Սեպտեմբեր 28, 2026
Նյու Դելին հանդես է գալիս ՄԱԿ-ի բարեփոխման օգտին՝ ի շահ Գլոբալ Հարավի
Հնդկական Bharat Electronics Limited (BEL) պետական ընկերությունը պայմանագիր է կնքել իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնի հետ՝ DIRCM ինքնաթիռների պաշտպանության առաջադեմ համակարգերի բաղադրիչների արտադրության և մատակարարման համար, որոնք պաշտպանում են ինքնաթիռները «երկիր-օդ» հրթիռներից։
Համաձայնագրի հիմնական մանրամասներն ուշագրավ են։ Փաստաթուղթը նախատեսում է DIRCM (Directional Infrared Countermeasures) համակարգերի համար առանձին հանգույցների և բաղադրիչների թողարկում։ IR ճառագայթման ուղղորդված հակազդման այս համալիրները նախատեսված են ավիացիան «երկիր-օդ» դասի հրթիռներից պաշտպանելու համար։ Համագործակցության ձևաչափն ու պայմաններն այնպիսին են, որ Հնդկաստանում կհավաքվեն ոչ թե պատրաստի համալիրներ, այլ առանձին բաղադրիչ տարրեր։ Հետագայում դրանք կփոխանցվեն Elbit Systems-ին՝ վերջնական հակահրթիռային համակարգերին ինտեգրվելու համար։
Այս պայմանագիրը մտել է իսրայելական կոնցեռնի համաձայնագրերի խոշոր փաթեթի մեջ։ 2026 թվականի սեպտեմբերին Elbit Systems-ը հայտարարեց մոտ 270 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրերի ստորագրման մասին։ Ըստ ամենայնի, այս գործընկերությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է Հնդկաստանի երկարաժամկետ ռազմավարության մեջ՝ իր տարածքում ռազմական տեխնոլոգիաների արտադրությունը տեղայնացնելու համար։
Այլ բան է, թե ինչն է դրդել կամ դրդում Հնդկաստանին համագործակցել այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին Իսրայելն է հենց հիմա՝ Իրանի հետ պատերազմի խորապատկերին։ Ի վերջո, Մերձավոր Արևելքում հրեական պետությունն ավելի շուտ խարխլված հեղինակություն ունի։ Հարևանների համար անկանխատեսելի խաղացողի համբավ, որը կանխատեսելի է միայն մեկ հարցում։ Մինչդեռ մինչև վերջերս Իսլամական Հանրապետությունը նույնպես Նյու Դելիի առանցքային ռազմավարական գործընկերների թվում էր։
Ի դեպ, Հնդկաստանն ու Իսրայելն իսկապես վաղեմի գործընկերներ են, որոնք սերտ համագործակցություն են զարգացնում պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ոլորտներում՝ հարաբերությունների մակարդակը բարձրացնելով «հատուկ ռազմավարական գործընկերության»։ Իսրայելը Հնդկաստանի համար սպառազինության հիմնական մատակարարների թվում է (մատակարարվում են Heron և Searcher ԱԹՍ-ներ, ռադարներ, «երկիր-օդ» հրթիռներ, Negev գնդացիրներ)։ Քննարկվում են համատեղ նախագծերը և տեխնոլոգիաների հնարավոր փոխանցումը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ/ՀՕՊ) համակարգերի, այդ թվում՝ լազերային որսման համակարգերի ոլորտում։ Երկու երկրների պաշտպանական ձեռնարկությունների միջև կնքվել են արդյունաբերական խորը համագործակցության հուշագրեր։
