Սեպտեմբեր 27, 2026
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանն է։
– Ձեր բանաստեղծական «գործունեությունը» սկսել եք դեռևս երրորդ դասարանից, երբ անակնկալ կերպով մի հետաքրքիր բանաստեղծություն եք արտասանել դպրոցում՝ միջոցառման ժամանակ։ Ի՞նչ միջոցառում էր և ի՞նչ արտասանեցիք։
– Այո, առաջին բանաստեղծությունս հանպատրաստից արտասանել եմ Ձմեռ պապիկին նվիրված միջոցառման ժամանակ, հետո ձայնագրված հեռարձակվեց ռադիոյով։ Հիշում եմ, եղբայրս հարցնում էր՝ դա դո՞ւ ես գրել, ասում էի՝ հա։ Մինչ այդ էլ գրում էի, բայց ցույց չէի տալիս ոչ ոքի։ Եվ այդպես հիմքը դրվեց ու սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ինքս ինձ ու իմ տողին։ Հիմա այդ տողերը շատ աղոտ եմ հիշում։
– Ավելի լուրջ ո՞ր տարիքում եք գրել։
– Տետրեր ունեի, որ գրքի ձևաչափով ձեռագիր գրում էի ու, երբ 10-րդ դասարանն ավարտել էի, իմ բանաստեղծություններից 2-3 հատ հայրս տարավ՝ գրողներից մեկին ցույց տվեց։ Վերջինը վերցրեց ու տպագրեց թերթում․ հայրիկիս նվիրված բանաստեղծություն էր, թե ինչպես գնաց պատերազմ, վիրավոր վերադարձավ, բայց մայրս ուրախացավ, որ կարևորը՝ ողջ էր։ Թերևս այդտեղից էլ սկսվեց։
– Ո՞վ էր Ձեզ ուժ տալիս ստեղծագործելու և ո՞վ էր առաջինն ընթերցում այդ տողերը։
– Ես ոչ մեկի ցույց չէի տալիս, և դա էր պատճառը, որ եղբայրս էլ զարմացավ՝ իմանալով, որ ստեղծագործում եմ։ Ինչ վերաբերում է ստեղծագործական ներշնչանքին… սովորաբար ասում են՝ կամ սկսում են գրել ցավից, կամ ուրախությունից։ Իմը, թերևս, ցավն էր, որովհետև առաջին դասարանում էի սովորում, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Այդ իրադարձությունները, հորս պատերազմ գնալը, վիրավորվելը, նրան սպասելը, նկուղային կյանքը տպավորվեց ու սկսեցի գրել։ Հետագայում, իհարկե, անդրադարձա այն ամենին, ինչն ինձ հուզում էր։
– Գրելու համար բավականին կարդացած պետք է լինել, Դուք այդ տարիքում շա՞տ էիք ընթերցում։
– Այո, ես գրքերի մեջ եմ մեծացել ու գրքերի մեջ եմ ապրում։ Իրականությունն ինձ համար մի տեսակ խորթ է։ Մի կողմից տխուր է, բայց մյուս կողմից էլ՝ ես ինձ գրքերի մեջ էի տեսնում, գրքերով էի ապրում, ուրախանում։ Այդպիսի օր չկար, որ գիրք չկարդայի։
-Գրչընկերները Ձեզ բնութագրելիս ասում են, որ ունեք խորը և զգացմունքային միտք ու գրիչ, Ձեր տարիքից ավելի վեր եք մտածում և գրում։ Սա պայմանավորված է այն պայմաններով, որում ապրե՞լ եք, թե՞ ի բնե այդպիսին եք եղել։
– Անշուշտ, այն ամենը, ինչ ապրել ենք, մեզ վրա ազդեցություն գործում է։ Բայց իմ բնույթով էլ բավականին լուրջ մարդ եմ։ Վերջերս հասկացա, որ դա ճիշտ չապրելու հետևանք է, որովհետև կյանքն այնքան էլ լուրջ բան չէ, պետք է հեշտ ապրել։ Ինչքան մենք լրջացնում ենք, այնքան ամեն ինչ ավելի բարդ է դառնում։ Ամեն ինչ պարզ է, բայց մարդը սիրում է բարդացնել, և, հատկապես հայերն ունեն ամեն ինչ ծանրացնելու բնավորություն։ Սկսում ենք տառապել թե՛ նախքան իրադարձության տեղի ունենալը, թե՛ այդ ժամանակ, ու թե՛ դրանից հետո։ Չգիտեմ ինչու՝ ես ինձ ծննդավայրիս եմ նմանեցնում։ Սկսեցինք պատերազմով, գոյի պայքարով, 1988թ․ շարժումը, հետպատերազմյան շրջանը եղավ, այնուհետև կարծես ուշքի եկանք, մի տեսակ սկսեց ծաղկել կյանքը, ու հույս ունեինք, որ մեր երեխաները չեն տեսնի այն, ինչ մենք ենք տեսել, բայց, ցավոք, նորից եկանք, փաստի առջև կանգնեցինք, և մեր երեխաները տեսան այն, ինչ մենք տեսանք՝ ավելի վատ տարբերակով, ձևաչափով՝ նկուղներ, վախ, հիասթափություն, ականների պայթյուններ, անհանգիստ գիշերներ, ցավոք, նաև արտագաղթ…
