Սեպտեմբեր 27, 2026
Պատերազմի և դրա հոգեբանական հետևանքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ռազմական հոգեբան, խորհրդատու Գրիգոր Բադալյանի հետ։
– Հոգեբանական ինչպիսի՞ հետևանքներ են ունենում պատերազմները։
– Պատերազմն արտակարգ իրավիճակ է մարդու համար, որն ունի բազմաշերտ ազդեցություն։ Այն ազդում է մարդու հոգեկանի, նյարդային համակարգի, սոցիալական վիճակի վրա։ Եթե կարող է ինչ-որ մի տեղ հրդեհ լինել ու դա սպառնալ ֆիզիկապես, ապա պատերազմը երկարատև ազդեցություն կարող է ունենալ։ Սթրեսային ազդակների ինտենսիվությունն ու տևողությունը ուժգին է ու երկար։ Այնտեղ վտանգները բավականին շատ են՝ հոգեբանական, մարմնի առողջության ու կյանքի առումով։ Այսինքն, սա բազմագործոն ազդեցություն է, հետևաբար՝ դրա թողած հետևանքները նույնպես բազմագործոն են լինելու, չի սահմանափակվելու հոգեբանականով կամ մարմնականով։ Սովորաբար կպչում է ֆիզիոլոգիային, երբ մարդիկ չեն կարողնում քնել, առաջանում են սննդային խանգարումներ, ուժգին տագնապ։ Ունենում են նաև անհանգստություն, մեղքի զգացում։ Լինում է սոցիալական միջավայրում ներգրավվելու, հասարակության և աշխարհի հետ ադապտացվելու խնդիր։
Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է նշանակում սթրեսային ազդեցությունը։ Սթրես առաջանում է այն ժամանակ, երբ մեզ համար իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մենք չենք կարող հակազդել նույն կերպով՝ և՛ վերահսկելի, և՛ արտակարգ պայմաններում։
Ֆիզիոլոգիական սթրեսն այն է, երբ շունը ընկավ քո հետևից՝ վախեցար, փախար, փրկվեցիր։ Սա նորմալ է, արդյունավետ է, շատ ժամանակ՝ օգտակար։ Բայց եթե տևական է ազդեցությունը, որն առաջացնում է երկարատև սթրես ու տևում է 10, 20, 30 օր և ավելի՝ օրգանիզմը սկսում է հյուծվել, սպառել հոգեկան, ֆիզիոլոգիական ռեսուրսները։ Սա կախված է նաև մարդու առանձնահատկությունից, տեղի ունեցածի, ապագայի նկատմամբ վերաբերմունքից։ Կարևոր է՝ մտերիմների շրջանում կորուստներ եղե՞լ են, թե՞ չէ, ինչպե՞ս է փորձում դրանից հետո ադապտացվել։ Այս ամենը կարևոր է, որպեսզի դիտարկենք, թե հոգեբանական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պատերազմն անձի վրա։
– Շատերը, ովքեր մասնակցել են պատերազմի, նախընտրում են լռելն ու այդ մասին չխոսելը։ Սա և՞ս հանգեցնում է խնդիրների։
– Սա, որպես այդպիսին, պաշտպանական մեխանիզմ է, որովհետև մեր հոգեկանը նախընտրում է այն ամենը, որն ինձ ցավ է պատճառում, տարածություն վերցնի, պարզապես մոռանա ու չխոսի դրա մասին, որ կրկին չառնչվի նույն ուժգին սթրեսորին, բայց սա նշանակում է, որ քո վերաբերմունքը չես փոխել դրա հանդեպ, որովհետև երբ անդրադառնաս՝ դա քեզ ցավ է պատճառելու։ Բայց, իհարկե, պետք է լուծել հարցը։ Եթե հարցին ուղիղ պատասխանեմ, ապա չասելը, չխոսելը բացասաբար է ազդում։ Պատկերացրեք՝ ձեր ձեռքը վիրավոր է, անընդհատ փակում ես վերքը, ոչ ոքի չես ասում, չես ուզում հիշել, բայց միևնույն ժամանակ դու չես բուժում այն։ Արդյունքում՝ զարգացում ունենալո՞ւ է, վնասելո՞ւ է, բնականաբար։ Հետևաբար՝ դրա մասին խոսելն ամոթ չէ։ Պարզապես նախընտրելի է, որ դա տեղի ունենա մասնագետի ուղեկցությամբ, որովհետև չունենք այդ վստահությունը, որ սոցիալական արձագանքն այն երևույթին, որն ինձ համար միգուցե տրավմատիկ ազդեցություն է ունեցել՝ աջակցությունը կլինի առողջ։ Պետք է այն ընդունես՝ որպես կյանքում ունեցած փորձառություն, և շարունակես ապրել։
