Սեպտեմբեր 29, 2026
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման տեմպերն ահագնանում են, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են պասիվ արձագանքել այս լրջագույն մարտահրավերներին՝ դրանց անդրադառնալով միայն կողմնակի հարցադրումների դեպքում և խուսափելով ուղիղ հակադարձումներից:
Բաքվի նկրտումներն արդեն դուրս են գալիս Արցախի սահմաններից և թիրախավորում Հայաստանի տարածքը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Արցախյան գաստրոլներին հաջորդեց Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևայի հայտարարությունը, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի վերաբերյալ տվյալները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին՝ հայկական կողմին մեղադրելով «գողության» մեջ:
Զուգահեռաբար, Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի գործիք հանդիսացող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նոր աշխատանքային խումբ է ձևավորել: Դրա նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների աղավաղումն ու «ուսումնասիրության» պատրվակով դրանց նկատմամբ հավակնություններ ներկայացնելն է։
Ադրբեջանի այս ծավալապաշտական քաղաքականությանը և, մասնավորապես, Արցախյան մշակութային կորուստների ընդլայնվող քարտեզին «168 TV»-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ վերլուծելով ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու հայկական կողմի քաղաքական վարքագծի հետևանքները։
Հովիկ Ավանեսովի մի շարք արձանագրումներ՝ ստորև․
- Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի։ Բայց քանի որ կան որոշակի հնարավորություններ, որպեսզի միջազգային ճնշումներ, համապատասխան դիվանագիտական աշխատանք իրականացնելով՝ նվազեցվի այս ահագնացող վտանգը, պետք է իրականացվեն։
- Նախկինում՝ մինչ այս օգոստոսի 8-ի նախաստորագրված «խաղաղության» փաստաթղթերը, համապատասխան մարմինները (Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը՝ իր ենթակա մասնագիտացված ՊՈԱԿ-ներով, Արտաքին գործերի նախարարությունը) որոշակի դեպքերով ահազանգում էին և հատկապես՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում, երբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր թիրախավորվում, և այլն։
Այդ ժամանակ նրանք տալիս էին համապատասխան գնահատականներ, այդ ամենը՝ պաշտոնական խողովակներով, մեդիայով փոխանցվում էին միջազգային կազմակերպություններին, քննադատվում էր այդ քաղաքականությունը։ Բայց վերջին ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք ականատես ենք լինում կատարյալ լռության, կամ՝ եթե խոսում են, խոսում են այն ձևաչափով, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար։
- Վանդալիզմի բոլոր դեպքերը վառ ապացույց են, որ Ադրբեջանը մտադրություն չունի խաղաղության, և սա լավագույն խաղաքարտը կարող է լինել Հայաստանի իշխանությունների ձեռքին՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ սա է Ադրբեջանի դիմագիծը։
- Եթե չլիներ Մայր Աթոռի, Կիլիկիո կաթողիկոսության, հասարակական տարբեր նախաձեռնությունների, անկախ ակադեմիական հարթակների և Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը, մենք տեղեկատվական դաշտում ավելի վակուումային իրավիճակում կարող էինք հայտնվել։
Մանրամասները՝ տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Mary Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/29/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%a4%d6%80%d5%a1-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%a8-%d5%b9%d5%a1%d5%bc%d5%b6%d5%be%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd/