Սեպտեմբեր 26, 2026
Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում հայտարարել էր ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։
Հայտարարված տագնապի շրջանակում կիրառվել է, մասնավորապես, վերջին տարիներին ձեռք բերված հնդկական սպառազինությունը, որը ցուցադրվել է մայիսի 28-ի զորահանդես-հաշվետվության ժամանակ:
Ի դեպ, ինչպես կարելի էր նկատել նախարարի հրապարակած տեսանյութից, այցը ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուս էր, որի հրամանատարը նշանակվել է օգոստոսի 31-ին՝ գնդապետ Սամվել Գրիգորյան:
Նշենք, որ օրերս Բաքուն հայտարարել էր՝ Երևանի հետ կա պայմանավորվածություն, որ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվեն հյուսիսից հարավ՝ սկսելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից:
Իհարկե, մենք չենք պնդում, որ Տավուշի ուղղությամբ տեղակայված զորամասում տագնապը նմանօրինակ մեսիջ էր պարունակում, հատկապես, երբ ադրբեջանական քարոզչամեքենան ուշադրություն էր հրավիրել կիրառված հնդկական համակարգերի վրա:
«Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ Երևանի հայտարարությունների ֆոնին հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է հետևողականորեն ընդլայնվել։ Կարծես թե խոսքը հայկական բանակի նոր հնարավորությունների ձևավորման մասին է՝ ժամանակակից հրետանային և ռադիոլոկացիոն միջոցներից մինչև շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Հատուկ ուշադրության են արժանի հնդկական մասնագիտացված պաշտպանական Defence.in պորտալի երեք հրապարակումները, որոնք նվիրված են հայկական զինված ուժերում հնդկական սպառազինության ինտեգրման վերջին փուլերին։ Օգոստոսին Defence.in-ը հաղորդել էր Հայաստանում հնդկական Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգով զորավարժությունների անցկացման մասին։ Ըստ պարբերականի՝ հայկական հաշվարկներն արդեն ինքնուրույն շահագործում են համալիրը, պարբերաբար վարժանքներ են անցկացնում և մշակում դրա տեղաշարժը, ծավալումը, ռադիոլոկացիոն միջոցների աշխատանքը և մարտկոցի տարրերի փոխգործակցությունը։
Նման հրապարակումների կարևորությունը ոչ այնքան կոնկրետ հրթիռի բնութագրերի, որքան սպառազինության յուրացման փուլի մասին տեղեկության մեջ է։ Defence.in-ը հայտնում է, որ հայկական հաշվարկները Akash-1S-ի կիրառումն իրականացնում են երկրի տարբեր շրջաններում:
Defence.in-ի դիտարկման արժանի երկրորդ հրապարակումը նվիրված է հնդկական ATAGS և MArG 155-BR հրետանային համակարգերով անցկացվող զորավարժություններին։ Պարբերականը գրում է, որ հայկական ստորաբաժանումներն արդեն ինտեգրում են այդ համակարգերը մարտական կազմավորումների մեջ և մշակում դրանց կիրառումը։ ATAGS-ը 155 մմ տրամաչափի հրետանային համակարգ է, որը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը բնութագրում է որպես մեծ հեռահարության և ճշգրիտ հրետանային հարվածների իրականացման միջոց:
Ամենամեծ ուշադրությանն արժանի է Defence.in-ի երրորդ հրապարակումը, որ Հայաստանը կարող է դառնալ մինչև 120 կմ հեռահարություն ունեցող հեռանկարային կառավարվող Pinaka հրթիռի առաջին արտասահմանյան շահագործողը։ Չնայած համակարգն առայժմ գտնվում է մշակման և փորձարկման փուլում, դրա նկատմամբ հետաքրքրության փաստն ինքնին կարևոր ազդանշան է։ Բայց Հայաստանն արդեն շահագործում է հնդկական Pinaka համալիրները, հետևաբար, նոր կառավարվող հրթիռի հնարավոր մատակարարումը կարող է ոչ թե առանձին նոր նախագիծ լինել, այլ հայկական բանակում արդեն առկա հրթիռային համակարգի զարգացում:
Այլ կերպ ասած՝ այս տեղեկության հաստատման դեպքում Երևանը կարող է ստանալ կրակի խոցման հեռահարության և ճշգրտության ավելացման հնարավորություն՝ օգտագործելով արդեն յուրացված Pinaka-ի ենթակառուցվածքը և պատրաստված հաշվարկները»,- գրել է minval.az-ը:
Ադրբեջանական լրատվամիջոցում հիշատակվում է նաև հնդկական Swathi ռադիոլոկացիոն կայանների ձեռքբերման մասին:
168.am-ը դեռ երեք տարի առաջ գրել էր, որ 2020 թվականի մարտին The Times of India-ն տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գործարք է կնքել՝ տեղական արտադրության 4 Swathi ռադարային կայաններ ձեռք բերելու վերաբերյալ, որի համար ընդհանուր հայկական կողմը պետք է վճարեր 40 մլն դոլար: Times Now-ն էլ այդ ժամանակ գրել էր, թե Հնդկաստանն արդեն իսկ սկսել է ռադարների մատակարարումը Հայաստան:
Հավելենք, որ դեռ 2018-ի օգոստոսին էր հնդկական կողմը հայտարարել, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով:
«Հայաստանը հետաքրքրվում է Pinaka համակարգերով, այդ պատճառով մենք անցած ամիս Ռաջասթանի Փոխրան քաղաքում իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ցուցադրական կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Քանի որ սա որոշում է երկու կառավարությունների միջև, մենք դեռ պետք է խոսենք գնման պաշտոնական համաձայնության մասին։ Հայաստանը հետաքրքրված է համակարգի երկու տարբերակներով էլ»,- գրել էր Times of India լրատվականը՝ հղում անելով «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման» ընկերության տնօրեն Կ․Մ․ Ռաջանին:
Նշենք, որ 2018-ի մարտի 28-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիսին Նյու Դելիի բանակցությունների ընթացքում ձեռք բերված ռազմատեխնիկական պայմանավորվածությունները: Այսինքն, Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փորձեր, որոշակի արդյունքներ եղել են դեռ նախկին իշխանությունների օրոք, այլ հարց է, որ վերջին տարիներին հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունն ավելի լուրջ բնույթ է ստացել և գնալով ընդլայնվում է, ինչը չի վրիպում Բաքվի աչքից:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը, որի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են տեղափոխվել՝ ըստ հնդկական հավաստի աղբյուրների:
Իսկ այցին կարևոր դրվագ էր նախորդել. 2026 թվականի հունվարին հնդկական աղբյուրները տեղեկություն և տեսանյութ էին տարածել, որ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Solar Defence & Aerospace Limited ընկերության արտադրամասից Հայաստան նախատեսված «Pinaka» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի արտահանման մեկնարկն էր տվել։
Արդեն օգոստոսին նախ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին, ավելի ուշ ՀՀ ռազմական ղեկավարությունն ընդունել էր Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը:
Եվ գրեթե նույն ժամանակում հնդկական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին պատվիրատուն, որի սերիական արտադրությունը կսկսվի 2027 թվականին: Հնդկական ռեսուրսները նաև հայտնել էին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գտնվում է Astra օդ-օդ դասի հրթիռների ձեռքբերման բանակցությունների փուլում։
Թե այս տեղեկությունների ո՞ր մասն է իրականությանը համապատասխանում, չենք կարող ասել, քանի որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը լռություն է պահպանում, բայց Հնդկաստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերն ինչ-որ բան, ամեն դեպքում, հուշում են: Եվ սա արձանագրում է նաև Բաքուն և հիշում նորից խաղաղության օրակարգի մասին:
«Այսօր Հայաստանը խոսում է խաղաղության մասին, սակայն միաժամանակ ընդլայնում է իր հնարավորությունները ՀՕՊ-ի, ռեակտիվ հրետանու, հակամարտկոցային պայքարի և մեծ հեռահարության կրակի ոլորտներում։
Խաղաղության գործընթացը չի կարելի դիտարկել որպես զգոնությունը թուլացնելու հիմք։ Ընդհակառակը՝ հենց այն ժամանակահատվածում, երբ պաշտոնապես բացվում է երկարաժամկետ խաղաղության հնարավորության պատուհանը, անհրաժեշտ է հատկապես ուշադիր հետևել, թե ինչ ռազմական հնարավորություններ են ստեղծվում սահմանի մյուս կողմում։
Քանի որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը պետք է ապահովվի ոչ թե գեղեցիկ հայտարարություններով, այլ անվտանգության իրական երաշխիքներով։ Եվ եթե կողմերից մեկը շարունակում է հետևողականորեն մեծացնել իր ռազմական ներուժը, Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը՝ դա հաշվի առնելու որպես սեփական ազգային անվտանգության գործոն»,- վերևում հիշատակված իր հոդվածը շարունակել է minval.az-ը:
Եվ սա այն դեպքում, որ չնայած խոստացված աստիճանական նվազմանը՝ 2027-ին Բաքուն որոշել է ռազմական բյուջեն ավելացնել, և չի դադարել կնքել խոշոր գործարքներ, որոնց արդյունքները, մասնավորապես, Սլովակիայի մասով, կտեսնենք հաջորդ շաբաթ Բաքվում տեղի ունենալիք ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի համատեքստում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զորամասերում ցուցադրական և ոչ ցուցադրական տագնապները դեռ չեն խոսում ՀՀ զինված ուժերի մարտական բավարար կարողությունների մասին, ոչ էլ ցուցադրվող սպառազինությունը:
Այսինքն՝ Բաքվի մտահոգությունները կարող էին հիմնավորված համարվել, եթե հստակ սահմանված լինեին ՀՀ ԶՈւ կիրառման կարմիր գծերն ու գործառույթները, որոնք ցույց կտային, որ Ադրբեջանը շարունակում է մնալ հայկական բանակի հակառակորդը։ Սակայն առայժմ հակառակ հայտարարություններն ենք լսում։
Ուստի ստիպված ենք ենթադրել, որ ՀՀ պաշտպանության նախարարը երբեմն փորձում է որոշակիորեն «կոտրել» բանակի շուրջ իշխանական հայտարարությունների արդյունքում ձևավորված տպավորությունը՝ ցույց տալով, որ բանակի մարտունակության և ռազմական պատրաստության հարցերը շարունակում են մնալ օրակարգում և ինչ-ինչ ռիսկեր չեն անտեսվում:
Հ.Գ. Ի դեպ, ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ 44-օրյա պատերազմի մասնակից, ավելի ուշ Հադրութում ձևավորված «Կոմանդո» հատուկ նշանակության ուժերի ղեկավար նշանակված Էլշան Սանաևին Ալիևը նոր պաշտոն է տվել՝ Ազդրբեջանի ԶՈւ կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալ, բայց ո՞ր կորպուսի, դեռ չի նշվում, սա բավականին լուրջ հուշում կարող էր լինել անվտանգային առումով:
Մի առիթով գրել ենք, որ 44-օրյայից հետո Ադրբեջանի բանակում պաշտոններ են տալիս այն պատերազմի մասնակիցներին, որոնք տիրապետում են թուրքական բանակի նրբություններին, հատուկ նշանակության ուժերում ծառայության փորձ ունեն, քանի որ կադրային փոփոխությունների հարցում լուրջ դերակատարում ունի Ադրբեջանի Ցամաքային ուժերի ղեկավար-պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը, որը մոտ 10 տարի Հատուկ նշանակության ուժերն է ղեկավարել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ուժերը հուլիսի 1-ից հրամանատար չունի:
—