Գյուղատնտեսության և նորարարության ոլորտում 2026 թվականի փետրվարին Երուսաղեմում երկու երկրների ղեկավարները 16 նոր փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Ավելին, Հնդկաստանում ստեղծվում է ագրոտեխնոլոգիաների հատուկ հետազոտական և նորարարական կենտրոն, որն ուղղված է կաթիլային ոռոգման, ջերմոցային մշակաբույսերի ներդրմանը և վնասատուների դեմ պայքարին։ Ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին, երկու երկրների կառավարությունները ներդրումային համաձայնագիր են ստորագրել, որը կոչված է պաշտպանելու և խթանելու փոխադարձ ներդրումները։ Նույն թվականի նոյեմբերին Իսրայելը և Հնդկաստանը համաձայնեցրին տեխնիկական առաջադրանքը՝ ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Քննարկումը շարունակվել է 2026 թվականին, իսկ վարչապետ Նարենդրա Մոդին, ելույթ ունենալով Քնեսեթում, հրապարակավ կոչ է արել որքան հնարավոր է շուտ ավարտել այդ գործընթացը։ 2026 թվականի հունվարին Հնդկաստանի պետական բանկը գործնական քայլեր է ձեռնարկել Իսրայելի հետ հնդկական ռուփիով առևտրային հաշվարկների ուղղությամբ։ Այս քայլը դեռևս սահմանափակ նշանակություն ունի, սակայն նշանակում է դոլարից երկկողմ առևտրի կախվածությունը նվազեցնելու ձգտում։ Արդյունաբերական հետազոտությունների, զարգացման և նորարարության հնդկական-իսրայելական նորացված հիմնադրամը (I4F) շարունակում է ֆինանսավորել համատեղ տեխնոլոգիական նախագծերը։
Տեսանելի է, որ Արևմտյան Երուսաղեմի և Նյու Դելիի համագործակցության մասշտաբներն այնքան լայն են և մակրոտարածաշրջանային առումով նկատելի, որ կարելի է խոսել համատեղ տնտեսական միջանցքների նախագծերի իրականացման մասին։ Երկրները խթանում են համատեղ լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերը Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրամիություն (IMEC) տնտեսական միջանցքի շրջանակներում։ Ակտիվորեն ներգրավված է I2U2 (Հնդկաստան-Իսրայել-ԱՄԷ-ԱՄՆ) միջազգային համագործակցության ձևաչափը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում տնտեսական և տեխնոլոգիական նախագծերին։ Վերջինս իսլամական (արաբական և թյուրքական) աշխարհում ընկալվում է որպես իսկական մարտահրավեր և սպառնալիք ազգային շահերին։ Հավանաբար սա վարչապետ Բենիամին Նեթանյահուի («կատաղած Բիբի»)՝ Հնդկաստանի, Հորդանանի, ԱՄԷ-ի և հրեական պետությանը հավատարիմ այլ խաղացողների մասնակցությամբ «Դաշինքների Օկտագոն» ձևավորելու կոչերի հետ մեկտեղ, փարատում է հակաիսրայելական կուրսի ճշմարտացիության վերաբերյալ վերջին կասկածները։
Այնուամենայնիվ, թվում է, որ այս անգամ հնդկական քաղաքականության իսրայելական վեկտորը (և հակառակը) միայն սառցաբեկորի գագաթն է կամ շատ ավելի մեծ սյուժեի մի փոքր մասը։ Եվ դա ակնհայտորեն սերտորեն կապված է ասիական մակրոտարածաշրջանը տրանսպորտային և լոգիստիկ առումով վերափոխելու, և, հետևաբար, տնտեսապես կապված տարածքի փորձերի հետ։ Իր տեսակով դա միանգամայն տրամաբանական է, քանի որ աշխարհաքաղաքական անկայունությունը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա։ Պատահական չէ, որ 2026 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը հայտարարել է, որ իր երկիրը բավականին շահագրգռված է Միջին միջանցքի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) նախագծի իրականացման Բաքվի փորձի ուսումնասիրությամբ։ Դիվանագետի խոսքով՝ Կասպից ծովով անցնող մուլտիմոդալ ճանապարհը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն բիզնեսի, այլև գիտելիքների և փորձի տեսանկյունից։ Կրաուսի խոսքով՝ Իսրայելն աշխատում է սեփական IMEC տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը պետք է Հնդկաստանն Իսրայելի միջոցով կապի Եվրոպայի հետ։
