Սեպտեմբեր 27, 2026
Երեխան, որն այսօր առաջին անգամ նստում է դպրոցական նստարանին, աշխատանքի շուկա կարող է մտնել այնպիսի պայմաններում, որոնք այսօր նույնիսկ դժվար է ամբողջությամբ պատկերացնել։ Արհեստական բանականությունն արդեն փոխում է բազմաթիվ մասնագիտությունների աշխատանքային գործընթացները՝ ավտոմատացնելով որոշ առաջադրանքներ, արագացնելով տեղեկատվության մշակումը և փոխելով այն հմտությունների ցանկը, որոնք գործատուները փնտրում են մասնագետների շրջանում։
Սա կրթության համար ստեղծում է բավական պարզ, բայց բարդ հարց․ եթե հնարավոր է, որ երեխայի սովորած կոնկրետ գիտելիքի մի մասը տարիներ անց այլևս նույն պահանջարկը չունենա, ապա ի՞նչ պետք է նրան սովորեցնել այսօր։
Պատասխանը, ըստ վերջին միջազգային ուսումնասիրությունների, միայն նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը չէ։ Խոսքը նաև այնպիսի հմտությունների զարգացման մասին է, որոնք կարող են կարևոր մնալ նույնիսկ տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում՝ վերլուծական և քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, ստեղծարարություն, հաղորդակցություն, համագործակցություն և նոր պայմաններին հարմարվելու կարողություն։
Համաշխարհային տնտեսական ֆորումի Future of Jobs 2025 զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականն աշխատաշուկայի փոփոխությունների արդյունքում կարող է ստեղծվել մոտ 170 մլն նոր աշխատատեղ և դուրս մղվել 92 մլն ներկայիս աշխատատեղ։ Այս երկու գործընթացները միասին համարժեք են այսօրվա ֆորմալ զբաղվածության մոտ 22 տոկոսին։ Այսպիսով, կանխատեսվող փոփոխությունը միայն աշխատատեղերի կրճատման մասին չէ․ միաժամանակ ձևավորվելու են նոր դերեր, իսկ գործող մասնագիտությունների ներսում փոխվելու է աշխատանքի բովանդակությունը։
Փոխվելու են նաև պահանջվող հմտությունները։ WEF-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականն աշխատողների հիմնական հմտությունների մոտ 39 տոկոսը կարող է փոփոխվել կամ հնանալ։ Տեխնոլոգիական հմտությունների, այդ թվում՝ արհեստական բանականության, մեծ տվյալների, կիբերանվտանգության և տեխնոլոգիական գրագիտության պահանջարկի աճին զուգահեռ՝ բարձրանալու է նաև ստեղծարար և վերլուծական մտածողության, ճկունության, հետաքրքրասիրության և շարունակական սովորելու կարողության արժեքը։
Այս փոփոխությունների մասին խոսելիս, սակայն, կարևոր է խուսափել այն պատկերացումից, թե AI-ի տարածումն ինքնաբերաբար նշանակում է մասնագիտությունների զանգվածային վերացում։ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ILO-ի 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ աշխատողն աշխատում է գեներատիվ AI-ի ազդեցության որոշակի մակարդակ ունեցող մասնագիտությունում։ Միևնույն ժամանակ կազմակերպությունը նշում է, որ շատ դեպքերում ավելի հավանական է աշխատանքի առաջադրանքների փոփոխությունը, քան ամբողջ մասնագիտության վերացումը։
Ազդեցությունն էլ հավասար չէ տարբեր երկրներում։ ILO-ի տվյալներով՝ GenAI-ի ազդեցությանը ենթակա է բարձր եկամուտ ունեցող երկրների զբաղվածության մոտ 34 տոկոսը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ մոտ 11 տոկոսը։ Սա նշանակում է, որ AI-ի տարածման հետևանքները մեծապես կախված են ոչ միայն տեխնոլոգիայի հնարավորություններից, այլև տնտեսության կառուցվածքից, թվային ենթակառուցվածքներից և մարդկանց՝ նոր պայմաններին հարմարվելու հնարավորություններից։
