X
    Categories: News

Դիվանագիտական մանևրներ Կովկասում. Ադրբեջանն ակտիվանում է, Հայաստանը՝ պասիվանո

Սեպտեմբեր 29, 2026

Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան քաջ առողջություն, արևշատություն և հաջողություններ գործունեության մեջ: Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գոհունակությամբ հիշել են իրենց վերջին հանդիպումը Բիշքեկում և դրա շրջանակներում քննարկված հարցերը: Նշվել է, որ ներկայումս Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը գտնվում է Իրանում, որի ընթացքում քննարկումներ են անցկացվում երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Նշենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի շրջանակում կայացել է երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, որտեղ քննարկվել են առևտրատնտեսական, տրանսպորտային ու հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Աղբենդ-Կելալե ավտոճանապարհային կամրջի շահագործման հարցերը՝ կարևորելով նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

Իլհամ Ալիևի հեռախոսազանգն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ, առաջին հայացքից կարող է թվալ զուտ դիվանագիտական քայլ, սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից վկայում է Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների խորքային դինամիկայի մասին։

Այս շփումը ոչ միայն ցույց է տալիս Ալիևի ցանկությունը՝ հնարավորինս կարգավորել Իրանի հետ հարաբերությունները, այլև երկրների ղեկավարների անձնական մակարդակում հաստատել կառուցողական շփումներ, ինչը ծառայում է՝ որպես երկկողմ պետական օրակարգի առաջմղման հերթական հարթակ։

Կարդացեք նաև

  • Պուտինի հետ հանդիպումից առաջ ԵԽԽՎ-ից ապտակեցին, ասացին՝ խելո՛ք մնա, մենք ամեն ինչ գիտենք. Արթուր Մարտիրոսյան
  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով
  • Իրանը և ԱՄՆ-ը պատերազմում (իրավիճակի վերլուծության փորձ)

Հատկանշական է, որ զրույցի ընթացքում կողմերն առանձնահատուկ գոհունակությամբ են հիշել իրենց վերջին հանդիպումը Բիշքեկում։ Բիշքեկյան շփումը կարծես դարձել է այն հանգրվանը, որտեղ կողմերը կարողացել են առանց նախնական պայմանների քննարկել երկկողմ և տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսությանը վերաբերող ամենազգայուն հարցերը՝ նվազեցնելով անցյալի տարաձայնությունները։

Դիվանագիտական այս ակտիվությունը միայն բառերով չի սահմանափակվում, ինչի վառ ապացույցն է ներկայումս Իրանում գտնվող Ադրբեջանի կառավարական պատվիրակության այցը։ Ադրբեջանական պատվիրակության գտնվելը Թեհրանում վկայում է գործնական մակարդակում համագործակցության խորացման մասին, որն ընդգրկում է տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ լայն շրջանակի խնդիրներ՝ վերածվելով ինստիտուցիոնալ գործընկերության։

Այս իրողությունները դառնում են առավել ուշագրավ, երբ դրանք դիտարկվում են Հարավային Կովկասում տեղի ունեցող լայնածավալ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Մինչ Բաքուն և Թեհրանը փորձում են, հաղթահարելով անցյալի դժվարությունները, զարգացնել իրենց միջպետական կապերը, գտնել փոխշահավետ համագործակցության եզրեր և ակտիվացնել փոխայցելությունները, հայ-իրանական հարաբերություններում նկատվում է որոշակի սառնություն և շփումների ինտենսիվության նկատելի անկում։ Հայաստանի և Իրանի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունները վերջին շրջանում բախվում են նոր մարտահրավերների՝ պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի տատանումներով և Արևմուտքի հետ ակտիվացող երկխոսությամբ, ԹՐԻՓՓ պրոյեկտով։

Իսկ ադրբեջանա-իրանական մերձեցումը ռազմավարական լուրջ հաղթաթուղթ է Բաքվի ձեռքում, քանի որ այն թույլ է տալիս չեզոքացնել հնարավոր անվտանգային ռիսկերը և ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային նախագծերում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։ Միևնույն ժամանակ, Թեհրանի համար սա հնարավորություն է՝ փորձել վերականգնել իր ազդեցությունն Ադրբեջանում և ռեգիոնում՝ որպես ռեգիոնալ տերություն։

Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում շարունակում է ձևավորվել ուժերի նոր բալանս, որտեղ Ադրբեջանը հաջողությամբ օգտագործում է դիվանագիտական ճկունությունն Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը ևս շարունակում է մնալ առանցքային գործընկեր տարածաշրջանում, Բաքվին ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չի կաշկանդում զարգացնել շփումները, խորացնել տնտեսական կապերն Իրանի հետ։

Հայաստանի համար սա լուրջ ազդանշան է։ Առավել քան ակնհայտ է դառնում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների կտրուկ հակադրությունը Թեհրանի ուղղությամբ։ Մինչ Բաքուն, վարելով ճկուն բազմավեկտոր քաղաքականություն, որտեղ համատեղվում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն ու Իրանի հետ տնտեսական ու տրանսպորտային կապերի ինստիտուցիոնալ խորացումը, ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, Հայաստանն այս ուղղությամբ ցուցաբերում է անհանգստացնող դանդաղություն և զգալի պասիվություն։ Արևմուտքի հետ մերձեցման ու արտաքին քաղաքական վեկտորի տատանումների պայմաններում Երևանը ռիսկի է դիմում կորցնելու իր երբեմնի առանցքային ու արտոնյալ գործընկերային դիրքը Թեհրանի համար:

Չնայած օրերս Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, սակայն հանդիպումն, ըստ հաղորդագրությունների, կարծես չէր նշանավորվել որևէ էական առաջընթացով կամ պայմանավորվածությամբ։

—

Jhanna Virabian:
Related Post