Սեպտեմբեր 24, 2026
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ռուսական գազի գնից և շուկայի դիվերսիֆիկացիայի մասին, ասաց, որ գազի գինը նաև քաղաքական գին է։
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ այլևս որևէ կոնֆլիկտ չունի։
Երրորդ խաղացող, քաղաքական գին… փոխվել է, տնտեսական շուկաները փոխվել են, կոմունիկացաներն են բացվում, Հայաստանն Ադրբեջանից գնումներ է անում, նույնն էլ՝ Ռուսաստանից։ Ռուսաստանն էլ իր ուղիներն է փոխել, և սա չի կարող հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում բան չփոխել։
Մենք 4 սահմանակից երկիր ունենք, և եթե 5-րդ երկիրն էլ մեզ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք։
Այո, եթե հնարավորություն լինի և այդ հնարավորությունը մենք քննարկենք, կարող ենք նաև Ադրբեջանից գազ գնել, Իրանից էլ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Հայաստանին առաջինը գազ կարող է տալ Ռուսաստանը, այնուհետև՝ Իրանը, հավանաբար՝ նաև Թուրքմենիան։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա բնական գազ Հայաստանին մատակարարելու համար այդքան մեծ ծավալներ չունի։ Հիշեցնեմ, որ մեր երկիրը տարեկան սպառում է մոտ 2,5 մլրդ խմ գազ, իսկ Ադրբեջանը նման ծավալները չի կարող ապահովել։ Ադրբեջանի ողջ գազն առաջիկա 15 տարիների համար վաճառված է եվրոպական երկրներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մարջանյանը։
Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական հնարավոր համագործակցության ուղիներին, փորձագետն ասաց՝ առաջինն էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրադրությունը կարող է բեկումնային լինել։
«Բանը նրանում է, որ գազից ու նավթից զատ, էլեկտրաէներգետիկայի ոլորտն ավելի քիչ է քաղաքականացված և այստեղ ծրագրերը կարելի է իրականացնել շատ ավելի արագ, քան գազի ու նավթի պարագայում։ Էլեկտրաէներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ շատ հեռանկարային է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ էլեկտրաէներգետիկայի տեսանկյունից դեֆիցիտային երկիր է, իսկ Հայաստանը՝ ավելցուկային։ Այստեղ Հայաստանը կարող է որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել թե՛ Ադրբեջանին, թե՛ Ադրբեջանի էքսկլավ հանդիսացող Նախիջևանին, ինչպես անում էր Խորհրդային Հայաստանը տասնամյակներ ի վեր»,- հավելեց Արա Մարջանյանը։
Խոսելով նման համագործակցության հնարավոր վտանգների և դրանք մինիմումի հասցնելու մեխանիզմների մասին, մեր զրուցակիցը շեշտեց՝ այս հարցը շատ կարևոր է և առաջին հերթին պետք է էլեկտրաէներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը դիտարկել որպես փոխկախվածության մեծացում։
«Սա չպետք է ՀՀ-ի կողմից լինի իր օդային կամ հողային տարածքը տրամադրել զուտ տրանզիտային տրամաբանությամբ։ Այսինքն՝ էլեկտրաէնեգետիկայի պարագայում մենք կարող ենք որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել Նախիջևան, ինչով որոշակի կախվածություն կստեղծվի Ադրբեջանի կողմից ՀՀ-ից։ Այդ կախվածության բացակայությունն է, որ խաղաղությանը միտված բոլոր ծրագրերը դարձնում է վերին աստիճանի փխրուն։ Իրականում ՀՀ-ն կախված է Ադրբեջանի ուժային ճնշումներից, իսկ Ադրբեջանը Հայաստանից կախվածության որևէ լծակ չունի։ Ահա այդ փոխկախվածության ճարտարապետության ստեղծումն է, որ երաշխիք կհանդիսանա կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծեց Արա Մարջանյանը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի կեսերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի միջով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի նախապատրաստման մասին։
Ալիևի խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ։ Նա հույս էր հայտնել, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/24/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-15-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/