Հոկտեմբեր 2, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասին հորդորել էի Հայաստանում իր այցի օրերին հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Նա պատասխանեց իմ նամակին՝ ասելով, որ պետք է հարգել մարդու՝ կրոնի ազատության իրավունքը, բայց չգնաց Կաթողիկոսի մոտ: Ես հաճախ եմ հանդիպում Կայա Կալասի հետ, նրանց բացատրում եմ, որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ պետությունն ու եկեղեցին անջատ են, և որևէ վարչապետ կամ նախագահ իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին: Ես եվրոպացի քաղաքական գործիչներից մեկին հարցրի՝ եթե ձեր երկրի վարչապետը կամ նախագահը որոշեն՝ ով պետք է լինի իրենց եկեղեցու կամ առանձին տարածքների հոգևոր առաջնորդը, իրենք ի՞նչ կանեին: Պատասխանեցին, որ նման բան հնարավոր չէ, ոչ ոք իրավունք չունի միջամտել:
Հիշեցնենք. 2025թ. հունիսի 28-ին Գասպար Կարապետյանը նամակ էր ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։
Կարապետյանը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից դիմել էր խոր մտահոգությամբ.
«Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։
Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախադեպը չունեցող արշավ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու, ներառյալ՝ հրապարակային հարձակողական ու հաճախ անպարկեշտ խոսույթն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի հասցեին, ինչպես նաև արժեզրկող մեղադրանքներ։ Այդ ամենին հետևել են բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կալանքները և սպառնալիքները՝ ուժով միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր առավոտյան անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և իրավիճակը Հայաստանում ներկայումս ծայրահեղ լարված է։
Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։
Սա մի ժամանակահատված է, որն առանցքային նշանակություն ունի Եվրոպական Միության համար։ ԵՄ-ի հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական գործընկեր, դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։
Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և, որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ, եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն…»,- ասվում էր նամակում։
- Գանձասարում Հաջիևի գլխավորությամբ կազմակերպված խայտառակությունից հետո Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի տեսանյութը բացատրություններով ուղարկեցինք եվրոպացի պատգամավորներին:
Մի նամակ էլ գրեցինք Կայա Կալասին՝ ասելով, որ իր ենթակայության տակ գտնվող պաշտոնյան երկդիմի հայտարարություններ է անում, մասնակից է դառնում ադրբեջանցիների խոսույթն առաջ տանելու: Ես դեմ չեմ, որ տիկին Գրոնոն գնա Արցախ, բայց ոչ Հաջիևների ուղեկցությամբ ու ոչ ադրբեջանական շոուին մասնակցելու նպատակով: Ես մի հյուրասիրության ժամանակ հանդիպեցի տիկին Գրոնոյին, նա ասաց, որ ուզում է՝ առանձին հանդիպենք, ես համաձայնել եմ, նոյեմբերին պիտի հանդիպենք: Ես կարծում եմ՝ մեր ուղարկած այդ նամակներն ազդեցություն գործել են: Պատահական չէր, որ տիկին Գրոնոն գնաց Մատենադարան. ուզեց ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մեկնաբանվում է:
- Երբ 2025թ. մարտին Ազգային ժողովում ընդունվեց «Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի գործընթացի մասին» օրենքը, ես ասացի՝ սա ամենամեծ JOKE-ը՝ հումորն է, որ ես երբևէ լսել եմ… Միայն դիմում գրելով՝ Եվրամիության անդամ չեն դառնում: Եվրամիության 27 երկրներն ու Եվրախորհրդարանը պիտի այն վավերացնեն: Տեսեք՝ Արևմտյան Բալկանները քանի՞ տարի են փորձում ԵՄ անդամ դառնալ, և չի ստացվում: Ես եվրոպացիներին ասում եմ՝ Հայաստանի վարչապետն իր իշխանությունը պահելու համար հայ ժողովրդին խաբում է, և գյուղերում գիտեն, թե վաղը մենք ԵՄ անդամ ենք դառնալու, ասացի՝ գնացեք, ՀՀ բնակչությանը բացատրեք, որ Հայաստանը չի կարող ԵՄ անդամ դառնալ, և, որ եթե վաղը հայ ժողովուրդը հիասթափվեց Եվրոպայից, մեղավորն իրենք են լինելու:
- Երբ 2017թ. ստորագրվեց հրաշալի CEPA-ի համաձայնագիրը Սերժ Սարգսյանի օրոք, մեր գրասենյակի տնօրինուհի Հեղինե Էվինյանը պարբերաբար հանդիպում էր Հայաստանի փոխարտգործանախարի հետ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, մեր գիտելիքների ու կարողությունների սահմաններում օգտակար եղանք, քննարկումներ էինք անում՝ մեր եվրոպական հայացքի տեսանկյունից ներկայացնելով՝ ինչը պետք է անել ու ինչպես: Հիմա մեզ ասում են ռուսամետ: Մենք կողմ էինք Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը և հիմա էլ կողմ ենք: Իհարկե, ուզում ենք, որ Հայաստանն ինտեգրվի Եվրոպային, բայց չպիտի մոռանանք՝ մենք որտեղ ենք ապրում ու ինչքան են մեր տնտեսությունն ու ենթակառույցները կախված Ռուսաստանից:
- Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ իշխանությունների կողմից օրակարգից հանելու մասին. զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում Ցեղասպանություն, ինչ է նշանակում ցեղասպանի կողմից իր կատարած ոճիրն ընդունելը և դրա համար հատուցելը…
- Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես Թուրքիայի օգնությամբ ջիհադիստները մտան Արցախ, ինչպես, ի վերջո, Արցախը հայաթափվեց… Քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր կատարած ոճիրը, քանի դեռ չենք հասկացել, որ Թուրքիան իր նպատակներից ու ծավալապաշտական նկրտումներից չի հրաժարվել, ոչնչի չենք հասնելու: Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, բայց դա չպետք է լինի պարտադրանքի լեզվով:
- Ըստ Եվրամիության կանոնադրության՝ անկարելի է, որ որևէ երկիր դառնա ԵՄ անդամ, քանի դեռ չի համապատասխանել այն 32 կետերի պահանջներին, որը ԵՄ անդամ դառնալու համար պետք է կատարեն պետությունները: Վրաստանի պարագայում վիզայի ազատականացումը թույլատրեցին, բայց դա հետո հարցեր առաջացրեց եվրոպացիների մոտ: Հիմա էլ Վրաստանն այլ ուղի է բռնել: Բայց եթե անգամ Վրաստանը շարունակեր ընթանալ նույն ճանապարհով, միևնույն է, Վրաստանը վաղը չէր դառնալու ԵՄ անդամ: Տարիներ են պետք դրա համար: Մեկ երկրի համար է բացառություն եղել՝ Հունաստանը շատ արագ դարձավ ԵՄ անդամ: Հունաստանը նոր էր դուրս եկել դիկտատուրայի տիրապետության տակից, ու ԵՄ-ի համար կարևոր էր Հունաստանի անդամակցությունը: Բայց եկեք չհամեմատենք Հունաստանի ու Հայաստանի կարևորությունը Եվրոպայի համար: Դրանք նույնը չեն:
- Ի՜նչ բարենորոգում… Ես եվրոպացի պաշտոնյաներին ասում եմ՝ դուք տեսե՞լ եք՝ ինչ վիճակում է դատաիրավական համակարգը Հայաստանում: Հայաստանի վարչապետը սպառնում է ընդդիմադիրներին ԱԺ-ում, հետո գլխավոր դատախազը մտնում է ԱԺ, տվյալ անձին զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից… Սա՞ է ժողովրդավարությունը: Ասում եմ՝ եթե դուք Հայաստանի վարչապետին հակառուս եք դիտարկում, ո՞նց է նա գնում Պուտինի մոտ, հետո դիմում Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու մասին, կազմակերպություն, որտեղ Ռուսաստանը և Չինաստանն են առանցքային երկրները, հետո նորից պատրաստվում են գնալ Մոսկվա… Հակասություն է առաջանում…
