X
    Categories: News

Խփեցին քնած տղերքին… չարթնացան… հրաման կար, չթողեցին դպրոցներ. արթո՛ւն եղեք,

Սեպտեմբեր 28, 2026

Սեպտեմբերի 27-ին լրացավ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ Այդ պատերազմում նահատակված տղաների հարազատները, ծնողները պնդում են՝ զոհերի, Արցախի կորստի միակ մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված կապիտան Իշխան Պետրոսյանի կինը՝ Արուս Հարությունյանը, և Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղ Գալեյանը ևս շեշտեցին՝ տարածքային կորուստների ու զոհերի միակ մեղավորն օրվա իշխանությունն է։

«Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից բազմիցս հայտարարել է, թե կարող էինք ունենալ նույն ելքը, իհարկե, առանց զոհերի: 2019 թվականին, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների պլանը մերժելով, 2019-ին Արցախը Հայաստան կոչելով, կոչեր անելով Արցախում, եթերում պատերազմի ժամանակ հայտարարություններ անելով, թե ով գեթ մեկ սաղավարտ ունի, թող բերի հանձնի զինկոմիսարիատներին: Միակ մեղավորը, միակ գլխավոր մեղավորն օրվա իշխանությունն է»,- նշեց Արուս Հարությունյանը։

Կարդացեք նաև

  • Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել, փակագծերը չեմ կարող բացել. Գեղամ Մանուկյան
  • Բթացնում են մարդկանց բարոյական ապրումները՝ նոր կորուստներ նախապատրաստելու համար. հոգեբան
  • 7.4 մլն դոլար՝ իշխանության որոշումները պաշտպանելու համար. որքան են արժենում քաղաքական հաշվեհարդարները

Աստղ Գալեյանի կարծիքով էլ՝ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։

«Ի սկզբանե իմ կարծիքը եղել է այն, որ մեղավոր են ներկայիս իշխանությունները, ում օրոք եղել է պատերազմը: Մինչև այժմ ես այդ կարծիքին եմ, որ, այո՛, դուք մեղավոր եք իմ որդու չլինելու համար: Ոչինչ չի փոխվել իմ կարծիքով, որովհետև բոլոր փաստերը, պատմությունները, դավաճանական պատմությունները, որոնք մենք այս տարիների ընթացքում պրպտել ենք, պատմել ենք, գիտենք, ոչ մի ընթացք չի տրվել դրանց:

Բոլոր պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականները, ովքեր թողել են զորքին ու փախել, նրանք այժմ աշխատում են և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: Իհարկե, ամենամեծ պատասխանատուն պետք է լիներ իրեն գերագույն հռչակածը: Եթե նա այօր իշխանության ղեկին է, բնականաբար, ոչինչ էլ չի բացահայտվի, մենք բոլորս էլ դա գիտենք, գիտակցում ենք»,- իր խոսքում ասաց տիկին Գալեյանը։

Արուս Հարությունյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի օրերին։

«Ներողություն, ցինիկաբար հայտարարում է, որ չկասկածեք իր գերագույն գլխավոր հրամանատարի կարողությունների վրա… Ասենք՝ բազմիցս ակցիաներ ենք արել, բազմիցս բողոքի դիմումներ ենք տարել դատախազություն, բոլոր-բոլոր ատյաններ, ու անպատասխան… Էլ ո՞նց պետք է ինքը ինքնախոստովանական ցուցմունք տար, որ դուք դա հիմք ընդունեիք:

«Պարտություն» բառն իմ մոտ մի տեսակ վրդովմունք է առաջացնում, ես ձեզ ասեմ, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հայ ազգն իր ճակատագրի, իր հողի, իր պատվի համար կռվող է։ Պարտությունը ձևավորել է օրվա իշխանությունը։ Մեր տղաները կռվող տղաներ են եղել, մեր տղաները պատվի տղաներ են եղել. եթե նրանք պատվի տղաներ չլինեին, այնտեղ չէին լինի:

Իսկ ինչ մնում է նրան, որ եթե ուրիշ ղեկավար լիներ, միանշանակ ուրիշ ղեկավար լինելու դեպքում ելքը կլիներ… Կհամագործակցեին ուժեղ պետությունների հետ՝ ոնց Թուրքիան արեց, ոնց Ալիևն արեց: Համագործակցեցին ուժեղ պետությունների հետ»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում խաղաղությանը, որի մասին խոսում է գործող իշխանությունը, Աստղ Գալեյան այն բնորոշում է որպես կեղծ խաղաղություն։

