Հոկտեմբեր 5, 2026
Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժողովրդի կողմից որևէ աջակցություն չի ստանում։
«Այդ արշավը որևէ աջակցություն չի գտնում ժողովրդի կողմից: Եթե փոքրիկ աջակցություն գտներ, վաղուց այս իշխանությունը, կոնկրետ, եթե Նիկոլ Փաշինյանն է նախաձեռնել՝ իր սև գործն արած կլիներ։
Եթե վերջին 8 տարվա մեջ կա մի տեղ, որ մեր հասարակությունը սկզբունքային և վճռական իր կամքն է արտահայտում, դա սատարելն է, եկեղեցու կողքը կանգնելն է: Դուք մի մտածեք, որ սատարել՝ նշանակում է բազմամիլիոնանոց միտինգներ և այլն. ոչ, լուռ, մռլտալով, այդպես ասած, չհանդուրժելով, չհամաձայնվելով է նաև, որ չի սատարում այդ հակաեկեղեցական արշավին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հուսիկ Արան։
Նա հիշեցրեց Կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն է՝ «ինչ գնով էլ լինի, պետք է կաթողիկոսին փոխի, նույնիսկ օրենսդրական փոփոխություններ անելով».
«Ի՞նչ է նշանակում՝ օրենսդրական փոփոխություններ ենք անում՝ Արցախն ենք զիջում, օրենսդրական փոփոխություն ենք անում՝ թուրանական միջանցք ենք տալիս, օրենսդրական փոփոխություն ենք անելու՝ վաղը Սևանա լիճը տանք և, ի վերջո, Երևանը հանձնենք: Այսինքն՝ ամեն մի սև գործ, ամեն մի հանձնում, ամեն մի տապալում օրենսդրական փոփոխություն անենք և կիրառենք: Սա ի՞նչ է, այդպե՞ս է լինում պետությունը, այդպե՞ս է պետական կառավարումը: Սա ոչ միայն անհասկանալի է, այլև աբսուրդի շարքից է, չգիտեմ, ի՞նչ ասեմ՝ տրագիկոմեդիա՞, ի՞նչ, աբսուրդի թատրո՞ն, այդպես լավ բնորոշում կա, մենք տիպիկ աբսուրդի թատրոնի մեջ ենք»,- նշում է բանաստեղծը։
Միաժամանակ նա այն կարծիքին է, որ Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ անել։
«Իսկ ո՞վ չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 2020 թվականի Արցախի կորստից հետո։ Հանրապետության նախագահը՝ Արմեն Սարգսյանն էլ է պահանջել, Գիտությունների ակադեմիան, Պետհամալսարանը, բոլորն էլ՝ ծառի տակ նստած որևէ մեկը չմնաց, որ չպահանջեր: Իհարկե, այլ բան է, որ չտվեց:
Սուրբ Էջմիածինն է լուծում՝ քահանա կարգել, ձեռնադրել, սրբազան կարգալույծ անել և այլն: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է լուծում նախարար նշանակելու և ազատելու հարցը, այնպես էլ Վեհափառն է լուծում իր լիազորությունների սահմանում այդ բոլոր հարցերը: Եվ նորից կրկնում եմ՝ եկեղեցին չի խառնվել և նպատակ էլ չունի խառնվելու քաղաքականության մեջ, թող չբերեն ու չմխտռեն այդ ամբողջով հանդերձ:
Ես մյուս եթերներում ասել եմ, որ փորձել են 2018 թվականին եկեղեցուն ներքաշեն քաղաքական խաղերի մեջ՝ հանձին Բագրատ սրբազանի, բայց Էջմիածնից ստացել են մերժում, որ եկեղեցին չի խառնվում:
Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ որևէ մեկի հետևորդն եմ, և որպես մտավորական, որպես հայ մարդ, քաղաքացի՝ ես բարձրաձայնում և պայքարում եմ իմ հնարավորությունների սահմաններում, որ երկիր չկորցնենք։ Եկեղեցին էլ իր լիազորությունների սահմաններում պարտավոր է և անում է իր գործը… Եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, կասեմ՝ շատ ավելի ակտիվ պետք է լիներ եկեղեցին այս վիճակում, այս մեր ծանր ճգնաժամում»,- ասում է Հուսիկ Արան։
Հուսիկ Արան միաժամանակ ասաց, որ կա երկու ցանցային կառույց համաշխարհային. մեկն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է, և մյուսը՝ Հայ դատը: Նրանք ունեն այդ հնարավորությունն ամբողջ աշխարհում բարձրաձայնելու խնդիրները, իսկ ազդեցիկ անհատներից միակը Վեհափառն էր, որ կարողացավ Շվեյցարիայում այդպես ի լուր աշխարհի հայտարարել բռնազավթված Արցախի մասին, որ Արցախում քրիստոնեական տաճարներն են ոչնչացվում, պղծվում, և արցախահայության՝ հա՛, վերադարձի արդար իրավունքի մասին: Ահա այս ամենից հետո էլ սկսվեց այդ աննախադեպ ու նողկալի արշավը կաթողիկոսի դեմ:
«Հիմա մենք ո՞նց հասկանանք: Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցին հայտարարեց ահաբեկչական կառույց, չգիտեմ ինչ, և այլն։ Ո՞վ ինչ իրավունք ունի… ԵԽԽՎ-ում զարմացած են, ասում են՝ այս ի՞նչ եք ասում, դուք կրոնական ուղղություն եք հալածում, դուք հալածում եք ձեր մայր եկեղեցին, ազգային եկեղեցին, որը Եվրոպայի համար անհանդուրժելի, անընդունելի է բոլոր կանոններով։
Մենք ունենք բազմաթիվ կրոնական ուղղություններ Հայաստանում գրանցված, որոնք ազատորեն գործում են՝ ազգային եկեղեցին է, որ հալածվում է: Ամբողջ աշխարհը մեզ ասել է՝ հանկարծ չփորձեք հալածել որևէ կրոնական ուղղություն, և մեր երկրում պետականորեն՝ կառավարության մակարդակով հալածվում է նաև ազգային եկեղեցին՝ աշխարհի հնագույն եկեղեցին, ինչպես բրիտանացի պատգամավորը ԵԽԽՎ-ում հայտարարեց:
Նախ, կաթողիկոսին ոչ մի դատավոր չի դատում, որևէ մեկը չի մտնի այդ անեծքի կամ պատժի տակ:
Սկզբում գնաց, ամեն շաբաթ այստեղ ու այնտեղ խմբեր հավաքեց, գնաց, եկեղեցիներ մտավ… Տեսաք, չէ՞, օր օրի պակասում են, մարդ չկա: Ինչ նախաձեռնեց, որևէ արդյունք չունեցավ: Հիմա մնացել է միայն խոսելը, հոխորտալը: Դե թող խոսա, որևէ աջակցություն չունենալով, որևէ բան չունենալով»,- նշում է մեր զրուցակիցը։
Հուսիկ Արան հարց է բարձրացնում, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գիտի, որ Կաթողիկոսը կամ մյուս սրբազանները կուսակրոն չեն։
«Գրողը տանի, ո՞նց գիտեք, ես չեմ ուզում մի քիչ ավելի ծավալվել, այդ համոզվածությունը ձեզ որտեղի՞ց: Ասում են՝ փաստեր ունենք, սակայն ի՞նչ փաստեր… Չեն ասում: Ի՞նչ գիտեն՝ Միքայել սրբազանը կո՞ւյս է, թե՞ կույս չէ, կամ Բագրատ սրբազանը կո՞ւյս է, թե՞ կույս չէ: Իրենք սեռական ակտի մե՞ջ են մտել այդ մարդկանց հետ անկողիններում, որովհետև վստահորեն ասում են՝ Բագրատ սրբազանը կույս չէ: Ի սրտե ասած՝ նողկալի, զավեշտալի է։ Չգիտեմ, ամեն տեղ սա են քննարկում, այսքան ճղճիմ, տհաճ, զզվելի, ամոթալի է, ամոթալի է, որ ես ու դու նստած քննարկում ենք: Ումո՞վ ես եկեղեցին «բարեփոխում», Կճոյանո՞վ, այդ տիրադավներո՞վ…
Մենք ո՞ւր ենք հասել, փողոցի պատի տա՞կ ենք, բորդյուրի՞ն ենք նստած, որտե՞ղ ենք, այս որտե՞ղ ենք մենք գտնվում: Երկիրը, պետությունը, հասարակությունը… Ի՞նչ է, մենք ո՞նց հասկանանք, չէ՞ որ համարվում ենք քաղաքակիրթ ժողովուրդ… Թե՞ շեղում եք անընդհատ, որ Տիգրանաշենն աննկատ հանձնեք, կամ Սևանն աննկատ հանձնեք: Դու մտածիր այն մասին, որ երբ մտնում ես Սևան, Ադրբեջանից նախարարի մակարդակով ասում են՝ հիմար, ինչո՞ւ ես մտել մեր Գյոկչա լողանում, այդ Գյոկչան մերն է: Այ դրա համար անհանգստացեք, այ դրա համար մտածեք, իշխանավորներ, դատավորներ, ժողովուրդ, հասարակություն, դրանից վատ զգացեք ու վիրավորվեք, ոչ թե լուռ ու մունջ մի պատասխանեք»,- շեշտում է բանաստեղծը։
Մեր զրուցակցին անհանգստացնում է նաև այն, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է զինված մտել ՀՀ սահմաններից ներս, հասնել Շաքի բնակավայր ու մտնել բնակչի տուն՝ վիրավորելով նրան ու անչափահաս երեխաներին։
«Մի զինվոր չեք կարողանում բռնե՞լ: Ե՞րբ են բռնել: Հոկտեմբերի 1-ին, ո՞վ է բռնել, իրավապահ մարմիննե՞րը, ո՛չ, այդ կինն է բռնել… Ինչպես այն 2 հոգուն բռնեցին գյուղացիները մի 2-3 տարի առաջ՝ 2023 թվականին: Բայց ես հիմա մի քայլ անեմ այս փողոցում, եթե ուզենան, ինձ շատ հանգիստ կբռնեն: Սովորական քաղաքացին մտնում է Սյունիք, կանգնեցնում, հարցաքննում են, թե՝ ինչո՞ւ ես եկել այստեղ, բայց որ թուրքի զինվորը, թշնամու զինվորը մտել է, 3 օր պտտվում է կամ մի քանի օր, ու տեղյակ չեն, չեն կարողանում բռնել։ Բա ինչի՞ համար եք, որ չեք կարողանում բռնել, որ նա ազատորեն մտել է տուն և այլն, չգիտեմ՝ հաց է կերել, քնել է անկողնում, ինչ եղել է, ու դիմադրություն է ցույց տվել, ինքնապաշտպանվողի վրա կրակել է..
