168: Բուժվե՛ք սերժացավից… Մինչև 2018-ն Ադրբեջանը 1-ին՝ 10 պատասխան էր ստանում

Հոկտեմբեր 1, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մասին. Եվրոպական քաղաքական ինստիտուտների հրապարակային մոտեցումները հետևյալն են՝ այո՛, ընտրությունների ժամանակ առկա են խախտումներ, տեղի են ունեցել ձայնագողություն, կեղծիք, մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, բայց Փաշինյանին պետք է օգնել, որովհետև նա մեր շահերն է առաջ մղում: Կրկնում եմ՝ աշխարհաքաղաքական առումով օգնել Փաշինյանին, ոչ թե Հայաստանին, որովհետև միակ ապրանքը, որը Փաշինյանը վաճառում է Արևմուտքում, հակառուսականությունն է: Այդ ապրանքը պատրաստ են գնել, բայց ոչ թե Հայաստանին օգնելու, այլ Փաշինյանին օգնելու նպատակով:
  • ԵԽԽՎ այդ զեկույցը պատրաստվել է շվեյցարացի համազեկուցողի կողմից: Հունիսի 7-ի ընտրություններից 2 օր առաջ ԱԺ-ում մենք էլ ենք իր հետ հանդիպել, և իմ մի քանի դիտարկումներ տեղ են գտել այդ զեկույցում: Զեկույցում նշված է, որ շուրջ 6000 արցախցի զրկվել է ընտրելու իրավունքից, որի մասին մենք ասել էինք: Վստահաբար իշխանությունների կողմից արցախցիներին ընտրելու իրավունքից զրկելու համար տեխնիկական խնդիրներ հատուկ են ստեղծվել, որովհետև արցախցիների ձայներն ում ասես, կգնային, բայց ոչ Փաշինյանին: 

Զեկույցում նաև անդրադարձ կա հակասահմանադրական այն օրենքին, որով ՀՀ քաղաքացուն զրկում են ընտրելու իրավունքից: Ես սպասում եմ մոնիթորինգային զեկույցին, տեսնեմ՝ եվրոպացիները սրա՞ն ինչ են ասում: 

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան
  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել

Հաջորդը. զեկույցում շատ հպանցիկ նշվում է, որ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքներին գործի է դրվել ադմինիստրատիվ և բիզնես ներուժը: ԵԽԽՎ այս զեկույցում հստակ նշված է, որ քաղաքացիների համար կազմակերպված տարատեսակ միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են իշխանամերձ բիզնեսի կողմից և նախընտրական ծախսերի մեջ ներառված չեն, օգնել են Փաշինյանին վերընտրվել: Ժամանակին մեր իշխանությանն էլ է առաջարկվել ամփոփիչ միջոցառման ժամանակ դրոն-շոու օգտագործել, բայց թիվն այնքան մեծ էր, որ մենք հրաժարվեցինք: ՔՊ-ն նման դրոն-շոու արեց 5-6 անգամ, և ուրեմն պատկերացրեք՝ որքան գումարներ են ծախսվել:

Նշենք, որ Լուսային դրոն-շոուի արժեքը լայնամասշտաբ պետական կամ կորպորատիվ հանրահավաքների դեպքում կարող է գերազանցել 250,000 ԱՄՆ դոլարը։ Գինը հիմնականում հաշվարկվում է ըստ օգտագործվող դրոնների քանակի (մոտավորապես 150-300 ԱՄՆ դոլար՝ մեկ դրոնի համար)։ Հիշեցնենք. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը ՍԴ ներկայացված դիմումում պնդել էր, որ 2026-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ կառավարությունը պետական միջոցներով իրականացրել է ընտրողների ուղղակի ֆինանսական մոբիլիզացիա։ «Հայաստան» դաշինքի դիմումում անվճար համերգները, որոնք կազմակերպվել էին ՔՊ-ի կողմից, օբյեկտիվորեն ներկայացվում էին՝ որպես թաքնված քարոզչություն։ Մայիսի 28-ին կազմակերպված զորահանդեսը ևս օգտագործվել է իշխող ուժի քաղաքական օրակարգը սպասարկելու համար: Փաշինյանն ինքն էր ասել, որ  զորահանդեսը չնախատեսված էր։

