մենք էլեկտրաէներգիայի պակաս ունենք՝ կապված Հայաստանում ԱԲ միավորներ կառուցելու հետ:
- Ատոմային էներգետիկայի ոլորտն այն ոլորտն է, ուր Հայաստանի և Ռուսաստանի շահերը շատ բնական կերպով կարող են համընկնել. Ռուսաստանն ուզում է իր ատոմային տեխնոլոգիաները վաճառել, Հայաստանն՝ էներգետիկ կարիքները հոգալ: Իսկ որակ-գին համադրության մեջ Ռուսաստանի առաջարկը շահեկան է: Աշխարհի ատոմակայանների կեսը «Ռոսատոմն» է կառուցում:
- Փաշինյանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ արևմտամետ. նա թուրքամետ է: Այն պետական համակարգը, որը նա կառուցում է այստեղ, նման է թուրքական պետական համակարգին: Փաշինյանի քաղաքական իդեալն Էրդողանն է:
- ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն տեղերում համատարած սարսափի մթնոլորտ է տարածում: Բոլոր նախկին ընդդիմադիր համայնքապետերին ստիպում են ՔՊ-ի հետ դաշինքով գնալ ընտրությունների:
- «Ուժեղ Հայաստանի» հետ կնքած մեր հուշագիրը նախընտրական բնույթ ուներ: Հիմա նրանց հետ քաղաքական կոնսուլտացիաներ ունենք, բայց կոնկրետ համագործակցության համար պետք է լինեն կոնկրետ իրավիճակներ:
- Եկեղեցու դեմ արշավը թշնամական պատվեր է. մեր ինքնության հենասյուները պետք է խարխլվեն, որ թշնամական պետությանը երբևէ Հայաստանն ունակ չլինի դիմադրել: Հո չե՞ն ասելու՝ Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև Ալիևն է պահանջում, դրա համար ասում են՝ Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև… Ու թվարկում են մի շարք բաներ, որոնք պետության իրավասության ներքո չեն: Ոչ ոք չի կարող խառնվել եկեղեցու կանոնական հարաբերություններին, դա պետության գործը չէ, և Փաշինյանը սա հիանալի գիտակցում է: Նա գիտի, որ կա մի սահման, որից այն կողմ անցնելն իր արևմտյան տերերի կողմից չի ներվի անգամ: Այս հարցում ՔՊ-ի կողքը ոչ մեկը չի կանգնում, նա չի կարողանում Եկեղեցին կործանելու համար կոալիցիա կազմել: Զեկույց կազմեցին, որ հերթական անգամ ցեխ շպրտեն եկեղեցու վրա, բայց դա էլ ազդեցություն չունեցավ. Մարդիկ արհամարհեցին այն: Պետությունը կաթողիկոս փոխելու իրավասություն չունի. հենց հիմա կառավարության ծրագրի այդ դրույթը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Փաշինյանի հակաեկեղեցական ողջ արշավը բերեց նրան, որ եկեղեցու վարկանիշը բարձրացավ: Հիմա հերթական անգամ նա պետք է հայտնվի իր իսկ լարած ծուղակի մեջ, հերթական անգամ պետք է ձախողվի:
- Դրված է մեր Հանրապետությունը կազմաքանդելու և լուծարելու հարցը, և դրված է ոչ թե Եվրոպայի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Փաշինյանը դրա գործակատարն է, այն Տրոյական ձին է, որը ժողովրդական հեղափոխության անվան տակ մտել է Հայաստան ու հանձն առել այդ գործը: Ընդդիմությունը պետք է կարողանա մարդկանց հասցնել այս գիտակցությունը: Մենք պետք է կարողանանք մարդկանց գլուխների մեջ տարածվող թմրանյութը Փաշինյանից խլել ճիշտ խոսքով, ճիշտ տեղում ճիշտ գործողություններ անելով: Պետք է հասնես առավոտից երեկո Հ1-ով իշխանական պրոպագանդա լսող ու դրան ակամայից հավատացող մարդկանց ուղեղներին: Ընդդիմությունը երբևիցե քաղաքացուն ոչ մի բանում չպետք է մեղադրի, այլ պետք է հասնի յուրաքանչյուրին, ովքեր ընդդիմադիր ալիքներ չեն նայում, նստած են Հ1-ի թմրանյութի վրա:
- Սոցիոլոգիական նոր հարցումներով՝ բնակչության 85-90%-ը դեմ է Տիգրանաշենը հանձնելուն: Սա ցույց է տալիս, որ երբ դու փաստարկված ես հանդես գալիս, Փաշինյանի դեմագոգիան փլվում է: Ոչ մի միջպետական պայմանագիր, համաձայնագիր գոյություն չունի, չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենը երբևէ Ադրբեջանինն է եղել:
- Բռնապետի կամակատար լինելն արդարացում չէ. եթե դու ապօրինի հրահանգ ես կատարել, դու էլ ես մեղավոր:
Մանրամասները՝ տեսանյութում:
—