Այդ պայմաններում կրթության խնդիրը միայն երեխային AI գործիք օգտագործել սովորեցնելը չէ։ OECD-ի և Եվրոպական հանձնաժողովի 2026 թվականի AI Literacy Framework-ը AI գրագիտությունը սահմանում է ավելի լայն շրջանակով․ երեխաները պետք է հասկանան, թե ինչպես են AI համակարգերն աշխատում, կարողանան քննադատաբար գնահատել դրանց արդյունքները և տեխնոլոգիան օգտագործեն պատասխանատու ու ստեղծարար ձևով։
Այսինքն՝ ապագայի կրթության մեջ տեխնոլոգիական գրագիտությունը պետք է զուգակցվի քննադատական մտածողության հետ։ Երեխան պետք է ոչ միայն կարողանա հարց տալ AI-ին, այլև հասկանալ՝ արդյո՞ք ստացած պատասխանը ճիշտ է, ի՞նչ աղբյուրների վրա է այն հիմնված, ի՞նչ կարող է բաց թողնել համակարգը և որտե՞ղ է անհրաժեշտ սեփական դատողությունը։
Հայաստանի դեպքում այս հարցն առավել հետաքրքիր է դառնում, քանի որ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն արդեն իսկ բավական բարձր է, մինչդեռ կրթական արդյունքների վերաբերյալ վերջին միջազգային տվյալները ցույց են տալիս այլ խնդիրներ։
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը 2025 թվականին, իսկ արդյունքները հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերին։ Գնահատմանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից։
PISA 2025-ի արդյունքներով՝ Հայաստանում 15-ամյա աշակերտների 28 տոկոսն է մաթեմատիկայում հասել առնվազն Level 2 մակարդակին՝ OECD-ի 65 տոկոսի միջինի պայմաններում։ Ընթերցանության դեպքում այդ ցուցանիշը Հայաստանում 19 տոկոս է՝ OECD-ի 69 տոկոսի դիմաց, իսկ բնագիտությունում՝ 28 տոկոս՝ OECD-ի 74 տոկոսի համեմատ։
Այս թվերը կարևոր են նաև AI-ի դարաշրջանի տեսանկյունից։ Եթե աշխատանքի շուկայում աճում է վերլուծելու, խնդիրներ լուծելու և տեղեկատվությունը գնահատելու կարողությունների պահանջարկը, ապա դրանց հիմքում շարունակում են մնալ ընթերցանության, մաթեմատիկական և գիտական մտածողության հիմնարար հմտությունները։
Միաժամանակ Հայաստանում երեխաներն արդեն ակտիվորեն օգտագործում են AI գործիքներ։ PISA 2025-ի հարցման համաձայն՝ Հայաստանի 15-ամյա աշակերտների 49 տոկոսը նշել է, որ առնվազն շաբաթը մեկ AI chatbot է օգտագործում սովորելու համար։ OECD-ի միջին ցուցանիշը 46 տոկոս է։ Հայաստանում աշակերտների 40 տոկոսը AI-ն օգտագործում է գրավոր առաջադրանքներ պատրաստելու համար, 36 տոկոսը՝ տեքստ ամփոփելու, իսկ նույնքան աշակերտ՝ նոր թեմայի վերաբերյալ նախնական ուսումնասիրություն կատարելու նպատակով։
Այս տվյալները միաժամանակ ցույց են տալիս և՛ տեխնոլոգիայի արագ տարածումը, և՛ կրթական նոր խնդիրը։ Երեխաները կարող են արդեն օգտագործել AI, սակայն դրանից դեռ չի հետևում, որ նրանք գիտեն՝ ինչպես օգտագործել այն արդյունավետ և պատասխանատու կերպով։
Հայաստանի կրթական համակարգն էլ սկսել է արձագանքել այս փոփոխությանը։ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը 2025/26 ուսումնական տարում ներառել է շուրջ 1000 աշակերտի՝ 26 դպրոցից և 19 քաղաքից։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2026/27 ուսումնական տարում նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 45 դպրոց։
