X
    Categories: News

Տոկոսադրույքի բարձրացումը հարկադրված քայլ է, ազդեցությունները դեռևս իրենց դրս

Սեպտեմբեր 26, 2026

2022 թ. հետո առաջին անգամ Կենտրոնական բանկն օրերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանելով 6.75 տոկոս։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի և տնտեսական վերլուծաբանների՝ դրամավարկային քաղաքականության խստացումը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ գնաճային ճնշումներ, ներքին բարձր պահանջարկ, արտաքին գործոններ։

«Ակնհայտ է, որ 0,25 կետով բարձրացումը հարկադրական քայլ է` հաշվի առնելով՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ռիսկերը,- 168․am-ի հետ զրույցում այս արձանագրումն արեց նաև տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ նկատելով, որ բարձրացումը կարող էր լինել նույնիսկ ավելին՝ պայմանավորված արտաքին ու ներքին շոկերով,- Արտաքին շոկերը, իհարկե, Ռուսաստանից ինչպես մարդկանց, այնպես էլ ակտիվների շատ մեծ հոսքն է, ինչպես նաև՝ էներգակիրների շուկայում տեղի ունեցող աննախադեպ զարգացումները՝ պայմանավորված ամերիկա-իրանական և ռուս-ուկրաինական պատերազմով, դրա հետևանքով առաջացող նաև էներգակիրների առաջարկի ու պահանջարկի շոկերով։

Կան նաև լուրջ խնդիրներ` կապված Հայաստանի տնտեսության կառուցվածքային դեֆորմացիաների հետ՝ հատկապես ծառայությունների և շինարարության ոլորտի դոմինանտության վերջին տարիներին` բավական մեծ ազդեցությունների և նաև ռուսական սանկցիաների, որ տարվա 2-րդ կեսից ավելի մեծ ինտենսիվությամբ կիրառվեցին»։

Կարդացեք նաև

  • Ինչի՞ է նախապատրաստում Կենտրոնական բանկը. Սպասվում են նոր թանկացումներ
  • Ո՞վ է Հայաստանի գազային համակարգի «տանտերը». Շևցովի ուղերձի քաղաքական ենթատեքստը
  • ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան

Ըստ տնտեսագետի՝ այդուհանդերձ, գնաճը զսպելը բավականաչափ բարդ է լինելու։

«Իսկ որ գնաճը դուրս է եկել Կենտրոնական բանկի ծրագրային՝ 3±1 տոկոսի շրջանակներից, վիճակագրական փաստ է,- հավելեց նա՝ նկատելով,- Գնաճի ազդեցությունները հատկապես շատ մեծ չափով երևում են ավտովառելիքի՝ ներկրվող բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի 50-ից մինչև 100 տոկոս թանկացմամբ։ Սա աննախադեպ է, և ունի իր մուլտիպլիկատիվ ազդեցությունները, ու այդ ազդեցությունները դեռևս իրենց դրսևորելու են տարվա վերջին, գարնանը»։

Խոսելով տոկոսադրույքի բարձրացման ազդեցությունների մասին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ վարկային շուկայում այն կարող է բերել կարճաժամկետ ազդեցությունների՝ հատկապես սպառողական և հիփոթեքային վարկի թանկացման, ինչպես նաև՝ սպասարկման վճարների բարձրացման։

«Տոկոսադրույքների բարձրացումը կբերի, բնական է, վարկերի մատչելիության, և բանկերը, շինարարական ընկերությունները, կառուցապատողները կարող են պահանջել ավելի բարձր կանխավճարներ»,- մանրամասնեց մասնագետը։

Անդրադառնալով ռուսական սանկցիաների հետևանքներին՝ Ատոմ Մարգարյանն ընդհանուր տենդենցը որակեց «աղետալի» բառով։

Գազի սակագնի հնարավոր թանկացման մասին վերջին շրջանի խոսույթի մասին էլ տնտեսագետն արձանագրեց՝ բացասական սպասումներ են առաջացրել հատկապես Ռուսաստանի նախագահի հայտարարությունները` հնարավոր ոչ թե տոկոսներով, այլ պատիկներով աճի մասին։

«Բայց դա, թերևս, ավելի շատ ես կվերագրեի սպեկուլյատիվ դատողությունների ոլորտին, քան իրական քաղաքականությանը, որովհետև պայմանագրահենքը, համենայն դեպս, ԵԱՏՄ և ՀՀ կնքած 2013 թվականի գազային պայմանագիրը նման հնարավորություններ չի տալիս։ Ընդհակառակը, այնտեղ նշված է, որ գազի գինը սահմանի վրա մոտավորապես պետք է լինի այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի միջին սակագինն է՝ կոպիտ ասենք, սահմանային սակագինն է Օրենբուրգի մարզում։ Հետևաբար՝ դնել և թանկացնելը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ հենց նաև ռուսական ընկերությունների համար։

Մյուս կողմից՝ գազի սակագնի բարձրացումը կարող է դրա սպառման ծավալների սահմանափակմանը հանգեցնել և ստիպել այլընտրանքային այլ աղբյուրների փնտրտուքի՝ ինչպես Իրանն է, այլ հարևան երկրները կամ միջինասիական երկրները,- պարզաբանեց նա՝ նկատելով, սակայն, որ այս այլընտրանքներն, իհարկե, լիարժեք չեն կարող փոխարինել ռուսական կողմի առաջարկը՝ հաշվի առնելով լոգիստիկան և տարածաշրջանային ռիսկերը,- Իրանը, մենք տեսնում ենք` ինչ վիճակում է, Ադրբեջանի հետ ընդհանրապես հույսեր կապել պարզապես լուրջ չի լինի։ Հետևաբար՝ այս սխեմաների հայտարարումը որոշ պաշտոնյաների կողմից, կարծում եմ, ոչ այնքան խելամիտ քաղաքական վարքագիծ է․ ուղղակի պետք է գնալ որոշակի կոնսենսուսի դաշտ»։

—

Alex Nanijanian:
Related Post