– 44-օրյա պատերազմից հետո շա՞տ եղան մարդիկ, ովքեր դիմեցին հոգեբանների, թե՞ պարփակվեցին, ոչ մեկի հետ չզրուցեցին, և դա հանգեցրեց լուրջ խնդիրների։
– Երկուսն էլ։ Եկեք նշենք, որ միայն հոգեբանական աջակցությամբ չի սահմանափակվում։ Շատ դեպքերում անհրաժեշտ է նաև հոգեբուժական, սոցիալական աջակցություն։ Ասում են՝ դիմիր հոգեբանին և կկարգավորվի։ Ո՛չ, դա սխալ մոտեցում է, որովհետև եթե հասարակության մեջ շարունակում է լինել հետսթրեսային միջավայրը, ապա անձին ուղղորդելը, թե՝ գնա հոգեբանի մոտ, կկարգավորվի, բայց կրկին վերադարձիր այն միջավայրը, որտեղ մարդիկ տագնապած են, ագրեսիվ, բևեռացված, կոնֆլիկտի մեջ են, կա մշտական լարվածություն, սխալ կլինի։ Այստեղ պետք է բազմագործոն ազդեցություն։ Պատերազմն ազդում է հասարակության, մտերիմների, քո առողջության, սոցիալական կապերի ու հոգեբանական վիճակի վրա։ Հետևաբար՝ չպետք է մեզանից վերցնենք պատասխանատվությունն ու ասենք՝ գնա հոգեբանի մոտ, կկարգավորվի։Պետք է համապարփակ մոտեցում, որովհետև պատերազմի ազդեցությունը մեծ է, մարդու հոգեկանը չունի այն ռեսուրսը, որ կարողանան դա մարսել։ Նույնիսկ հետպատերազմյան շրջանում մեր հասարակությունում լարվածությունը չափից շատ է, ագրեսիան բավականին բարձր է։ Դրա համար կարող են տարբեր տեսակի վարքաձևեր ծնվել՝ հանցագործություն, իմպուլսիվ գործողություններ ու, ամենասարսափելին, առաջանա հասարակության առողջության խնդիր, մասնավորապես՝ բևեռացում։ Ներսից բաժանվեն թիմերի ու պայքարեն մեկը մյուսի դեմ։ Պատերազմական վիճակը քեզ ստիպում է մտածել՝ ես ընդդեմ ինչ-որ մեկի, ու երբ այն ավարտվում է, հետևանքները մնում են, և մասնակիցներն ու ոչ մասնակիցները կարող են շարունակել փնտրել օտարներին, ու բևեռացումը կարող է հեշտությամբ առաջանալ։
Կան մարդիկ, ովքեր դիմել են սկզբից, որոշներն ուշ են դիմել, որովհետև նույն ազդեցությունը մեկի մոտ կարող է ավելի վաղ լինել, մյուսի մոտ ուշ՝ 1 տարի հետո։ Սա շատ անհատական է։ Մարդ կա՝ 3 տարի հետո է դիմում, որովհետև նոր մտքեր են առաջանում դրա հետ կապված։
– Պատերազմի բովով անցած բոլոր երկրներին ու նրա բնակիչների՞ն է բնորոշ ագրեսիան, բևեռացումը, իրար մեղադրելը, թե՞ այստեղ ազգային պատկանելությունը դեր ունի։
– Սա մարդու հոգեկանին և գլխուղեղին բնորոշ հակազդում է։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ զինծառայողները վերադառնում էին, շատերը կային, որոք ֆիզիկական վնասվածք չէին ստացել, բայց սկսում էին կախվածություն ունենալ ալկոհոլից, էքստրեմալ սպորտաձևերից, շատերը կատարում էին հանցագործություններ, և հասկացան, որ միգուց պատերազմն ուղիղ այնքան մարդուն չի վնասել, քան հետպատերազմյան շրջանը։ Կարող է առաջանալ հետտրավմատիկ սթերսային խանգարում և լինի դյուրագրգիռ, հյուծված վիճակ, անքնություն, սնվելու խանգարում, վտանգի սպասում և որոնում, մենք-նրանք, յուրայիններ-օտարներ բաժանում։
Ագրեսիվ ֆիլմերը, երաժշտությունը, վատ մթնոլորտը, սնունդը, շատ խցանումները ևս ազդում են։
Մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է, շատ է ներառված քաղաքականության մեջ, կարծում եմ՝ քաղաքական կողմերը չեն խնայում հասարակությանը և չափից շատ են ներառում այդ գործընթացների մեջ։ Տոտալ տագնապի, լարվածության արդյունքում մարդն իրավիճակի վերահսկողության կարիք ունի։ Հետևաբար՝ նրանք ներառվում են քաղաքական գործընթացի մեջ՝ չլինելով պրոֆեսիոնալ, չունենալով ֆիլտրի և էկոլոգիական դիետայի կարողություն, ընդունում են ցանկացած ինֆորմացիա, պրովոկացիոն հույզեր են ստանում, անընդհատ լարված վիճակում են գտնվում, ու ընտանիքի երկու անդամ կարող են իրար հետ վիճել քաղաքական հայացքների պատճառով, իսկ դա ամբողջ հասարակությանն է բնորոշ։ Կարծում եմ՝ պետությունը պետք է դա հասկանա և հասարակությանը հանգիստ թողնի քաղաքական գործընթացներից, որ իրար չվնասեն ներսում, իրար դեմ չպայքարեն։ Սրանից հետո աշխատեն բարենպաստ վերականգնողական միջավայր ստեղծելու համար։
– Բայց չե՞ք նկատում, որ մեր հասարակությունը սիրում է, ձգտում է ագրեսիայի։ Եթե չուզի՝ չի ձգտի։
– Այդպես չէ։ Հաճախ ասում են՝ այս ի՞նչ երգեր եք երգում, սա մեր մշակույթը քանդող երաժշտություն է, պատասխանում են՝ ժողովուրդը դա է ուզում։ Այդպես չէ։ Եթե երեխային սովորեցնում ես շաքար ուտել՝ կախվածություն է ունենալու շաքարից։ Հասարակությունը չունի գիտակցություն, այն մեծ երեխա է։ Ինչ հրամցնես՝ ինչ-որ ժամանակ հետո դրա կարիքն ունենալու է։ Միգուցե մենք ունենանք նախադրյալ՝ ավելի ագրեսիվ սոցիալական տեսակի, ով պատրաստ է հարձակվել, ավելի դյուրագրգիռ է, տաքարյուն, դու դա կարող ես խթանել՝ ստեղծելով անապահով միջավայր, և կարող ես աջակցել, որպեսզի անհարկի ագրեսիան նվազի՝ ստեղծելով ապահով միջավայր։ Չի կարելի մեղադրել այն մարդուն, ով ագրեսիվ է, ուրեմն պետության աստիճանում պետք է վերացնել այն պատճառները, որպեսզի մարդն ագրեսիվ լինելու կարիք չունենա։
– Այստեղ, կարծում եմ, կարևոր է մարդու անձնային հասունությունը, որովհետև 80-90 տոկոսին, մեղմ ասած, կարողանում են օգտագործել՝ իրենց շահերից ելնելով։ Խնդիր կա, հոգեբանորեն հասուն չէ մեր ժողովուրդը։
– Համաձայն եմ․ պատկերացրեք ժողովուրդ, որն ընդամենը 120 տարի առաջ ունեցել է մեծ ցեղասպանության տրավմա, ու դա չի անցնում, 10-ամյակներով փոխանցվում է։ Ապրել է անորոշ, կեղծ կոմունիստական հասարակությունում, լիարժեք ինքնագիտակցություն չունեցող։ Հետո այն փլուզվել է, կրկին ժողովուրդը հայտնվել է անապահով, անորոշ վիճակում։ Տեղի է ունեցել երկրաշարժ, պատերազմ, սոցիալական դժվարություն, կորուստներ, մշտական քաղաքական խաղերի մեջ են ինտեգրվել, հետո կրկին խոշոր պատերազմ, և դրան զուգահեռ՝ մեր մշակույթում փոխանցվող ինֆորմացիան առողջացնող չէ․ սպանություններ, դաժանություն, դավաճանություն ներկայացնող սերիալներ, երգեր՝ մեծ մասը մահվան, տառապանքի վերաբերյալ։ Հետևաբար՝ այս հասարակությունն այդքան տրավմաների արդյունքում ինքնուրույն չի հասցնում հասունանալ՝ որքան էլ որ ունենք Նարեկացի, Կոմիտաս… Պետությունը պետք է գիտակցի այս ամենն ու նպատակաուղղված հասունացնի իր հասարակությանը։ Դրա համար ամենակարևոր միջոցը մշակույթն է։ Երբ կարդում ես Թումանյան կամ Սահյան, քո աշխարհայացքը փոխվում է։ Դու մտածում ես այն, ինչ հզոր մարդիկ։ Բայց երբ լսում ես պրիմիտիվ, կիսահանցավոր բարքեր ենթադրող երաժշտություն ու նայում նման սերիալ, ֆիլմ, դու փողոցում լինելու ես այդպիսին ու չես հասունանալու։ Հետևաբար, ինչ մշակույթ թույլ է տալիս պետությունը, որպեսզի շրջանառվի հասարակությունում, դրանով որոշվում է, թե ի՞նչ հասունության աստիճանի հասնող հասարակություն է իրեն անհրաժեշտ։
