Սեպտեմբեր 27, 2026
«Արցախի կորստից 6 տարի անց, կարծում եմ՝ մեր ազգը դասեր չի քաղել, մասնավորապես, կառավարական մակարդակում որևէ դաս չեն քաղել։ Բոլորն էլ գիտեն, թե 44-օրյա պատերազմն ինչպես է եղել, Ադրբեջանին քանի-քանի երկիր է օգնել, ու բոլորով հարձակվել են Արցախի վրա»,– 168.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի մասին։
Ժողովրդական արտիստը շեշտեց՝ ամբողջ աշխարհն է տեսել, թե ինչպիսի դիմադրության է արժանացել Ադրբեջանն Արցախում, հենց այդ ժամանակ էլ հայ ազգին իշխանությունը հուսադրում էր՝ ասելով, թե «հաղթում ենք», բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
«Պարզվեց, որ մենք ոչ թե «հաղթում ենք», այլ գաղթում ենք։ 44-օրյա պատերազմը նայած ում համար դաս եղավ, այսօր մեր ազգը պառակտված է, կիսատ է, բաժանված է «սևերի» ու «սպիտակների»։ Հիմա մարդ կա, որ ասում է՝ «լավ է, որ այդ պատերազմը եղավ, նաև ասում է, որ «Արցախը կորցնելով՝ Հայաստան է գտել»։ Հիմա ես չգիտեմ՝ այդ մարդն իր գտած Հայաստանը կկարողանա՞ պահել, իր բռունցքում պինդ պահել, թե՞ գցելու է Արցախի օրը։
Մեր ապագան մշուշոտ է, լավ չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել: Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ ինչ-որ խաղեր են խաղում, չեմ հասկանում՝ վերջն ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ Արցախի 44-օրյա պատերազմը մեր գլխին շատ մեծ աղետ է բերել, դրա գիտակցումը դեռևս ամբողջական չկա»,- հավելեց Քաջիկ Հարությունյանը։
Նա հիշեցրեց՝ դարեր շարունակ Արցախում թուրքը ոտք չէր դրել, բայց այսօր ինչ ուզում, այն էլ անում է, քանդում ու ավերում է հայկականը, իսկ նրա ձեռքը բռնող չկա։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պատերազմը սկսվեց, ինձ համար սա գաղտագողի պատերազմ էր, չգիտեինք, որ հարձակում պետք է լինի, անակնկալի ենք եկել՝ գաղտնի հարձակվեցին։ Առավոտյան ինքնաթիռները պտտվում էին Ստեփանակերտի չորս կողմում, արկեր սկսեցին թափել, արդեն բոլորս էլ իմացանք, որ պատերազմ է սկսվել ու լայնածավալ պատերազմ է։ Արցախահայերը սկսեցին ինքնակազմակերպվել, բանակն իր գործն անում էր, բայց ես չգիտեմ՝ ինչպե՞ս պատահեց, որ այս օրը հայտնվեցինք։ Ինձ համար անհասկանալի է մնում Շուշիի անկումը, ախր Շուշին կարող էինք նույնիսկ քարով պահել, ադրբեջանցիներին կարող էին քարերով հետ շպրտել։ Ադրբեջանցին ինչպե՞ս է կարողացել քայլելով մտել Շուշի, զարմանում եմ։ Հետագայում այս ամենը կպարզվի, ես վստահ եմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, այսքան կորուստներից հետո ապագային հույսով է նայում, բայց ապագան աղոտ է, իրատես էլ եթե լինի, ապա այսպես շարունակվելու դեպքում լավ բաներ չի սպասում։
«Ինքս երբեմն հուսաթափ եմ լինում, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանում ինձ իսկապես ոչնչություն եմ զգում։ Ես ճանաչված ու սիրված դերասան էի Արցախում, բայց ոչ այստեղ։ Այստեղ թատրոններում նույնիսկ չեմ կարողանում աշխատել։ Թեպետ իմ գործն անում եմ, Գրողների միությանը կից ասմունքի թատրոն կա, այդ կազմով գյուղերով ենք շրջում, ասմունքում ենք։ Շատ ժամանակ այդ ամենն անվճար ենք անում։ Այսօր Հայաստանում «հայրենասիրություն» բառը վերացած է, երբ մի տեղ ասում ենք՝ «հայրենասիրական բանաստեղծություններ», մեզ ասում են՝ դա իբր ի՞նչ է, ասում են՝ մի ծիծաղելի բան արեք, մարդիկ ծիծաղեն, մշակույթը հասցրել են այս մակարդակի»,- ընդգծեց Քաջիկ Հարությունյանը։
—