Այսպիսով, Իսրայելն ու Հնդկաստանը փորձում են համատեղել, ընդհանուր առմամբ, կարծես թե անհամատեղելին։ Չէ՞ որ Ադրբեջանի համար Հնդկաստանն իրենց պակիստանյան և թուրքական դաշնակիցների մրցակիցն ու նույնիսկ թշնամին է։ Այնուամենայնիվ, հեռատես Արևմտյան Երուսաղեմի համար, ապագա դասավորությունների տեսանկյունից, հավասարապես ընդունելի է միաժամանակ փոխգործակցել՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Նյու Դելիի հետ։ Չնայած Թուրքիայի հետ ամուր ռազմաքաղաքական կապերին՝ Ադրբեջանը հավակնում է ինքնուրույն դերի, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Չափազանց կամակոր է, թուրքական կարծիքով, Իլհամ Ալիևը, ով հետևում է բազմավեկտոր արտաքին քաղաքական կուրսին և ակնհայտորեն պատրաստ չէ համաձայնել «փոքր եղբոր» դերին։
Թերևս, Նյու Դելիում կարծում են, թե Իսրայելն օգտագործում են որպես մի տեսակ հենակետային հարթակ սեփական գլոբալ մտահղացումների իրականացման համար, որոնք համահունչ են բազմաբևեռ աշխարհի կառուցման ռուսական կուրսին։
Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հնդկական դիվանագիտության ղեկավար Սուբրամանիամ Ջայշանկարը հայտարարել է, որ Գլոբալ Հարավը պետք է մասնակցի իր ապագային անմիջականորեն առնչվող որոշումների ընդունմանը, դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի բարեփոխումը և ամբողջ բազմակողմանիությունը։
Ջայշանկարը նշել է, որ այժմ Գլոբալ Հարավի երկրների համերաշխությունն առավել կարևոր է, քան երբևէ, քանի որ նրանք գտնվում են համաշխարհային ճգնաժամի առաջին շարքում, սակայն մնում են վերջինը որոշումների ընդունման գործընթացում։ Գլոբալ Հարավի երկրները կարող են օգտագործել գոյություն ունեցող հարթակները՝ իրենց խնդիրները քննարկելու և իրենց շահերը պաշտպանելու համար։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Սերգեյ Լավրովն ու Սուբրամանիամ Ջայշանկարն անդրադարձել են երկկողմ համագործակցության առանցքային հարցերին, առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդիական թեմաներին, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Բացի այդ, կողմերը մտադրություն են հայտնել շարունակել աշխատանքը հատկապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ և պահպանել սերտ փոխգործակցությունը ՄԱԿ-ում, «Քսանյակի խմբի», BRICS միջպետական միավորման գծով և այլ միջազգային հարթակներում։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանն իր ուշադրությունից դուրս չի թողնում նաև Անդրկովկասը։ Օրերս հայտնի դարձավ, որ Հնդկաստանը հայկական հաշվարկներին սովորեցրել է աշխատել Հայաստանի կողմից գնված հնդկական Akash-1S զենիթահրթիռային համալիրների հետ, հաղորդում է Indian Defence Times-ը։ «Սա նաև ընդգծում է Հնդկաստանի և Հայաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև աշխարհում հնդկական ռազմական տեխնոլոգիաների ներկայության ընդլայնումը»,- նշում է պարբերականը։ Akash-1S-ը 1983-ին մշակված հակաօդային պաշտպանության համակարգի համեմատաբար նոր արդիականացում է, այն կարող է օդային թիրախներ խոցել 4-35 կմ շառավղով։ Բնութագրերը մոտ են զարգացման նույն տարվա խորհրդային «Կուբ» հակաօդային պաշտպանության համակարգին։
Այլ կերպ ասած, պետք է դիտարկել Հնդկաստանի և Իսրայելի քաղաքականությունն ավելի լայն մակրոտարածաշրջանային համատեքստում և հապճեպ դատողություններ ու եզրակացություններ չանել։
Յուրի Մավաշև
fondsk.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—