– Հասարակությունը պետք է նաև պահանջատեր լինի։ Իրենք սիրում են նաև այն հաղորդումները, որտեղ մարդու անձնականն են քննարկում, ու բոլորը լաց են լինում։
– Երբ երեխային տալիս ես հեռախոսն ու ասում՝ մուլտֆիլմ նայիր անընդհատ, որովհետև ես զբաղված եմ, ինչ-որ ժամանակ հետո չես կարողանալու ձեռքից վերցնել, որովհետև պահանջելու է։ Եթե դու ինչ-որ մեկին՝ հատկապես մանկությունից, սիստեմատիկ վատ ես վերաբերվում, տվյալ մարդը չի կարողանալու վատ վերաբերմունքից հրաժարվել։ Հասարակություն և պետություն հարաբերությունը ծնող և զավակ հարաբերությունն է։ Իրականում, մեծ հաշվով, հասարակությունը շատ քիչ բան է ընտրում։ Միշտ փոքրաթիվը որոշում է կայացնում ու կառավարում է մեծաթիվին։ Հասարակության գիտակցությունն ավելի հուզական է, մանկական։ Իրականում միշտ պետությունը պատրանք է ստեղծում, որ դու ես կառավարում։ Պետությունն է թույլ տալիս՝ սա լինի՞, թե՞ չլինի։ Հասարակության առողջացման համար գրեթե միշտ պատասխանատու է պետությունը։ Հասարակությանը պետք է հասունացնել, առողջացնել, որպեսզի կարողանա տարբեր տրավմատիկ ազդեցությունները հոգեկան առողջության հանդուրժողականությամբ տանել։ Դա ընդունի՝ վերցնի, տանի։
– 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցների և թե քաղաքացիական բնակչության մոտ կա մեկուսացում։ Չեն շփվում մյուսների հետ, ինչպե՞ս ձերբազատվել սրանից։
– Սա սոցիալական գործոն է։ Վերականգնումը լինում է ֆիզիկական, ֆիզիոլոգիական, սոցիալական և հոգեբանական։ Ձեր դիտարկումը սոցիալ-հոգեբանական է, այսինքն՝ անձի ներսում ինչ-որ բաներ են տեղի ունենում, և նա կոնտակտի չի գնում։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատերազմի ազդեցությունն այնքան ուժգին է, որ միայն հոգեբանականով չի սահմանափակվում, այլ ամբողջական ազդում է մարդու օրգանիզմի վրա, և վերականգնումը պետք է իրականանա այս 4 հատվածներում։ Բանն այն է, որ եթե մարդու ներսում չի մարսվել տրավմատիկ փորձառությունը, վերքն ակտիվ վիճակում է, նա չի կարող այլ ապրումներ ունենալ։
Աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր ունեին կորուստներ։ Տարիներն անցել են, բայց կորուստը թարմ է, կարծես, երեկ է տեղի ունեցել։ Նա չի մարսել դա և գտնվում է առաջին մերժման փուլում։ Փուլերն այսպիսին են՝ կորուստ, սկզբում մերժում, ագրեսիա, բանակցություն, որ եթե այսպես չանեի, այսպես կլիներ, և վերջում ընդունում, որից հետո ներքին որոշակի հանգստություն է գալիս։ Ոչ թե իր կորուստն է արժեզրկում, այլ ընդունում է այս աշխարհը, իր հետ տեղի ունեցածը։ Շատերն առաջին փուլից առաջ չեն գնում և դրան նպաստում են սոցիալական մի շարք անգրագետ ազդեցություններ՝ հույզերը ցույց տալ չի կարելի, չի կարելի լացել, տխրել, ու սա հատկապես արական սեռին է վերաբերում։ Ի՞նչ կապ ունի սեռը, եթե դա բնական հույզ է ու պետք է ապրել։ Վիշտը չեն ապրում, մնում են այս փուլում, ու պետք են պաշտպանական մեխանիզմներ։
– Պատերազմը կարո՞ղ է հանգեցնել անձի բնավորության ու վարքագծի փոփոխության։