«Եթե մեր տղաները նահատակված լինեին ու պահպանվեր այն հայրենիքը, որի համար իրենք նահատակվեցին, ինչ-որ տեղ գիտակցությունս ինձ թույլ կտար ասելու՝ այո՛: Բայց քանի որ իրենց զոհվելուց հետո, առանց մի վայրկյան մտածելու, մեկ ստորագրությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ես, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ խաղաղություն է, որովհետև իրականում խաղաղություն չէ:

Այսպիսի չակերտավոր խաղաղության պայմաններում էլ բոլորս ականատես ենք լինում բանակում կատարվող այն իրադարձություններին, այն մահերին, որոնց արդեն թիվ չկա: Ո՞նց է պատահում, որ խաղաղ պայմաններում՝ իրենց ասած խաղաղ պայմաններում, բանակում նմանատիպ դեպքեր են լինում: Ամեն ինչ բարձիթողի վիճակի մեջ է. բանակում սպան իր տեղում չէ, զինվորն իր տեղում չէ, դրա համար էլ լինում են այսպիսի դեպքեր: Մենք բանակից հանեցինք մեր գնդերեցներին, այսինքն՝ իշխանությունը դա արեց: Երևի դա՞ էլ էր նպաստում, որ «խոսելով, ինչ-որ հոգեբանական ծանր իրավիճակներից տղաներին հանելով»…

Դե, տղաներ են, հնարավոր չէ. ամենքը տարբեր ընտանիքներից եկած, տարբեր դաստիարակություն ստացած մարդիկ են, ես գտնում եմ, որ խնդիր կլինի: Այդ մարդիկ նպաստեի՞ն, որ խաղաղություն լիներ, համերաշխություն լիներ գոնե, բայց չկա»,- հավելեց Աստղ Գալեյանը։

Շարունակելով, Արուս Հարությունյանն ասաց.

«Այսօր մենք «Եռաբլուրի» բնակիչ ենք, մեր շուրջ կատարվողն ենք տեսնում, տեսնում ենք ու ասում ենք այն, ինչը տեսնում ենք:

5000-ից ավելի ընտանիքների ճակատագրեր խեղվեցին՝ թե՛ անհետ կորածներ, թե՛ հաշմանդամներ, ու բոլորը տարբեր մարդիկ են: Երբ մեկ-մեկ մեզ հարցնում են՝ ինչո՞ւ մյուս ծնողները ձեր նման դուրս չեն գալիս փողոց… Նրանց ճակատագրերն էլ են այդ ձև խեղվել, նրանք ասում են՝ «դե թող խաղաղություն լինի, մենք ձեր նման չենք կարող դուրս գալ  փողոց»: Չէ՛, մենք բողոքում ենք, մենք գոռում ենք, մենք հաշտ չենք այս կեղծ խաղաղության հետ:

Իսկ ծնողներ էլ կան, որոնց վարչապետ կոչվածն իր գրքում անդրադարձել է: Ես կխնդրեմ այդ ծնողներին, որ այդ գիրքը լավ կարդան ու հասկանան՝ ինչ է գրել իրենց մասին, թե ինչ է ծրագրել վարչապետ կոչվածն իրենց սրտի:

Մեր պահանջով պետք է չլիներ միայն իր հեռանալը. ինքը, եթե մարդկության մի փոքր նշույլ ունենար, ձախողված, պարտված իշխանությունն ինքնակամ պետք է հեռանար: Բայց քանի որ երեսները պադոշ են արել, կպել են աթոռից, մենք պահանջելու ենք մինչև կյանքի վերջ, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, պետությունը ձախողման տանող իշխանությունը պետք է հեռանա օր առաջ: Պայքարել ենք, պայքարել ենք ու պետք է ենթարկվի պատասխանատվության»:

Աստղ Գալեյանի բնորոշմամբ էլ՝ ամեն կատարվող իրադարձության մեղավորը տվյալ պահին իշխանության գտնվողն է, և ծնողների պահանջն արդարացի է:

«Մենք ոչ պաշտոնի կռիվ ենք անում, ոչ գումարի կռիվ, ոչ մի բանի, ուղղակի պահանջում ենք արդարացի հետաքննություն: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այս իշխանության օրոք արդարացի հետաքննությունը բացառվում է:

Իմ պայքարը զուտ իշխանափոխությունն է, որ հետո բացահայտվի այն, ինչ տեղի է ունեցել մինչև 44-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմից հետո մինչև մեր օրերը: Ինչե՞ր են տեղի ունեցել, ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, ու դրանք չի բացառվում»:

Արուս Հարությունյանը և Աստղ Գալեյանը, բացի Նիկոլ Փաշինյանից, հարցեր ունեն նաև Պաշտպանության նախկին նախարարին և ԳՇ նախկին պետին։ Արուս Հարությունյանն այդ պաշտոնյաներին ուղղված հնչեցրեց հետևյալ հարցերը.

