Հոկտեմբեր 1, 2026
Քիչ առաջ Ազգային անվտնագության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։
«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ադրբեջանցի զինվորին գյուղում են բռնել, վնասազերծել են, և այժմ գյուղում իրավիճակն արդեն լարված չէ։
«Ամեն ինչ լավ է, պետք չէ անհանգստանալ, փառք ու պատիվ մեր ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին, ապրեն, որ ժամանակին արձագանքել են։ Ես մեր գյուղի սանիտարական գործերով էի զբաղված, տեսա, որ իրարանցում է։ Հավաքվեցինք, պատմեցին, որ ինչ-որ մեկը գյուղ է մտել, գյուղում կնոջ է վիրավորել, ով 3 երեխաների մայր է։ Այս պահին կնոջ վիճակը լավ է, նա հիվանդանոցում է։ Կինը կրունկի հատվածում է մի փոքր վիրավորվել, չեմ կարող ասել՝ վիրավորումն ինչով է հասցվել
Մենք արյան հետքերով ենք գտել այդ տղային. արյան հետքերով պատկան մարմինների հետ գնացինք, այդ տան հարակից տներից մեկի տարածքում էր, հավանաբար հավանոց էր, այնտեղ թաքնված էր։ Մեր իրավապահներն անմիջապես վնասազերծեցին ու տարան։
Չեմ կարող ասել՝ նա կնոջն իր մոտի զենքո՞վ է վնասել, թե՞ այլ բանով, բայց նրա մոտ զենք կար, սակայն զենքի կրակոց գյուղում որևէ մեկը չի լսել։
Սկզբից մինչև վերջ այնտեղ եմ եղել, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել»,- ընդգծեց Ռուբեն Մանուչարյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Karabekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7%d6%80-%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1/