Մենք ենք մեղավոր՝ ես, դու, վատ ենք հսկում մեր անվտանգությունը, չենք կարողանում մեր անվտանգությունն ապահովել: Տարրական բան՝ դու քո սահմանը չես կարողանում հսկել, որ քո սահմանից ցանկացած պահին կարող են թշնամու զինվորներ թափանցել զինված, ու զինված մի քանի օր պտտվել»,- հավելում է նա։
Հուսիկ Արայի խոսքով՝ տեսան, թե 6 տարի շարունակ այս իշխանության մնալով ինչ տեղի ունեցավ։ Ամեն տարի, ամեն ամիս կորցնում ու կորցնում են ամեն ինչ՝ Արցախը հայաթափվեց, Ադրբեջանը Հայաստանի տարածքներից օկուպացրեց, թուրանական միջանցք տվեց, և այլն։
«Չեմ կարող ասել՝ հասարակությունն այնպիսի վիճակում է այդ պատերազմից հետո, այնպիսի պառակտված է, այնպիսի ջարդված ու ջախջախված է և՛ հոգեբանորեն, և՛… այս վիճակը, այո՛, իշխանություններին շատ ձեռնտու է, որ ժողովուրդը ծնկած վիճակում լինի՝ հոգեբանորեն կոտրված, ջախջախված, որ չկարողանա ինչ-որ արժանապատիվ կերպով կանգնել, հենվել հողին ու իր իրավունքներն ու դիրքը պաշտպանել։ Մեզ անընդհատ պահում են այդ հոգեբանական ճնշման տակ, դրսից ամեն օր նվաստացնում, ստորացնում են մեզ։
Ժողովրդին դարձրել են ոչ պայքարող, իմունիտետից զրկված մի զանգված, և կարողանում են, ներողություն, այս ամենի հետ մեկտեղ՝ իրենք մնալ իշխանության… Ժողովուրդն էլ չգիտի՝ ի՞նչ անի. սրանց չընտրի՞, բայց սրանք էլ սպառնում, վախեցնում են, ասում են՝ մեզ չընտրեք՝ պատերազմ է լինելու, մենք խաղաղություն ենք բերում… Ժողովուրդը նոր է պատերազմ տեսել, ասում է՝ լավ, որ չընտրեմ, բա որ նորից պատերազմ լինի՞… Իշխանափոխության հարցը 2020 թվականի պատերազմից հետո ինքնաբերաբար պետք է լուծվեր։ Այս իշխանությունները պետք է հեռանային, ունենային այդքան կամք ու բարոյականություն՝ ներողություն խնդրեին և գնային։ Ընտրությունները նոր են եղել, նոր կորուստի հարց է դրված՝ Տիգրանաշենի հարցը… Այսպես գնալով՝ Երևանն են հանձնելու։ Հասկացեք, ժողովուրդ ջան, Երևանն են հանձնելու։ Հիմա ասում եմ՝ ծիծաղում են, ոչ մեկը չի հավատում, ոնց որ տարիներ առաջ ասում էինք՝ Արցախը կորցնելու ենք, ծիծաղում էին, ասում էին՝ երազ ես տեսնում, հեքիաթ ես պատմում:
Որպես Հայաստանի քաղաքացի՝ պայքարում, խոսում եմ իմ հնարավորությունների սահմաններում ու փորձում եմ թույլ չտալ, որպեսզի իմ նշխարաչափ երկիրը կորի։ Չեմ պատկերացնում՝ 5 տարի հետո ինչ կլինի երկրի վիճակը։ Եթե մնաց այս իշխանությունը, մենք ամբողջը տալու ենք և դառնալու ենք Արցախ-2։ Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։ Ես ինչ-որ չար, սև բաներ չեմ ասում, ցավալիորեն սա է մեզ սպառնում»,- ընդգծում է Հուսիկ Արան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Talar Tumanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%b4%d5%ab-%d5%b0%d5%b8%d5%a3%d5%b8%d6%82-%d5%b9%d5%a5%d5%9e%d6%84-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%bd-%d6%83%d5%b8/