«Եթե Ադրբեջանը պատրաստվում էր լայնածավալ պատերազմի, որտե՞ղ էր ձեր հետախուզությունը, որտե՞ղ էիք դուք, ինչո՞ւ հանրությունը նախազգուշացված չէր»։

Շարունակելով տիկին Արուսի մտքերը՝ Աստղ Գալեյանը նշեց.

«Ես ռազմագետ չեմ, բայց հասկանում եմ, որ այդպիսի ժամանակ անպայման պետք է փոխվեին տեղակայման վայրերը, որպեսզի այն, ինչ իրենք հետախուզել էին, սխալ դուրս գա այդ պահին:

Այսինքն՝ դուք ուզել եք, այնպես եք արել, որ մեր քնած զինվորները չարթնանան: Սեպտեմբերի 27-ի լուսաբացին շատ զինվորներ չարթնացան, այդպես էլ քնած մնացին, որովհետև խփեցին հենց զորամասերին, խփեցին ճաշարաններին, խփեցին ՀՕՊ կայաններին։ Դիտավորյալ պարտության են տարել մեր զինվորներին, որպեսզի հետո ասեն՝ «պարտվեցինք, չէին կռվում» (ոնց որ ասում են՝ 11.000 փախած կա, եթե չեմ սխալվում): Այս ամեն ինչը՝ մեղադրականները, նախօրոք պլանավորված էին: Բազմաթիվ կադրեր կան, որոնցում խոսվում է այն մասին, թե ոնց են Շուշի բարձրացել, ոնց են քայլելով թուրքերը մտել Շուշիի ամրոց…»:

Նրանց խոսքով՝ նահատակված տղաները չեն կանխատեսել, որ նման ելք կունենա պատերազմը:

«Այսինքն՝ իրենք չիմացան, որ սենց եղավ… Ես մեկ-մեկ ասում եմ՝ երանի՜ իրենց, որ չտեսան։ Իմ կարծիքով՝ իրենցից յուրաքանչյուրը մտածել է, որ հաղթելու է մեր բանակը։

Չգիտեմ, տղաներն ամեն կերպ պատրաստ են եղել ամեն ինչի: 6 տարվա ընթացքում շփվում ենք, խոսում իրար հետ, ու այս տղաներից ամեն մեկն առասպել է: Ու ո՞նց կարելի է անտեսել այս կատարվածը, ո՞նց կարելի է գնալ նստել, հանգիստ ապրել, ես ուղղակի ապշած եմ:

2020 թվականից հետո իմ ազգն իմ համար բացահայտում էր՝ բացահայտում, որ կարող է այս կարգի անտարբերության մատնել իր հայրենիքը, իր երկրի հետ կատարվածը, ու այս կարգի մոլագարությամբ պաշտել ինչ-որ իշխանության: Իշխանությունները եկող-գնացող են, այս իշխանությանը քիչ է մնացել գնալու, որովհետև երեկվա բազմության հոսքը Եռաբլուր ցույց տվեց, որ դու մերժված ես, դու պարտված ես, դու ձայներ գողացած իշխանություն ես»,- ասաց Արուս Հարությունյանը։

Պատերազմի օրերին տղաների հետ քիչ են խոսել, բայց ամեն խոսելուց զգացել են՝ նրանց ոգին տեղն է։

«Նրանց մարտական ոգին միշտ տեղն է եղել։ Երբ որ խոսացել ենք, ամեն ինչ նորմալ է (հենց այսօր ինձ հիշողություն բերեց նկար, որտեղ իմ ամուսինը այդ օրը գնում է ռազմաճակատ, ու ես գրել էի՝ «անփորձանք վերադարձ երկուսիդ էլ»)։ Էդպես խոսացել ենք։