Կարծում եմ՝ ամեն ինչ ազդում է, բայց նաև այն գրքերը, որոնք կարդացել եմ, թերևս դրանք էլ մեծ ազդեցություն ունեն կենսակերպի, աշխարհընկալման, բնույթի հետ կապված։
– Ապրումները տեղ են գտել Ձեր բանաստեղծություններում, բայց հետաքրքիր է, որ չեք չարանում, անգամ տող կար, որտեղ ասում եք․ «Եվ վերջապես ո՞վ եմ ես, իհարկե, մարդ՝ բոլորի պես, ով գիտի տանջվել ու մնալ հեզ»։ Չե՞ք կարծում, որ այս դեպքում դժվար է բարությունը պահելը։
– Ճիշտ եք, ես էլ եմ նկատում, և ինչ-որ տեղ ուրախանում եմ, որ չեմ չարացել։ Իրականում չարանալն ավելի հեշտ է, քան բարի մնալը։ Եվ սևակյան տողերը, որ՝ հաշտ լինենք ինքներս մեզ հետ, միշտ կրկնում էի։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց ես հասկացա, որ իմ մեջ այդ չարությունը չի մնում ու չկա և դա փրկության մի ձև է նաև։ Ինչ-որ տեղ գուցե գրելն էլ օգնեց, որովհետև դու կարողանում ես քո ներսի ամեն ինչը թղթին հանձնել, ու երբեմն նշում եմ տողերում՝ «․․․բանաստեղծություն, քեզ գրելուց հետո դու արդեն մերը չես, ինչպես երեխաները, որոնց պետք է ծնենք, պահենք, այնուհետև աշխարհին տանք, և իրենք ինքնուրույն հանդես գան»։ Գուցե ինձ վրա աշխատելն էլ օգնեց, որ լինեմ բարի, անչար աչքերով նայեմ աշխարհին։
– Հետաքրքիր է, որ տխրությունը, չարչարանքը, տառապանքը, ամեն ինչ ներկայացնում եք, բայց պահում եք նաև պոեզիայի չափանիշները, չեք շեղվում ճանապարհից։ Ինչպե՞ս եք անում, որ Ձեր պոեզիան չի վերածվում ողբի։
– Բոլոր իրադարձություններն այնքան էլ լավ հետևանքներ չեն ունեցել, բայց միշտ կրկնում եմ՝ ուզում եմ, որ զոհի կարգավիճակից դուրս գանք։ Այո՛, ցավ կրում ենք, հայի աչքերը տխուր են, և դա մեր կենսակերպից է։ Նույնիսկ զգացի, որ ժպտալ բառը, կարծես, իմ հայացքին հարիր չէ, աչքերս միշտ տխուր են, բայց իրականում ձգտումը պետք է լինի, որ հետոն լավ է լինելու։ Մեղավորներ հեշտ է գտնել, կարևորը՝ հասկանանք այդ իրողության մեջ մեր մեղքը։ Պետք է փորձել լավ բան անել, որ ամեն ինչից ավելի հաշտ դուրս գաս։ Մեր երեխաներին գոնե մեր հոգու հանգստությունը, անդորրն է պետք։ Վերջին տարիների ընթացքում անգամ իմ տողերում հաճախ եմ հարց տվել՝ արդյոք կարողացե՞լ եմ իմ երեխաների հետ ճիշտ լինել, թե՞ թույլ եմ տվել, որ տեսնեն, զգան այն ամենը, ինչ ես եմ զգացել։ Ահա այսօր, երբ իմ երեխան խոսում է հայրենասիրության մասին, պայքարում է, ջատագովն է իր երկրի, ծննդավայրի, հասկանում եմ, որ դա պետք էր, որպեսզի իրենք ամրանային, հասկանային, որ հայրենիքն, իրոք, արժեք է։
– Ունեք նաև հիասթափության տողեր, բայց ի՞նչն է ուժ տվել՝ տեսնելով այդ ամենը, շարունակել ապրել։