Դիմումում նաև անդրադարձ կար Կապանում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Արտաշատում, Աբովյանում և Երևանում անցկացված դրոնների շոուներին, դրանց շուկայական արժեքին և ՔՊ-ի հայտարարագրած ծախսերին․ «Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 700-2000 դրոններով մեկ շոուի արժեքը տատանվում է 100,000-250,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ ՔՊ-ի քարոզարշավի նույն խորհրդանիշներով և կարգախոսներով դրոն-շոու առաջին անգամ անցկացվել է 2026-ի Ամանորի գիշերը, որտեղ կիրառվել են 2000-ից ավելի դրոններ։ Այլ կերպ ասած՝ չի կարող 9 քաղաքներում անցկացված մեծ հանրահավաքների ծախսը, ներառյալ՝ լուսաձայնային տեխնիկան, բեմերի կոնստրուկցիաների հավաքման և լոգիստիկ ծախսերը, դրոնների շոուն՝ շրջիկ պիկապների հետ միասին, արժենալ 214 միլիոն դրամ»։  

  • Հատուկ կետով ԵԽԽՎ զեկույցում նշվում են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ենթադրյալ կաշառքի մասին ձայնագրությունները, ասվել է, որ դրանք նպաստել են, որ Փաշինյանն ընտրվի: ԵԽԽՎ զեկույցում առանձին կետով խոսվում է ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած խայտառակության մասին: Նման բան տոտալիտար երկրներում է տեղի ունենում՝ ԿԸՀ-ն որոշում է, որ 60 000 մարդու ձայն առոչինչ է ճանաչվում:

Զեկույցում նշվել է  նաև, որ իրենց այցելած ընտրատեղամասերի գրեթե կեսում՝ 44%-ում, տարբեր տեսակի ընտրախախտումներ են եղել: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ նման խախտումների դեպքում վիճարկվում էր տվյալ երկրի ողջ պատվիրակության մանդատները: Մեր դեպքում ասում են՝ ընտրության արդյունքներն ընդունում ենք, բայց օրենքը փոխեք, որ խնդրահարույց դեպքերում որոշողը ԿԸՀ-ն չլինի: Առանձին կետով նշվում է, որ ընտրովի արդարադատության վերջը պետք է տրվի. բնականաբար, խուսափել են «քաղբանտարկյալ» ձևակերպումից:

  • Տեղի է ունենում հետևյալը՝ Փաշինյանը բոլոր հնարավոր ձևերով համը հանել է, ու այնքան է համը հանել, որ եվրոպական կառույցներն իրենց դեմքը փրկելու համար սկսել են այսպիսի ձևակերպումներ անել:
  • Ես չեմ ուզում անդրադառնալ ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանի անամոթ պահվածքին, երբ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ՝ սուտ ու կեղծիք հնչեցնելով Կաթողիկոսի հասցեին: Ուզում եմ խոսել բրիտանացի պատգամավորի հակադարձման մասին: Կապ չունի՝ ինքը մինչ այդ ինչ հայտարարություններ է արել, այս ելույթը լավն էր, և իմ տեղեկություններով՝ այդտեղ լուրջ լոբբիստական աշխատանք էր կատարվել: Արձանագրենք, որ բրիտանացի պատգամավորը խոսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին: Գնալով նման ելույթներն ավելանալու են, որովհետև, կրկնում եմ, Փաշինյանը համը հանել է:
  • Փաշինյանի արտաքին քաղաքականությունն էժանագին չարչիություն է: Ուր գնում է, մյուսից բողոքում է. գնում է Եվրոպա՝ բողոքում է Ռուսաստանից, գնում է Ռուսաստան՝ բողոքում է Արևմուտքից… Եվրոպացիները շատ լավ գիտեն՝ ում հետ գործ ունեն, գիտեն նրա գինը, գիտեն, որ բոլորին խաբում է:

  • Շուտով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը բացարձակ ռեկորդակիր կլինի անազատության մեջ անցկացրած օրերի քանակով: 2018թ. շերեփներով կաթսաներին խփող, դըմփ-դըմփ-հու անող մեր քաղաքացիները լուրջ հավատում էին, որ մեր երկրի ամենակոռումպացված մարդն Արմեն Աշոտյա՞նն է:
  • Երբ իրար հետ մենամարտում են երկու ռնգեղջյուրներ կամ փղեր, դու չես կարող ասել՝ նրանցից որ մեկը կհաղթի, բայց այն տեղը, ուր նրանք կռվելու են, հաստատ կավերվի: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանն այդ ոտքի տակի խոտը չդառնա: 
  • 2021թ. համեմատությամբ 2026թ. ԵԽԽՎ զեկույցը մեկ տոն բարձր է դարձել, բայց դա ոչ մի նշանակություն չունի:
  • Եվրոպացի գործիչների ժամանակ եղել են անձնական զրույցներ, ովքեր ինձ ասել են՝ ես գիտեմ՝ ինչի եմ պաշտպանում Փաշինյանին, որովհետև կոնկրետ շահեր ունեմ, բա ձեզ մո՞տ ինչի են նրան պաշտպանում:
  • Ամերիկյան հեղինակավոր «Wall street journal»-ը մի հոդված հրապարակեց, որ TRIPP-ը Փաշինյանին վաճառելուց որպես հավելյալ բոնուս՝ տվել են արհեստական բանականության չիպերի օգտագործման իրավունք: Առաջին հայացքից թվում է՝ լավ բան է: Բայց սա նույնն է, որ քո տան սենյակներից մեկը հարևանդ գրավի, ու դու համաձայնես դրան, որ փոխարենը քեզ տան Chat GPT-ի 20 դոլարանոց վճարովի բաժանորդագրության կոդը: Այ սենց գործարք է տեղի ունեցել: Արհեստական բանականության գործարանները լավ բան են, բայց դրա դիմաց երկրիդ անվտանգությունը չեն տալիս: Դա ինքնասպանություն է:
  • Եվրոպայում էլ է այսօր քաղաքականության էժանացում տեղի ունենում:
  • Փաշինյանի՝ Արևմուտքի հետ շփման էվոլյուցիան եղել է «ես դեմոկրատ եմ, լեգիտիմ եմ» խոսույթը վաճառելու փորձ անելով, բայց նրան շատ արագ հասկացրել են՝ այս դռնից ով մտել է, ժողովրդավար է եղել:

Հիշեցնենք. 2018թ. գունավոր հեղափոխությունից հետո Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ հանդիպած Փաշինյանը վերջինիս հետ խոսել էր Հայաստանին «ավելի ու ավելի» աջակցելու մասին՝ նշելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, ինքն էլ ընտրվել է ամենաժողովրդավարական ճանապարհով։ «Այս դռնից ոչ ժողովրդավարներ երբեք չեն մտնում»,- պատասխանել էր Յունկերը՝ անպատասխան թողնելով Փաշինյանի խնդրանքը։ 

  • Երբ մեզ վտանգ սպառնա, մենք չենք կարողանալու Տուսկի նկարով պաշտպանվել, ասել՝ գիտե՞ք՝ Լեհաստանի վարչապետ Տուսկը Փաշինյանի հետ մեզ սրտիկ է ցույց տվել, կամ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել…
  • Այն երկրներն ու քաղաքական գործիչները, ովքեր կուշտ փորն են ընտրում՝ անվտանգության փոխարեն, վերջում ո՛չ կուշտ են լինում, ո՛չ անվտանգ: Ցավոք, Հայաստանն անցնում է այդ ամենի միջով:

  • Փաշինյանն անհույս է. ինքը պատրաստ է ամեն ինչ արդարացնել: Անգամ հլու-հնազանդ կամակատարները դա հասկանում են, ու տեսնում ենք՝ բաներ կան, որ արդեն հրաժարվում են անել:
  • Ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2018 թվականն օրենքը հետևյալն էր՝ մեկին՝ տասը: Եթե ադրբեջանցիների գործողությունների արդյունքում հայկական կողմին ինչ-որ վնաս էր լինում, պատասխանը տասնապատիկ ավելի պիտի լիներ: Հիմա ասում են՝ եթե մեզ վրա կրակեն, չենք պատասխանելու: Թող քաղաքացին որոշի՝ երբ էր ավելի անվտանգ:
  • Կարիք չկա բացատրել, որ եթե Ադրբեջանը զենք է առնում, այն էլ՝ հարձակողական, դա վատ է: Երբ Արման Թաթոյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամրաշինական կառույցներ է անում, առաջ է գալիս մեր տարածքներում, ով ասես՝ չհերքեց ՔՊ-ականներից, բայց ընտրություններից ընդամենը մեկ օր հետո իրենց իսկ ԳՇ պետ Ասրյանը հաստատեց՝ ասելով՝ ադրբեջանցի զինվորներն իրենց կարիքների համար են անում:
  • Փաշինյանը դարձել է ավելի անզգույշ և սկսել է իր պլանները բացահայտել: Ո՞ր մի խելագար դավաճանն է ասել, որ՝ իմ երկրի տարածքն օտարելու պրոցեսից ներվը պետք է հանած լինի: Ո՞վ չգիտի՝ երբ ատամի ներվը հանում են, կարճ ժամանակ անց այն ջարդվում, փշրվում է… կորցնում ես: Եթե 10 տարի առաջ մեկն ասեր՝ Արցախը մերը չի, չի էլ եղել, մեկը հաստատ կհարվածեր նրան: Փաշինյանի գործողությունների արդյունքում այդ ներվը դուրս է գալիս, բայց մենք այդ ներվով ենք կենդանի:

Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմակերպած Անկախության 35-ամյակի միջոցառումներն այս տարի արժեցել են 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար 500 դրամ կամ շուրջ 3 միլիոն 650 հազար դոլար։ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։ Ընկերությունը, որին տրամադրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումարը, հաճախ է մասնակցում պետական գնումների ընթացակարգերին։ ՍՊԸ-ն պատկանում է Վազգեն Պողոսյանին և նրա կնոջը՝ Մարինե Ստեփանյանին, հիմնադրվել է 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո։ Այս ընկերության մատուցած ծառայություններից հիմնականում օգտվում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությունը, Հանրային հեռուստաընկերությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրոնների շոուի համար ՀՀ քաղաքացիների գրպանից հատկացվել է 51 միլիոն դրամ։ Թաթա Սիմոնյանին ելույթի համար հատկացվելու է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան  13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ դարձյալ ավելի քան 13 մլն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ,Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավար Խորեն Լևոնյանին հատկացվելու է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ։

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, իբրև թե 2013թ. Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Անխախության տոնին Նունե Եսայանի մենահամերգի համար տրվել էր 54.6 միլիոն դրամ: 

  • Ես կարդացել եմ էդ հրապարակումը, եկեք 2 մասով մոտենանք այդ հրապարակմանը։ Առաջինը՝ փաստակա՛ն ներկայացնեմ իրականությունը։ Սիրելի՛ քաղաքացիներ, 2013 թվականի Անկախության օրվան նվիրված ամբողջ տոնակատարության կազմակերպման համար՝ ամբողջ լույսից մինչև բեմ, զարդարանք, բրենդինգ, ամեն ինչը, եղել է 54 միլիոն 600 հազար դրամ, կրկնում եմ՝ ամբողջ ծախսը, ոչ թե տիկին Եսայանի հոնորարը, որին ես շատ սիրում եմ: Ինչն ինչի հետ են համեմատում՝ միլիոնը միլիարդի հետ… Ինձ համար անընկալելի է՝ ինչպես են միլիոնը համեմատում միլիարդի հետ։ 

