Պատրաստ եմ բանավիճել, բայց բոլոր թեկնածուների հետ․ Մարությանն ընդունեց մարտահրավերը

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 100

Պատրաստ եմ բանավիճել քաղաքապետի բոլոր թեկնածուների հետ, բայց նախապատվություն չեմ տալու որեւէ ուժի: Այս մասին սեպտեմբերի 17-ին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, մեկնաբանելով նախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կողմից բանավեճի հրավերը:


Նա նշել է, ու ունի 11 օպոնենտ, մրցակից: «Ես մեծ սիրով կգնամ բանավեճի, բայց բոլոր ընդդիմախոսների հետ: 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու: Իհարկե՝ միաժամանակ, ինչու պետք է մեկին նախապատվություն տամ: Դա ո՞ր օրենքով է: Դա ճիշտ չի լինի նաեւ մյուս թեկնածուների հանդեպ: Ինձ համար բոլոր թեկնածուները հավասար են: Ես կոչ եմ անում բոլոր 21 թեկնածուով հավաքվենք, բանավիճենք, զրուցենք, ցանկացած ֆորմատով»,- ասել է Մարությանը:


Նա նշել է, որ չի խուսափում հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, ուղղակի «ժամանակ չի հերիքում»։ «Չեմ խուսափում, ժամանակս չի հերիքում: Քանի որ նախընտրական պրոցեսը շատ կարճ է, ընդամենը 12 օր ունենք եւ 12 վարչական շրջան, ամեն օրը նվիրում եմ մեկ վարչական շրջանի»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմները ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, Հայկ Մարությանն արձագանքեց. «Ես մինչեւ երեկ չեմ էլ հետաքրքրվել, թե ով ում բարեկամն է, որովհետեւ մենք մարդկանց ընդունում ենք իրենց արարքներով, ոչ թե արյունակցական կապերով: Բայց քանի որ երեկ եղավ այդ հայտարարությունը, տղաներին հանձնարարեցի՝ հասկացեք, թե ինչն է խնդիրը»:


Նա նշել է, որ Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է, եւ «մենք ցուցակում ունենք նույն անուն ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է»: «Այսինքն՝ ասածը չի համապատասխանում իրականությանը: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր տղաները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ, նրա տղան էլ հաստատել է: Այսինքն՝ սա լրիվ ապատեղեկատվություն է: Սակայն անկախ ամեն ինչից, մենք մարդկանց ընդունում ենք իրենց գաղափարների, տեսլականների համար», -ասել է նա:


Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ հրավիրել էր  Հայկ Մարությանին բանավեճի՝ նեշլով, որ «հրավիրում ենք բանավեճի, փախչում է, որովհետև գա ի՞նչ խոսի, գա իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի»: «Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ», – ասել էր նա։