– Բանաստեղծն ինչքան էլ փորձում է իր ներսի երևակայական իրողությունները բերել իրականություն, միաժամանակ դրա հետ սինթեզել, այնուամենայնիվ, իրականությունը դուրս մնալ չի կարող։ Տողի ամեն մի շնչառությունը, բառը, որ ընդգրկում է, անշուշտ, իրականության ցավի, երբեմն նաև ուրախության արդյունք է։ Չգիտեմ ինչու՝ իմ բանաստեղծությունը միշտ թախծի, տրտմության հտևանքով է ծնվել։ Թախծի մեջ, թերևս, ժպիտ պետք է նկարել, որը հետո իրական ժպիտ պետք է դառնա։
– Այս պահին այդ տողերից մեկը հիշեցի, որտեղ ասում եք․ «Անճարությունից ատամներդ սեղմում ես իրար․ մեռնեի՝ չտեսնեի այս ամենը»։ Հետո արթնանում է Արցախ վերադարձի հույսը։ Թերևս հույսն ու հավա՞տն է պահում մարդկանց։
– Այո, հենց հավատն ու հույսը։ Հիշում եմ, Հիսուսի կիսանդրի ունեինք, որի առջև ամեն գիշեր կանգնում ու աղոթում էի, որ հայրս պատերազմից ողջ-առողջ վերադառնա։ Փառք Աստծո, վիրավոր, բայց վերադարձավ։ 2020-2023թթ․ մենք նույնիսկ մեր երեխաներին չէինք ուզում քնեցնել, դպրոց ուղարկել՝ անհանգիստ էինք։ Այդ ժամանակ էլ այն հույսը կար, որ պետք է մի լավ բան լինի։ Մինչև վերջին օրը, երբ սկսվեց այդ ամենը , հրաժեշտ տվեցինք նույնիսկ հրաժեշտ չտալու նման, որովհետև մենք ուզում էինք մնալ ու մտածում էինք՝ գնում ենք ու հետ ենք գալու։ Այսինքն, այդ հրաժեշտն էլ չկար ու էլի հույս կար, որ վերադառնալու ենք։ Հիմա էլ հույս կա ու, կարծում եմ, որ եթե այդ հույսն էլ մարի, ուրեմն մենք էլ այլևս չենք լինի։ Հավատում եմ՝ կլինենք և վերադարձ կլինի։
– Լինելով այդ ամենի կենտրոնում, ինչպե՞ս էիք դիմանում, կարծեմ այդ օրերին ևս ստեղծագործել եք։
– 2021թ. «Պատերազմից հետո» խորագրով գիրք հրատարակեցի։ Մենք մտանք տուն, բայց մեր տան շեմին արդեն ուրիշներն էին։ Շուշին այդ ժամանակ արդեն մերը չէր, անցնում էինք հիասթափված, վախվորած, ցավով ու տառապանքով։ Կարելի է ասել՝ մահվան աչքերին նայելով ապրում էինք։ 2022թ․ ծնվեց իմ գիրքը՝ «Տունդարձի ճանապարհին» խորագրով։Դա այն ժամանակաշրջանն էր, երբ շրջափակման մեջ էինք, ծանր վիճակ էր, կար սննդի և այլնի խնդիր։ Երբ գիրքն ուղարկեցի տպարան՝ շրջափակումից մեկ ամիս առաջ էր։ Հետո շրջափակման մեջ հայտնվեցինք, ու գիրքս իսկապես մնաց տունդարձի ճանապարհին։
– «Պատերազմներ» բանաստեղծության մեջ նշում եք, որ՝ «Մենք մտանք տուն, բայց մեր տան շեմին արդեն ուրիշներն էին։ Շուշին այդ ժամանակ արդեն մերը չէր, պատերազմ կազմակերպողները, հրահրողները դժբախտ մարդիկ են, որոնք, կարելի է ասել, նախանձում են երջանիկներին»։ Այստեղ չկա՞ երջանիկների մեղքը, գուցե ցուցամո՞լ են, երջանկությունը շատ են ցույց տալիս, նախանձը շարժո՞ւմ են։
– Չեմ կարծում։ Մեր կենսագրությունը թողել ենք մեր երկրի մեջ։ Երբեմն հետ եմ նայում ու ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք երջանիկ էինք։ Միամտորեն հավատում էինք, որ՝ այո՛, լավ կլինի։ Եթե դիտարկենք հայ ժողովրդի պատմությունը՝ անընդհատ պատերազմներ են եղել ու հայն իր բնույթով երջանկանալ չի կարող, երևի ձևը չգիտի։ Պետք է պայքարենք, որ լինենք ուրիշ, որովհետև մեզ փոխելով՝ կփոխենք նաև իրականությունը։
– Տպավորություն է, որ հայերն ավելի շատ ապրում են ներկայով, չեն մտածում ապագայի մասին՝ գոնե 50-100 տարվա կտրվածքով։
– Այդպիսի տպավորություն կա, բայց իրականում ներկայով էլ չենք ապրում։ 2023թ․ հասկացա, որ պետք է ներկայով ապրել, որովհետև այն, ինչ կա այս պահին՝ կարող է հաջորդ պահին չլինել։ Պարզապես պետք է վայելել պահը։ 100 տարվա կտրվածքով չենք մտածում, պարզապես մենք՝ հայերս, մի քիչ «մենք»-ի և «ես»-ի խնդիր ունենք։ Միշտ մեր «ես»-ի մասին ավելի շատ ենք մտածում, բայց միաժամանակ, մեր «ես»-ով մենք երջանիկ չենք։ Մենք մեր սխալների վրա չենք սովորում, պատմությունից դասեր չենք քաղում։ Երևի մեր բնույթից է։
– Դուք անդրադառնում եք նաև ամբողջ աշխարհին և 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ցուցաբերած անտարբերությանը։ Այս ամենն ինչ-որ բան փոխե՞ց Ձեր լեզվամտածողության մեջ, որն արտահայտվեց ձեր տողերում։
– Արդեն պատրաստ է 9-րդ գիրքը, որի խորագիրն է․ «Երկիր, որը չհասցրեցինք ապրել»։ Ինձ թվում է՝ պայքարել կարողացա՝ շնորհիվ իմ ոգու։ Եթե չգրեի, չէի պատկերացնում, որ Հակարիի կամուրջն անցնելուց հետո կկարողանամ գրիչ վերցնել ու գրել, որովհետև ամեն ինչ անիմաստ էր, անարժեք։ Սկսեցի գրել ու, այո՛, ոճային առումով տարբերություններն ընդգծված երևում են։ Ամեն ինչն էլ նպաստում է՝ ժամանակ, տարիք, իրողություն… Կարծում եմ, ամեն ինչն էլ պետք է ազդի, որովհետև եթե մնանք նույն տեղում, ուրեմն մենք չկանք։ Մեր միտքը մենք ենք, ինչպես մտածում ենք, այնպես էլ կանք, ապրում ենք։ Իսկ եթե մեր միտքն առաջ չի ընթանում, չի զարգանում, ուրեմն մենք էլ անելու բան չունենք։
– Կուզեի խոսեինք շրջափակման ու Հակարիի կամուրջը դժվարությամբ անցնելու մասին։ Շատերն են նշում, որ ամենադժվարը կամուրջն անցնելն էր, ի՞նչն է տպավորվել։
– Իմ տողերում էլ ընդգծում եմ, որ մենք անցել ենք դժոխքի, քավարանի միջով, բայց դեռ դրախտ չենք հասել։ Այն, ինչ մենք ապրեցինք այդ շրջափակման ժամանակահատվածում, ինչ տառապանքների և այլնի միջով անցանք, դա միայն մեք գիտենք։ Չէինք պատկերացնում, որ մեկօրյա պատերազմին կարող է հաջորդել նման դժոխք, որի միջով մենք անցանք։ Կարծես ոչ թե մենք էինք գալիս, այլ մեր ոտքերը, որովհետև փրկության միակ ճանապարհը դա էր։ Գիտեինք՝ Հակարիի ճանապարհը կարող է չանցնեինք ու մնայինք այդտեղ։ Մեր երկրում էինք, բայց ուրիշի հովանու ներքո։ Վիրավորական էր, որ թողնում ենք մեր տունը և գնում ենք՝ ոչ մեր ցանկությամբ։
– Մի տող ունեք, որտեղ ասվում է․ «Զգույշ, այս հողի վրա կյանքի ու մահվան պայքար է եղել»։ Այդ կոչն ուղղում եք աշխարհի՞ն, թե՞ թշնամուն։
– Այս կոչն արցախյան ազատագրական պայքարի պատերազմական իրողություններից հետո էր։ Ավելի վաղ տարիքի գրված էր, երբ մարդը միամտորեն ասում էր՝ դե լսեք մեզ։ Հետո կոչերը, որոնք տողեր դարձան, արդեն այն մարդունն էին, որը հասկացավ՝ աշխարհը երբեմն խուլ է և ինչ-որ տեղ հույսդ քեզ վրա դնելն էլ ճիշտ չէ ասել։ Չկար այնպիսի բան, որ չենք արել՝ փրկելու մեր երկիրը։ Մենք արել ենք ամեն ինչ, որովհետև ապրում էինք այնտեղ, որտեղ գիտեինք՝ մահը կա։ Երբ ամեն օր նայում ես մահվանն ու ասում ես՝ կարող է այսօր լինել, դա ավելի սարսափելի է, քան մեռնելը։
– Խոսում ենք դժբախտների ու երջանիկների մասին, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երջանկություն կառուցել այն տանը, որտեղի ապրողին դու դժբախտացրել ես։ Եվ այս դեպքում չի՞ գործում «անեծքի ուժը»։
– Ճիշտն ասած, ես Աստծուն միշտ էլ հավատացել եմ։ Իմ կենսակերպով փորձել եմ այնպես ապրել, որ կա բումերանգը, այն գործում է, և ես կյանքում զգացել եմ, որ չարացած չլինելը, բարին գործելը մշտապես կա ու նույն կերպ վերադարձվել է ինձ։ Մեր արցախցի գրողներից մեկն իր տողերում ասում էր․ «Աստվածն էլ է արցախցի»։ Ես ուզում եմ այսպես ասել՝ Աստված էլ է հայ, և նա կօգնի մեզ։ Տողեր ունեմ, որտեղ նշում եմ, որ՝ Աստված ի՞նչ անի, մեզ հնարավորություն է տալիս, որը չենք կարողանում ճիշտ օգտագործել։ Բայց կարծում եմ, Աստված մի բան կանի, որ ուղղվենք ու լավը լինենք և՛ մեզ համար, և՛ երկրի։
– Երբ ընթերցում եմ Ձեր բանաստեղծությունները, կարծես մի ամբողջ ինֆորմացիա լինի պատմության, մշակույթի մասին։ Հետաքրքիր տողեր ունեք Արցախի նշանավոր վայրերի հետ կապված՝ Գանձասար, Ամարաս, Դադիվանք… հետաքրքիր է, ո՞ւր էիք շատ այցելում, ի՞նչն էր Ձեզ ստեղծագործելու ուժ տալիս։
– Այո, այդ հիշարժան վայրերը, որոնք բնութագրում են իմ ծննդավայրը, անշուշտ, նշելու անհրաժեշտություն կա։ Շատ տեղերում եմ եղել, ցավոք, շատ տեղերում չհասցրեցի լինել։ Գործի մեջ խրված էինք ու երջանկությունը չէինք զգում։ Մենք կարծես չէինք ապրում մեր կյանքը, չէինք հասցնում վայելել, տեսնել։ Շատ վայրերում եղել եմ, վերհիշում եմ և ցավ եմ զգում, որ այս պահին չեմ կարող լինել այնտեղ։ Նույնիսկ որոշ տեղեր այսօր, ցավոք, չկան։ Բայց չեմ ուզում, որ լավատեսությունը չլինի մեր մեջ։ Երբ վերջերս ընկերների հետ զրուցում էինք, ասացին՝ եթե անգամ մեր տները քանդեն՝ մեր հողը կա, նորից կկառուցենք տունը։ Հողն է ամեն ինչ իր մեջ ներառում։ Այն, ինչ թողել ենք մեր հողում, դա զուտ տարածք չէ։ Իմ տողերում էլ միշտ հիշատակում եմ, որ մենք նյութականի հետևից չենք ընկել, և մեզ համար տունը ոչ թե պատերն են, այլ հողը, որը մեզ համար ոգեշնչում էր ու միաժամանակ մենք ամեն ինչ տվել ենք այդ հողին՝ մեր կորուստները, այն ցավը, տառապանքը, այն զոհերը, որոնց վերադարձնել հնարավոր չէ։ Մենք մեղավոր ենք նրանց առջև և պարտավոր ենք ուղղվել, քավել մեր մեղքը։ Թերևս, դա էլ է ստիպում մեզ, որ մեր մեջքն ուղղենք, չհիասթափվենք, լավատես լինենք։
– Կուզեի մեր զրույցը եզրափակենք «Արցախ» բանաստեղծությամբ։
– Այս բանաստեղծությունը գրել եմ արտագաղթից մեկ ամիս հետո, որը, թերևս, այն ամենի արձագանքն է, ինչ զգացին բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են այդ սարսափների միջով։
ԱՐՑԱԽՍ
Աչքերս փակում եմ`
Դու հառնում ես
Քո ողջ շքեղությամբ,
Բացում եմ`
Քեզ կորցնելու սարսափը
Կլանում է ինձ։
Արցա’խս,
Կանգնած աշխարհի կենտրոնում`
Խաչմերուկված մտքերս
Քո ուղին են բռնում,
Կանգնեցրո՜ւ ժամանակը,
Ամեն մի պահը
Քեզ այլևս չտեսնելու
Վտանգով է լեցուն։
Երջանկությունը
Պաշտոնաթող շրջում է
Անհասցե փողոցներում,
Անտուն մարդկանց հայացքներում
Արցունքները սառցե բեկորներ են.
