Սեպտեմբեր 29, 2026
Սեպտեմբերի 18-ին գրել ենք, որ Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունն ավարտել է Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, այսինքն, ըստ էության, այն թուրքական կողմի մշակած սցենարով է:
Եվ զորավարժության համատեքստում արդեն սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ավիացիոն տեխնիկան Կարսի կայազորից տեղափոխվել է Ադրբեջան՝ «Ղզըլղայա» և «Ղարաբաղլար» զորավարժարաններ:
Նշենք, որ «Ղզըլղայա» ուսումնական կենտրոնն օկուպացված Արցախի տարածքում է (Մարտունու շրջան), որտեղ ավելի ուշ տեղի է ունեցել ռազմական միջոցառման բացման արարողությունը, իսկ «Ղարաբաղլար»-ը Նախիջևանում է, որտեղ անցած տարի Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները և Թուրքիայի 9-րդ Կոմանդոսային բրիգադը ևս զորավարժություններ են անցկացրել լեռնային պայմաններում:
«Միության ուժը-2026» եռակողմ զորավարժության ակտիվ փուլը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Այն ընթանում է 3 փուլով` Նախիջևանում, օկուպացված Արցախի տարածքում, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում, խաղարկվում են տարբեր սցենարներ, կիրառվել են հրետանային միջոցներ, ավիացիա և այլն:
Մասնավորապես, զորավարժությունների ընթացքում մասնակից անձնակազմը կատարել է խնդիրներ՝ կապված կրակային աջակցությամբ հարձակման և զրահատեխնիկայի կիրառմամբ տարբեր տեսակի տեղանքներում մարտական գործողությունների իրականացման հետ։ Բացի այս, խաղարկվել են պայմանական հակառակորդի օդային թիրախներին, ռադիոլոկացիոն կայաններին, զենիթահրթիռային համակարգերին և ռազմական տեխնիկային հարվածներ հասցնելու դրվագներ, նաև՝ պայմանական ահաբեկիչների ցամաքային դիրքերը ոչնչացնելու։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին զորավարժությունների ընթացքին հետևել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, երկրի պաշտպանական գերատեսչության հրապարակած կադրերում երևում է նաև Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար Քադիր Չելիքը, ով, նախքան այս պաշտոնին նշանակվելը, ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարության դեպարտամենտը և պատասխանատու է եղել ռազմավարական պլանավորման, ուժերի զարգացման և անվտանգային հայեցակարգերի համակարգման համար:
Իսկ Կարսում տեղակայված Թուրքիայի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը, ըստ էության, Հայաստանի ուղղության համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեցող ռազմական ստորաբաժանումներից է։
Եղել է ժամանակ, երբ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում ՀՀ ՊՆ տեսչական խումբն այցելել է նաև այս բրիգադը, կատարել աշխարհագրական կոորդինատների և սխեմաների ճշգրտումներ, ստուգել պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկել թուրքական ստորաբաժանումների, այդ թվում՝ 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Հիմա՝ այս պահի դրությամբ, Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժությունների ժամանակ կիրառված սպառազինությունից ի՞նչ է հայտնի:
Զորավարժություններին առնչվող Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի կադրերից մասնագետները ենթադրել են, որ կիրառվել է Ադրբեջանի զինանոցում առկա իսրայելական արտադրության SkyStriker Block 4 թափառող զինամթերքը՝ PULS հարթակից:
Տեղեկացնենք, որ SkyStriker Block 4 համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ։ SkyStriker Block-4-ն իսրայելական արտադրության անօդաչու թափառող զինամթերքի (loitering munition) արդիականացված տարբերակն է, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։
Այս ֆոնին ուշագրավ է նաև, որ «Միության ուժը-2026»-ը զորավարժություններին Ադրբեջանն օդ է բարձրացրել Թուրքիայի աջակցությամբ արդիականացված Su-25ML գրոհիչ ինքնաթիռները, որոնք հագեցած են թուրքական ASELSAN ընկերության LGK-82 լազերային ուղղորդման համակարգով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական ընկերության միջև Սու-25 գրոհիչների արդիականացման պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հուլիսի 26-ին, և, որ Ադրբեջանը ստանալու է նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ:
Ավելին, գրել ենք, որ ադրբեջանական Սու-25 գրոհիչը զինված է թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով, թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է:
Մենք տեղեկացրել ենք նաև, որ նախքան «Միության ուժը-2026»-ը եռակողմ զորավարժությունները, ամռան ամիսներին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ակտիվ ուսումնական վարժանքներ են անցկացրել, թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։
Ըստ այդմ, հնարավոր է, որ «Միության ուժը-2026»-ի համատեքստում օդ են բարձրացվել նաև Պակիստանից Ադրբեջանի ձեռք բերած JF-17C կործանիչները:
Իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում անցկացվելու է ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որի ժամանակ առանձին տաղավարներ կունենա 14 երկիր՝ Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Իտալիան, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուզբեկստանը և Չեխիան։
«Միության ուժը-2026»-ում ցուցադրված կամ կիրառված համակարգերի մի մասը, ըստ էության, կապված է հենց այն երկրների ռազմարդյունաբերության հետ, որոնք ADEX-2026-ում ունեն ազգային տաղավարներ։
—