Սեպտեմբեր 24, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Արգամ Աբրահամյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի հաղորդումը երկու բանի համար էր գրված՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվի, և, որ Գագիկ Ծառուկյանին հոգեբանական կտտանքների ենթարկեն: Էս իշխանության գլխավոր զենքը տեղեկատվական պատերազմն է:
- Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ջերմուկում Ալիևը բարբարոսություն է արել, իսկ Ռուսաստանն էլ անտարբեր է եղել, բա մի շաբաթ առաջ Գերմանիայում Հեսսեյան Խաղաղության մրցանակը (Hessischer Friedenspreis) ստանալիս ո՞նց էր շնորհակալություն հայտնում այդ նույն Ալիևին ու ասում՝ էդ մրցանակը Ալիևին էլ պիտի տային: Կամ, եթե դու ուզում ես՝ դաշնակիցներդ քեզ օգնեն, նախ դու քո երկրում ռազմական դրություն հայտարարեիր, երբ հարձակվում էին երկրիդ վրա: Դու ի՞նչ գիտեիր՝ Ալիևը Ջերմուկի շրջակայքով կսահմանափակվեր…
- Նիկոլ Փաշինյանին կառաջարկեմ մի հարցի պատասխանել՝ ի՞նչ էին խոսել ինքը, Ալիևն ու Միշելը 2022թ. օգոստոսի 31-ին, որ դրանից ընդամենը 2 շաբաթ հետո տեղի ունեցան Ջերմուկի դեպքերը, դրանից մի ամիս չանցած էլ ստորագրվեց Պրահայի հայտարարությունը: Կարո՞ղ է Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխության մասին են խոսել (իսկ մինչ այդ հանդիպումն էլ Փաշինյանն Էրդողանի հետ էր դեմ առ դեմ առաջին անգամ հանդիպել, ի՞նչ էին պայմանավորվել,- հեղ.): Ես կասկած ունեմ, որ դա կազմակերպված սադրանք է եղել, որի պլանավորմանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի պատրվակներ ստեղծեն Հայաստանի ստրատեգիական կուրսը փոխելու կամ Ռուսաստանի ազդեցությունը փոխելու համար: Հերի՛ք է մեր հասարակության ուղեղը լվանան:
- ԹՐԻՓՓ-ն Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությունն է, որում Հայաստանն ընդամենն օբյեկտ է:
- Միայն Ռուսաստանի միջնորդության շնորհիվ էր հնարավոր խուսափել անկլավ-էքսկլավ թեմաներից, որովհետև այդ քարտեզներն իրենց մոտ՝ Ռուսաստանի Գլխավոր շտաբում կային: Նաև դրա համար եմ ես պաշտպանել Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Եթե երկրում նորմալ իշխանություն լիներ, կօգտվեր թե՛ դրանից, թե՛ ԵԱՀԿ առաջարկներից, ու ամեն ինչ կմնար այնպես, ինչպես կա: Նիկոլ Փաշինյանն ամեն օր բռնաբարում է մարդկանց ինտելեկտը: Ասում է՝ ես Քյարքիի մասին եմ խոսում, Տիգրանաշենի մասին չեմ խոսում: Կարող է ասես՝ ցույց տուր Տիգրանաշենի տեղը, տանի իր կառավարական ամառանոցում մի տեղ ցույց տա, ասի՝ այստեղ է:
Հիշեցնենք. ԵԱՀԿ-ն հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար դեռևս 2017թ. ծավալուն փաստաթուղթ է ընդունել. 200-ից ավելի էջից բաղկացած փաստաթուղթը կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ»: ԵԱՀԿ-ն քանիցս շեշտել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական երկխոսության և երկկողմ համաձայնությունների հիման վրա։ Թեև ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներն առաջարկել են իրենց փորձագիտական աջակցությունը, Փաշինյանը և Ալիևը որոշել են, որ գործնական սահմանազատումը պետք է ընթանա առանց ուղղակի միջնորդների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված հատուկ երկկողմ սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։ Արդյունքում, Հայաստանը միայն տարածքներ է հանձնում Ադրբեջանին…
- Պուտինն ու Փաշինյանը կոնսենսուս ունեն մի հարցում՝ որ ռազմավարական հին դաշնակցային մոդելն այսօր չի գործում: Լուծումներ երկու կողմերն էլ չունեն, հասել են այնպիսի կետի, որ հետնահանջ չեն կարող անել: Եթե Փաշինյանն ուզենար թուլացնել լարվածությունը, նա մի նոր օրենք կընդուներ, որով կչեղարկվեր 2025թ. սեպտեմբերին ՔՊ-ի կողմից ընդունված ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը: Բայց Փաշինյանը դրան կգնա միայն մի դեպքում, երբ այլևս տապալված վիճակում կլինի, ու նա այլ ելք չի ունենա: Նիկոլ Փաշինյանը զգուշանում է, և ես հավանական եմ համարում, որ նա կարող է թիմին հրահանգել թուլացնել ՌԴ-ի հանդեպ քննադատությունը:
- Վերջին 10 օրերին Բաքվի հռետորաբանությունը շատ վտանգավոր առումով փոխվել է: Այսօր էլ հայտնի դարձավ, որ Բաքվի քաղաքացիական քիլլերների այցն է հետաձգվում Հայաստան: Դա նշանակում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում պրոբլեմ կա: Դադիվանք-Գանձասարի պատմությունն էլ, Ինտերպոլ դիմելն էլ պատահական չեն: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը պահանջների կատարման դեդլայնը կրճատել է: Եթե Իրանի շուրջ անկայունությունը վերանա, նոր հաշիվ Հայաստանին Ադրբեջանը ներկայացնել չի կարող: Դրա համար է նա արագացնում:
- Եթե Հայաստանում լիներ պատասխանատու իշխանություն, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները նվեր պիտի լինեին իր համար: Քանի՞ անգամ Իրանի դեսպանը պիտի հայտարարի, որ Հայաստանի վերաբերյալ կարմիր գծեր կան: Ի տարբերություն Հայաստանի իշխանության, Բաքվում և Անկարայում շատ լավ հասկանում են՝ ինչ է ասում Իրանը, և դրա համար ճնշում են Փաշինյանին:
- Բոլոր ռիչագները՝ ԹՐԻՓՓ-ից մինչև գազ, թշնամուդ տալով, դու ոչ մի Եվրոպա էլ չես գնում: Մեդիատեռորի ենթարկված մեր խեղճ հանրությունը տեղյակ էլ չէ, որ Կոպենհագենյան հռչակագիրը ԵՄ-ին միանալու հնարավորություն ընձեռում է, եթե տվյալ երկիրը Եվրամիության հետ ունի ծովային կամ ցամաքային սահման: Ո՞ր սահմանով ես Եվրոպա գնալու: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական անվտանգության հովանոցը ցանկանում է փոխարինել թուրքական անվտանգության հովանոցով: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ մեր արևն արդեն ոչ թե Մոսկվայից է բացվելու, այլ Անկարայից, իսկ Անկարայից էլ մեզ ասում են՝ դուք շատ փոքր եք, ձեր արևը կարող է բացվել Բաքվից:
- Հանրապետության հրապարակում սրանց կազմակերպած միջոցառմանը հետևելով՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Սեպտեմբերի 21-ի նվիրական տոնը մենք տոնում ենք վերջին անգամ…
- Սասուն Միքայելյանի բերանից թռավ, իհարկե, նա չի հասկացել՝ ինչ է ասում, բայց պետական սահմանի մասին նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ: Մենք ունենք պետական սահման, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ մեր Հանրապետությունը դելեգիտիմացվի, ու էդ դեպքում, այո, մենք պետական սահման չենք ունենա: Սա է Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքը: Սա հակապետականության գագաթնակետն է:
- Հիմա Ալեն Սիմոնյանը խոսում է ադրբեջանական գազ բերելու մասին: Մի որոշ ժամանակ կտան, հետո Ադրբեջանը կամ Թուրքիան պահանջ կդնեն թուրքերենը երկրորդ պետական լեզու ճանաչել: Չես անի՝ գազն ընդհանրապես կփակեն:
- ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ: Եկեղեցու վերաբերյալ ինչ հոդված էլ լինի, Սահմանադրության 17-րդ հոդվածին չի կարող հակասել: Ինչևէ, ծրագիրը կա: Կանգնած ենք շատ վտանգավոր հանգրվանի առաջ: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կողմից կազմած հակաեկեղեցական այդ խայտառակ զեկույցի հիման վրա ԱԺ-ում շատ արագ քննիչ հանձնաժողով են ստեղծելու, դրա հիման վրա օրենք են փոխելու, ընդունելու են ֆեյք օրենք, ինչի հիման վրա ուժայինները, բարաթը ձեռքներին, գրոհելու են Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ:
- Գուցե կոպիտ հնչի, բայց ասեմ՝ Նիկոլին հաջողվել է մասամբ կռտել մեր հասարակությանը: Նիկոլը բաց բաժնետիրական ընկերություն է (ԲԲԸ), որտեղ փայ ունեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը և Թուրքիան: Հիմա այս ԲԲԸ-ն ահագին հաջողել է կռտել մեր պետության հիմքերը: Եվ այդ պարագայում ես չեմ համարձակվի մտածել, որ Նիկոլը ձախողելու է…
- Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սրտի կառավարիչն է: Պիտի փայփայեին նրան, բայց այսօր արդեն ստորացնում են: Բաքվում իշխանական աթոռներին նստածներն այնքան վստահ են, որ մեր իմունային համակարգը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, որ ոչ մի բանից չեն խորշում:
- Բաքվում մեր պատանդները վճռական միայնակի գիտակցության մեջ են մտել, հույս չեն դնում իշխանության վրա, և յուրաքանչյուրը դժնդակ պայմաններում միայնակ է պայքարում:
- Ժողովուրդ, հիմա մեր քաղաքակրթական պայքարը Բաղրամյան պողոտայում կամ Երևանի կառավարության շենքի մոտ պիտի տանենք: Եթե այն թողեցինք Մայր Աթոռի պատերի տակ, ցավոք սրտի, այդ ճակատամարտի ելքը կանխորոշված է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Jidarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/24/168-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%a3%d6%80%d5%b8%d5%b0%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6-%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a9%d5%b8%d6%82/