Հույսը լալահառաչ կախվել է
Մտքերի պարաններից։
Արցա՜խս,
Ինչպե՞ս դիմացար,
Երբ զինվորդ քաջ,
Արցունքն ու հառաջը
Կոկորդում սեղմած
Դողացող ձեռքով այրեց
Պատվով կրած համազգեստը։
Իսկ շքանշաններն
Աղբամանում
Զգուշությամբ տեղավորելու
Ծանր պարտականությունը
Կրկին
Տարիներ ի վեր
Մեն-մենակ
Ընտանիքի առօրյա հոգսը
Ուսերին տանող կնոջ բեռը եղավ.
Ամուսնու ձեռքը չգնաց…
Եվ կինն արցունքների միջից
Հավաքելով
անքուն գիշերների,
Անհանգիստ օրերի,
Հավատի, համոզմունքի արգասիքը`
Դողացող ձեռքերով
Պահ տվեց անհայտությանը,
Այնպես, որ կողակիցը չնկատի։
Իսկ դժոխքի ճանապարհը երկա՜ր է,
Անտանելի’ ծանր,
Սոսկալի’ դաժան…
Շրջվում եմ`
Մի ամբողջ կյանք
Մեռնում, մարում, չքանում է։
Ծննդավայրս`
Քո ես-ին միախառնված,
Դարձած սրտիդ զարկը,
Չգիտես`
Հե՞տ է կանչում քեզ,
Թե՞ ասում է` գնա՜, փրկվի’ր։
Իսկ ամիսներ շարունակ
Վառելիքի երես չտեսած
Ավտոմեքենաները
Ագահորեն դատարկում են
Խնայողաբար լցված վառելանյութը.
Ավտոմեքենանե՞րն են անկուշտ,
Թե՞ ճանապարհը։
Շուրջբոլորը ստվերներ են.
Գոյի պայքարում
Մեկը զենք է հայթաթում,
Մյուսը` գրպանի դանակը դեն նետում.
Չգիտեն` փրկվելու համար
Զինվե՞լն է ճիշտ, թե՞ զինաթափվելը։
Երրորդը`
Մթության մեջ
Խելակորույս
Վառելիք է փնտրում,
Գիտի, որ չգտնելու դեպքում
Ընտանիքը կհայտնվի թշնամու երախում։
Իսկ առջևում
Թշնամու ճիրաններում հայտնված
Հակարիի կամուրջն է,
Որտեղ թշնամին
Լպիրշ հայացքով
Զննում է մեքենան,
Քմծիծաղ տալիս
Եվ պատերազմներում մարտնչած
Հորս, ամուսնուս, եղբորս
Մեքենայից իջեցնում`
Ոտքով քայլելու պահանջով հիմար…
Հարազատիս այլևս չտեսնելու վախը,
Հեռվում թողած կարոտիս ցավը,
Վիրավորանքս,
Արհամարհանքս,
Բոլոր զգացողություններս
Միախառնվում են,
Եվ անճարակությունից
Ատամներս սեղմում եմ իրար.
Մեռնեի` չտեսնեի այս ամենը։
Եվ լավ է, որ չմեռանք․․․
Անի Կարապետյան
Արցախ, Ալիսա Բաղդասարյան, 44-օրյա պատերազմ, Հակարիի կամուրջ, բռնի տեղահանում, Հայաստան, Ադրբեջան
—