X
    Categories: News

Հանդիպում՝ առանց էական առաջընթացի. Հայաստանի արևմտյան վեկտորն ու հայ-իրանական

Սեպտեմբեր 28, 2026

Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականացվում տարբեր ոլորտներում:

«Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված էր հաղորդագրությունում:  Իրանական աղբյուրների փոխանցմամբ, Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «Օգնության պատրվակով» խորագրով գիրքը, որը պատմում է Մինաբ քաղաքի դպրոցի ռմբակոծության մասին։

Գիրքը նվիրված է Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի ռմբակոծությանը, որն իրականացվել է Միացյալ Նահանգների կողմից՝ հանգեցնելով հարյուրավոր աշակերտների մահվան։ Հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունները հերթական անգամ վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել սովորական աշխատանքային հերթական շփում՝ առանց որևէ բեկումնային առաջընթացի կամ երկկողմ օրակարգը գործնական նոր մակարդակի բարձրացնող կոնկրետ պայմանավորվածությունների։ Կողմերի միջև հնչող ընդհանուր ձևակերպումներն ու բարիդրացիական հայտարարությունները թեև պահպանում են երկխոսության ֆորմատը, սակայն գործնականում չեն հանգեցնում սպասված արդյունքների և լրջորեն չեն փոխում երկրների միջև առկա հարաբերությունների իրական պատկերը։

Դիվանագիտական  ջերմ հռետորաբանության և փոխադարձ գոհունակության ֆոնին նկատելի է, որ չնայած պարբերական շփումներին, երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում չի արձանագրվում որևէ էական որակական առաջընթաց։ Տնտեսական ցուցանիշների աճը չի ուղեկցվում համապատասխան քաղաքական կամ ռազմավարական նոր մակարդակի անցմամբ, ինչը կվկայեր հարաբերությունների խորացման մասին։

Կարդացեք նաև

  • ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը շողոքորթում էր թշնամաբար տրամադրված պետությանը. Տարոն Սիմոնյան
  • Արհեստածին Ադրբեջանի դեմոկրատական կառավարության ստեղծումն ու անկումը՝ ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթում
  • Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը

Մասնավորապես, հանրային քննարկումների ուշադրության կենտրոնում է մնում այն փաստը, որ գործնականում որևէ խոսք կամ շարունակություն չկա հայ-իրանական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կամ փաստաթղթի ստորագրման գործընթացի մասին հայտարարություններին: Ավելին, ավելի վաղ հնչած հավակնոտ հայտարարություններն ու ակնկալիքներն առ այն, որ երկու երկրները մոտ ապագայում կամրագրեն իրենց հարաբերությունները նոր ռազմավարական փաստաթղթով, ներկայումս կարծես թե դուրս են մնացել գործնական օրակարգից։

Այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատվող կենտրոնացումն է արևմտյան ուղղության վրա։ Երևանի ակտիվ ջանքերը՝ խորացնելու հարաբերությունները Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ, հաճախ ստեղծում են լրացուցիչ զգայունություններ Թեհրանի համար, որը, բնականաբար, մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում արևմտյան դերակատարների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Արդյունքում, հայ-իրանական օրակարգը ստիպված է բալանսավորվել աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների պայմաններում։ Թեպետ երկու երկրները փորձում են պահպանել կառուցողական երկխոսություն և խուսափել հարաբերությունների սրումից, առանցքային ռազմավարական հարցերում նկատվող որոշակի սառնությունն ու անորոշությունը շարունակում են մնալ երկկողմ հարաբերությունների առանցքային մարտահրավերները:

—

Vorskanian Yeghisabet:
Related Post