Սեպտեմբեր 28, 2026
Երեկ սեպտեմբերի 27-ն էր՝ կիրակի, այնպես ինչպես 6 տարի առաջ: «Եռաբլուրը» մարդաշատ էր, իհարկե, ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չէր այցելել, բայց շարքային մարդկանց հոսքը մինչև ուշ գիշեր չի դադարել:
168.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում, որը ծանոթացել է 44-օրյայի զեկույցին, փորձել է 6 տարվա հեռավորությունից հասկանալ՝ ո՞րն էր պատերազմում պարտության պատճառը:
– Այս տարի լրանում է Արցախում 44 օր տևած պատերազմի 6-րդ տարելիցը: Եթե հետադարձ հայացք նետեք այդ օրերին, հատկապես ո՞ր դրվագը կառանձնացնեք, որն ազդել է Ձեր վրա, ինչու չէ՝ զայրույթ առաջացրել, և որը երբեք չեք մոռանա: Ու հետո՝ 6 տարի անց որպես պարտության պատճառ, ինչը կնշեք:
– 44-օրյա պատերազմի ամենազայրացնողը և աչք ծակողը եղել է պատերազմից հաշված ժամեր անց ՀՀ քաղաքական իշխանության թեթևսոլիկ պահվածքը: Ամենաահավոր դրվագը, թերևս, երբ պատերազմի առաջին ժամերն են և Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սեփական բանաստեղծությամբ ստատուս գրելով:
Եվ ամենաակնառուն և արտառոց դրվագը, որի մասին բարձրաձայնել եմ ԱԺ-ում, երբ ՊՆ-ը հորդորում էր լրատվամիջոցներին տեխնիկայի տեղաշարժի տեսանյութ չտարածել, բայց նույն Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական էջում տարածում էր տեխնիկայի տեղափոխության կադրեր: Սա հատուկ եմ շեշտում, որովհետև մնացյալ բոլոր օրերին ևս այդ օրվա առաջին ժամերի դրվագը շարունակվել է: Իշխանությունը թեթեևսոլիկ է մոտեցել ամեն ինչին, ամեն ինչին նայել է սեփական փիառի, սեփական ընտանիքը քարոզելու դիտանկյունից: Եվ դա էր նաև պատճառը, որ այդ կազմակերպված անկազմակերպվածության ամենածանր հետևանքները մինչև հիմա քաղում ենք:
– Քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չհրապարակվեց։ Ինչու՞: Արդյո՞ք օրենքի սխալ մեկնաբանություններն էր խնդիրը, թե՞ Փաշինյանին ձեռնտու չէր, թեպետ իրականում գործ ունենք քաղաքական զեկույցի հետ, որտեղ բացակայում է ՊԲ նախկին հրամանատարների խոսքը և ոչ միայն։
– Մենք սկզբից էլ ասել ենք, որ չէր կարող լինել քննիչ հանձնաժողովի օբյեկտիվ քննություն, որովհետև իշխանությունը չէր կարող քննել սեփական գործունեությունը, քանի որ պատերազմի կառավարումը նաև քաղաքական կառավարում է:
Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակմանը, դրա շուրջ իրավական բանավեճերին, ապա պետք է ասել, որ իշխանություններին ավելի շատ պետք էր քարոզչությունը քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստի օգտագործմամբ, քան բուն հարցերի քննարկումը:
Եվ դա է պատճառը, որ իշխանությունը 3 տարի հանձնաժողովը ծառայեցրեց այս կամ այն զինվորականին, այս կամ այն ընդդիմադիր գործչին թիրախավորելու, ամենածանր մեղքերի մեջ մեղադրելու, բայց որևէ թուղթ վերջում չհրապարակվեց:
Իրականում անհնար էր 44-օրյա պատերազմի ամբողջական զեկույց պատրաստել մի քննիչ հանձնաժողովի կողմից, երբ չեն հարցաքննվել ՊԲ նախկին հրամանատարները, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ օրերին պաշտոնավարած տարբեր ռազմաքաղաքական գործիչներ: Այս ձևով որևէ արդյունքի անհնար էր հասնել:
– Քանի որ հարցիս կարևոր մասի պատասխանը չստացա, կրկնեմ՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանին 44-օրյայի զեկույցի հրապարակումը ձեռնտու չէ, գուցե 44-օրյայի ժամանակ եղած ռազմական ղեկավարները, որոնք հարցաքննվել են` Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը փակ հանդիպումներում ասել են բաներ, որոնք Փաշինյանը չէր ցանկանա հանրայնացվեր։
– Ինչ վերաբերում է, թե այդ պայմանական զեկույցի հրապարակումը ձեռնտու է Փաշինյանին, թե՝ ոչ, այսպես ասեմ՝ ներքին իշխանական ինտրիգներին ծանոթ չլինելով, չեմ կարող ասել դրա չհրապարակման ելակետը:
Բայց կարող եմ մի հստակ բան ասել՝ այդ զեկույցում բազմաթիվ աղմկահարույց փաստեր կան, որոնք վկայում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, ցավոք, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականից նա չլիներ ՀՀ վարչապետը, 44-օրյա պատերազմը նախ հարց էր՝ կլիներ, թե չէր լինի, եթե լիներ էլ՝ ելքն ամբողջովին այլ էր լինելու: Մնացած փակագծերը չեմ կարող բացել:
– Այս տարիներին ԳՇ նախկին պետը, նախկին նախարարը պե՞տք է որոշակի բաներ ասեին, իհարկե, ինչ-ինչ բաներ ասել են թռուցիկ: Օնիկ Գասպարյանը չպե՞տք է ինչ-որ բաներ ավելի բաց ասեր, կամ՝ հանդիպեր նախկին ԱԺ-ի խորհրդարանական ընդդիմության հետ միայն, ոչ թե այն, ինչ ինքն առաջարկեց:
– Օնիկ Գասպարյանի դեպքով իմ մոտեցումն առանձնահատուկ է: Նա մեկ անգամ առիթ ունեցել է խոսելու ԱԽ նիստի մասին, արդյունքում ի՞նչ ստացանք. ԱԽ-ը հրապարակեց կիսասևացրած մի փաստաթուղթ՝ ներկայացնելով, թե ճիշտ չի Օնիկ Գասպարյանի ասածը: Բայց քանի որ մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ, Օնիկ Գասպարյանը չէր կարող իր խոսքի հիմնավորվածությունը փաստել: Այստեղ պիտի ասեմ, որ քանի որ ես ծանոթացել եմ քննիչ հանձնաժողովի զեկույցին, Օնիկ Գասպարյանը ժամերով է խոսել և բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել: Ի դեպ, քննիչ հանձնաժողովի զեկույցին կցվել է Գասպարյանի մոտ 90 էջանոց վերլուծությունը, որտեղ կան բազմաթիվ մատնանշումներ: Դա զեկույցի մաս է, ըստ էության:
– Եվ վերջում կխնդրեի անդրադառնալ 44-օրյային առնչվող քրեական գործերին, որոնցով անցնում են բարձրաստիճան զինվորականներ, հատկապես աղմկահարույցների, որոնք փակ են քննվում և դեռ չեն հանգուցալուծվել:
– 44-օրյային առնչվող զինվորականների դեմ հարուցված քրեական գործերի ահռելի մասը, հատկապես՝ աղմկահարույց, ուղղակի ծառայեցվել է իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին՝ այս կամ այն զինվորականին թիրախավորելու, քաղաքական առումով պատասխանատվության բեռ դնելու:
Օրինակները շատ են, բայց ուզում եմ հիշատակել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը, որը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, որ նա մի քանի տարի շարունակ Շուշիի հանձնման հետ կապված փորձի թիրախավորել ՊԲ նախկին հրամանատարին, որ մեղավորներ կարգի զինվորականներին, որ հանրության ուշադրությունը քաղաքական ղեկավարներից շեղի:
Արդյունքում ինչ ունենք հիմա Միքայել Արզումանյանի դեպքով. ձգվող անիմաստ դատական լսումներ, հարյուրավոր վկաներ, ինչը որևէ օգտակար բան չի կարող տալ տվյալ դեպքում: Խոսքը վերաբերում է շարքայինին, պայմանագրայինին կամ մոբ ռեսուրսի ներկայացուցիչներին, որոնք պիտի գնահատականներ ներկայացնեն ամբողջ ՊԲ հրամանատարության գործունեության վերաբերյալ, ինչն աբսուրդ է:
—