Կարևորելով կրթությունը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ «ԲանՈՒԳործ» կ

Սեպտեմբեր 23, 2026

Այսօր Երևանի պետական համալսարանի բակում սովորականից ավելի աշխույժ էր՝ մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» լայնածավալ միջոցառումը, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում ոչ միայն աշխատանք փնտրող երիտասարդներին, ԵՊՀ շրջանավարտներին, այլև՝ Հայաստանի առաջատար գործատուներին։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «ԲանՈՒԳործ» կարիերայի էքսպոյին մասնակցում է շուրջ 40 կազմակերպություն և ընկերություն, այդ թվում՝ ԵՊՀ ֆակուլտետներ ու կենտրոններ՝ ներկայանալով առանձին տաղավարներով։

Գործատուները, խոշոր ընկերությունների ներկայացուցիչները ԵՊՀ-ի տարբեր հատվածներում ընթացող պանելային քննարկումների, դասախոսությունների ժամանակ պատասխանում են նաև երիտասարդների հարցերին, թե ինչպես սկսել կարիերան և ինչ հմտություններ է պետք ունենալ այսօրվա աշխատաշուկայի համար։

Այս տարի «ԲանՈՒԳործ» կարիերայի էքսպոյի  հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ ԶՊՄԿ-ն։ Ընկերությունը, որպես Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ընկերություններից մեկը, մշտապես աջակցում է կրթական ու երիտասարդական նախաձեռնություններին, այս էքսպոն ևս բացառություն չէ։

Կարդացեք նաև

  • Հայաստանի ներուժը՝ հանքարդյունաբերությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները մեկ հարթակում՝  Mining  innovation Summit-ում
  • Քարից մետաղ ստացող մարդիկ. ԶՊՄԿ-ում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը
  • Աստծուն միայն մի բան հարցրեցի՝ ինչո՞ւ հենց ես. ի՞նչ նպատակ ունես ինձ հետ կապված. Նազիկ Ավդալյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ ԶՊՄԿ-ն ունենալով կարևորագույն սոցիալական պատասխանատվության ծրագիր, չէր կարող անմասն մնալ նման միջոցառումից:

«ԵՊՀ ռեկտորը դիմեց, որպեսզի մենք մասնակցենք և լինենք հովանավորն այս միջոցառման, սիրով ընդունեցինք, որովհետև ինքներս կարևորում ենք բուհ-գործատու կապը՝ տնտեսության մեջ առանց մասնագետների, մարդկանց՝  անհնար է ինչ-որ արդյունքների հասնել։ Ամենօրյա ռեժիմով մենք զգում ենք լավ մասնագետների կարիքը, աշխատանքը մենք պետք է տանենք հիմա, որպեսզի 5-10 տարի հետո ունենանք լավագույն մասնագետներ»,- նշեց Վարդան Ջհանյանը։

Վարդան Ջհանյանի բնորոշմամբ՝ հասկանալով կրթության կարևորությունը, մշտապես պատրաստ են մասնակցելու ցանկացած նման նախաձեռնության։

«Այս միջոցառման կարևոր նպատակներից մեկն այն է, որ ուսանողները, երիտասարդները հասկանան, թե ինչ է իրենցից պահանջվում, ինչպիսի հմտություններ պետք է ունենան, որպեսզի կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Պանելային քննարկման ժամանակ երիտասարդներին հետաքրքրում էր, թե ինչպիսի ինքնակենսագրական պետք է ներկայացնել՝ աշխատանքի ընդունվելու համար, ինչպես է աշխատանքի ընդունվելու հարցազրույցն անցնում, և այլն։

Երբ երիտասարդները տեղեկանում են, թե ինչպիսի աշխատատեղեր ու հաստիքներ կան, և ինչ է այդ ամենն իրենից ներկայացնում, բնականաբար, հետաքրքրությունն ավելի է  մեծանում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ԵՊՀ-ի հետ մի քանի տարի առաջ ստորագրել է հուշագիր և այդ հուշագրի շրջանակներում ակտիվ համագործակցում ենք համալսարանի, մասնավորապես, Երկրագիտության ու աշխարհագրության ֆակուլտետի հետ։ Կազմակերպում ենք  բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում՝ պրակտիկաներ, մի քանի շաբաթ տևողությամբ ամառային դպրոց, որը կարևոր ծրագիր է դպրոցական երեխաների համար, որոնք պետք է ընտրեն իրենց ապագա մասնագիտությունը։ Այս ծրագրերը պետք է շարունակական լինեն, որպեսզի արդյունքը մենք տեսնենք, այդ աշխատանքն այժմ անելով՝ արդյունքը կտեսնենք մի քանի տարի հետո։ Թեպետ արդյունքն արդեն տեսնում ենք՝ Երկրաբանական ֆակուլտետի դիմորդների քանակի ավելացումով»,- շեշտեց Վարդան Ջհանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ ԵՊՀ-ի դիմացի հատվածում մի քանի տասնյակ գործատուներ ներկայացնում են իրենց պահանջները, խոսում են ուսանողների հետ, իսկ համալսարանի մյուս հատվածում ներկայացվում են բուհի ռեսուրսները՝ ֆակուլտետները, հնարավորությունները և մյուս կառույցները։

«Մենք շատ ուսանողներ ունենք, որոնք այսօր աշխատում են՝ 2-3-րդ կուրսից սկսած աշխատում են։ Իհարկե, մենք չենք ուզում, որ աշխատանքի հաշվին կրթությունը տուժի, բայց պրակտիկ գիտելիքները կարևոր են, որպեսզի բավականին լավ մասնագետներ դառնան։ Այսօր ունենք մասնագիտություններ, որտեղ կարող ենք ասել, որ 100 տոկոսով աշխատում են՝ ըստ մասնագիտությունների։ Հիմա կենսաբանների տաղավարի մոտ ենք, նրանք 100 տոկոսով աշխատում են»,- շեշտեց ԵՊՀ ռեկտորը։

Նա նաև հավելեց՝ բնականաբար, աշխատաշուկան շատ արագ է աճում և արագ են պայմանները փոխվում, քան համալսարանական կրթությունն է, սա ամբողջ աշխարհում է՝ չգրված օրենք է։

«Մեր գլխավոր նպատակը ֆունդամենտալ գիտելիք տալն է, և շատ գործընկերներ ու գործատուներ ասում են, որ մեր ուսանողների ֆունդամենտալ գիտելիքներն այնքան ամուր են, որ դրա հիման վրա մենք հետագայում կառուցում ենք այն անհրաժեշտը, ինչը պետք է բիզնեսի համար»,- ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Tigranian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%ba/

Leave a Reply