– Միանշանակ կարող է։ Այստեղ պազապես անհրաժեշտ է հասկանալ պատերազմի ուժգնությունը, տևողությունը, անձի ներգրավվածության աստիճանը, կորուստները։ Լինելով ուժգին սթրեսոր՝ կարող է նպաստել անձի փոփոխությանը։ Բնավորությունը հատվածներից մեկն է։ Պատերազմի ժամանակ ժամանակավոր ձեռք բերել այսպիսի համոզմունք, որ այս աշխարհում ապահովագրված չես, նորմալ է։ Ուժգին տագնապ ձեռք բերելը նորմալ է։ Դառնալ կասկածամիտ, վատատես, նորմալ է։ Նման իրավիճակներում ուղեղի առաջին կարիքը գոյատևելն է։
Պատերազմն օրացույցով չի ավարտվում, ֆիզիկական գործողությունն է ավարտվում, բայց հետևանքները մնում են։ Մարդու ուղեղը չի հասկանում, որ դա ավարտվել է, իրավունք չունի կտրուկ ընդհատի, որովհետև միգուցե այդ վտանգը շարունակվի, ու դու պետք է պատրաստ լինես, և այդ պատրաստ լինելու մոտիվից ելնելով՝ այնքան ուժգին է այդ պատրաստվածության վիճակն առաջացնում, որ առաջանում են նյարդաբանական, հոգեբանական փոփոխություններ։ Կարող է լինել բնավորության գծերի, հուզական ֆոնի փոփոխություն, հետտրավմատիկ խանգարում։ Աշխատում էի անձի հետ, ու երբ սովորական ինքնաթիռ էր անցնում՝ կուչ էր գալիս։ Փորձում էր պաշտպանվել, քանի որ ուղեղը դեռ չէր հասկանում, որ վերջացել է պատերազմը։
– Որպեսզի պատրաստված լիներ մեր հասարակությունը, չկա՞ պետության, հոգեբանների մեղավորությունը, և ի՞նչ խնդիրներ եք նկատել հասարակության մոտ, որ կարելի էր ժամանակին կանխել պատերազմից հետո։
– Կարծում եմ՝ որպեսզի ուժգին արտակարգ իրավիճակներից հետո հասարակությունը վերականգնվի, չվնասվի, անհրաժեշտ է հուզական հասունություն։ Սա նշանակում է՝ ընդունել այս աշխարհն այնպես, ինչպես կա, այս կյանքում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, չեմ կարող վերահսկել ամեն ինչ։ Ես ապրում եմ այսպիսի աշխարհում։ Սա անձնային հասունության ներքին համոզմունք է։
– 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերում հոգեբանների բացակայությունն ունեցա՞վ բացասական ազդեցություն։
– Չեմ կարծում, որ հոգեբաններն այնքան կարող էին լինել, որպեսզի փոփոխություն կատարեին։ Նախ այստեղ մշակույթի հարց կա։ Մեր հասարակությունը, ուժային կառույցներում ներառված մի շարք կիսափողոցային բարքերը քանդում են և՛ հոգեբանի, և՛ գնդերեցի ինստիտուտը։ Կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց պահանջարկ չունենալ։ Իր համար դժվար է ադապտացվելը, որովհետև մշակույթը թույլ չի տալիս։ Որպես ռազմական հոգեբան եմ ասում, սա առաջին և կարևոր խնդիրն է․ հասարակությունը պատրաստ չէ ընդունել, ու ոչ թե հոգեբանին է պետք փոխել, այլ մշակույթն է պետք առողջացնել։
Երկրորդ՝ 1-2 հոգեբանը 400-500 հոգու հետ չի կարող աշխատել։ Նաև պետք է լինեն հոգեբաններ, ոչ թե այլ կրթությամբ մարդիկ՝ հոգեբանի հաստիքով։
Եթե շատ լինեինք՝ կօգնեի՞նք, ո՛չ։ Պետք է հատուկ պատրաստվածություն։ Առաջինը կանխարգելել տրավմատիկ հետևանքները։
– Այս լարված տարիները որքանո՞վ են ազդեցություն թողել երեխաների վրա։
– Պատկերացրեք՝ ընտանիքում լարված միջավայր է, կոնֆլիկտները շատ են, դրական հույզը քիչ է, երեխաների հետ զրուցելն ընդունված չէ, այդ երեխաներն արդյոք կմեծանա՞ն լիարժեք առողջ, իհարկե՝ ոչ։ Մեր հասարակության համար սթրեսորները շատ են, և ուժգին ազդում է հասարակությանը քաղաքական գործընթացներում ներգրավելը։ Դրա համար պետք է հասկանալ, որ սա ոչ թե այսօրվա, այլ հետագայի հարց է։
—