Անդրադառնամ այդ հրապարակման 2-րդ մասին։ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կան մարդիկ, ովքեր սերժացավ ունեն: Դա այն մարդիկ են, ովքեր 2018թ. ասում էին՝ լավ է, Փաշինյանին օգնենք, թող գա իշխանության, հետո ձեռքից իշխանությունը կվերցնենք, միայն թե հիմա Սերժ Սարգսյանին հեռացնենք: Էդ են մարդիկ էին, ովքեր իրենց աշխատողներին ու բարեկամներին հորդորում էին 2018թ. փողոց դուրս գալ… Մարդիկ, ովքեր էդ ժամանակ եղել են Հրապարակում, մարդկանց, ովքեր անցել են 2018-ի դժոխքի միջով, մեղադրում են Փաշինյանին բերելու մեջ:

  • Մարդիկ, ովքեր սեփական շահերը սպասարկելու համար սատանայի հետ գործարքի գնացին, վաղ թե ուշ պատասխան կտան: Իսկ հասկանալու համար՝ ինչպես տեղի ունեցավ 2018թ., Արմեն Գրիգորյանի գիրքը կարդալ պետք չէ, կարդացե՛ք ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկու գիրքը, ով պատմում է այդ թվում նաև՝ 2018-ի մեջ իր դերակատարության մասին: Դա այն մարդն է, ով չէր հրապարակել, թաքցրել էր Եվրամիության կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը:

  • Այս 8 տարիների ընթացքում երբևէ չի եղել դեպք, երբ պայքարի խոչընդոտ լինի Հանրապետականը, որ միասնականությունը խախտի ՀՀԿ-ն, անգամ, երբ համաձայն չի եղել այս կամ այն ֆորմատի հետ: Երբ Բագրատ սրբազանն իր առաջին քաղաքական հավաքն արեց, ես նույն սեղանին էի նստած Արթուր Վարդանյանի հետ, ով Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ էր կազմակերպել, նստած էի «Սասնա ծռերի» հետ, ովքեր Հայաստանում տեռոր էին իրականացրել, ոստիկանների էին սպանել… Բայց եթե Բագրատ սրբազանը որոշել էր… հավաք նախաձեռնողը մենք չէինք, և ես եկել եմ, նստել եմ, լսել եմ բոլորի ասածներն էլ, չեմ խախտել ոչ մի պայմանավորվածություն: Եվ նույնիսկ այդ ժամանակ էլ եղել են դեպքեր, երբ Բագրատ սրբազանի ընտրած մարտավարության հետ կապված՝ Հանրապետականն ունեցել է իր դիրքորոշումը, առաջարկել այս, այս, այս բաները, սակայն մեծամասնությունն այլ ճանապարհն է ընտրել, և մենք, այո՛, նվիրումով, ամենավտանգավոր տեղերում, ակտիվիստից մինչև պատգամավոր պայքարել ենք… Ակտիվ մասնակցել ենք խաղաղ ակցիաների, որի նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, նռնակներ և այլն, և այլն, և այդ ամբողջ ընթացքում կանգնած ենք եղել այնտեղ, որտեղ որ պիտի կանգնած լինեինք… Դրա համար ասում եմ՝ բուժվե՛ք սերժացավից, եթե մեզ չեք օգնում, գոնե մի խանգարեք: Դա վատ հիվանդություն է, որն ախտահարում է ուղեղը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/168-%d5%a2%d5%b8%d6%82%d5%aa%d5%be%d5%a5%d5%9b%d6%84-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa%d5%a1%d6%81%d5%a1%d5%be%d5%ab%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2018-%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5/

Leave a Reply