Հիշեցնենք. Հայաստանը պաշտոնապես դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ լիիրավ անդամակցություն ստանալու համար։ Այս մասին 2025 թվականի հուլիսին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կազմակերպությանն անդամակցելու հայտը տեղավորվում է Հայաստանի որդեգրած բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։
Մինչ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելը, Հայաստանը 2016 թվականից ՇՀԿ-ում ունեցել է «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ։ Թեև Ռուսաստանը ՇՀԿ հիմնադիր և առանցքային անդամներից է, կազմակերպությունում առաջնային և ազդեցիկ դերակատարում ունի նաև Չինաստանը։ Բացի այդ, ՇՀԿ-ին անդամակցում են այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի երկրները։ ՇՀԿ-ում որոշումներն ընդունվում են բացառապես կոնսենսուսով: Հայաստանի և Ադրբեջանի (որը նույնպես դիմել է) անդամակցության հայտերը դեռևս գտնվում են քննարկման փուլում, քանի որ որոշ անդամ երկրների կողմից եղել են վերապահումներ։
- Դժբախտությունն այն էր, որ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Շառլ Միշելն էր: Երբ նա Բելգիայի վարչապետն էր, և իր թրքամետ արտգործնախարարը Խորհրդարանում հրաժարվել էր հայերի հանդեպ թուրքերի կատարած ոճիրը Ցեղասպանություն անվանել: Իհարկե, հաջորդ շաբաթ Շառլ Միշելը նույն Խորհրդարանում ասաց՝ իմ և իմ կառավարության համար կատարվածը Ցեղասպանություն է, ինչի համար մենք շնորհակալ էինք նրան: Բայց նա մեծ սխալ գործեց, որ հավատաց, թե հնարավոր է արցախցիների ինտեգրումն Ադրբեջանի կազմում: Մենք նրա խորհրդատուներին բացատրում էինք, որ Արցախի ինտեգրումն Ադրբեջանի կազմում նշանակում է կամ հայաթափում, կամ կոտորած: Չգիտեմ՝ դիտավորությա՞մբ, թե՞ ոչ, բայց նա չհավատաց: 2023թ. Արցախի հայաթափումից հետո մենք նամակ գրեցինք Շառլ Միշելին, ասացինք, որ արցախցիների էթնիկ զտման համար ինքն Ալիևի հետ հավասարապես պատասխանատու է, և, որ նրան պատասխանատվության ենք կանչելու դրա համար, իսկ էթնիկ զտման հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:
- Մենք պահանջատեր ենք 2017թ. ստորագրված CEPA-ի համաձայնագրի պահանջներին:
Հիշեցնենք. 2017թ. նոյեմբերի 24-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը:
- Բելգիայի կառավարության ծրագրի մեջ կա Հարավային Կովկասին վերաբերող գլուխ: Ստանդարտ ձևակերպումներն ավարտվում են հետևյալ նախադասությամբ՝ Բելգիայի կառավարությունը պետք է աշխատի Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման համար: Սա CEPA-ի փաստաթղթի ու մեր միջազգային կապերի արդյունքն է: Չպետք է մոռանալ, որ Բելգիան շատ վատ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Ադրբեջանը նաև վատ հարաբերություններ ունի Եվրոպական խորհրդարանի հետ: Ի դեպ, միակ ճիշտ աշխատող եվրոպական կառույցն է: Միևնույն ժամանակ Եվրոպայի գործադիր մարմինը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, շատ հարգված չէ Եվրոպայում, COVID-ի հետ կապված նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ կան… Նաև Եվրոպայում շատ լուրջ հարցեր կան Կայա Կալասի հանդեպ: Ես՝ իբրև եվրոպացի քաղաքացի, փաստում եմ՝ Եվրոպան այսօր շատ լուրջ պրոբլեմներ ունի, եվրոպական քաղաքականությունը նույնպես խնդրահարույց է:
Հիշեցնենք. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարած կառույցը և պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը գտնվում են լուրջ իրավական և քաղաքական սկանդալի կենտրոնում, որը հայտնի է «Pfizergate» անունով։ Խնդիրը վերաբերում է 2021 թվականին COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի բազմամիլիարդանոց պայմանագրի կնքմանը։ Ֆոն դեր Լայենը մեղադրվում է Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ անձնական SMS նամակագրությամբ բանակցություններ վարելու և հետագայում այդ նամակները հանրությունից թաքցնելու մեջ։ Եվրամիության Ընդհանուր դատարանը (EU General Court) պաշտոնապես վճռել է, որ Եվրահանձնաժողովը խախտել է թափանցիկության կանոնները՝ հրաժարվելով լրագրողներին և հանրությանը տրամադրել այդ նամակները։. Եվրոպական խորհրդարանի ձախակողմյան և ընդդիմադիր որոշ խմբեր (օրինակ՝ The Left խումբը) հայտարարում են, որ պայմանագրերի կնքման գաղտնիությունն ու անձնական նամակագրության թաքցնելը հավասարազոր են բարձր մակարդակի կոռուպցիայի։ Անհատ ակտիվիստների կողմից նման հայցեր էլ են ներկայացվել, սակայն դրանք դատարանների կողմից մերժվել են։
- Ուրսուլա ֆոն դեր Լայենը միջակ քաղաքական գործիչ էր, Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարարն էր (2013–2019 թթ.): Տարատեսակ սակարկություններով հասան նրան, որ Մերկելի առաջարկով նա դարձավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ:
Ջոզեֆ Բորելը լավ քաղաքական գործիչ էր, բայց առաջացած տարիքի պատճառով նա ճիշտ չէր արձագանքում տարատեսակ հարցերին: Ֆոն դեր Լայենի ու Շառլ Միշելի միջև լուրջ պայքար էր ընթանում, ինչպես հիմա լուրջ հակամարտություն կա Ֆոն դեր Լայենի և Կայա Կալասի միջև: Ֆոն դեր Լայենն իր շահերն է առաջ տանում, տուժում է եվրոպացի ժողովուրդը:
- Ես չեմ հավատում, որ եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք լինի, Եվրոպան պիտի գա օգնության: ԵՄ-ն բանակ չունի, չկա կառույց, որը կզբաղվի անվտանգային հարցերով: Տեսե՛ք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում… Ուկրաինացիներն են զոհվում: Մենք չպետք է ունենանք այն խաբկանքը, որ որև մեկը մեր սև աչքերի համար մեզ պետք է պաշտպանի: Տեսանք՝ ռուս խաղաղապահներն իրենց ինչպես պահեցին Արցախում: Մենք պետք է զորանանք, զորացնենք մեր բանակը, մեր ներքին կյանքը ոչ թե պետք է պառակտենք, այլ միավորենք: Եթե մենք մեզ չօգնենք, որևէ մեկը մեզ չի օգնելու:
- Չպետք է ինքներս մեզ խաբենք… այս տարի Բելգիայում հայկական ծիրան հայտնվեց 14 եվրո գնով: Հայկական ծիրանն ինչպե՞ս պիտի վաճառվի Բելգիայում, եթե բելգիացին գիտի, որ իսպանական ծիրանը կարող է գնել 3-4 եվրոյով:
- Ընտրություններից առաջ Փաշինյանն ասում էր՝ եթե մենք չընտրվենք, պատերազմ կսկսվի: Բայց ո՞ւմ օրոք եղան պատերազմները, և ո՞ւմ օրոք մենք կորցրեցինք Արցախը… Փաշինյանի և ՔՊ-ի:
- Երբ ժողովրդիդ կեսից ավելին քեզ մերժում է, դու պետք է հետևություններ անես: Դու այս երկրում ատելություն ես սերմանել: Եվրոպա ես ուզում գնաս, Եվրոպայի սկզբունքն այն է, որ եվրոպական երկրներում ուժեղ ընդդիմություն պետք է լինի, որ հակակշռեն միմյանց, վերահսկողություն լինի իշխանության գործողություններին: Դու ընդդիմադիրներին չեզոքացնելո՞վ ես ուզում գնաս ԵՄ:
- Ադրբեջանը Հայաստանի կեսն Արևմտյան Ադրբեջան է անվանում, պետական հովանավորությամբ խորհրդաժողովներ են անում այդ հարցով Եվրոպայում, այլ երկրներում, ու նրանց հետ խաղաղությա՞ն ես գնում: Ադրբեջանցի զինվորը 4 օր Հայաստանում է, հանցանք է գործում, քո ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղված: Խաղաղությունն ասելով չէ: Երբ երկրիդ ինքնիշխան տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, ադրբեջանցի զինվորը քո տարածքներում է կանգնած, ի՜նչ խաղաղություն: Մեզ պարտադրում են Սահմանադրություն փոխել, իսկ դու չես ասում՝ դու էլ քոնը փոխի՛ր, որովհետև քո Սահմանադրությամբ Հայաստանի 60%-ից ավելին ադրբեջանական է համարվում:
- Ես չեմ հավատում, որ Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ փոխվել է: Էրդողանի փափուկ խոսքերին մի նայեք, նա հիմա նպատակ ունի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին դարձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Դրա համար է հիմա այլ կերպարով ներկայանում, բայց Թուրքիան երբեք իր ծրագրերից չի հրաժարվում: Երբ Բախչելին ասում է՝ մենք պետք է իրագործենք մեր պանթուրանական՝ Մեծ Թուրանի ծրագիրը, պետք է հասկանանք, որ դա իրագործելու համար արանքում մենք ենք՝ Հայաստանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) ամիսներ առաջ զանգահարել էին այս նույն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից։ Վովանը և Լեքսուսը պրանկ-զրույցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուից խոստում էին կորզել. Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն էր արել, թե պատրաստ է օգնել Փաշինյանին՝ գահընկեց անելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել էր, թե դրա համար կանի ամեն հնարավորը։
«Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում»,- Փաշինյանի անունից ասել էին զանգահարող պրանկերները։
Ի պատասխան՝ Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով, միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարո՞ղ է դա անել, կարո՞ղ է փոխել կաթողիկոսին։ «Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը»,- ասել էր պրանկերը։
«Լավ, ես ամեն ինչ կանեմ»,- խոստացել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Նա մտածել է, թե զրուցում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
- Մեր եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանության ամենակարևոր ազդակն է դարերով: Այսօր էլ Սփյուռքում Հայ եկեղեցին նույն դերակատարությունն ունի: Կաթողիկոսի և եկեղեցու դեմ պայքարը սկսվեց այն ժամանակ, երբ նա Շվեյցարիայում խոսեց Արցախի մասին: Կարծում եմ՝ եկեղեցու նկատմամբ հարձակումները պայմանավորված են նրանով, որ իշխանությունը չի ուզում ունենալ որևէ կառույց, որն իրեն կընդդիմանա: Տեսե՛ք՝ ինչպես են հարձակվում Հայ հեղափոխական դաշնակցության վրա, Արման Եղոյանը խենթի պես ինչպես էր գոռում Ազգային ժողովում, լսողը կասի՝ խենթացա՞վ, ի՞նչ եղավ նրան… Կար ժամանակ, որ հետևիցս «ընկեր Գասպար, ընկեր Գասպար» ասելով՝ նույն Արման Եղոյանը պտտվում էր շուրջս, Արարատ Միրզոյանը հանձնարարություններ էր տալիս իր գործընկերներին՝ բոլոր հարցերում լսել ընկեր Գասպարին… Հիմա ի՞նչ եղավ, խե՞նթ են, մոռացա՞ն…
- Անդադար հանձնելով՝ խաղաղություն չե՛ս վաստակում: Եկեղեցին ու Սփյուռքը պառակտելը հայ ժողովրդի համար ամենամեծ վտանգն են: Սփյուռքն այսօր ոտքի է կանգնել: Ցանկացած հակազդեցություն պատրաստ ենք ցույց տալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/168-%d5%ad%d5%a5%d5%b6%d5%a9%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%a4%d5%b8%d6%82-%d5%a7%d5%bd%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a5%d5%bd-%d5%b8%d6%82/