Կոտայքի մարզում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդին կանգնեցնելու՝ ոստիկանների պահանջը վերածվել է զինված հարձակման։ Գիշերային հետապնդման ժամանակ Hyundai մակնիշի ավտոմեքենայից արձակված կրակոցների հետևանքով երկու պարեկ վնասվածքներ է ստացել։
Ինչպես հաղորդում է armlur.am լրատվականը, արտակարգ դեպքը գրանցվել է հոկտեմբերի 5-ին՝ գիշերը ժամը 01:35-ի սահմաններում: Պարեկային ծառայության անձնակազմը «կանգառ» ազդանշան է տվել իրավախախտ վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել և դիմել է փախուստի, որի ընթացքում էլ մեքենայից կրակ է բացվել օրինապահների ուղղությամբ։
«Վնասվածքներ ստացած երկու պարեկները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանցից մեկն արդեն դուրս է գրվել։ Նախնական տվյալներով՝ մեր ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում», – նշված է ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերվել են հանցագործության մեջ կասկածվող երկու անձինք, ինչպես նաև վերոնշյալ ավտոմեքենան։ Պարզվել է, որ վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և դեպքի պահին գտնվել են ոչ սթափ վիճակում։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները շարունակում են քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chakhmakhchian Vatche. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%a3%d5%ab%d5%b7%d5%a5%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%b8%d5%bf%d5%a1%d5%b5%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d5%b9-%d5%bd%d5%a9%d5%a1/