Պատերազմի օրերին շատ քիչ էինք խոսում՝ էդպես մի 30 վայրկյան կամ ամենաշատը 1 րոպե, գիտակցելով, որ հեռախոսով տեղորոշում կարող են որոշել։ Էդպես՝ ողջ և առողջ, միայն ուզում էինք ձայնը լսեինք, որ ողջ և առողջ է։ Հենց առաջին օրը, որ խոսեցինք, ասեց՝ «մեր դիրքերը էլ չկան, հետո հետ ենք վերցրել, հետո նորից են վերցրել»։ Սեպտեմբերի 30-ին, երբ որ խոսեցինք, ասեց՝ «մեր հրամանատարը զոհվել է»․․․ մի խոսքով, էսպես խոսել ենք, բայց երբեք չի ընկճվել։

Հետո են տղաները էլի պատմում, որ շատերին, էսպես ասած, «դուխ» է տվել՝ «ով վախենում է, թող ականջակալներ դնի, երաժշտություն լսի, ես ամեն ինչ կանեմ ձեր փոխարեն, տղե՛րք, մի՛ ընկճվեք, հեսա պապաս էլ է գալու» (ինքը անընդհատ սպասում էր, որ պապան պետք է գա, չգիտեմ, երևի ավելի թիկունքը ամուր է, չգիտեմ, գիտակցորեն էդ բացատրել)։ Մի խոսքով, չգիտեմ, իրանց ոգին միշտ բարձր է եղել»,-պատմեց Աստղ Գալեյանը։

Խոսելով վերջին շրջանում Երևանի տարբեր հատվածներից հերոս տղաների նկարները ջնջելուն և դպրոցներից «Փառքի աննկյունները» հեռացնելու մասին, մեր զրուցակիցներն ասացին՝ սկզբնական շրջանում, երբ այս խոսակցությունները շրջանառվում էին, փորձել են գնալ դպրոցներ ու անձամբ իմանալ, թե ինչ է տեղի ունենում։ Շատ դպրոցներում նրանց թույլ չեն տվել մտնել դպրոց։

««Չի թույլատրվում ձեզ մուտքը գործել դպրոց»։ Բայց բացատրությունը ինչո՞ւ՝ էդպես էլ չիմացանք։ Դե արդեն հասկանալի էր, որ հրաման կար։ Էդ մի պահը տենց մի քիչ հանդարտվեցին, հիմա նորից էլի տրամադրություն են ուզում ստուգեն, թե ի՞նչ արձագանք կունենա էս ամենը հանրությունը։

Նպատակը 1 է՝ ջնջել հայի պատմությունը։ Ջնջել, ուղղակի ջնջել տեսողական հիշողությունից։ Դե, երեխաները անընդհատ տեսնում են, չէ՞։ Իմ 4-տարեկան տղան հարցեր է տալիս արդեն՝ «ո՞ւր է իմ եղբայրը, ինչո՞ւ ես այս նկարների մեջ չկամ»․․․ Ու ես պատմելու եմ, չէ՞ էդ պատմությունը։ Ես ինքս ձեռք եմ բերել պատմության բոլոր գրքերը մինչև այս իշխանության տարիները, ու ես էդ պատմությունը կարդալու ես իմ երեխայի համար։ Հիմա դպրոցում, չգիտեմ, ի՞նչ կսովորեցնեն, բայց ես տանը իրական պատմությունն եմ սովորեցնելու։

Հիմա իրենք գնում են հային թրքացնելու ճանապարհով։ Այսինքն՝ հայի մեջ մտցնում են էսպիսի մի, չգիտեմ՝ «որտեղ հաց, էնտեղ կաց», կամ «լավ սովորի, որ լավ ապրես»։ Այսինքն՝ պատմությունը այլևս պետք չէ մեզ, եկեղեցու պատմությունը պետք չէ, հայոց պատմությունը դարձավ «Հայաստանի պատմություն» (այսինքն՝ էնտեղից հանվեց Արցախը և այլն)։ Եթե հիշում ենք՝ 2023 թ.-ին, երբ որ սեպտեմբերին գնացին դպրոցականները, 7-րդ դասարանի պատմության գիրքը չկար․ Արցախը հանձնելուց հետո անմիջապես գրքերը բաժանվեցին դպրոցներին առանց Արցախի։ Նպատակը մեկն է՝ ջնջել հայոց պատմությունը, հայի հիշողությունը»,-ասաց Աստղ Գալեյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post