2026 թվականի օգոստոսի 20-ին ԿԳՄՍ նախարարությունը նաև երաշխավորել է «STEP. AI-արհեստական բանականության և տվյալների վերլուծության հիմունքներ» առարկայի ծրագիրը 10-րդ դասարանի համար։
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է նաև 50 հազար ChatGPT Edu և Codex կրթական բաժանորդագրության հասանելիություն։ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանրակրթության ոլորտում ChatGPT Edu-ն նախատեսված է բոլոր ուսուցիչների և ավագ դպրոցի սովորողների համար, իսկ բուհերում՝ դասախոսների և ուսանողների համար։ Նախաձեռնության մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Firebird ընկերության կողմից, իսկ հետագայում նախատեսվում է գնահատել ծրագրի ազդեցությունն ու պետական ֆինանսավորման հնարավորությունը։
Սակայն միայն տեխնոլոգիայի հասանելիությունը դեռ չի նշանակում, որ կրթական համակարգը պատրաստ է աշխատանքի շուկայի փոփոխությանը։ UNESCO-ի 2026 թվականի՝ Հայաստանի ICT հմտությունների զարգացման վերաբերյալ զեկույցը արձանագրում է, որ երկրում գործում են ICT հմտությունների զարգացման տարբեր ծրագրեր, համալսարաններն ու IT ընկերությունները համագործակցում են, զարգանում են նաև ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունները։ Միաժամանակ զեկույցը մատնանշում է կրթության որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության և հայկական բուհերի միջազգային տեսանելիության հետ կապված խնդիրներ։
Այս ֆոնին առաջանում է մի հարց, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Եթե տեխնոլոգիաները փոխվում են ավելի արագ, քան կրթական ծրագրերը, ապա արդյո՞ք դպրոցը պետք է փորձի երեխային պատրաստել կոնկրետ ապագա մասնագիտության, թե՞ ավելի կարևոր է նրան տալ սովորելու և նոր պայմաններին հարմարվելու հիմքը։
Արհեստական բանականության տարածումը կարող է փոխել ծրագրավորողի, լրագրողի, դիզայների, հաշվապահի, իրավաբանի, մարքեթոլոգի կամ բազմաթիվ այլ մասնագետների աշխատանքի մի մասը։ Բայց այդ փոփոխությունների պայմաններում նույնքան կարևոր կարող են դառնալ այն կարողությունները, որոնք թույլ են տալիս մարդուն հասկանալ խնդիրը, ճիշտ հարց ձևակերպել, ստուգել ստացված տեղեկատվությունը, տարբերել փաստը ենթադրությունից, ստեղծել նոր գաղափար և պատասխանատվություն կրել վերջնական որոշման համար։
Այդ պատճառով ապագայի կրթության գլխավոր հարցը գուցե ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություններ են մնալու տասը տարի հետո, այլ՝ ինչպիսի մարդ է պետք ձևավորել, որպեսզի նա կարողանա սովորել և աշխատել նաև այն պայմաններում, որոնք այսօր դեռ գոյություն չունեն։
Հայաստանի համար այս հարցն արդեն տեսական չէ։ Մի կողմից՝ դպրոցականները AI-ն օգտագործում են բավական ակտիվ, մյուս կողմից՝ PISA-ի առաջին արդյունքները ցույց են տալիս հիմնարար գիտելիքների ու հմտությունների զարգացման լուրջ խնդիրներ։ Միաժամանակ կրթական համակարգը սկսում է AI-ն ներմուծել՝ ինչպես առանձին ծրագրերի և առարկաների, այնպես էլ՝ ուսուցիչների ու աշակերտների համար նախատեսված նոր գործիքների միջոցով։
Հետևաբար՝ հաջորդ տասնամյակի համար դպրոցական կրթության մարտահրավերը կարող է լինել ոչ թե երեխաներին AI-ից առաջ անցնելը, այլ AI-ի հետ աշխատել սովորեցնելը՝ առանց մարդու մտածելու, ստուգելու և որոշում կայացնելու կարողությունը տեխնոլոգիային փոխանցելու։
Սիրարփի Աղաբաբյան
—